Բանաստեղծութեան Միջազգային Ա. Փառատօն – Արցախ. Բանաստեղծութիւնը Դէպի Լոյս Եւ Ճշմարտութիւն Տանող Ճանապարհ Է

Հոկտեմբերի 17-ին, Արցախի պետական համալսարանի մեծ դահլիճում պոէզիայի ժամ էր: Պոէզիայի միջազգային փառատօնի մասնակիցներին ողջոյնի խօսք ասաց ԱրՊՀ ռեկտոր Ստեփան Դադայեանը` կարեւորելով բացառիկ երեւոյթը, ընդգծելով միջոցառման նշանակութիւնը. «Աստուած շռայլ է գտնուել այս երկրամասի հանդէպ եւ պատուիրել է տէր ու տիրակալ լինել իր հողին, մեսրոպատառ այբուբենին», ասաց Ս. Դադայեանը:

– Արցախցին ապրում է ազատ, անկախ,  հպարտ, ստեղծագործ կեանքով, որի վկայութիւններից մէկն էլ մշակութային հարուստ առօրեան է: Հաճելի է մեզ մօտ ընդունել անուանի պոէտների Ռուսաստանից, Գերմանիայից, Սերպիայից` Նարեկացու, Չարենցի, Տէրեանի, Սեւակի ժառանգորդների ուղեկցութեամբ:

ԼՂՀ ԳՄ նախագահ, բանասիրական գիտութիւնների դոկտոր, փրոֆեսէօր Վարդան Յակոբեանն իր ելոյթում ասաց, որ փառատօնը շարունակւում է, որ եթէ Ղարաբաղը  երկու տասնամեակ առաջ յիշատակւում  էր  որպէս «թէժ» կէտ, այսօր «թէժ» է բանաստեղծութեամբ: Այսօր այս հողում հնչում են ոչ միայն հայ, այլեւ աշխարհի շատ երկրներից եկած անուանի պոետների ստեղծագործութիւններ: Յիրաւի, մշակոյթով են ժողովուրդները մերձենում, իրար ճանաչում, եւ  նաեւ դրանով Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը պէտք է ճանաչելի դառնայ աշխարհին:

Փառատօնի դափնեկիր, Վրաստանի գրողների միութեան նախագահ Մաղվալայ Գոնաշվիլին իր խօսքում մասնաւորապէս նշեց, որ հայը դիմաւորել գիտի հիւրին, գիտի բանաստեղծութիւն սիրել. «Թող Աստուած այս երկրին խաղաղութիւն, սէր եւ երջանկութիւն բերի: Արցախի ցաւը զգացինք վրացերէն թարգմանուած` Վարդան Յակոբեանի պոէզիայի միջոցով: Արցախը միջազգային ասպարէզում մենակ է, բայց Աստուած նրա հետ է»:

«Ես եկայ Արցախ, եւ ինձ դիմաւորեցին արեւն ու հողը, լեռները, որ իրենց մէջ պատմութիւնն են խտացնում: Տարօրինակ չէ, որ այդ ժողովրդին դարերի ընթացքում ուղեկցել է ազնիւի եւ գեղեցիկի պաշտամունքը, եւ բանաստեղծութիւնն այս ճանապարհն է, որ մեզ բոլորիս կ՛առաջնորդի դէպի լոյս եւ ճշմարտութիւն: Այս ժողովուրդն իր լռութեամբ կը խօսի, նա ժայռերի պէս ամուր է, ազատութեան սիրահար, եւ իր լեզուով կը խօսի աշխարհի հետ, եւ կը գայ ժամանակ, որ իր մշակոյթով աշխարհը կը նուաճեն», արաբ բանաստեղծ Ապտօ Լապաքին այս պերճախօսութիւնից յետոյ արաբերէն կարդաց «Քարացածները» եւ «Գրութիւն` պատի վրայ» իր բանաստեղծութիւնները, որոնց հայերէն թարգմանութիւնը դահլիճին հասցրեց լիբանանահայ բանաստեղծ Սարգիս Կիրակոսեանը.

«Երեք հազար տարի առաջ հայերը եւ սերպերը հարեւաններ են եղել,- իր ելոյթում ասաց Լիւբիցա Միլետիչը (Սերպիա):- Հայաստանը ձգւում էր ներկայիս Թուրքիայի տարածքում, որտեղ ապրում էին նաեւ սերպեր: Ղարաբաղ այցելելու առիթն այն էր, որ ես շատ էի ցանկանում հայկական եկեղեցիներ տեսնել: Չէ՞ որ հայերը 301-ին, իսկ սերպերը` 311-ին են ընդունել քրիստոնէութիւնը: Ես նաեւ փափաքում էի տեսնել Արարատը` քաղաքակրթութեան հին խորհրդանիշը: Ես գրել եմ բանաստեղծութիւն` նուիրուած Հայաստանին եւ Արցախին: Այն թող նուէր լինի նաեւ նրանց, ովքեր իրենց կեանքը տուեցին  այս երկրամասի ազատութեան համար»:

Ուսանողները մեծ հետաքրքրութեամբ լսեցին հայագէտ Փիթըր Քաուի (Միացեալ Նահանգներ) խօսքը: «Մենք այսօր շատ հետաքրքիր ակցիայի ենք մասնակից լինում,¬ ասաց նա:¬ Թեման, որ հնչեց  այստեղ, սէրն է, բանաստեղծութիւնը: Բանաստեղծութիւնը ծնւում է սիրուց: Այն գրքային չէ, այլ` կեանքային: Բանաստեղծութիւնը բոլորինս է. դուք լսում եւ իւրացնում էք, եւ ձեր մէջ ծնւում է բանաստեղծութիւնը, վերցրէք եւ մարմնաւորէք ձեր մէջ, որ այն ապրի ձեր հոգում: Սա է, որ անվերջ է: Իսկ Ղարաբաղը իմն է եւ ձերը»:

Դաւիթ Յովհաննէսը ներկաներին մեկնեց բանաստեղծի եւ բանաստեղծութեան իր ինքնատիպ ըմբռնումը. «Աշխարհի բանաստեղծները եղբայրութիւն են կազմում: Մենք ժողովուրդ ենք` ժողովրդի մէջ: Պոեզիան գործուն միջոց է, որ մարդուն հեռացնում է գազանային էութիւնից, որ մարդուն մարդ է պահում»:

Վլատիմիր Պոնոմարիովը (Ռուսիա) կարդաց իր բանաստեղծութիւնը` նուիրուած Արցախեան գոյապայքարում զոհուած ուսանողների յիշատակին, իսկ Գագիկ Դաւթեանը գրքեր նուիրեց համալսարանի գրադարանին: Միջոցառման հաղորդավար Նաիրա Աղաջանեանն ասմունքեց Վարդան Յակոբեանի «Իմ երգը» բանաստեղծութիւնը: Մէկ բանաստեղծութեան ընթերցմամբ հանդէս եկան Ռոման Կիսիովը (Պուլկարիա), Մարիուս Չելարուն (Ռումանիա), Հենրի Դոլիձեն (Վրաստան), Արմէն Յովհաննիսեանը, Ժաննա Բեգլարեանը, Արկադի Թովմասեանը, Զինաիդա Բալայեանը, Արիս Արսենին, Տաթեւ Սողոմոնեանը, Ալիսա Բաղդասարեանը, Վիթալի Պետրոսեանը (Արցախ):

* * *

Օրուայ երկրորդ կէսին փառատօնի պատուիրակները եղան Շուշիի տեսարժան վայրերում, այցելեցին Ղազանչեցոց Սբ. Ամենափրկիչ եկեղեցի:

Պոեզիայի միջազգային փառատօնը Շուշիում սկսուեց գրադարանի տարածքում ծառեր տնկելուց` ըստ երկրների: Այնուհետեւ ընթերցասրահում տեղի ունեցաւ «Բանաստեղծութիւնը աշխարհի միջօրէականներում» վերնագրով գրքի շնորհանդէսը, որը փառատօնի առթիւ հրատարակել էր ԼՂՀ Գրողների միութիւնը: Ողջոյնի խօսքով հանդէս եկաւ Շուշիի շրջվարչակազմի մշակոյթի բաժնի վարիչ Անահիտ Եսայեանը, ապա  փառատօնի դափնեկիր Մաղվալա Գոնաշվիլուն յուշանուէր յանձնեց:

Վարդան Յակոբեանը ողջոյնի խօսքում նշեց, որ գիրքը առաջին փորձն է, որը ճանաչողական նշանակութիւն ունի, որ հետագայում աւելի շատ հեղինակներ կ՛ընդգրկուեն:

ՀՀ ԳՄ նախագահ Լեւոն Անանեանն ասաց, որ գրքի լոյս ընծայումը երեւոյթ է, որ ժողովուրդը մշակոյթով է հզօրանում, որ գրականութիւնը մերձեցնում է ժողովուրդներին:

«Դուք պատերազմը կենդանացրիք հոգով, դրա համար ձեր տառերը պատմութեան մէջ մնացին կենդանի,- ողջոյնի խօսքում ասաց Ապտօ Լապաքին:- Ես այդ տառերը չեմ անջատի ծաղիկներից, որ այսօր դրեցինք նահատակների յուշահամալիրում: Համոզուած եմ, որ ձեր ոգու զօրութեամբ, բանաստեղծութեամբ օրինակ պիտի հանդիսանաք աշխարհին»:

Զոհուած ազատամարտիկի մայր, բանաստեղծուհի Զոյա Յովհաննիսեանը կարդաց  իր «Սիրտս զանգ է» բանաստեղծութիւնը, ապա կատարեց Շուշիին նուիրուած իր երգը, որը ներկաները լսեցին մեծ յուզմունքով:

Քանի որ ժենգեալով հացի հայրենիքը պատմական Արցախն է, հանդիսաւորութեամբ նշուեց  այդ հրաշք ուտեստի 5 հազարամեակը: Ժենգեալով հացը, հայկական գինին, հինաւուրց հայկական մշակութային օրրանում իրենց մայրենի լեզուներով բանաստեղծութիւններ  հնչեցնող  հայը, գերմանացին, ռուսը, սերպը, վրացին ու պուլկարացին:

Մթնոլորտը ջերմ էր, յագեցած պոեզիայով, սիրով, մտերմիկ զրոյցներով…

Share this Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )