Երբ Բարոյականութիւնը Օտարուած Է Քաղաքականութիւնից

ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ

Մեր հարեւան Վրաստանի հետ համեմատութիւնից միշտ խուսափել եմ: Նեարդայնացել եմ, երբ Վրաստան այցելած հայրենակիցներս հիացական պատմութիւններ են փոխանցել կաշառք չվերցնող, բարեկիրթ ոստիկանների ու վրացական ափերին անցկացրած ամառնային հանգստի մասին. նախանձել եմ, երբ տեսել ու համեմատել եմ, թէ ի՛նչ պատուախնդրութեամբ են վրացական իշխանութիւնները պահպանում, հպարտանում եւ վերականգնում հին Թիֆլիսի պատմամշակութային նկարագիրը (ուր, ի դէպ,  հայկական ձեռագիրն ամէնուր է, վաւերական). վիրաւորուել եմ, երբ տարածաշրջանային ծրագրերի մեծ մասը համադրուել է Թիֆլիսից. ի վերջոյ` ներքին լուռ ընդվզում եմ ունեցել, երբ այս կամ այն միջազգային զեկոյցում Վրաստանը մեզանից առաջատար դիրքերում է եղել: Եւ անշուշտ յուսահատուել եմ, երբ իմ շատ գործարար ընկերներ, նաեւ` իշխանական բանակից, բարձրաձայն մտածել ու առանց վարանելու իրենց պիզնըսը Վրաստան են փոխադրել:

Գուցէ եւ գաւառական հայրենասիրութիւն է արածս, բայց լուռ կռիւ է եղել մէջս, վիրաւորուած քաղաքական արժանապատուութիւն. ինչո՞ւ անկախութեան նոյն ժամանակաչափը, խորհրդային նոյն անցեալն ու աւանդոյթներն ունեցող երկրում քաղաքացու եւ պետութեան այլ որակ է ձեւաւորուել, իսկ մեզ մօտ… մեզ մօտ, ինչպէս Հայաստանում: Միայն թէ չփորձէք արդարացնել կամ պատճառաբանել ծով չունենալով կամ չլուծուած հակամարտութեամբ. պետութեան եւ նրա քաղաքացու կամ քաղաքացիական որակների, երկրի զարգացման քաղաքական տեսլականի մասին է յոյզս:

Ու որքա՛ն էլ խուսափեմ, կարծես քաղաքական հեգնանքով, անցնող շաբաթը Վրաստանի հետ համեմատութեան եզրեր տանելու առիթ տուեց. մենք ու վրացիներն ընտրութեան առաջ էինք կանգնած` վրացիները խորհրդարան էին ընտրում, իսկ մեր «ազգընտիրները» որոշում էին Վարդան Օսկանեանին յանձնել-չյանձնելու հարցը: Միայն առաջին հայեացքից անհամեմատելի երեւոյթներ, իսկ խորքին մէջ` պետութեան նկարագիրը, բարոյականութիւնն ու երկրի քաղաքական տեսլականը պայմանաւորող ուղերձներ:

Նրանք, ովքեր լսեցին կամ հետեւեցին Օսկանեան-Հայաստան դատախազ-ԱԺ պատգամաւորներ հարցուպատասխան-ելոյթներին, դժուար թէ ամօթի, փոքրութեան, վիրաւորանքի ու կարեկցանքի զգացում չունենային: Եւ այս ամէնը` պետութեան բաց ափսէի համատեքստում:

Հազար ու մի տագնապներ ու մարտահրաւէրներ ապրող մեր երկրում երկու օր շարունակ փորփրում էին Օսկանեանի հաշիւները` պարզելու 180,000 տոլարի շարժը: Ովքե՞ր են դատաւորները, աստուածաշնչեան յայտնի իմաստնութիւնն ուղեղիս մէջ` լսում էի, թէ ինչպէ՛ս են խորհրդարանի «սպիտակ ձեռնոցներով» 20,000 դրամանոց սակաւապետ ընտրեալները կամ իրենց ծառայութիւնների դիմաց հատուցուած եւ հէնց այսպիսի դէպքերի համար խորհրդարան բերուած «քաղաքական գործիչները» փորձում Օսկանեանից փողերի լուացման խոստում կորզել: Ի՛նչ հեշտ է գործիք դառնալը… կարեկցում եմ մե՛զ էլ, նրա՛նց էլ, ու հաշւում, թէ Օսկանեանին հաւատաքննութեան ենթարկող ազգընտիրներից շատերը քանի՛ կուսակցութիւն են փոխել:

Մի՞թէ սրանք են այն հարցերը, որ պիտի ուղղուէին Հայաստանի արտաքին գերատեսչութիւնը տասը տարի ղեկավարած անձին. մարդուց հաճկատար ու ստրուկ ծնող էս ի՞նչ համակարգ ենք ստեղծել` չեմ դադարում մտածել ես ու յիշել, թէ Օսկանեանին այդ նոյն մերկացնողները ինչպէ՛ս էին նոյն ջանասիրութեամբ պաշտպանում թէ՛ առաջին, թէ՛ երկրորդ, թէ՛ երրորդ նախագահին: Ու նրանք պատրաստ են սատարել նաեւ ցանկացած չորրորդին, միայն թէ վստահ լինեն, որ կը յաղթի: Ահա այսպիսին ենք` բարոյականութիւնն ու պատասխանատուութիւնը քաղաքականութիւնից մէկընդմիշտ օտարած:

Օսկանեանին, ի հարկէ, հարցեր արժէ տալ, նոյնիսկ` պէ՛տք է, բայց դրանք միայն ու միայն քաղաքական հարցեր պիտի լինեն, որոնք քաղաքական, թերեւս նաեւ բարոյական պատասխանատուութիւն են ենթադրում, ընդ որում` աւելի լայն մարդկանց շրջանակ ենթադրող:

Այո՛, քաղաքական պատասխանատուութիւն, բայց ոչ քրէական հետապնդում` քաղաքական ենթատեքստով, որը ցաւօք, երեք նախագահների օրօք էլ կենսունակ է եղել, վարքականոն: ԱՒԱՆԴՈՅԹ… Ու մենք նորից ընտրեցինք կոմպրոմատի աւանդոյթը, ուր ճշմարտութիւնն ու արդարադատութիւնը յարաբերական արժէքներ են` ըստ պահի կոնտեքստի: Մենք նորից պարտուեցինք, թէ՛ ներսում, թէ՛ դրսում: Պարտուեցինք, որովհետեւ մեր աւանդոյթը` կոմպրոմատի ու մարդուց ստրուկ դարձնողի քաղաքական մշակոյթը, յաղթողի վարքականոն չէ:

Պարտուեց նաեւ Սահակաշվիլին ու նա տղամարդու պէս ընդունեց իր պարտութիւնը, բայց յաղթեց Վրաստանը, ու Միխայիլ Սահակաշվիլին վստահաբար կը մտնի պատմութեան մէջ որպէս ազատ, հպարտ երկիր կառուցող նախագահ, ուր ընդդիմութեան ձայնը չեն խլացնում ու ընտրողին էլ չեն առնում:

Բայց, միեւնոյն է, ինձ դարձեալ նեարդայնացնում եւ վիրաւորում է Վրաստանի հետ համեմատութիւնը: Իսկ պատմութիւնը յամառօրէ՛ն մեզ դաս չի դառնում:

 

 

 

 

Share this Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )