Դպրոցի 100-րդ Շրջանաւարտները

ՄԱՐԳԱՐԻՏ ԽԱՉԱՏՐԵԱՆ

Մուղնու Մեսրոպ Աշճեանի անուան 101-ամեայ  դպրոցի պատմութեան մէջ յատուկ տողով գրանցուեց 2013 թ. յուլիսի 2-ը. այսօր իններորդ դասարանն աւարտելու վկայագրեր ստացան դպրոցի հարիւրերորդ շրջանաւարտները` տասը պայծառ տղաներ ու աղջիկներ:

Դպրոցի` հայոց լեզուի միամսեակի եւ մրցոյթի մասին պատմող պատի թերթերով զարդարուած միջանցքում հաւաքուել են ուսուցիչներ, ծնողներ, աշակերտներ:

Յուզուած են բոլորը:

Հարիւրերորդ անգամ կրկնւում է այս արարողութիւնը, բայց այս մէկն ուրիշ է…

«Հայաստան» հրատարակչութեան տնօրէնը` Վահագն Սարգսեանը, շրջանաւարտներին գրքեր է նուէր ուղարկել: Որոշում են դպրոցի գրադարանում առանձին անկիւն յատկացնել այդ գրքերին, որոնք տէրերն այսօրուայ «յոբելեարներն» են:

Շնորհաւորանքների, երեխաների ելոյթների, դպրոցին եւ հայրենի գիւղին նուիրուած երգերի կատարմանը յաջորդում է երգիծական փոքրիկ մի դրուագ վերջին դասից: Բեմում մեր կեանքն է` իր անհասկանալի, բայց շատ ծանօթ տրամաբանութեամբ. հանդիպել են իր կարծիքով` կեանքում ամէն ինչ ունեցող թերուսը եւ դպրոցը, բուհը գերազանցութեամբ աւարտած երիտասարդը, որը հիմա թաքսու վարորդ է…

Ծիծաղում ենք, բայց բոլորիս աչքերում անպատասխան մի հարց է` ինչպիսի՞ն է լինելու այս պայծառ երեխաների վաղուայ օրը…

Չգիտեմ` ի՛նչ տրամաբանութեամբ` գիւղի դպրոցը չունի 10-12-րդ դասարաններ, իսկ աւագ դպրոցում սովորելու նիւթական, նաեւ բարոյական արգելքները յաղթահարելու համար ամէն ընտանիք չէ, որ կարող է զոհաբերութիւնների դիմել:

Դպրոցի շրջանաւարտներից քչերն են շարունակում ուսումն աւագ դպրոցում, որը գտնւում է Աշտարակ քաղաքում: Ճիշդ է, Մուղնին դարձել է քաղաքի թաղամաս, բայց ճանապարհները չեն կարճացել, դժուարութիւնները դրանով չեն պակասել: Անցեալ տարի միայն մէկն է կարողացել շարունակել ուսումն աւագ դպրոցում:

Ուսուցչուհիներից մէկի տագնապոտ հայեացքը յուշում է` ասելու բան ունի:

Մօտենում եմ: Աչքերիս մէջ արձանագրուած հարցին ի պատասխան լսում եմ ցաւոտ խոստովանութիւն.

– Ձմրանը յաճախ է պատահում, որ դպրոցի դիմացի մայթին տեսնում եմ Աշտարակ գնացող մեքենայի սպասող մեր շրջանաւարտներին: Աղջիկների համար շատ դժուար է, յատկապէս` ձմրանը… Սիրտս ցաւում է…

Ուսումնառութեան ինը տարիների ընթացքում ստեղծուել են ընտանեկան յարաբերութիւններ, եւ աւարտական վկայականներն ստանալուց, բոլորի շնորհաւորանքներն ստանալուց յետոյ երեխաները չեն շտապում տուն գնալ:

Իջնում ենք բակ` Աշճեան սրբազանի արձանի մօտ լուսանկարուելու:

Հիմա էլ այստեղ են հաւաքուել:

Կատակում եմ` մի կերպ իջեցրինք բակ, հիմա ի՞նչ հնար մտածենք, որ տուն գնաք…

Երեխաները շարունակում են պտտուել ուսուցիչների շուրջբոլորը, հարցեր տալ, ճշդել նոր հանդիպման օրը… Երկրորդ յարկի միջանցքի պատուհանի մօտ հաւաքուել են վերջին ժողովին սպասող ծնողները. նրանք էլ տուն չեն շտապում:

Չգիտեմ` ճիշդ եմ անում, թէ ոչ, բայց ուզում եմ խնդրել հայրենիքիս կրթութեան գործի բոլոր պատասխանատուներին. եթէ դժուար չէ, Մուղնու Մ. Աշճեանի անուան դպրոցին տուէք գոնէ միջնակարգի կարգավիճակ: Գիւղի երեխաները սիրով կը շարունակեն ուսումը հարազատ յարկի տակ, դպրոցը չի ապրի առանց աշակերտ մնալու ամէնօրեայ տագնապը, որին, Աստուած չանի, անպայման կը յաջորդեն դեռեւս շատ հեռու թուացող, բայց արդէն զգալի ու սարսափելի աղէտներ:

Ուսուցիչները պատրաստ են ամէն զոհաբերութեան` յանուն իրենց սաների, որոնց կողքին ապրելու են Արագածի, Արայի լերան, Մասիսի հովանու տակ ծուարած այս գիւղում, որի առաւօտները բացւում են Սուրբ Գէորգ եկեղեցու զանգերի ղօղանջով, իսկ դասի շտապող երեխաները բարի լոյս են մաղթում Աշճեան անունով Մեծ հային:

Կարծում եմ` լուծում կայ:

Պարզապէս պէտք է մի քիչ ջանք թափել, եւ գիւղը կ՛ազատուի լրացուցիչ մի հոգսից եւս:

Հաւատում եմ` Աշճեանի անունը կրող դպրոցը չի կարող առանց Յոյսի մնալ…

 

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )