Ի՞նչ Գրել, Ինչպէ՞ս Գրել Հայաստանի Մասին

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Այս յօդուածը չեմ գրում ի հակակշիռ, ի լրումն կամ որպէս քննադատութիւն Յակոբ Լատոյեանի` անցնող երկուշաբթի «Ազդակ»-ում հրապարակուածի, սակայն նման յօդուած գրելու մտադրութիւն ունեցայ հէնց նրա գրութիւնը կարդալուց յետոյ:

Միանգամից ասեմ, որ ես, որպէս հայաստանցի լրագրող, ով արդէն եօթ տարի անընդմէջ տպագրւում է «Ազդակ»-ում, իսկ «Ազդակ»-ի միջոցով` նաեւ ամբողջ սփիւռքում, ինչպէս նաեւ ուշի ուշով հետեւում սփիւռքի մամուլին, պարոն Լատոյեանի մտահոգութիւնների հետ համամիտ եմ ամբողջովին, ներկայացրած որոշակի օրինակների մի մասի հետ համամիտ եմ մասամբ, իսկ մի քանի որակումների հետ համամիտ չեմ:

Սկսեմ վերջից: Համամիտ չեմ սփիւռքեան մամուլը «պատուիրուած» պիտակելու հետ: Եթէ պատուիրուած լինէր, ապա սփիւռքի տարբեր գաղութներից եւ Հայաստանից մի շարք հրապարակախօսներ, խմբագիրներ ու լրագրողներ, այդ թւում նաեւ` տողերիս հեղինակը, դժուար թէ հնարաւորութիւն ունենային հետեւողականօրէն, երբեմն` ամենախիստ կերպով, քննադատել Հայաստանի գործող իշխանութիւնների արտաքին եւ ներքին քաղաքականութիւնը, պարբերաբար ընտրութիւններ կեղծելը, տնտեսական եւ քաղաքական մենաշնորհների խորացումը, ընկերային անարդարութիւնը եւ ամենամեծ մարտահրաւէրը` արտագաղթը, որը, իմ խորին համոզմամբ, աւելի լուրջ սպառնալիք է Հայաստանի անվտանգութեանը, քան` Թուրքիան կամ Ազրպէյճանը:

Այստեղ պէտք է շեշտեմ, որ Հայաստան-սփիւռք խորհրդաժողովների, տարբեր հանդիպումների ընթացքում սփիւռքեան խմբագիրներին բարեկամաբար խորհուրդ է տրւում ոչ միայն վատի մասին, այլ նաեւ լաւի մասին գրել: Սա նաեւ նշանակում է, որ սփիւռքում չեն վստահում իշխանութիւնների վերահսկողութեան տակ գտնուող այն հեռուստաընկերութիւններին, որոնք արբանեակով հեռարձակւում են սփիւռքում: Եւ շատ ճիշտ են անում, որ չեն վստահում, քանի որ այն Հայաստանը, որ կայ իրականում եւ այն Հայաստանը, որ այդ հեռուստաընկերութիւններն են ներկայացնում, միմեանցից շատ են տարբերւում: Այդ հեռուստաընկերութիւնները Հայաստանը ներկայացնում են վարդագոյն, յատկապէս նախագահական ընտրութիւնների օրերին տարածում ապատեղեկատուութիւն, իսկ ընդդիմութեան հիմնական թեկնածուին` վարկաբեկում:

Այնքան էլ համամիտ չեմ պարոն Լատոյեանի հետ այն հարցում, որ լաւապէս տեղեակ լինելու համար պէտք է ընդդիմադիր կայքէջերը կարդալ: Անկասկած, քիչ չեն դէպքերը, երբ ընդդիմադիր կայքէջերը շատ աւելի համապարփակ են լուսաբանում եւ աւելի արհեստավարժ: Բայց լինում են նաեւ դէպքեր, երբ ընդդիմադիր լրատուամիջոցները ուղղակի սուտ են տարածում: Անկասկած, ստեր ու ապատեղեկատուութիւն տարածում են նաեւ իշխանամէտ լրատուամիջոցները, եւ գուցէ ոչ պակաս, քան ընդդիմադիրները: Հաւանաբար պէտք է կարդալ ե՛ւ ընդդիմադիր, ե՛ւ իշխանական, ե՛ւ համեմատաբար չէզոք կայքէջերը, որպէսզի պատկերացում կազմենք, թէ իրականում ինչ է եղել:

Մասամբ համամիտ չեմ նաեւ այնպիսի պնդումների հետ, որ Օսկանեանի կամ «Արմաւիայի» թեման տեղ չունի սփիւռքեան մամուլում:

Ես, անկասկած, յաւակնութիւն չունեմ ամէնից առարկայական լրագրողի դափնին կրելու, սակայն, տարիների հեռուից, երբ փորձում եմ գնահատել սփիւռքի մամուլի վերաբերմունքը Հայաստանի գործող իշխանութիւնների, այսինքն` երեք նախագահների հանդէպ, ապա յանգում եմ հետեւեալին. Լեւոն Տէր Պետրոսեանի նկատմամբ խիստ քննադատաբար էր տրամադրուած, Ռոպէրթ Քոչարեանի հանդէպ` հիմնականում բարեացակամ, Սերժ Սարգսեանի նկատմամբ` երբեմն քննադատաբար, երբեմն` բարեացակամ:

Ռոպէրթ Քոչարեանի ժամանակներում սկսուած եւ Սերժ Սարգսեանի ժամանակ շարունակուող այս մետալներ «շաղ տալու» յոռի երեւոյթին, ինչի մասին ակնարկում է պարոն Լատոյեանը, անկասկած վերջ պէտք է տալ: Դրա առաջն առնելու լաւագոյն միջոցներից մէկը հէնց մամուլում գրելն է եւ սփիւռքում հայ պաշտօնեաների հետ հանրային հանդիպումների ընթացքում այդ մասին բարձրաձայնելը: Եթէ այս կշռոյթներով շարունակեն մետալներ շնորհել նախագահը, վարչապետը, նախարարները, վերջերս էլ` դեսպանատները, ապա առաջիկայ տարիներին ողջ հայ ժողովուրդն է դառնալու մետալակիր:

Մեզ մետալ պէտք չէ: Մեզ պէտք է ազատ, արդար Հայաստան:

Տարիներ առաջ, երբ Ռոպէրթ Քոչարեանը մի քանի հայաստանցի լրագրողների «վաստակաւորի» կոչում տուեց, ես լրագրողական շրջանակում ասացի, որ լրագրողը երկրի նախագահից մետալ չստանայ: Մետալ ստանալը կաշկանդում է լրագրողին: Միւս կողմից, երբ երկրի նախագահը (մի կողմ եմ դնում Հայաստանի հասարակութեան լայն շրջանում, այդ թւում` ինձ մօտ արմատաւորուած այն տեսակէտը, որ երեք նախագահներն էլ կեղծիքներով ու բռնութեամբ են եկել իշխանութեան եւ ունեն օրինականութեան պակաս) սփիւռքից ժամանած լրագրողին պարգեւատրում է, ի՞նչպէս է հնարաւոր դրանից հրաժարուել: Զուտ մարդկային գործօնը նկատի ունեմ:

Իմ կարծիքով, սփիւռքի մամուլը աւելի հաւասարակշիռ է, քան հայաստանեանը: Բայց սփիւռքի մամուլը մի մեծ բաց ունի, որ պիտի լրացնել: Վաղուց արդէն ժամանակն է, որ սփիւռքի մամուլը աւելի շատ գրի ներհայաստանեան իրողութիւնների մասին: Պարտադիր չէ, որ գոյները լինեն վարդագոյն կամ գորշ, կարեւոր է, որ այսուհետ Հայաստանը լինի սփիւռքի մամուլի ուշադրութեան կենտրոնում: Բաւարար չէ, որ սահմանափակուենք արցախեան հարցով եւ հայ-թուրքական յարաբերութիւններով, որոնք նոյնպէս շատ կարեւոր են: Պէտք է ոչ միայն աւելի շատ գրել Հայաստանի մասին, այլ նաեւ դրական ներգրաւուածութեամբ մաս կազմել Հայաստանին այս յուսահատ իրավիճակից հանելու համար: Անշուշտ, մամուլը, այդ թւում` սփիւռքեան լրատուամիջոցները, գործադիր, օրէնսդիր եւ կամ դատական մարմիններ չեն, սակայն իշխանութիւններին յուշելու, օգտակար լինելու, զսպելու առաքելութիւն ունեն նաեւ:

Հայաստանի ներքաղաքական կեանքը սփիւռքի մամուլի համար լուսաբանելը երբեմն լրագրողին կանգնեցնում է դժուար երկընտրանքի առաջ: Վստահ եմ` նոյն երկընտրանքի առաջ է կանգնում սփիւռքում լոյս տեսնող լրատուամիջոցի խմբագիրը: Ինչպէ՞ս լուսաբանել իրադարձութիւնը, որպէսզի այն արտայայտի իրականութիւնը, բայց միւս կողմից աւելի չհիասթափեցնի ընթերցողին: Ես պատկերացնում եմ, թէ ինչպիսի՛ ապրումներ են ունենում սփիւռքում բնակուող հայերը, երբ կարդում են Հայաստանում սփիւռքահայ գործարարներ կողոպտելու ու խաբէութեամբ նրանց ունեցուածքին տիրանալու, սփիւռքահայ քաղաքական գործիչներին քաղաքական հետապնդումների ենթարկելու եւ բազմաթիւ այլ յոռի երեւոյթների, որոնց ամէն օր, ամէն Աստծու օր, ստիպուած է լինում դիմակայել շարքային, անպաշտպան հայաստանցին:

Իրաւամբ, ինչպէ՞ս գտնել հաւասարակշռութիւնը արդարութեան մասին գրելու եւ երկիրը չհեղինակազրկելու միջեւ: Ամէն լրագրող ու լրատուամիջոց ինքն է որոշում: Ինձ համար սկզբունքը հետեւեալն է. պէտք չէ որեւէ բան մոռացութեան տալ, չի կարելի հատուածական մօտեցում դրսեւորել երեւոյթների նկատմամբ, չի կարելի սուտ գրել, չի կարելի ուռճացնել, բայց ամէնից կարեւորը` չի կարելի գրել զայրոյթով, ատելութեամբ ու թշնամանքով: Երբ քննադատում ես Սերժ Սարգսեանի` Թուրքիայի հանդէպ քաղաքականութիւնը, պիտի դա գրել մտահոգութեամբ, որ դա չի բխում Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերից, բայց լրագրողին, իմ ընկալմամբ, չի թոյլատրւում նրան պիտակել «թուրքամէտ»:

Դժուար ընտրութեան առաջ ես կանգնում, երբ չես ուզում թաքցնել յոռի երեւոյթները, որոնք կան Արցախում: Միանգամից քեզ պիտակում են` «թուրքամէտ», կամ լաւագոյն դէպքում բացատրում, որ չի կարելի ազրպէյճանական ջրաղացին ջուր լցնել: Այսպէս, բանակում մարդ են սպաննում, հանրապետական պատգամաւորի թիկնապահները խոշտանգելով անշնչացնում են հայկական բանակի բժշկին, իսկ դու, մտահոգուելով, որ ազրպէյճանական ջրաղացին ես ջուր լցնում, այդ մասին պիտի չգրե՞ս: Ես համոզուած եմ, որ նման դէպքերը չպիտի թապու պիտի չլինեն: Պէտք է գրել բանակում տիրող յոռի բարքերի մասին, բայց, կրկին, դա պիտի չանել չարախնդութեամբ:

Երեք թեմաների մասին, իմ կարծիքով, պէտք է գրել առաւել նրբանկատութեամբ` հայկական բանակ, հայոց լեզու, հայ եկեղեցի: Սրանք են հայոց պետականութեան հիմնասիւները:

Յատուկ «Ազդակ»-ի համար
Երեւան

 

Share this Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )