ԿԸ ՅԱՋՈՂՈՒԻ՞ ՅԱՂԹԱՀԱՐԵԼ ՓԱԿՈՒՂԻՆ

ՍՈՉԻՈՒՄ ՍՊԱՍՒՈՒՄ Է ՄԵՏՎԵՏԵՒ – ՍԱՐԳՍԵԱՆ – ԱԼԻԵՒ
ԵՌԱԿՈՂՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Մարտի 5-ին Սոչիում սպասւում է Հայաստանի եւ Ազրպէյճանի նախագահների այս տարուայ ընթացքում առաջին հանդիպումը, որին ներկայ կը լինի Ռուսաստանի ղեկավարը: Նախորդ տարուայ ընթացքում Տմիթրի Մետվետեւի միջնորդութեամբ ու մասնակցութեամբ եռակողմ ձեւաչափով կայացել է երեք հանդիպում, որոնք անցել են լարուած, փոխադարձ մեղադրանքների ու վիճաբանութիւնների, մի խօսքով` ոչ կառուցողական մթնոլորտում:

Այդ հանդիպումներից առաջինը կայացաւ 2010-ի յունուարի 25-ին Սոչիում, որն իրական փորձութիւն էր նախագահ Սերժ Սարգսեանի համար: Հանդիպման նախօրէին ԵԱՀԿ Մինսքի խումբը նախ Ազրպէյճանին, ապա Հայաստանին ներկայացրեց Նորացուած մատրիտեան փաթեթը` բաղկացած 16 կէտանոց հիմնարար սկզբունքներից: Հայկական կողմի համար Սոչիի հանդիպումը տհաճ անակնկալ էր նրանով, որ Իլհամ Ալիեւը բանակցութիւնների ընթացքում ընդունելի համարեց համանախագահների առաջարկը` Սերժ Սարգսեանին դնելով բաւականին դժուար վիճակի մէջ: Բանակցութիւնների վերջին 13 տարիների ընթացքում, աւելի յստակ` 1997-ից ի վեր, միջնորդների ներկայացրած բոլոր առաջարկները մերժել էր միայն եւ բացառապէս Պաքուն:

2007-ի նոյեմբերի 29-ին Սպանիայի մայրաքաղաքում եռանախագահող պետութիւնների բարձրաստիճան դիւանագէտների ներկայացրած 14 կէտանոց կարգաւորման փաթեթը` Մատրիտեան առաջարկները, Հայաստանը եւ Ազրպէյճանը ո՛չ մերժել եւ ո՛չ էլ ընդունել էին: «Չարեաց փոքրագոյնը» որակուած այդ առաջարկները երկու տարուայ ընթացքում, երբ Հայաստանը զբաղուած էր հայ-թուրքական «ֆութպոլային դիւանագիտութեամբ», այնքան նորացուեցին, որ դարձան անընդունելի հայկական կողմի համար եւ ընդունելի` Ազրպէյճանի համար:

Հայաստանը մերժեց եւ պէտք է մերժէր Նորացուած մատրիտեանը` փորձելով միաժամանակ Պաքուին մեղադրել բանակցութիւնները ձախողելու մէջ: 2010-ի յունիսի 17-ին Ս. Փեթերսպուրկում եռակողմ ձեւաչափով հանդիպման ընթացքում ռուսական կողմի աջակցութեամբ Հայաստանը փորձեց բանակցութիւնների սեղան բերել Մատրիտեան փաստաթուղթը, ինչը հունից հանեց Ալիեւին, եւ նա, իր հետեւից շրխկացնելով դուռը, վերադարձաւ Պաքու, իսկ մի քանի ժամ անց արցախ-ազրպէյճանական սահմանի Մարտակերտի հիւսիսային հատուածում գրանցուեց 1994-ի մայիսեան հրադադարից ի վեր ամենասադրիչ գործողութիւններից մէկը: Ազրպէյճանական հետախուզական խումբը, ներխուժելով հայկական ուժերի թիկունք, սպաննեց առնուազն չորս հայ զինծառայողների: Վերջերս Երեւանում հաւատարմագրուած մի դեսպան մասնաւոր զրոյցում պնդեց, թէ այդ օրը Ազրպէյճանը պատրաստւում էր լայնածաւալ պատերազմ սկսել, սակայն հանգամանքներն այլ կերպ դասաւորուեցին:

Մեր ունեցած տեղեկութիւններով` 2010 թուականի գարնան ընթացքում Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդեանը Արցախի նախկին մի բարձրաստիճան պաշտօնեայի մասնակցութեամբ խորհրդապահական առնուազն երկու հանդիպում է ունեցել իր ռուս գործընկեր Սերկէյ Լաւրովի հետ` Մոսկուայում: 

2010-ին Հայաստանի եւ Ազրպէյճանի նախագահների երրորդ հանդիպումը` հոկտեմբերի 27-ին Ասթրախանում, բանակցութիւնները դուրս չբերեց փակուղուց: Դեկտեմբերի առաջին օրերին Ասթանայում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովում Սերժ Սարգսեան-Իլհամ Ալիեւ հանդիպում ընդհանրապէս տեղի չունեցաւ, ինչը եւս մէկ պնդում էր այն բանի, որ բանակցային գործընթացը խորը փակուղում է:

Այսօր` մարտի 5-ին, Սոչիում սպասուող հանդիպումը կարեւոր է մի քանի առումներով: Նախ առաջին եւ ամենագլխաւորը` աւելի լաւ է տասնամեակներ բանակցել թէկուզ առանց արդիւնքների, քան մէկ օր պատերազմել: Իսկ որքան յաճախ լինեն նախագահների մակարդակով հանդիպումները, այնքան աւելի նուազ կը լինի պատերազմի վերսկսման հաւանականութիւնը: Սառեցուած կամ ձգձգուող ամէն մի հակամարտութեան բռնկումը կանխելու ամենաարդիւնաւէտ միջոցը հէնց բանակցային գործընթացի շարունակականութիւնն է:

Երկրորդ, ղարաբաղեան բանակցային գործընթացի պատմութեան մէջ առաջին անգամ հայկական ու ազրպէյճանական կողմերը վիճում են ոչ թէ ներկայացուած փաստաթղթի առանձին կէտերի շուրջ, այլ թէ՛ որ փաստաթուղթն է օրինական` Մատրիտեանը՞, թէ՞ Նորացուած մատրիտեանը: Անկասկած, Մատրիտեանը չի կարելի համարել լաւ փաստաթուղթ, սակայն շատ աւելի լաւն է, քան Նորացուած մատրիտեանը: Հայկական կողմը բազմիցս շեշտել է, որ պատրաստ է խաղաղ գործընթացը շարունակել հէնց Մատրիտեանի հենքով` որպէս բանակցութիւնների հիմք:

Եթէ կողմերը, անկախ անունից, կարողանան համաձայնութեան գալ մի փաստաթղթի շուրջ, ապա կարելի է համարել, որ բանակցութիւնները դուրս են բերւում խորը փակուղուց:

 ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
«Սիվիլիթաս»ի փորձագէտ

Յատուկ «Ազդակ»ի համար

Share this Article
CATEGORIES
TAGS