«Անվերնագիր… 1915». Թուրքի Ծինային Թրքութեան Եւս Մի Վկայութիւն

ԱՆԻ ԳԱՍՊԱՐԵԱՆ

Ձախից` Ալմաստ մայրիկը, աջից` Մարկօ Ղուկասեանը

«Անվերնագիր… 1915»: Կարդում եմ: Մի փաստագրութիւն է Տէր Զօրի անապատներով անցած, «զաւակաթափ եղած» (բառը յօրինել է հեղինակը), աշխարհէ աշխարհ ընկած, ապա վերընձիւղուած բասենցի եւ սեբաստացի 2 հայ ընտանիքների մասին:

Կարդում եմ եւ կարծես գիտեմ, թէ յաջորդ նախադասութիւնն ինչի մասին է լինելու: Պատկերներն այնքան ծանօթ են. նոյն նկարագրութիւնները, նոյն սարսափը, նոյն ցաւը, որ կարդացել ու զգացել եմ Եղեռնը վկայող նախորդ բոլոր գրքերում. «Շո՛ւտ արէք, պէտք է ճամբայ ելլէք. տներից դո՛ւրս եկէք, մի քանի օրուայ ուտելիք վերցրէք…», «Հանդիպեցին գետի, որ դիակներ էր բերում, թափուեցին ջրի վրայ: Շատերն անուժութիւնից գլորուեցին ափն ի վար, եւ հոսանքը քշե՜ց, տարա՜ւ նրանց: Իսկ մի մասն էլ, որ երկար ծարաւ էր մնացել, այնքան խմեց այդ աղտոտ ջրից, որ ընկան ու այլեւս չկարողացան գետափից վեր կենալ: Ու մնացին…», «Քանի առաջ կ՛երթայինք, այնքան դիակներու թիւը` ոմանք ուռած, ոմանք կմախքացած, կը շատանար…», «40-50 մանկիկներ` նիհարած, խոշոր-խոշոր աչքերով, կը նայէին անցորդներու վրայ, ո՛չ կու լային, ո՛չ ալ ձայն կը հանէին, այլեւս ուժ չէր մնացած վրանին, որեւէ շարժում ի վիճակի չէին ընել…», եւ այսպէս շարունակ…

«Ալմաստ մայրիկի տունը Սեբաստիայի գաւառի Կարագեոլ գիւղի փոքր տարբերակն էր Երեւանում, որտեղ ես հարս եկայ 1950 թուականին…», այսպէս է սկսւում պատմութիւնը: Իսկ հարս եկողը գրող, հրապարակախօս, լրագրող Մարկօ Ղուկասեանն է: Այս գիրքը նրա 13-րդ «զաւակն» է, որի ծնունդն ամենադժուարն ու ցաւալին է եղել: Լոյս է տեսել անցեալ տարի: «Ոչ մի գրքի վրայ 3 տարի չեմ աշխատել, սա իմ ամենաերկար ու դժուարին գիրքն է,- ասում է նա,- դժուարին, որովհետեւ այն, ինչի մասին գրել եմ, իմ մէջ է եղել վաղուց` ծնողներիցս փոխանցուելով, ապա հարս գնալուց յետոյ, երբ իմացել եմ ամուսնուս ընտանիքի ծանր կեանքի պատմութիւնը»:

Անգամ գրքի վերնագիրն է շատ մեծ դժուարութեամբ ընտրել. «Ամբողջ գրելու ընթացքում մտածում էի` ես ի՞նչ վերնագիր պէտք է դնեմ, որ արտայայտի այդ ողբերգութիւնը: Դրա համար էլ որոշեցի «Անվերնագիր… 1915»:

Պատմում է, թէ ինչպէ՛ս իր կեսուրը` սեբաստացի Ալմաստը, որի ամուսնուն թուրքերը նախապէս տարել էին անյայտ (աւելի ճիշդ` յայտնի) ուղղութեամբ, 5 զաւակների հետ, թողած տունն ու տեղը, 1915-ին բռնել է գաղթի ճամբան, անցել Տէր Զօրով` այնտեղ թողնելով 5 զաւակներից 4-ի դիակները, հրաշքով հասել Իրաք, ուր վերջին որդու դին յանձնելով հողին` ի վերջոյ եկել է Հայաստան:

Այսպէս, զաւակաթափ եղած, ամուսնացել է Ղուկաս Խաչատրեանի հետ: Մի ահաւոր պատմութիւն էլ նրանն է. Ղուկասը եղել է թուրքական բանակում, ապա յանձնուել ռուսական զօրքին, որպէսզի պատերազմի թուրքի դէմ, սակայն աքսորուել է Սիպերիա եւ երկար տարիներ անց միայն կարողացել է Հայաստան գալ` այդպէս էլ իր ընտանիքից որեւէ լուր չունենալով: Իսկ ընտանիքը, գաղթի ճամբան անցնելով, հասել էր Ֆրանսա: Տարիներ անց, երբ Ալմաստն ու Ղուկասը, վիշտը սրտներում թաղած, կրկին որդի էին ունեցել, 1927 թ. Ֆրանսայից լուր են ստանում, որ Ղուկասի կինն ու 5  զաւակներից երկուսը ողջ են մնացել: «Ալմաստն այնքան բարի էր եւ խելացի… Նա համարում էր, որ Ղուկասը պէտք է երթայ, իր ընտանիքին ու զաւակներին տիրութիւն ընէ…»:

Սակայն Խորհրդային Հայաստանի եւ Ֆրանսայի միջեւ երկաթեայ վարագոյր էր, որի միջով, ինչպէս Մարկօ Ղուկասեանն է գրել, օձն իր պորտով, հաւքն իր թեւով չէր կարող անցնել: Հայր ու որդի իրար հանդիպում են 41 տարի անց` 1955 թ.:

Գրքի ուշագրաւ հատուածներից է Ղուկասի որդու` Ղազարոս Խաչատրեանի յիշատակարանը, որը Եղեռնի ողջ դառնութիւնն ապրած ականատեսի վկայութիւն է:

Ղուկաս Խաչատրեանը` Երեւանի պետական համալսարանի առաջին կառապանը

Նկարագրելով իրական «զուլումը»` Մարկօ Ղուկասեանը ժամանակ առ ժամանակ շեղւում է ու փորձում հասկանալ այդ մղձաւանջային իրողութեան պատճառները. «Հեռատես չէի՞նք արդեօք, անմիաբա՞ն էինք, թերեւս այդ ճիշդ է: Նոյնիսկ այդ առթիւ սեբաստացիների մէջ պատկերաւոր մի խօսք կայ. «Կայէնն իր կոտոշներից մէկը Հայաստան է նետել»: Մեզանում ընդունուած կարծիք է, չէ՞, դիւանագէտ չենք: Ինչո՞ւ: Չէ՞ որ թուրք դիւանագէտը իտալացի քաղաքագէտ Մաքիավելու գիրքը բարձի տակ է քնում: Մենք ինչո՞ւ այդպէս չենք վարւում: Ինչո՞ւ աշխարհի նշանաւոր դիւանագէտների փորձերը չենք իւրացնում: Չէ՞ որ մենք սովորելու մէջ ետին տեղում չենք: Այնինչ խաբուել ենք: Քանի՜, քանի՛ անգամ ենք թուրքից խաբուել…»:

Յայտնի է` թուրքն էն գլխից է ծրագիր ունեցել: «Իսկ մենք ծրագիր չենք ունեցել ու հիմա էլ չունենք: Լա՛ւ, էն ժամանակ չենք ունեցել, որովհետեւ մեր մտքով չի էլ անցել, որ մեզ մեր հազարամեայ հողից կարող են դուրս քշել, մինչեւ խելքի ենք եկել, որ հողը ոտքներիս տակից գնում է, արդէն շատ ուշ է եղել: Իսկ հիմա՞, հիմա՞ ինչու չունենք»:

Թալէաթի քստմնելի ծրագիրը հայերի դէմ նա համարում է «հարիւրից հարիւր ի կատար ածուած». նախապէս հաւաքել ու ոչնչացնել տղամարդկանց` ընտանիքի պաշտպաններին, թողնել միայն ծերերին, երեխաներին եւ կանանց ու դեռ անպատկառօրէն նրանց դէմ յայտարարել «սրբազան» յորջորջուող պատերազմ. «Սրբազան: Պատկերացնո՞ւմ էք, թէ ի՛նչն է թուրքի համար «սրբազան»: Ոչ այլ ինչ, եթէ ոչ` մէկ այլ ազգի իր հազարամեակների բնօրրանի, իր հողի վրայ բնաջնջելը…»:

Այսօր էլ, ըստ նրա, թուրքը շարունակում է իր թրքութիւնը, քանի որ դա նրա ծիների մէջ է, օրինակն էլ` Սաֆարովի դէպքը: «Ազրպէյճանցի ժողովուրդն իրեն իջեցրել, հողին է հաւասարեցրել,- ասում է նա,- ո՞նց կարող է նման դէպքը ժողովրդի համար դառնալ ոգեշնչող, յաղթանակների, նոր սերունդ դաստիարակելու միջոց: Մի՞թէ 21-րդ դարում ազրպէյճանցին չի կարողանում ըմբռնել, թէ ինչքան ցածր ու ստոր է Սաֆարովի արարքը»:

85-ամեայ գրող, լրագրող, հրապարակախօսն այս յարատեւ պայքարում յաղթելու մի պարզ բանաձեւ է տեսնում. «Ուժեղ պետականութեան ստեղծում… Այդ է փրկութիւնը»: Սակայն պարզւում է` դա բաւականին բարդ է մեզ` հայերիս համար: «Մենք դեռ չենք գտել մեզ հզօրացնելու ձեւը,- ցաւով արձանագրում է նա,- մենք պէտք է դառնանք օրէնքի երկիր, կարծում եմ` ձեւերից մէկն էլ դա է: Պէտք է միասնական լինենք, միասնական չենք, Կռիլովի առակի պէս ենք: Պէտք է էս մի կտոր հողի վրայ դողանք, ոչ թէ անապատի նման թողնենք-գնանք…»:

«Իսկ գնացողները հայ չեն մնայ,– համոզուած է նա:- Օրինակ` մերոնք` Խաչատրեանները, Փարիզում մօտ 30 հոգի են, բայց երեւի 3-ն են հայերէն խօսում: Էսպէս որ գնայ, փոքր գաղութները շատ շուտով կը հանգեն, կը մնայ միայն հայերի կառուցածը: Ինչպէս ասում են` անունը կը մնայ, ամանումը չի մնայ»:

Եւ, ինչպէս միշտ, մեր թերութիւնների մասին բարձրաձայնելիս, այս անգամ էլ է հրեաների օրինակն առաջ բերւում, թէ ինչպէս են իրենց հողը շատացնում, պաշտպանում, ինչքան միասնական են եւ այլն:

Մարկօ Ղուկասեանը յիշում է, որ խորհրդային տարիներին, երբ Սուրիա էր գնացել, իրեն հրաւիրել էին մի գիշերային զբօսավայր պորտապար դիտելու: Յետոյ իմանում է, որ գիշերային զբօսավայրի պորտապարուհիները հրեայ աղջիկներ են: Պատմել են նաեւ, որ երբ պորտապարից յետոյ որեւէ հարուստ ցանկանում է նրանցից մէկի հետ գիշերն անցկացնել, հրեայ պորտապարուհիները փոխարէնը ոչ թէ փող կամ զարդեր են ուզում, այլ հող, գոնէ փոքրիկ հողակտոր այն վայրում, որտեղ իրենց հայրենիքն էին կերտում: «Պատկերացնո՞ւմ էք, հրեաներն անգամ իրենց մարմինը վաճառելու գնով են հող ստեղծել,- ասում է նա,- իսկ մե՞նք, արդեօք այսօր, երբ անկախ ենք, ամէն ինչ անո՞ւմ ենք, որ ուժեղանայ մեր պետականութիւնը, որ նրա հետ հաշուի նստեն, որ մեր էշին չոշ ասող չլինի, որ արդարութիւնը վերականգնուած լինի: Եկէք` բաց աչքով մեր շուրջը նայենք…»:

«Ֆութպոլային դիւանագիտութեան» մասին…

«Թուրքիայի Պուրսա քաղաքում էի: Պարզուեց` օթոպիւսի մեր վարորդը ոչ թէ թուրք է, այլ հայ, անունն էլ` Համբարձում: Մի օր Համբարձումը զգուշօրէն մեզ տարաւ Պուրսայի հայկական եկեղեցին ցոյց տալու: Հասանք «Սելաւի գլուխ» կոչուած փողոցը, որտեղ մի հաստաբուն ծառ կար: Համբարձումն ասաց` վար նայէք: Ներքեւում խոր կիրճ էր: Յետոյ համարեա փսփսալով ասաց. «Եղեռնի տարում թուրքերը պուրսահայերին հոսկէ գլորեցին անդունդը…»:

Այդ պատմութիւնից շատ տարիներ են անցել, սակայն գրողին այն վերյիշելու առիթ է տուել մեր «ֆութպոլային դիւանագիտութիւնը», որն այնքան էր առաջադիմել, որ սպասւում էր պատասխան խաղը. «Մեր ֆութպոլիստներն ու հանրապետութեան նախագահը Թուրքիայում էին եւ թերեւս «Սելաւի գլուխ» փողոցով էին անցնելու Պուրսայի մարզադաշտ հասնելու համար: Ափսո՜ս, նրանց կողքին չէր ականատեսը` Համբարձումը, որ ականջներին փսփսար. «Վար նայէք, ասոնց չհաւատաք, ասոնց դիւանագիտութիւնը ասկէ կու գայ, խորը արմատներ ունի, արիւնոտ արմատներ…»:

պլոկ
5 հոկտեմբեր 2012

 

Share this Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )