Սիլվա Կապուտիկեանի Խօսքը` Հայաստան-Սփիւռք Համահայկական Ա. Ժողովին

Ստորեւ, կը ներկայացնենք 23-24 սեպտեմբեր 1999-ին տեղի ունեցած Հայաստան-սփիւռքի առաջին համաժողովին հայրենի վաստակաւոր գրող, հրապարակախօս, բանաստեղծ Սիլվա Կապուտիկեանի արտասանած խօսքը:

Հայրենի մտաւորականին ձեռագիրին պատճէնը, «Ազդակ»-ին տրամադրեց նոյն համաժողովին մասնակցած Նազարէթ Գարագաշեան:

Նկատի ունենալով որոշ մտածումներու, խորհրդածութիւններու եւ այնտեղ կատարուած առաջարկներու այժմէական նշանակութիւնը` խօսքը ամբողջութեամբ կը ներկայացնենք ստորեւ:

«Ա.»

Երէկ մեր հանրապետութեան յարգելի նախագահը իր բացման խօսքում ասաց, որ ոմանք այս համահայկական խորհրդաժողովը համարում են վաղաժամ, հապշտապ: Ես կարծում եմ հակառակը. խորհրդաժողովը գումարւում է 8 տարի ուշացումով: Անկախութեան հռչակման առաջին իսկ օրից, ու նոյնիսկ դրանից էլ առաջ իշխանութեան գլուխ կանգնող մարդկանց հոգիներում, արեան ու ընկալումների մէջ պէտք է անխափան գործէր այն մտասեւեռումը, որ ճակատագրի բերումով հայ ժողովուրդը բաժանուած է երկու մասի եւ ահա գալիս է այն բախտորոշ պահը, երբ պիտի բացուի` խորհրդային տարիներին ինչ-ինչ հանգամանքներով կապկպուած նրա ձեռքերը եւ նրանք, այդ ձեռքերը պիտի փարուեն իրարու կուտակուած կարօտով եւ առաւել ջերմեռանդօրէն, Մոսկուայի թելադրանքներից հիմնովին ազատուած, ազատ ու ինքնիշխան պայմաններում:

Սակայն, ցաւօք սրտի, կատարուեց հակառակը: Լուծարուեց սփիւռքահայութեան հետ մշակութային կոմիտէն, որը տասնեակ տարիներ այլեւայլ արգելքների առկայութեամբ, այնուամենայնիւ, մերձեցման թելեր էր հիւսել արտասահմանեան հայութեան հետ ի զարմանս բոլորի, չգիտես ո՞ւմ կողմից եւ ինչ նպատակով հրահրուած, հանդէպ սփիւռքը եւ նրա դասական կուսակցութիւնները բոլորովին անսպասելիօրէն ներառուեց կամայական, անյարգալից վերաբերմունք: Դաշնակցական լիդեր Հրայր Մարուխեանից երկրից վտարելու եւ դաշնակցական մամուլը փակելուց յետոյ, դարձեալ ի զարմանս բոլորի, Հայաստանի դռները լայնօրէն բացուեցին` ու ներս խուժեց ազատութեան անուան տակ ներմուծուող արեւմտեան սանձազերծութիւնը, սեքսն ու դաժանութիւնը` գոյութեան նորմ հռչակող ֆիլմերն ու հեռուստացուցադրութիւնները, ազգային երգն ու երաժշտութիւնը, հայերէն գիրքն ու բանաստեղծութիւնները տրորուեց ամերիկեան մոտերն «երաժշտութեան» դոփիւնների տակ: Սեփականաշնորհում կոչուող թալանի, ժողովրդի անմարդկային աղքատացման, աղէտի գօտում, յատկապէս Գիւմրիում մինչեւ հիմա փայտաշէն տնակներում ապրող աղէտեալների ամօթալի համայնապատկերի վրայ վեր բարձրացան անհասկնալի մարդկանց անհասկնալի միջոցներով կառուցած եռայարկ դղեակները, երկիրը պատուեց քազինոներով, շքեղ ռեստորաններով, գիշերային զուարճավայրերով, խաթարուեց մեր ժողովրդի ազգային դիմագիծը, բարոյական հիմքերը, ապազգայնացաւ երիտասարդութիւնը: Այս ամէնի մասին մենք մեր մամուլում, ելոյթներում շատ ենք խօսել եւ այսօր ժամանակ չկայ դրա վրայ ծանրանալու: Սակայն նորից ու նորից չխօսել այս ընդհանուր ոգեթափութեան եւ ապրելու անհնարինութեան ամենաաղէտաւոր հետեւանքի` արտագաղթի մասին, հնարաւոր չէ: Այն մասին, որ վերջին տասնամեակում Հայաստանից մեկնել են ու մեկնում են մէկ միլիոնից աւելի հայութիւն, որ Հայաստանը դատարկւում է իր պոտենցիալ ներուժութիւնից, արարելու-ստեղծելու կարողութիւնից, որ մեր տաղանդաւոր երեխաներն ու պատանիները, որոնք հնարաւորութիւն չունեն այստեղ իրենց շնորհները իրացնելու, գայթակղեցւում ու տարւում են Ամերիկա, Եւրոպա ու տեղի է ունենում նաեւ ուղեղների սեփականաշնորհում` այն էլ օտարների կողմից, ու մենք զրկւում ենք` նաւթին, ծովին, հանածոներին փոխարինող` մեր ազգային հարստութիւնից` ինտելեկտից,- այս համազգային ողբերգութեան մասին մենք պէտք է ահազանգ հնչեցնենք Հայաստանի եւ սփիւռքի ողջ տարածքով մէկ, ինչպէս սարդարապատեան ճակատամարտի օրերին: Ահա սա է, որ պէտք է դառնայ հիմնական մեխը` մեր այս համահայկական խորհրդաժողովի:

Ես կարծում եմ պէտք է վերականգնել` սփիւռքահայութեան հետ մշակութային կապի կոմիտէն` թէկուզ նոր անուան տակ, ժամանակակից իրադրութիւնը համապատասխանող աշխատաձեւերով եւ աւելի ընդլայնուած տարողութեամբ: Չէ որ ցաւալիօրէն ընդլայնուել, ստուարացել է ոչ միայն արտասահմանի, այլեւ նախկին Խորհրդային Միութեան տարածքում գտնուող հայկական համայնքները` մեծ մասամբ Հայաստանից արտագաղթողների հաշուին: Եւ եթէ մեր դասական գաղթօճախները` Մերձաւոր Արեւելք, Եւրոպա, Ամերիկա 80 եւ աւելի տարիների փորձ ունեն ազգապահպանութեան, ունեն եկեղեցի, մամուլ, դպրոց, բարեգործական զանազան կառոյցները, ապա այս նորակազմ համայնքները չունեն այդ կառոյցները եւ ենթակայ են արագօրէն կորցնելու իրենց ազգային պատկանելիութիւնը, լեզուն, մշակոյթը: Հարկաւոր է գտնել նրանց հետ աշխատելու համապատասխան ձեւեր` յաջորդաբար ուղարկելով այնտեղ արտիստներ, երգիչներ, թատերական խմբեր, գրողներ, դասախօսներ գրականութեան գործիչներ, նաեւ տեսերիզներ:

Օրինակ, ինչքան ազգային հպարտութիւն, ինքնահաստատման զգացում կը ներշնչի` օտար քաղաքներում անարդարօրէն չարչիների ու անոր թափառական կարօտեալների անուն հանած, նախկինում որպէս ինժեներ, բարձր մասնագէտ աշխատող խորհրդահայերին, եթէ նրանց ապրած վայրերում, ասենք Մոսկուայում, Երեւանում, Ստաւրոպոլում ցուցադրուի երեւանեան մեր ոգեշունչ յոբելեանների եւ կամ Սպանիայում, Աւստրիայում, Զուիցերիայում մեր ազգային օփերայի, Հայաստանի փոքրիկ երգիչների, Օհան Դուրեանի, Լորիս Ճգնաւորեանի օրկէոտրների, Յովհաննէս Չեգիջեանի երգչախմբի փայլուն յաղթանակների տեսագրութիւնները, որը մեծապէս կ՛օգնի վերականգնելու մեր ժողովրդի բուն կերպարը` օտարի աչքում: Ես բաժանում եմ նաեւ այն մարդկանց կարծիքը, որոնք գտնում են, որ ժամանակն է մտածել ստեղծելու վերկուսակցական ու վերշրջանակային մի համահայկական մարմին` մեր ժողովրդի ներկայ ու ապագայ կենաց ընթացքը ուսումնասիրելու ու զարգացման ուղիները կանխորոշելու, մեր անժամանցելի դատը աշխարհին աւելի պաշտօնականօրէն ներկայացնելու համար:

Թանկագի՛ն հայրենակիցներ,

Երէկ այստեղ Լոս-Անճելըսի ներկայացուցիչ պարոն Չիլինգարեանը ասաց, որ այս տարիների ընթացքում սփիւռքահայութիւնը մօտ մէկ միլիառ տոլարի օգնութիւն է հասցրել Հայաստանին: Անսահման շնորհակալ ենք այդ սատարումի համար: Շնորհակալ ենք նաեւ նրանցից, որոնք անհատաբար գումարներ են ուղարկել նաեւ իրենց ազգականներին, հայաստանեան հարեւաններին, նոյնիսկ աշխատավայրի ընկերներին: Սակայն պարոն Չիլինգարեանը տեղեկացրեց, որ վերջին 5-6 տարում նկատելիօրէն նուազել է սփիւռքահայութեան մեծագումար օգնութիւնը հայրենիքին: Ամօթով պէտք է խոստովանել, որ դրա պատճառը` օգնութիւն հայաստանեան տնօրինողների նկատմամբ վստահութեան պակասն է, հաւատի կորուստը:

Վստահութեան պակաս, հաւատի կորուստ: Դա առկայ է նաեւ Հայաստանում: Բոլոր կորուստներից ամենավատթարն է դա, ամէնից դանդաղ վերականգնելին: Անհամեմատ հեշտ է փակել հանրապետութեան պիւտճէում եղած ճեղքուածքը, քան ճեղքուածքը մարդկանց հոգիներում:

Դժուար է` գալը, դժուար գնալը,
Դժուար լռելը, դժուար ճչալը:
Դեռ հաւատալն է ամէնից դժուար,
Աւելի դժուար` չհաւատալը:

Այո՛, աւելի դժուար է չհաւատալը: Սակայն մեր ժողովուրդը կարծես թէ սովոր է` կամքի լարումով լինի դա, թէ մի անիմանալի բնազդով` չհաւատալուն յաղթել հաւատալով:

Այդպէս է եղել անցեալում, այդպէս կը լինի եւ հիմա:

Այդ հաւատալու բնազդն էր, որ մեր` վէրքերի սպիներից կարծրացած սրտին ներշնչեց մանկան պէս ուրախանալ ի տես հայոց նորաստեղծ բանակի Հանրապետական հրապարակը թնդացնող յաղթական շքերթի: Այդ հաւատալու բնազդն է, որ մեզ` հայրենի ժողովրդին, Ղարաբաղին, Սփիւռքին, աշխարհի չորս ծագերից, եկած 6-700 հայորդիներին պատմութեան մէջ առաջին անգամ այսքան մեծաթափ թուով միաձայն հաւաստելու, որ հայոց նորանկախ հայրենիքը պէտք է զօրանայ, ամրանայ եւ պէտք է զօրանայ եւ համաշխարհային մրցադաշտ մտնի մեր իսկ ձեռքերով, անհնար պահին հնարը գտնելու մեր յաւերժական կարողութեամբ:

Աշխարհն ու դարերդ են վկայ
Քո ուղին դու պիտի բացես
Լեռներով, ձոր ու քերծերով
Ընկնես, ելնես, մագլցես:
Թէ անցումը դառնայ անհնար,
Դու` լոյսի իմ սուրբ որոնող,
Ժայռի մէջ ճամբայ ճեղքելով`
Գեղարդդ պիտի կառուցես…

ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿԵԱՆ

Սեպտեմբեր 1999

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )