«Առանց Սիրոյ Կեանք Չկայ…», Ասում Է 100-ամեայ Յարութիւն Պապը
«ԵՐԿԻՐ ՄԵՏԻԱ»
100-ամեայ Յարութիւն պապի տան տեղն Օշականում բոլորը գիտեն: Ստեփանեանների ընտանիքում հիւրերին յատուկ ջերմութեամբ են ընդունում: Նրանց հիւրընկալութեանն արժանանում ենք նաեւ մենք:
Ինչպէս բոլոր ընտանիքներում, այստեղ եւս ամանորեայ հրաշքի սպասում կայ: Վերջին տարիներին Ստեփանեանների աչքը տունդարձի ճամբին է:
«Թոռների մեծամասնութիւնը էստեղ չեն գտնւում: Մեծ տղայի երեխաները Ամերիկայում են, մեծ աղջկայ երեխաները Գերմանիայում են, իմ երեխաներից միայն մէկն է այստեղ, միւս երկուսը Ռուսաստանի Դաշնութիւնում են», պատմեց որդին` Վահագն Ստեփանեանը:
Ամանորի գիշերը հայաստանեան շատ ընտանիքներում են բաժակ բարձրացնում օտար ափերում ապրող հարազատների ու մտերիմների համար: Առաջինը Յարութիւն պապն է բարեմաղթում:
«Խմում եմ ձեր կենացը, ինչ նպատակներ, իղձեր ունէք կապուած ձեր ընտանիքի, երեխաների հետ, թող իրականանան: Շնորհաւոր», ասաց 100 տարեկան Յարութիւն Ստեփանեանը:
1 դար ապրած Յարութիւն Ստեփանեանը 2 որդի, 2 դուստր ու 12 թոռ ունի, ծոռների թիւն էլ չի յիշում: Փոխարէնն անգիր յիշում է իր գրած տողերը: Հայոց լեզուի եւ գրականութեան նախկին ուսուցիչը, նաեւ Օշականի դպրոցի երկարամեայ տնօրէնը հեղինակել է բանաստեղծութիւնների ժողովածու` «Օշականում սէրը չի ծերանում»:
Առանձին դրուագներ է յիշում նաեւ ուսանողական տարիներից: Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրութեան բաժանմունքում, ճանաչել է Չարենցին, Շիրազին, Կապուտիկեանին, Անահիտ Սահինեանին:
«Չարենցի տանը քնել եմ, ինձ շատ լաւ է նայել: Երեւանում ժողով էր, Չարենցն ասաց. «Չես կարող ձեր տուն գնալ, արի մեր տուն»: Տարաւ, հիւրասիրեց, ամէն ինչ», ասաց պապը:
Յարութիւն պապը 15 տարի առաջ կորցրեց կնոջը: Արդէն հասակ առած զաւակներն առանձնակի ջերմութեամբ ու սիրով են պատմում են իրենց ծնողների մասին: Ասում են` մանկավարժ ամուսիններն օրինակ էին թէ՛ տանը, թէ՛ դպրոցում:
«100-ամեակը տօնելու ժամանակ էնքան ուրախ ու հպարտ էի, որ իմ պապային յարգում է ամբողջ գիւղը. աշակերտներն էին աւարտած եկել: Հպարտ եմ հօրս համար», ասաց Կարինէ Ստեփանեանը:
«Առանց սիրոյ կեանք չկայ…», ասում է Յարութիւն պապին:
Մեր զրոյցի ամբողջ ընթացքում Յարութիւն պապն անընդհատ յիշում էր կնոջը, խօսում սիրոյ մասին: Պարզւում է` ոչինչ պատահական չէ: Դուստրն ասում է, որ նրա մէջ սէրը գերիշխել է երիտասարդութեան տարիներին, հիմա էլ է սէրն ապրում` յիշողութիւններում ու բանաստեղծական տողերում: