Մենք. Մի՞թէ Սա Է Հայաստանը

ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ

Այս պահին, երբ գրում եմ հերթական յօդուածը, ականջիս հրավառութեան ձայներ են հասնում: Հանրապետութեան հրապարակում ուր որ է կը վառուեն ամանորեայ տօնածառի լոյսերն ու գլխաւոր հրապարակից կը մեկնարկի Հայաստանի ամանորեայ տրամադրութիւնը: Օդի մէջ Նոր տարուայ հոտ կայ` եղեւին, լոյսեր, զարդարուն ու հեւքոտ քաղաք, կարմիրի ու սպիտակի առատութիւն ու սպասում, սպասում…

Իսկ աննահանջ յուսահատութեան, արժէզրկումի եւ յոռետեսութեան մեր ժամանակներում Ամանորը գրեթէ հարկադրում, պահանջում է լաւատես լինել:

Հաւանաբար հէնց լաւատես լինելու եւ իրականութիւնը փոխուած տեսնելու մղումով ինձ նման շատերն էին հետեւում անցած շաբաթ օրը տեղի ունեցող ՀՀԿ համագումարին:

Հետեւում էի 7 հազար տեղանոց դահլիճում գումարուած համագումարին եւ լսում ելոյթներ այն մասին, թէ որքան է այս ընթացքում աւելացել խոշոր եղջերաւոր անասունների գլխաքանակը հանրապետութիւնում, թէ ինչպէս են երկրի 80 հազար կանայք միահամուռ իրենց ձայնը տալու եւ սատարելու հանրապետականին ու նրա միակ թեկնածուին, թէ ինչպէս է իշխող կուսակցութիւնը ապահովում Հայաստանի առաջընթացն ու էլի այսպիսի բաներ:

Ես, որ գրեթէ անտարբերութեան չափ կորցրել եմ զարմանալու եւ մեր իրականութեան մէջ տրամաբանութիւն փնտռելու ունակութիւնս, ինքս ինձ հարց եմ տալիս ու փորձում հասկանալ` էս ի՞նչ ֆենոմենալ հաւատարմութեան գործօն է, ինքնակեղեքումի սիւրռէալիստական էս կրկէսն ինչո՞ւ են բեմադրում: Ինչպէ՞ս կարող են 80 հազար հայ կանայք սատարել երկրի գործող նախագահին, երբ աղքատութիւնը 40 տոկոսի սահմանում է, երբ ընկերային ահռելի բեռը առաջին հերթին կեղեքում է հայ կնոջը, երբ իւրաքանչիւր կին հոգու աննկարագրելի տագնապ է ապրում զօրակոչի տարիքի հասած որդու համար, երբ այդ նոյն կանայք անասելի ապրումներ են ունենում «խոպաններում» հիւծուող իրենց ամուսինների, որդիների ու եղբայրների համար:

Բայց դահլիճում բազմած, օսլայած շապիկներով, թանկարժէք քոսթիւմներին կուսակցական կրծքանշանով տղեքն ու յարդարուած, վերնախաւ կուսակցական կանայք անհոգ են ու հանգիստ` նրանք չեն կասկածում իրենց թեկնածուի յաղթանակին, նրանց մտքով չի էլ անցնում, որ վերջին երկու ամսում, անցեալ տարուայ համեմատ, 7 հազարով աւելի մարդ է լքել Հայաստանը, ճիշդ այնքան, որքան տեղաւորում է այդ հսկայական մարզադահլիճը:

Նախագահն աւելի անկեղծ է, իսկ խոստումներում ռոմանթիք ու շռայլ. Նոր Հայաստանի ու նրա արժանապատիւ քաղաքացու մասին է նա խօսում, այն Հայաստանի, ուր հասարակութիւնը բարեկեցիկ է, քաղաքական համակարգն առողջ է, երկիրն անվտանգ է, արդար ու ապահով, մարդը` բարձրագոյն արժէք: Գրեթէ ծիրանագոյն բուրաստան: Ես էլ եմ ուզում այս Հայաստանը` Նոր Հայաստանը, շատերի պէս մտածում եմ ես ու հաստատ, մեղաւորօրէն, գրեթէ ինձնից թաքուն, որոշում, հաւատալ, լաւատես լինել:

Ու խեղճ հաւատս մի կարգին չծնուած էլ, առաւօտեան փոխակերպւում է զարմանքի:

Խօսքն առաջին ձեան, բակում ձնեմարդ պատրաստող, դեռ «դաւերին ու ցաւերին» անտեղեակ մանկական երջանիկ աղմուկի, ոչ էլ` Mezzo հեռուստաալիքով հնչող Կալասի աստուածային ձայնի մասին չէ: Սրանք չդադարող ու սիրելի զարմանքներ են, կեանքը հիասքանչ ու սիրելի դարձնող:

Հայաստանում կիրակին սկսւում է զզուելի ու կեղտոտ դէմքով: Համացանցը ողողուած է Օսկանեան-Զուրաբեան զրոյցի գաղտնալսումի ձայնագրութեամբ. արեւելեան, տիզբոնեան դաւադիր ձեռագիր, ուր դաւադրութիւններն ու քոմփրոմաթներն են իշխանութեան «որակեալ» զինանոցում:

Մի՞թէ սա է Հայաստանը, հարցնում եմ ես ու Հայաստանի հազարաւոր ինձ նման քաղաքացիների հետ հրաժեշտ եմ տալիս մեր անհող լաւատեսութեանն էլ, բարօրութեան, արժանապատիւ քաղաքացու եւ արդար քաղաքական համակարգի մասին խոստումներին էլ:

Իսկ անցնող շաբաթուայ ընթացքում խոստումների անպտղութեանն ու մեր քաղաքական մշակոյթ-աւանդոյթների անխմբագրելիութեանը բախուելու մի տխուր, եթէ ոչ` գարշելի առիթ էլ ենք ունենում: Քաղաքական մեծամասնութեան հերթական մականունաւոր «հեղինակութիւնը», Թոխմախի Մհեր անունով «ազգընտիրը» տեսախցիկի առջեւ, Ազգային ժողովում ահաբեկում է լրագրողին ու երեսին շպռտում` կը տամ ծնօտդ կը պոկեմ: Առայժմ ո՛չ գնահատական եւ ո՛չ էլ պատասխանատուութիւն:

«Սա է Հայաստանն ու վե՛րջ»: Այս նախադասութեամբ է եզրափակւում Հայաստանի նախագահի ելոյթը, ու նա հաստատ նկատի ունի իր նկարագրած` վերպալ Հայաստանը:

Բայց մեր հասարակութեանն այլեւս խօսքերով չես ներշնչի: Այդպիսի ելոյթներ շատ ենք լսել, իսկ մեր իրականութիւնը յամառօրէն չի փոխուել. Սա է Հայաստանը եւ գուցէ հէնց այս` իրական Հայաստանից են մարդիկ փախչում եւ ոչ աղքատութիւնից:

Ու ես մտածում եմ, թէ էլ ինչ պիտի լինի, որ զարմանամ:

Իսկ Հանրապետութեան հրապարակում վառուել են ամանորեայ տօնածառի լոյսերն ու Նոր տարուայ բոյրը գրեթէ հարկադրում, պահանջում է լաւատես լինել:

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (1)
  • Ashot Vavyan 9 years

    Հեղինակի նկարագրած վիճակը մեկ օրում չստեղծվեց: Յուրաքանչյուրս իր մասնակցության մեծ կամ փոքր բաժինն ունի իրավիճակի համար, և կրում է պատասխանատվություն: Հիշենք ու վերհիշենք..   

  • Disqus ( )