Բանաստեղծութեան Միջազգային Ա. Փառատօն – Արցախ. Արցախը Որպէս Հոգեւոր Արժէքներով Ապրող Երկիր

15-19 հոկտեմբերին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան մայրաքաղաք Ստեփանակերտի մէջ, Ղարաբաղի Գրողներու Միութեան նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ Բանաստեղծութեան Միջազգային Ա. Փառատօնը, մասնակցութեամբ Հայաստանը, Արցախը, Ռուսիան, Վրաստանը, Գերմանիան, Ռումանիան, Պուլկարիան, Սերպիան, Ա. Մ. Նահանգները եւ Լիբանանը ներկայացնող քանի մը տասնեակ բանաստեղծներու, որոնք ազատ ու անկախ Արցախի հողին վրայ անցուցին բանաստեղծական անմոռանալի օրեր:

Արցախի Գրողներու Միութեան նախագահ, բանաստեղծ ու մտաւորական Վարդան Յակոբեանի գլխաւորած կազմակերպիչ յանձնախումբը, որուն մաս կը կազմէին Արցախի գրողներու իրերայաջորդ սերունդներու նուիրեալ ներկայացուցիչներ, ոչ մէկ ճիգ խնայած էր, որպէսզի իր տեսակին մէջ առաջինը հանդիսացող այս փառատօնը ըլլայ բառին ամբողջական առումով պատմական հանդիպում մը եւ նախանձելի օրինակ` տարածաշրջանի երկիրներուն:

Ստորեւ, մեր ընթերցողներու ուշադրութեան կը յանձնենք Ստեփանակերտ լոյս տեսնող «Ազատ Արցախ» եւ «Եղիցի լոյս» թերթերէն քաղուած տեղեկատուական զոյգ յօդուածներն ու մասնակից բանաստեղծներու մէկ ներկայացուցչական խումբին գործերէն կատարուած բնորոշ թարգմանութիւններ:

Հայ եւ օտար բանաստեղծներ՝ Գանձասարի վանքին մէջ

ԼՂՀ գրողների միութեան նախագահ, բանաստեղծ, բանասիրական գիտութիւնների դոկտոր, փրոֆեսէօր Վարդան Յակոբեանը, բացելով փառատօնը եւ բարի գալուստ մաղթելով հիւրերին, ասաց, որ ազատ ու անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը խաղաղութեան, սիրոյ եւ պոէզիայի օրրան է, եւ աշխարհի տարբեր անկիւններից ժամանած պոէտները սէր եւ խաղաղութիւն են բերել: Տեղեկացնելով, որ պոէզիայի երկրպագուներին սպասւում են հետաքրքիր միջոցառումներ, ԳՄ նախագահը փառատօնին մաղթեց արդիւնաւէտ աշխատանք:

Այնուհետեւ Վարդան Յակոբեանը հրապարակեց ԼՂՀ նախագահ Բակօ Սահակեանի ուղերձը, որում երկրի ղեկավարը կարեւորում է նման փառատօների միջոցով Արցախն աշխարհին ճանաչելի դարձնելու գործընթացը:

«Աննախադէպ տօն է Ստեփանակերտում, եւ փառք նրանց, որ բարձր են պահում քնարերգութեան ջահը,¬ ողջոյնի խօսքում ասաց ՀՀ ԳՄ նախագահ Լեւոն Անանեանը: ¬ Աշխարհի տարբեր երկրներից եկած պոէտները մունետիկներ են, որ լիակատար են դարձնում այսօրը: Արցախի հերոսական ժողովուրդն այս դժուարին պայմաններում մշակոյթը առաջին գծի վրայ է պահում»:

Պոէզիայի միջազգային փառատօնին ուղերձ է յղել Հայաստանի մշակոյթի նախարար Յասմիկ Պօղոսեանը, որում մասնաւորապէս ասուած է. «Պոէզիայի փառատօնն ունի խորհրդանշական բնոյթ. նախ, որ այն անց է կացւում հայ գրատպութեան 500-ամեակի նշանաւորման տարում եւ մի երկրամասում, ուր կան գրական-մշակութային հարուստ աւանդոյթներ եւ մնայուն համամարդկային արժէքներ: Մեր ողջոյնը փառատօնի մասնակիցներին»:

ԼՂՀ մշակոյթի եւ երիտասարդութեան հարցերի նախարար Նարինէ Աղաբալեանը,  ողջունելով տարածաշրջանում նախադէպը չունեցող Պոէզիայի միջազգային փառատօնի առթիւ, յիշեց արցախցի բանաստեղծ Կոմիտաս Յակոբեանին, ով զոհուեց Արցախեան պատերազմում, ով յաւերժ մնաց 22 տարեկան: Եւ նման քանի՜¬քանի՜ երիտասարդ զոհուեց, որ այսօր խաղաղութիւն լինի. «Գրողները մասնակցեցին Արցախեան գոյապայքարին` զէնքը փոխարինելով գրչով,¬ ասաց նախարարը:¬ Ուրախ ենք այսօր ընդունել աշխարհի տարբեր երկրներից ժամանած պատուիրակների. յիշենք խօսքը` երբ գալիս է սէրը, իւրաքանչիւրը դառնում է պոէտ: Ուրախ ենք, որ Արցախն աշխարհը ճանաչելի է դառնում որպէս հոգեւոր արժէքներով ապրող երկիր»:

Փառատօնի մասնակիցներին իրենց երաժշտական կատարումներով ողջունեցին միջազգային փառատօնի դափնեկիր Անահիտ Առուշանեանը, երգահան, դաշնակահար Սիմոն Սարգսեանը:

Այնուհետեւ իրենց սրտի խօսքն ասելուց յետոյ փառատօնի պատուիրակները հանդէս եկան մէկական բանաստեղծութեան արտասանութեամբ:

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԲՈԲՐՈՎ (ՌՈՒՍԻԱ).– Ես երբեք չեմ եղել Լեռնային Ղարաբաղում, բայց երազել եմ, եւ երբ առիթը ներկայացաւ` փառատօնի մասին խօսք եղաւ, ես անմիջապէս  արձագանգեցի:

ՄԱՂՎԱԼԱ ԳՈՆԱՇՎԻԼԻ (ՎՐԱՍՏԱՆ).- Ես երջանիկ եմ, որ այս սուրբ հողի վրայ եմ: Այսօր պոէզիայի, սիրոյ օր է, եւ ես իմ բանաստեղծութեամբ ուզում եմ արտայայտել իմ սէրը հայ ժողովրդի նկատմամբ: (Գագիկ Դաւթեանը կարդաց նոյն բանաստեղծութեան իր հայերէն թարգմանութիւնը):

ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՆՈՄԱՐԻՈՎ (ՌՈՒՍԻԱ).- Ես հպարտութեամբ եմ յիշում այն տարիները, երբ ծառայում էի  Արցախում` սկսած խորհրդային տարիներից` 1986-ից մինչեւ պատերազմական 1992¬ը: Ես երախտագիտութեամբ եմ յիշում ստեփանակերտցի այն ընտանիքին, որ ռմբակոծութեան օրերին ձեռք էր մեկնել, կնոջս ու երեխաներիս ապաստանել էր գետնայարկում: Պատերազմի ցաւը նաեւ մեր` ռուս մտաւորականներիս սրտում է, եւ այն դառնում է բանաստեղծութիւն: Արցախն այսօր Կովկասի մարգարիտն է, եւ հաճելի է, որ այստեղ յիշում են այս հողի վրայ ծառայած ռուս սպաներին: Թող յարատեւի Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը:

ԱՆԱՀԻՏ ԲՈՍՏԱՆՋԵԱՆ (ՎՐԱՍՏԱՆ).- Ամէն անգամ Արցախ ոտք գնելիս երջանկանում եմ, հպարտութեան զգացումն է ինձ համակում, կարօտի կանչն է սրտիս զարկերն  արագացնում: Իմ տատը շուշեցի է: Մանկութիւնից ես սնուել եմ ղարաբաղեան բարբառով: Ես հպարտ եմ, ես խոնարհւում եմ այն նահատակների ու զինուորների առջեւ, որոնց շնորհիւ Արցախն այսօր ազատ ու անկախ է: Հպարտ եմ, որ աշխարհի ծայրերից եկել ու բանաստեղծութիւն ենք կարդում:

ԱՊՏՕ ԼԱՊԱՔԻ (Լիբանան).– Երբ հասայ Հայաստան, ինձ դիմաւորեցին աստուածադէմ նահապետը` Արարատն ու Լոյսը, իսկ Արցախին մօտենալով` զգացի հողից բարձրացող հերոսական ոգին: Այս հողից բարձրացող հրեղէն թռչունի գոյնը մոխրի երանգը չունէր, եւ մեզ ուղեկցում էր ծերունի նահապետը` Արարատ լեռը, որ ինձ պատգամ էր փոխանցում: Ասում էր` պահեցէք եւ պահպանեցէք ոգին ու լոյսը հայ ժողովրդի էութեան, եւ այդ լոյսը պիտի ողողի ոչ միայն Հայաստանը, այլեւ ողջ աշխարհը: Ի՞նչ կարող եմ ասել այն ժողովրդին, որ իր հանճարեղ բանաստեղծների դիմանկարը դրոշմել է իր դրամի վրայ, եւ նրա երկնքի վրայ գրուած է` հետեւեցէք մեր օրինակին:

ՍԱՐԳԻՍ ԿԻՐԱԿՈՍԵԱՆ (Լիբանան).– Երրորդ անգամն է կ՛այցելեմ Արցախ, եւ երբ ոտքս այս տաք հողի վրայ դրեցի, ինձ Հայկ Նահապետ զգացի: Սրտիս մէջ Արցախը կայ` ամէն վայրկեան, քանի որ Արցախը  կայ եւ կը մնայ որպէս երկարաշունչ հերոսութեան գոյամարտը հայ ժողովրդի: Այդ գոյամարտն այսօր կը մղուի  երաժշտութեամբ ու բանաստեղծութեամբ` փաստելու աշխարհին, որ կանք, հզօր ենք եւ այդպէս պիտի շարունակենք գոյատեւել: Իւրաքանչիւրիս ուխտն է, որ Արցախը կամուրջներ չունենայ եւ դառնայ Ազատ, Միացեալ Հայաստանի միջնաբերդը` միացնելով Շուշին ու Վանը, Գետաշէնն ու Վասպուրականը:

ԶՕՐԻ ԲԱԼԱՅԵԱՆ (Հայաստան).- Մթնոլորտը շնչում է պոէզիայով: Գտնւում ենք մի դահլիճում, ուր տարիներ առաջ տեղակայուած էր խորհրդային բռնապետութեան ոստիկանական գունդը: Մենք հպարտութեամբ ենք փաստում, որ Արցախում այդ տարիներին փոխըմբռնում կար ռուս զինուորի ու արցախցու միջեւ: Խորհրդանշական է, որ այսօր այն դահլիճում, որտեղ զինամթերք կար, բանաստեղծութիւն է հնչում:

ՓԻԹԵՐ ՔԱՈՒ (ՄԻԱՑԵԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ), հայագէտ (արտայայտւում է հայերէնով). Շատ ուրախ ենք, եկել ենք փոխանցելու պոէզիա, բանաստեղծութիւն, եւ կարեւոր է, թէ այն ինչպէս է ընդունուելու, կարեւոր է, թէ մենք ինչպէս դուրս կը գանք: Ես ձեզնով հիացած եմ, հիացած եմ, թէ ինչ լրջութեամբ էք լսում, իսկ դա նշանակում է, որ դուք արժէքաւոր էք գտնում պոէզիան: Ուրախ եմ, որ այսքան երիտասարդութիւն եմ տեսնում, որ եկել են իմաստաւորուելու, եւ սրահից դուրս կը գան բանաստեղծութեամբ հարստացած:

Բանաստեղծութիւն են արտասանում Արտեմ Յարութիւնեանը, Դաւիթ Յովհաննէսը, Յակոբ Մովսէսը, Էդուարդ Սաֆարեանը, Կարէն Անտաշեանը (Հայաստան), Նուարդ Աւագեանը, Հրանդ Ալեքսանեանը, Ռոբերտ Եսայեանը (Արցախ), Նաթելլա Լալաբեկեանը (Միացեալ Նահանգներ):

ԼՂՀ ԳՄ նախագահ Վարդան Յակոբեանը մրցանակ յանձնեց Վրաստանի գրողների միութեան նախագահ, բանաստեղծուհի Մաղվալա Գոնաշվիլուն:

Բանաստեղծութիւնը մտերմացնում է, բանաստեղծութիւնը հոգեւոր դաշտ էր ստեղծել, հաղորդակցւում էին բանաստեղծներն ու պոէզիայի երկրպագուները, բանաստեղծութեան տաք շնչից ջերմացել էին մթնոլորտն ու դահլիճը:

Պոէզիայի միջազգային փառատօնի առթիւ լոյս էր ընծայուել ժողովածու, որտեղ ընդգրկուած էին պատուիրակների ստեղծագործութիւնները:

Ստեփանակերտի մշակոյթի եւ երիտասարդութեան պալատի ճեմասրահում բացուել էր կերպարուեստի ցուցահանդէս, որտեղ իրենց գործերն էին ցուցադրել Սամուէլ Գաբրիէլեանը, Առնոլդ Մելիքսէթեանը, Ռոբերտ Ասկարեանը, Լիանա Քոչարեանը, Արծիւ Լալայեանը:

Ցուցահանդէսը ողջոյնի խօսքով բացեց ԼՂՀ ժուռնալիստների միութեան նախագահ, արձակագիր Կիմ Գաբրիէլեանը:

ՆՈՒԱՐԴ ՍՈՂՈՄՈՆԵԱՆ

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )