Կարէն Միրզոյեան. «Ազրպէյճանը Փորձում Է Քանդել Եւ Քայքայել Բանակցային Գործընթացը

Զրուցեց ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆԸ

Մայիսի 7-9-ը Արցախում գտնուելու օրերին ես մի քանի հարցազրոյցներ ունեցայ ԼՂՀ-ի իշխանութիւնների մի շարք ներկայացուցիչների, այդ թւում` արտաքին գործերի նախարար Կարէն Միրզոյեանի հետ: Թուրքագէտ եւ արհեստավարժ դիւանագէտ Կարէն Միրզոյեանը նախքան ԼՂՀ-ի արտաքին գործերի նախարար նշանակուելը` աշխատել է արտաքին գործերի նախարար Հայաստանի , եղել Հայաստանի ներկայացուցիչը Սեւծովեան տնտեսական համագործակցութիւն կազմակերպութիւնում (նստավայրը` Պոլիս):

ՀԱՐՑՈՒՄ.- Պրն նախարար, ինչո՞ւ է այսօր ղարաբաղեան կարգաւորման գործընթացը փակուղում, եւ ինչպէ՞ս է հնարաւոր այդ փակուղին յաղթահարել:

ՊԱՏԱՍԽԱՆ.- Միանգամից ասեմ, որ համաձայն չեմ, փակուղիէ բառի օգտագործմանը: Իմ կարծիքով աւելի տեղին է խօսել բանակցային գործընթացի կշռոյթի դանդաղեցման, որոշակի տեղադադարի վերաբերեալ, բայց ,փակուղիէ բառը տեղին չէ օգտագործել, որովհետեւ բանակցային գործընթացը, միջնորդների բաւական աշխուժ աշխատանքը շարունակւում է: Պարբերաբար տեղի են ունենում համանախագահների այցեր տարածաշրջան, որոնք հնարաւորութիւն են տալիս հակամարտութեան կողմերին, այդ թւում` ԼՂՀ ներկայացուցիչներին, ներկայացնել իրենց տեսակէտները, մօտեցումները, քննարկել որոշակի հարցեր:

Հ.- Որո՞նք են այն խոչընդոտները, որոնք թոյլ չեն տալիս կարգաւորման գործընթացը հանել ստեղծուած այս ճգնաժամային իրավիճակից:

Պ.- Իմ խորին համոզմամբ, այսօր մենք ունենք ընդամէնը մէկ խոչընդոտ բանակցային գործընթացում լուրջ առաջընթաց արձանագրելու համար. դա Ազրպէյճանի իշխանութիւնների ոչ կառուցողական քաղաքականութիւնն է: Այդ մասին բազմիցս ասուել է, կան բազմաթիւ օրինակներ, թէ ինչպէս է Ազրպէյճանը միտումնաւոր կերպով, նպատակասլաց ճանապարհով փորձում քանդել եւ քայքայել բանակցային գործընթացը:

Հ.- Վերջին շրջանում մի շարք երկրների խորհրդարաններ ճանաչեցին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը:

Պ.- Նախ ասեմ, որ այն գործընթացները, որոնց մենք ականատես ենք դարձել վերջին շրջանում, ոչ թէ պահի կամ մէկ վայրկեանում ի յայտ եկած գործընթացներ են, այլ որոշակի երկարատեւ աշխատանքի արդիւնք են: Եւ այդ աշխատանքը, արդիւնքը հնարաւոր է դարձել ոչ թէ մէկ կամ երկու հոգու գործունէութեան, այլ ԼՂՀ ողջ պետական համակարգի, հայաստանեան դիւանագիտութեան, սփիւռքում ապրող մեր հայրենակիցների, նաեւ արտասահմանեան քաղաքացիների ստուար զանգուածի աշխատանքի շնորհիւ: Այսինքն` այն մարդկանց, որոնք այսօր, ես այդ բառը շատ յստակօրէն եմ օգտագործում, մեր համակիրներն են, կիսում են մեր նպատակները, մեր գաղափարները: Ակնյայտ է, որ այսօր համաշխարհային քաղաքականութեան մէջ որպէս հակամարտութիւնների կարգաւորման նախընտրելի տարբերակ գնալով մեծ տարածում է գտնում ժողովրդի ինքնորոշման, այդ ինքնորոշման իրաւունքը կամ արտայայտութեան ճանապարհով ամրագրելու եղանակը: Այդ առումով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրաւունքին սատարող բանաձեւերի ընդունումը Միացեալ Նահանգներ մի շարք նահանգներում, Աւստրալիայում, Եւրոպայում տեղի ունեցող շատ հետաքրքիր գործընթացները ընդհանուր մեծ գործընթացի բաղադրիչներ են: Դրանք գալիս են նաեւ մեզ համոզելու, այսինքն` հաստատելու մեր այն յստակ դիրքորոշումը, որ ԼՂՀ-ի անկախութիւնն այլընտրանք չունի:

Հ.- Արցախի եւ մի քանի այլ երկրների խորհրդարանների միջեւ ստեղծուեցին խորհրդարանական բարեկամութեան խմբեր: Արդեօք ժամանակը չէ՞, որ մենք աւելի լաւ օգտագործենք խորհրդարանական դիւանագիտութեան ներուժը:

Պ.- Համաձայն եմ, որ խորհրդարանական դիւանագիտութիւնը շատ մեծ ներուժ ունի, որը մինչեւ վերջ օգտագործուած չէ, եւ այդ ուղղութեամբ մենք պէտք է աշխատենք, յատկապէս` մեր խորհրդարանականները: Արդարութեան համար պէտք է շեշտեմ, որ իրօք ԼՂՀ Ազգային ժողովի կողմից այդ ուղղութեամբ հսկայածաւալ աշխատանք է կատարւում, եւ ես կարծում եմ` այդ աշխատանքի արդիւնքները մենք դեռ տեսնելու ենք: Ինչ վերաբերում է Լիթվայում եւ Ֆրանսայում այդ խմբերի ձեւաւորմանը, դրանք մի քիչ տարբեր են իրենց կարգավիճակով: Լիթվայի պարագայում մենք ունենք խորհրդարանական բարեկամութեան խումբ, իսկ Ֆրանսայում ձեւաւորուել է բարեկամութեան շրջանակ, որը խորհրդարանական բարեկամութեան շրջանակ չէ, արտախորհրդարանական է, բայց իր մէջ ընդգրկում է ե՛ւ Ֆրանսայի խորհրդարանի, ե՛ւ ծերակոյտի ներկայացուցիչներին, ինչպէս նաեւ` բազմաթիւ քաղաքական գործիչների, մտաւորականների, որոնք միշտ եղել են Արցախի կողքին, միշտ շտապել են մեզ օգնութեան: Ֆրանսայի ձեւաչափը, իմ կարծիքով, շատ հետաքրքիր է, դա թոյլ է տալիս համախմբել, ի մի բերել մարդկանց աւելի մեծ զանգուած: Նպատակն է, ի հարկէ, զարգացնել յարաբերութիւնները, շփումները ԼՂՀ-ի եւ Ֆրանսայի միջեւ, ներկայացնել Լեռնային Ղարաբաղի մասին ճշմարտութիւնը, այն իրականութիւնը, որին մենք այստեղ ականատես ենք, բայց որին, ցաւօք, շատ յաճախ հաղորդակից չեն լինում արտասահմանում:

Հ.- Վերջին տարիներին սեղանին եղել է մատրիտեան կամ Նորացուած մատրիտեան կոչուող փաստաթուղթը: Ներկայում մշակւո՞ւմ է արդեօք նոր փաստաթուղթ, որը կարող է հիմք ծառայել բանակցութիւնների շարունակութեան համար:

Պ.- Ինչ վերաբերում է մեր դիրքորոշմանը բանակցային գործընթացի վերաբերեալ, այն շատ յստակ է եւ բազմիցս հնչեցուել է: Մենք դա ասում ենք ե՛ւ հրապարակային, ե՛ւ փակ աշխատանքային հանդիպումների ժամանակ: Մեր կարծիքով, այսօրուայ իրավիճակը բանակցային գործընթացում, թուացեալ եւ առկայ խոչընդոտները հնարաւոր է յաղթահարել` ապահովելով ԼՂՀ լիարժէք վերադարձը բանակցային գործընթացին: Մենք այսօր էլ կանք այդ գործընթացում, բայց մեր կարծիքով, այն մասնակցութեան մակարդակը, որը կայ, բաւարար չէ առաջընթաց եւ արդիւնաւէտութիւն ապահովելու համար:

Հ.- Վերջերս մենք ականատես եղանք պատմական հաշտեցման մի գործընթացի` մի կողմից Քոսովոյի, միւս կողմից` Սերպիայի միջեւ: Համեմատութիւններ չտանելով տարբեր հակամարտութիւնների միջեւ, այնուամենայնիւ, այս գործընթացը կարո՞ղ է ազդեցութիւն թողնել նաեւ ղարաբաղեան խնդրի կարգաւորման վրայ:

Պ.- Ես, ճիշդն ասած, կողմնակից չեմ հակամարտութիւնների կարգաւորման դէպքում այլ հակամարտութիւնների կարգաւորման մեքանիզմներն օգտագործելուն, որովհետեւ, իմ խորին համոզմամբ, իւրաքանչիւր հակամարտութիւն ունի իր ուրոյն նախապատմութիւնը, ուրոյն պատճառները, եւ չկան ընդհանուր մեքանիզմներ, որոնք մենք կարող ենք կիրառել մէկ այլ հակամարտութեան պարագայում, այնուհետեւ մեքենականօրէն փոխադրել միւս հակամարտութեան համար: Բայց այդ դէպքը, որը դուք յիշատակեցիք, իրօք հետաքրքիր է այն առումով, որ գալիս է հաստատելու մեր համոզմունքը, որ ժամանակակից քաղաքական միտքը որպէս հակամարտութիւնների կարգաւորման մեքանիզմ նախընտրում է հակամարտող կողմերի միջեւ երկխօսութիւնը եւ ժողովուրդների կամարտայայտութեան արդիւնքների հաշուի առնելը, այն, ինչի դէմ այսօր կտրականապէս հանդէս է գալիս Ազրպէյճանը, եւ այն, ինչի պատճառով այսօր նա փորձում է ձախողել բանակցային գործընթացը:

 

Յատուկ «Ազդակ»-ի համար

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )