«Ա՜յ Քեզ Երաժշտութիւն». «Ճազ-Մարտ»` Երեւանեան Բեմում

ՄԱՐԻՆԷ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

Օրեր առաջ Երեւանում «Կատուներ» երաժշտական խմբի ղեկավար Վահագն Հայրապետեանի եւ յայտնի երաժիշտ Տանիէլ Քրամերի համերգն էր եւ համատեղ ձայնասկաւառակի շնորհահանդէսը:  Համերգից առաջ երաժիշտները մամուլի ասուլիս էին հրաւիրել: Պարզուեց, որ երկու երաժիշտները միասին աշխատում են դեռեւս 2000թ: Վահագն Հայրապետեանի տաղանդաւոր երաժշտի կերպարը քաջածանօթ է շատերին: Ի դէպ, նրա` ճազ երաժշտութեամբ հետաքրքրուելու ակունքները գտնւում են Նիւ Եորքում, որտեղ էլ սովորել է համաշխարհային ճազ առասպելներ Պարի Հարիսից եւ Ֆրենք Հիւիթից: Վ. Հայրապետեանը ճազ դասաւանդել է Սուրիայում, Լիբանանում, Իրանում եւ Երեւանում: Նա մասնակցել է մի շարք միջազգային ճազային փառատօնների, ինչպէս, օրինակ, վիլնիւսի ճազային փառատօնին նա արժանացել է «Կրան փրի» մրցանակին: Այս տարի «Հայակ» ազգային շարժապատկերի մրցանակաբաշխութեանն արժանացել է  «Լաւագոյն յօրինող» մրցանակին` «Եթէ բոլորը» ժապաւէնի համար: Ընդհանրապէս, ճազմեն Վահագն Հայրապետեանի մասին կարելի է երկար խօսել, ու թերեւս, որքան էլ խօսուի, միեւնոյն է, այնքան թերի կը թուայ նրա «ճազ-արուեստի» նկարագրութիւնը:

Տանիէլ Քրամերը Ռուսաստանի Դաշնութեան ժողովրդական արուեստագէտ է, Կիւսթաւ Մալերի անուան եւրոպական մրցանակի դափնեկիր: Երկու երաժիշտների համատեղ համերգին ինքս ներկայ էի առաջին անգամ: Մինչ համերգը ասուլիսից յետոյ Տ. Քրամերին խնդրեցի պատասխանել մէկ հարցի` «Ինչ՞ն է փոխուել  մարդկային աշխարհում», հետաքրքրուեցի ես:  «Շատ բան է փոխուել մարդկային աշխարհում: Շատանում է ստի չափը,խաբուածների թիւը մեծանում է, փոքրանում է խելացի մարդկանց թիւը», պատասխանեց Տ.  Քրամերը` հայ ճազմենի հետ շտապելով պատրաստուել համերգին:

«ՃազՄարտ» Բեմում

Երեւանի Արամ Խաչատրեանի անուան համերգասրահի բեմի կենտրոնում տեղադրուել էր երկու սեւ ռոյալ: Բեմում որ յարդարանք չկար: Դեղին լոյսերը լուսաւորում էին բեմի կենտրոնական հատուածը: Իրեն բնորոշ անմիջականութեամբ` բեմ դուրս եկաւ Վահագն Հայրապետեանը, ինչպէս յաճախ ներկայանում է` գլխարկով: Մէկ-երկու խօսքից նա հրաւիրեց Տ. Քրամերին եւ սկսեց ճազ-ներկայացումը: Քրամերը դասական մտաւորական երաժշտի կերպար է, ով, դաշնամուրի մօտ, թւում էր` կերտում էր քանդակ, յետոյ սկսում է երկխօսել նրա հետ: Դրան զուգադիպւում էր Վահագն Հայրապետեանի յախուռն, անկեղծ երաժշտութիւնը, որը թատերական ներկայացման մթնոլորտ էր ստեղծում բեմում: Մի պահ, կարծես, երկու երաժիշտների կերտած կերպարները (գուցէ միտումնաւոր, կա՛մ գուցէ հէնց մեր ընկալմամբ կերտուած) «պոկւում էին դաշնամուրից` բարձրանալով բեմից: Կերպարների ոտքերը «կտրուել» էին բեմից, որոնք, թւում էր, իրենց «բեմադրիչ-երաժիշտների» հետ այլեւս որեւէ առնչութիւն չունեն: Այդ կերպարներն ուզում էին ազատ լինել: Զարմանալի էր` Ճազ տարածութեան մէջ այդ թափանցիկ կերպարները դարձել էին տեսանելի: Իսկ երկու դաշնամուրները դեռ խօսում էին իրար հետ, յետոյ մի պահ` կռւում, մենամարտում, նորից խաղաղւում: Բեմում ճազ-ներկայացում էր, որին  մասնակից էր դառնում հանդիսատեսը: Երբ համերգն աւարտուեց, իմ հարեւանութեամբ նստած դպրոցական փոքրիկ տղան դեռ «կառչել» էր իր աթոռին` հայեացքը յառելով բեմին:  Տղան, կարծես, ինչ-որ բան էր գտել, որից չէր ուզում բաժանուել, բայց յետոյ ստիպուած էր ենթարկուել հօր`դահլիճից դուրս գալու յորդորին: «Ա՜յ քեզ երաժշտութիւն…», արձագանգեց հանդիսատես կանացից մէկը…

 

Երեւան-Պէյրութ

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )