Հայաստան-Միացեալ Նահանգներ. Երկկողմ Յարաբերութիւնների Պատմութիւնից

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Նախագահ Պարաք Օպամայի վերընտրուելը նախագահի պաշտօնում լաւ առիթ է անդրադարձ կատարելու Հայաստան-Միացեալ Նահանգներ յարաբերութիւնների անցեալին ու ներկային: Ուաշինկթընը առաջիններից մէկը ճանաչեց Հայաստանի անկախութիւնը 1991-ի վերջերին եւ Երեւանում բացեց դիւանագիտական ներկայացուցչութիւն 1992-ի փետրուարին: Նախկին արտաքին գործերի նախարար Ճէյմս Պէյքըրը 1992-ի փետրուարին նախկին խորհրդային մի քանի հանրապետութիւններ շրջագայութեան ընթացքում այցելեց նաեւ Երեւան:

Միացեալ Նահանգները Հայաստանի համար կարեւոր գործընկեր է մի քանի առումներով: Առաջին. Միացեալ Նահանգները այսօր աշխարհի հզօրագոյն պետութիւնն է եւ միակ գերտէրութիւնը: Երկրորդ. այդ երկրում հաստատուել են աւելի քան մէկ միլիոն հայեր, ովքեր կարող են կարեւոր դերակատարութիւն ունենալ Հայաստանի բարգաւաճման գործում: Երրորդ. Միացեալ Նահանգները ղարաբաղեան կարգաւորման Մինսքի խմբի եռանախագահ պետութիւններից է Ռուսաստանի եւ Ֆրանսայի հետ միասին: Չորրորդ, Միացեալ Նահանգները Հայաստանին մարդասիրական եւ թեքնիք օգնութիւն տրամադրող խոշորագոյն նուիրատուն է: Հայաստանը եւ Միացեալ Նահանգները համագործակցում են նաեւ միջազգային տարբեր ծրագրերի, այդ թւում` խաղաղարար առաքելութեան (Քոսովօ, Աֆղանիստան, աւելի վաղ` նաեւ Իրաք) շրջանակներում: Անկասկած, կարելի է թուարկումը շարունակել, բայց ասուածն էլ բաւարար է, որպէսզի պարզ լինի Միացեալ Նահանգների կարեւորութիւնը Հայաստանի համար:

Ուաշինկթընի տարածաշրջանային գլխաւոր գործընկերը եւ դաշնակիցը Հայաստանի արեւմտեան հարեւան Թուրքիան է, որի հետ նա սերտօրէն համագործակցում է ինչպէս երկկողմ, այնպէս էլ ՕԹԱՆ-ի շրջանակներում: Հայաստանի հարաւային հարեւան Իրանի հետ Միացեալ Նահանգների յարաբերութիւնները, կարելի է ասել, 1979-ի իսլամական յեղափոխութիւնից ի վեր ամենալարուած փուլում են այսօր: Այսպիսով, Հայաստանի թշնամի Թուրքիայի հետ Միացեալ Նահանգներն ունին բարեկամական, իսկ Հայաստանի բարեկամ Իրանի հետ` թշնամական յարաբերութիւններ: Ուաշինկթընը ողջունում է հայ-թուրքական ամէն երկխօսութիւն, անգամ եթէ այն հակասում է շրջափակման մէջ գտնուող Հայաստանի կենսական շահերին, եւ չի խրախուսում հայ-իրանական յարաբերութիւնների խորացումը:

Միացեալ Նահանգների կովկասեան շահերը տարբերակուած են ըստ տարածաշրջանի առանձին երկրների: Այսպէս, Ազրպէյճանի դէպքում այդ շահերի առանցքում նաւթն է եւ այդ երկրի դիրքը, այսինքն` անմիջական հարեւանութիւնը Կասպից ծովի եւ Իրանի հետ: Վրաստանը Միացեալ Նահանգների համար կարեւոր է աշխարհաքաղաքական իմաստով, աւելի հասկանալի լեզուով` Վրաստանը փորձում է Կովկասում «ոտքի տեղ» տալ Միացեալ Նահանգներին, ինչը, հասկանալի է, նեարդայնացնում է Ռուսաստանին:

Հայաստանի հետ յարաբերութիւններում Միացեալ Նահանգները աւելի շատ ուշադրութիւն են դարձնում ժողովրդավարութեան խորացմանը եւ տնտեսական զարգացման հեռանկարին: Հետեւաբար, երբ Հայաստանը այս երկու ոլորտներում, յատկապէս` ժողովրդավարութեան, գրանցում է յետընթաց, Ուաշինկթըն-Երեւան յարաբերութիւնները յետընթաց են ապրում: Եւ քանի որ Հայաստանում քուէարկութիւնները պարբերաբար կեղծւում են, յատկապէս նախագահական ընտրութիւնները, Երեւան-Ուաշինկթըն յարաբերութիւնները պարբերաբար նահանջ են ապրում: Նման նահանջների ականատեսն ենք եղել 1996-ի, 2003-ի եւ 2008-ի խիստ վիճելի եւ անարդար ընտրութիւններից յետոյ:

1996-ին Ուաշինկթընը խստիւ քննադատեց նախագահի աթոռը պահելու այն միջոցները (ընտրակեղծիքներ, հրասայլեր` Երեւանի փողոցներում, ծեծկռտուք` խորհրդարանի շէնքում), որին դիմեցին առաջին նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանն ու նրա խմբակը: 2003-ին Միացեալ Նահանգների նախագահը չշնորհաւորեց Ռոպերթ Քոչարեանին, թէեւ նախագահական նստավայրից կեղծ տեղեկատուութիւն տարածեցին, թէ Ճորճ Պուշը շնորհաւորել է: 2008-ին Սերժ Սարգսեանի վիճելի ընտրութիւնից, մարտի 1-ի ողբերգական դէպքերից եւ դրան յաջորդած հարիւրաւոր մարդկանց ձերբակալութիւնից յետոյ ամերիկեան կառավարութիւնը սառեցրեց «Հազարամեակի մարտահրաւէր» ծրագրով Հայաստանի համար հաստատուած գումարի մի մասը, որը պէտք է ուղղուէր Հայաստանի գիւղական համայնքների զարգացմանը:

Նախագահութեան հինգ տարիների ընթացքում Սերժ Սարգսեանը ամերիկացիների ուշադրութեան կենտրոնում է եղել եւ նաեւ արժանացել նրանց միանշանակ աջակցութեանը հայ-թուրքական գործընթացի պատճառով: Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների բարելաւման ամենաջերմեռանդ պաշտպանը Միացեալ Նահանգներն էր: Հէնց արտաքին գործերի նախարար Հիլըրի Քլինթընի անմիջական ջանքերի շնորհիւ էր, որ Ցիւրիխում ստորագրուեցին հայ-թուրքական երկու արձանագրութիւնները: Հայաստանում շատերը, իսկ սփիւռքի մեծ մասը անընդունելի որակեցին այդ արձանագրութիւնների բովանդակութիւնը` նշելով, որ դրանցով Հայաստանը կատարեց Թուրքիայի երեք նախապայմաններից առնուազն երկուսը:

Հայաստանում Միացեալ Նահանգների դեսպան Ճոն Հեֆերնը Պարաք Օպամայի վերընտրութիւնից անմիջապէս յետոյ յայտարարեց, որ հայ-թուրքական արձանագրութիւնների վաւերացումը շարունակելու է մնալ Ուաշինկթընի գերակայ խնդիրներից: Միացեալ Նահանգները ողջունում են, որ նախագահ Սարգսեանը շարունակում է արձանագրութիւնները պահել օրակարգում, ընդգծեց դեսպան Հեֆերնը:

Հայաստանի եւ սփիւռքի համար մէկ այլ առանցքային` Արցախի հարցում, Ուաշինկթընի դիրքորոշումը 1988-ից ի վեր կրել է փոփոխութիւններ: Քանի դեռ Հայաստանը Խորհրդային Միութեան կազմում էր, Միացեալ Նահանգները համակրում եւ աջակցում էին Արցախում հայ ժողովրդի պահանջներին: Սակայն, երբ Հայաստանը անկախութիւն ձեռք բերեց, ամերիկեան քաղաքականութիւնը կրեց փոփոխութիւն: Անշուշտ, չի կարելի ասել, որ Արցախի հարցում Ուաշինկթընի կեցուածքը ազրպէյճանամէտ է: Աւելի՛ն. Հայաստանից բացի միակ երկիրը, որը  Արցախին ֆինանսական օժանդակութիւն է տրամադրում, հէնց Միացեալ Նահանգներն են: Այդ օգնութիւնը տրւում է 1998-ից ի վեր: Ճիշդ է, Միացեալ Նահանգները ճանաչում են Ազրպէյճանի տարածքային ամբողջականութիւնը, սակայն, միւս կողմից, չի կանխորոշում ղարաբաղեան կարգաւորման բանակցութիւնների արդիւնքները:

Սերժ Սարգսեանը շնորհաւորել է Պարաք Օպամային` յոյս յայտնելով, որ նրա վերընտրուելը թոյլ կը տան շարունակելու աշխուժօրէն զարգացնել եւ խորացնել հայ-ամերիկեան յարաբերութիւնները, որոնք, Հայաստանի նախագահի խօսքերով` Երեւան-Ուաշինկթըն երկկողմ յարաբերութիւնների պատմութեան ողջ ընթացքում «այս պահին գտնւում են ամենաբարձր մակարդակի վրայ»:

Յիշեցնենք, որ ամերիկացի ամենաբարձրաստիճան պաշտօնեան, ով այցելել է Հայաստան, եղել է արտաքին գործերի նախարարը: 1992-ին Երեւան է այցելել Ճէյմս Պէյքըրը, իսկ 2010-ին եւ 2012-ին` Հիլըրի Քլինթընը:

Սերժ Սարգսեանը նախագահի պաշտօնը զբաղեցնելուց յետոյ տարբեր միջազգային միջոցառումների մասնակցելու նպատակով մի քանի անգամ այցելել է Միացեալ Նահանգներ, բայց ոչ` Սպիտակ տուն: Հինգ տարիների ընթացքում Հայաստանի արտաքին գործերի նախարարութիւնը ջանքեր գործադրեց, որպէսզի կազմակերպի Սարգսեանի աշխատանքային այցը Միացեալ Նահանգներ, սակայն յաջողութեան չհասաւ: Եթէ 2013-ի փետրուարին կայանալիք նախագահական ընտրութիւնները եւս ուղեկցուեն այնպիսի համատարած կեղծիքներով ու բռնութիւններով, ինչպէս 1996-ին, 2003-ին եւ 2008-ին, ապա Հայաստանի նախագահը, անկախ նրանից, թէ ինչ ազգանուն կ՛ունենայ, հաւանաբար զրկուած կը լինի Սպիտակ տուն այցելելու հնարաւորութիւնից:

Հայաստանի առաջին նախագահի առաջին արտասահմանեան այցը եղել է հէնց Միացեալ Նահանգները, որը տեղի է ունեցել 1991-ի աշնանը` Լեւոն Տէր Պետրոսեանի նախագահ ընտրուելուց անմիջապէս յետոյ: Տէր Պետրոսեանը Սպիտակ տանը հիւրընկալուել է նաեւ 1994-ի ամրանը: Երկրորդ նախագահ Ռոպերթ Քոչարեանը եւս երկու անգամ հիւրընկալուել է Սպիտակ տանը: Առաջին անգամ դա եղել է 1999-ի ապրիլին, երկրորդ անգամ` 2001-ի ապրիլին, երբ Ճորճ Պուշը առանձին կարճ հանդիպումներ ունեցաւ Քոչարեանի եւ Հայտար Ալիեւի հետ, ովքեր արցախեան հարցով բանակցութիւններ էին վարել Ֆլորիտայի Քի Ուեսթ քաղաքում:

Յատուկ «Ազդակ»-ի համար
Երեւան

Share this Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )