Աւազամրոցի Ճամբաներով

Զրուցել է ՍԱԼԲԻ ՂԱԶԱՐԵԱՆԸ

Քրիս Պոհճալեան
Լուսանկարը` Անահիտ Մինասեանի

Գրող Քրիս Պոհճալեանը, որը Հայոց ցեղասպանութեան յիշողութիւնների մասին «Աւազամրոցի աղջիկները» (The Sandcastle Girls) գրքի հեղինակն է, Սիվիլնեթին պատմում է Արեւմտեան Հայաստան իր վերջին այցելութեան տպաւորութիւնների մասին: Այդ մասին նա երկու յօդուած է հրապարակել «Ուաշինկթըն Փոսթ» եւ «Պոսթըն Կլոպ» թերթերում:

«Խորապէս յուզիչ պատմութիւն փրկութեան ու սիրոյ մասին». այսպէս է նկարագրել Միացեալ Նահանգների «Թուտէյ» թերթը Քրիս Պոհճալեանի «Աւազամրոցի աղջիկները» վէպը: Նրա այդ տասնհինգերորդ գիրքն ակնյայտ տարբերւում է նախորդներից ոճով ու աշխարհագրութեամբ: Թէեւ նախորդ գրքերը նոյնպէս արժանացել են պեսթ սլըրի կոչման, սակայն «Աւազամրոցի աղջիկները» գիրքը ցնցել է գրքի ամերիկեան շուկան` այդ կոչումը ստանալով միանգամից ութ պարբերականների կողմից:

ՀԱՐՑՈՒՄ.- Քրիս, Դուք հէնց նոր էք վերադարձել Արեւմտեան Հայաստանից Խաչիկ Մուրատեանի, Էրիք Նազարեանի հետ միասին: Կարծեմ` այնտեղ էիք, որ ուսումնասիրէք տարածք «Աւազամրոցի աղջիկները» գրքի շարժանկարային տարբերակի համար, այո՞:

ՊԱՏԱՍԽԱՆ.- Այո՛, չգիտեմ` Էրիքը երբեւէ կը կարողանա՞յ նկարահանել Թուրքիայում, սակայն կարեւոր էր տեսնել Պիթլիսը (Բաղէշ, «Ակունք»-ի խմբ.) տեսնել, թէ ի՛նչ է մնացել Խարբերդից, ճամբորդել Վանում, Աղթամարում, տեսնել Տիգրանակերտը, տեսնել` ի՛նչն է պէտք վերստեղծել, ինչպիսի տեսք ունեն այսօր այս վայրերը, քանի որ «Աւազամրոցի աղջիկները» գրքի մի մեծ մասը Ցեղասպանութեան թողած ժառանգութեան մասին է: Մենք նախնիներից մեծ ժառանգութիւն ունենք:

Հ.- Գիտէք` մեր մտքում սա մշտապէս առկայ մի հարց է այստեղ` ՍիվիլՆեթում, քանի որ ցանկանում ենք հարթակ տրամադրել հիանալի այս ծրագրերին: Արդեօ՞ք աւելի լաւ կը լինի ձեզ եւս հարթակ տրամադրել եւ խօսել «Աւազամրոցի աղջիկները» գիրքը ժապաւէնի վերածելու մասին, թէ՞ պարզապէս լռել եւ թոյլ տալ, որ դուք իրագործէք այն:

Պ.- Կարծում եմ` կարեւորը պարզապէս գործն անելն է: Սա ճիշդ է թէ՛ այն դէպքում, երբ ժապաւէն ես նկարում, թէ՛ այն դէպքում, երբ գիրք ես գրում: Կարեւոր է ձգտում ունենալ եւ աշխատել նիւթի հետ: Սա է պատճառներից մէկը, որ ինձ համար անչափ հաճելի էր աշխատել Էրիք Նազարեանի հետ. նա ոչ միայն անչափ տաղանդաւոր բեմագիր ու բեմադրիչ է, այլեւ իմ իմացած ամենաաշխատասէր մարդկանցից մէկը: Օրինակ, երբ մենք ճամբորդում էինք Վանում, Բաղէշում, երբ քո կողքին Էրիքի կամ Խաչիկ Մուրատեանի նման մէկն է, անչափ մեծ ծաւալի աշխատանք ես կատարում թէ՛ զգացական, թէ՛ աշխարհագրական առումով:

Հ.- Պատմէք մեզ այդ զգացական աշխատանքի մասին: Մենք վերջերս կարդացել ենք հայկական ժառանգութիւնից արդէն իսկ բաւականին զրկուած Մուշում հայկական ներկայութեան ցանկացած մնացորդ վերացնելու դիտաւորեալ փորձերի մասին: Համոզուած եմ, որ դուք դա ճամբորդութեան ընթացքում տեսաք` թէ՛ դիտաւորեալ, թէ՛ ոչ դիտաւորեալ հայկականազերծման հետեւանքները: Պատմէք ձեր զգացական ճամբորդութեան մասին:

Պ.- Իսկապէս շատ լաւ նկարագրեցիք: Պատմական Հայաստան այս ճամբորդութեան ամենամեծ նուէրներից մէկն ինձ համար իմ հիանալի ընկեր Խաչիկ Մուրատեանի հետ ճամբորդելն էր: Խաչիկն այս աշխարհը շատ լաւ գիտի:

Հ.- Խաչիկը «Արմինիըն Ուիքլի»-ի գլխաւոր խմբագիրն է:

Պ.- Այո՛, Խաչիկը «Արմինիըն Ուիքլի»-ի գլխաւոր խմբագիրն է Միացեալ Նահանգներում, դրանից առաջ Պէյրութում «Ազդակ»-ի խմբագիրն էր: Նա այս վայրերից մեծ մասում նախկինում եղել էր, որոշ վայրերում` վերջերս: Այսպիսով, երբ մենք այցելեցինք Վանից մի փոքր հեռու գտնուող մի վանք, որը բլրի վրայ էր, նա բացայայտեց, որ իր վերջին անգամ եղած տարուց ի վեր այնտեղ աւելի շատ կողոպուտ է կատարուել. մարդիկ շարունակ փորում են շրջակայքը` ոսկի, արուեստի գործեր ու մասունք գտնելու յոյսով: Յետոյ մենք եղանք Չունկուշում, նա կանգնած` նայում էր եկեղեցու աւերակներին եւ հասկացաւ, որ դա տարբերւում էր իր նախորդ անգամ այդտեղ եղած ժամանակուանից:

Հ.- Որտե՞ղ է Չունկուշը (Չնքուշ, «Ակունք»-ի խմբ.):

Պ.- Տիգրանակերտից մօտ 60-80 քմ հիւսիս- արեւմուտք` Տիգրանակերտից ու Խարբերդի մէջտեղում: Նա լուսանկարեց եկեղեցու աւերակները եւ հասկացաւ, որ մի տարուայ ընթացքում ամբողջական պատ է փլուզուել (այս մասին աւելի մանրամասն տես` http://akunq.net/am?p=31878– Ակունք խմբ.): Մեր այցելած միւս գիւղերից մէկը Եազիպաշի հայկական գիւղն էր. այս ճամբորդութեան իմ ուղեկիցներից մէկի` Ճորճ Աղճայեանի ապուպապը այդտեղի հայկական եկեղեցում էր կնքուել, այժմ այդ եկեղեցուց մնացել է միայն խորանը: Ներեցէք, աւելի ճիշտ` խորանի վերեւի կամարը: Այն դեռ կանգուն է: Եւ Խաչիկն ու Ճորճը շատ պարզ ցոյց տուեցին այնտեղ բնակուող քրտական ընտանիքին, որ մենք շատ երախտապարտ ենք, որ վերջիններս պահպանել են այդ կամարը, որ այն դեռ կանգուն է որպէս մեր մշակութային ժառանգութեան մաս քրտական այս գիւղում: Շատ յուզիչ էր տեսնել կանգուն մնացած այդ կամարը, քայլել այդ բոլոր եկեղեցիների, վանքերի աւերակների միջով եւ միաժամանակ հաւասարապէս յուսալքող` տեսնել հայկական որեւէ եկեղեցու վերակառուցման թոյլ, նեղ մտահորիզոն ունեցող ու պատմականօրէն ոչ ճիշդ փորձերը: Մենք տեսանք մի եկեղեցի` Վանից ոչ շատ հեռու, որը քար առ քար վերակառուցուած էր:

Հ.- Ո՞ւմ կողմից:

Պ.- Եւրոմիութեան գումարներով: Չեմ անուանում դա եկեղեցի, այլ բառացիօրէն` թանգարան:

Հ.- Աղթամարի մասի՞ն էք ասում:

Պ.- Ո՛չ, ո՛չ: Սա շատ փոքր եկեղեցի է, երեւի 30 քմ Աղթամարից հեռու` հէնց Վան քաղաքի ծայրին, եւ ընդհանրապէս հայկական եկեղեցու նման չէ: Այն նման է ռմբապաստարանի: Պատկերացրէ՛ք, բազմաթիւ աղիւսներ կիտել քառակուսի ձեւով եւ ասել` սա մի ժամանակ հայկական եկեղեցի էր:

Հ.- Էրիք Նազարեանը շուտով Երեւանում կը լինի, մենք անպայման կը հրաւիրենք նրան, համոզուած եմ` լուսանկարներ կ՛ունենայ, սակայն սա շատ հետաքրքիր պատմութիւն էր: Ուրիշ է, երբ մշակութային-մարդաբաններն ուսումնասիրում են քրտերի ու թուրքերի կողմից հայկական տարածքներում հնամենի խաչքարերի ու հին եկեղեցական քարերի օգտագործումը տներում եւ այլ կառոյցներում: Սա օգտագործման եւ եղափոխութեան տարբեր տեսակ է, բայց այն, ինչի մասին դուք էք խօսում, ուղղակի սխալ է:

Պ.- Կարո՞ղ եմ եւս մէկ ապշեցուցիչ պատմութիւն պատմել նման ձեւով վերականգնուած մասունքի մասին: Մենք գնացինք քրտական մի գիւղ` տեսնելու խաչքարեր` Տիգրանակերտի ճանապարհին, Վանի ու Տիգրանակերտի միջեւ, եւ մեր ճանապարհին տեսանք այս իսկապէս մեծ, 2-3-մեթրանոց խաչքարերը, որոնք դեռ այնտեղ են: Դրանք տեղադրուած են ախոռում, բայց դեռ կանգուն են, եւ հիանալի էր տեսնել դա: Գիւղից հեռանալիս մի ծեր քիւրտ մարդ կանգնեցրեց մեր մեքենան եւ ասաց, որ ունի շատ-շատ արժէքաւոր հայկական մասունք, բայց չի կարողանում կարդալ հայկական գիրը ներքեւի մասում, «այդ խորհրդաւոր հայկական գիրը»: Հարցրեց` արդեօ՞ք մեր մեքենայում որեւէ մէկը կը կարողանայ թարգմանել այն իր համար, որպէսզի հասկանայ` ինչ մասունք է իր մօտ: Ի հարկէ, Խաչիկն ասաց, որ շատ հետաքրքրուած է, ինչպէս եւ` բոլորս: Ծերունին վերադարձաւ ձեռքին մի ափսէ, որի հետեւի մասում անգլերէնով գրուած էր` Royal Tudor Ware. Staffordshire, England: Ես առցանց փնտռեցի այդ ափսէն եւ գտայ ebay կայքում. այն 1960-ականներից էր եւ արժէր մօտ 11 տոլար: Սակայն քրդական համայնքը կարծում էր, որ այս ափսէն հայկական մասունք է եւ որոշակի արժէք ունի:

Հ.- Այնքան պատմութիւն կայ հասկանալու, գրելու, վերստին գրելու, ուղղելու, այնքան շատ… Սա զարմանահրաշ է, բոլորովին նոր իրադարձութիւնների պտոյտ, նախկինում չլսուած մի բան:

Պ.- Մէկ այլ պատմութիւն պատմեմ մեր ճամբորդութիւնից: Երբ ուղեւորւում էինք Խարբերդ, մենք գնացինք Չունկուշ: Չունկուշ գնացինք երկու պատճառով. նախ` ուզում էինք տեսնել եկեղեցին, որը իւրայատուկ էր, քանի որ Չունկուշում նախքան 1915թ. բնակւում էր մօտ տասը հազար հայ: Այդ եկեղեցին մի զարմանահրաշ, գեղեցկագոյն կառոյց էր: Եւ, ի հարկէ, մենք ուզում էինք տեսնել Դուդանի խոր կիրճը. 1915թ. բոլոր այդ տասը հազար հայերը գնդակահարուել կամ սուիններով սպաինուել էին, եւ մարմինները շպրտուել էին 70-90 մ խորութեամբ անդունդը: Ի հարկէ, այդ վայրը ոչնչով նշուած չէ, եւ երբ գնում էինք տեսնելու,  չկային նշաններ, յուշարձան, չկար որեւէ բան, որ ասէր` տասը հազար մարդ այստեղ բնաջնջուել է: Այնտեղ ոչինչ չկայ, ուղղակի մի փոս է գետնի մէջ: Մենք գնացինք այդտեղի եկեղեցում յարգանքի տուրք մատուցելու եւ երբ Չունկուշից հեռանում էինք, վաթսունի մօտ մի մարդ թակեց մեքենայի դուռը: Բոլորն արդէն տեղեակ էին, որ այս ամերիկահայերը գիւղում են, քանի որ ամէն անգամ, երբ մենք որեւէ գիւղ էինք այցելում, երեխաները հետեւում էին խմբերով: Այս 60-65 տարեկան մարդը թակեց դուռը եւ ասաց, որ մենք պէտք է հանդիպենք իր զոքանչին, որը 98 տարեկան է: Մենք, ի հարկէ, միանգամից հաշուեցինք, որ 2013 թուականն է, 98 տարի առաջ 1915 թուականն էր: Մեր քիւրտ վարորդը մեզ տարաւ` տեսնելու այդ մարդու զոքանչին: Վերջինս ծպտեալ հայ է, 1915թ. նա նորածին է եղել, նրա մայրը Դուդանի կիրճի մօտ էր` սպաննուելու կանգնածների շարքում, երբ մի թուրք զինուոր մտածել է, որ գեղեցիկ է, հանել է նրան շարքից եւ ամուսնացել հետը: Եւ սա նրա դուստրն է: Երբ Խաչիկը նրան հարցեր էր տալիս, երբ մենք եւս խօսում էինք նրա հետ, հարցեր ուղղում, զրոյցի ընթացքում բոլորս զգացմունքների մէջ խեղդւում էինք: Ինքս ինձ ասում էի` որքան զարմանահրաշ է սա. փաստօրէն մենք հանդիպել ենք Չունկուշի վերջին հային, անդունդի մօտ կոտորածի վերջին օղակին: Կարծում էինք, որ փեսան ցանկանում էր, որ մենք հանդիպենք այդ կնոջը, սակայն Խաչիկի հարցազրոյցի վերջում, երբ ես նստած էի այդ ծեր կնոջ ձախ կողմում, բռնեցի նրա ձեռքը եւ հասկացայ, որ հակառակն էր. այդ մարդը լաւ մարդ էր եւ ցանկանում էր, որ իր զոքանչը հանդիպի մեզ: Նա ցանկանում էր, որ իր հայ զոքանչը հանդիպի ուրիշ հայերի` նախքան մահանալը:

«Սիվիլնեթ»

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )