Մարտակերտի Յաղթանակի 20-րդ Տարեդարձի Առիթով

ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ

Վերջերս լրացաւ Մարտակերտի յաղթանակի քսան տարին: Յաղթանակ, որը ոչ միայն ազատագրեց մեր հողը, ոչ միայն ճանապարհ բացեց դէպի Ստեփանակերտ, այլ Շահումեանի, Դրմբոնի, Չլդրանի եւ հէնց Մարտակերտի պարտութիւնից յետոյ դարձաւ վերածնունդի, վերազարթօնքի եւ պայքարող ժողովրդի կամքը հաստատող ու ամրապնդող ուղեցոյց հետագայ պայքարի ու յաղթանակների համար:

1992-ին երբ երկու օրում ընկաւ Շահումեանը, թշնամին կարողացաւ գրաւել գրեթէ ողջ Մարտակերտի շրջանը, երբ Շուշի-Լաչին-Գորիս ճանապարհում խուճապահար գաղթն էր, երբ նահանջող մեր մարտիկները պարտութեան ճնշիչ հոգեբանութեամբ տարուած` աւելի մտահոգուած էին իրենց գաղթող ընտանիքների ապահովութեամբ, երբ թշնամին արդէն Ստեփանակերտ տանող մայրուղուն էր մօտեցել, յանկարծ հրաշքի պէս ժայթքեց մեր մարտիկների իրենց հողին կապուած ներքին դարաւոր բնազդը եւ 1993 փետրուարին պոռթկաց մեր հակայարձակումը, որը նպաստեց մեր յաղթանակին:

«Գիշերային այդ պահին, երբ առաջ գնացող ռազմաճակատի գծի երկայնքով հողը ցնցւում էր հրետանային հարուածներից եւ արկերի հրաշէկ բեկորները հալուած լճակների էին վերածում գետինը պատող սառոյցը, պայթիւնների ցոլքերի տակ միմեանց նայելով բոլորս ակամայ յանգեցինք մի խորը ընդհանրացման` ովքեր ողջ կը մնան, պէտք է ապրեն եւ մեր հայրենիքի վերաշինութեանը ծառայեն նաեւ մեր զոհուած ընկերների փոխարէն», այսպէս է նկարագրում այդ պահը բանասիրական գիտութիւնների տոքթոր, Մ. Աբեղեանի գրականութեան հիմնարկի փոխտնօրէն` Վարդան Դեւրիկեանը, որը թողած գրականութիւն եւ ուսուսումնասիրութիւն` նետուել էր հայրենիքի պաշտպանութեանը ծառայելուն:

Այսօր 20 տարիների ձգուող տարածքում հետաքրքիր է կարդալ այդ նոյն մարտերի մանրամասների մասին իր` մասնակից զինուորի կողմից դիտուած ու վերլուծուած: Մասնակից, որն իր հայրենանուէր ծառայութեան համար արժանացել է Հայաստանի Մարտական խաչի երկրորդ աստիճանի շքանշանին: Իր անկեղծ ու խորը վերլուծուած յօդուածը կրում է Մարտակերտ-քսան ՏԱՐԻ ԱՆՑ ՊԱՐՏՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԵՒ ՅԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ԴԱՍԵՐԸ խորագիրը:

 

Մարտակերտ-Քսան Տարի Անց Պարտութիւնների
Եւ Յաղթանակների Դասերը

 

Նուիրում եմ բոլոր նրանց,
ովքեր 1992թ. դեկտեմբեր -1993թ. փետրուարի
դաժանագոյն ձմեռը անցկացրին Հայաստանի
եւ Լեռնային Արցախի Հանրապետութիւններում

 

 

 

 

 

 

 

Մարտակերտի ազատագրումը շրջադարձային եղաւ ոչ միայն Արցախի պաշտպանութեան, սահմանային տարբեր կրակակէտերի ոչնչացման առումով, այլեւ վստահութիւն ներշնչեց ազատագրուած բնակավայրերի աւելի մեծ թուով բնակիչների վերադառնալու իրենց հարազատ վայրերը, քանի որ մինչ այդ քաղաքը ճակատային մի սպառնալիք էր մայրուղու երկու կողմերում գտնուող բնակավայրերի համար, իսկ այժմ Մարտակերտը ինքը դարձաւ ապահով թիկունք նրանց համար:

Կարելի է ականատեսի շատ վկայութիւններ, հերոսական եւ յուզիչ պատմութիւններ բերել կամ ցոյց տալ ռազմա-վարական այն բեկումնային նշանակութիւնը, որն ունեցաւ Մարտակերտի ազատագրումը ԼՂՀ անվտանգութեան եւ մարտական գործողութիւնների հետագայ ընթացքի վրայ: Քսանամեայ հեռաւորութիւնից այսօր, սակայն, պակաս կարեւոր չեն Մարտակերտի պարտութիւնների եւ յաջողութիւնների դասերը, որոնք որքան ծանր ու ողբերգական են, այնքան ուսանելի են եւ զարմանալի մի զուգահեռ են գծում մեր օրերի հետ:

Նախ վերյիշելով 1992թ. ամրան եւ աշնան հասարակական-քաղաքական ընդհանուր իրավիճակը Հայաստանում` ցաւով եւ որպէս զգուշացում կարող ենք արձանագրել, որ ընդդիմութեան եւ իշխանութեան մի ընդհանուր յայտարարի չգալու, պաշտօնների բաժանման սակարկմամբ զբաղուելու համար ո՛չ ընդդիմութեան եւ ո՛չ էլ իշխանութեան ներկայացուցիչներն են   տուժում, այլ մեր ժողովուրդը` դիրքերից բերուող իր զաւակների դիակներով եւ գաղթական դարձած բնակչութեամբ:

Շուշի-մարտակերտ զուգահեռը յիշեցնում է ժողովրդական այն խօսքը, թէ պարտութիւնները որբի գլխի նման անտէր են, իսկ յաղթանակները բազում տէրեր են ունենում: Շուշին բարձրակէտն էր տարուած յաղթանակների, իսկ Մարտակերտի յաղթանակը ծնուեց պարտութիւնների շարանից: Ահա այս պատճառով Շուշիից եւ Մարտակերտից քսան տարի անց դարձեալ վէճ է գնում Շուշիի դափնիները բաժանելու եւ վերաբաժանելու համար, իսկ Մարտակերտի յաղթանակն անգամ տէր չունի, որովհետեւ ով տէր կանգնի այդ յաղթանակին, ինչ որ տեղ տէր է կանգնելու նաեւ նախորդող պարտութիւններին:

Շուշի-Մարտակերտ զուգահեռը նաեւ մի տխուր իրողութիւն է բացայայտում, թէ որքա՛ն դժուար է հայը ետ վերադառնում տէր կանգնելու իր հայրենական տանը, այնքան հեշտութեամբ են մեր հարեւանները առաջ գալիս տէր կանգնելու նոյն այդ տներին: Մարտակերտի ազատագրումից յետոյ, երբ քաղաքը թողնելուց ընդամէնը մէկ տարի էր անցել, ետ գալը նկատելի հոգեբանական մի պատնէշի էր դէմ առնում, այնինչ նոյն այդ մէկ տարուայ ընթացքում ազրպէյճանցիները հասցրել էին որոշակիօրէն վերաբնակեցնել քաղաքը եւ շրջակայ գրաւուած հայկական բնակավայրերը: Պատճառը միայն անվտանգութեան երաշխիքները չէին կամ` տնտեսական վիճակը, այլ մեր հարեւանների` մեր երկրին տիրելու եւ մեր` աստիճանաբար երկիրը թողնելու դարերով նստուածք տուող հոգեբանութիւնը: Փոփոխական յաջողութիւններով ընթացող ռազմական գործողութիւնների պայմաններում դէպքերի զարգացումը ցոյց տուեց, որ ազրպէյճանցիները անվտանգութեան շատ աւելի քիչ երաշխիքներ ունէին Մարտակերտում, որտեղ եւ որեւէ արմատ չունէին, սակայն առանց որեւէ նպատակայարմարութիւն քննելու` եկան եւ բնակեցրեցին թողնուած եւ ամայի  տները:

Շուշի-Մարտակերտ զուգահեռը, սակայն, յաղթական մէկ այլ խորհուրդ ունի: Շուշին լեռնային բերդ էր եւ դարեր շարունակ կորցնելով մեր հարթավայրերն ու հովիտները, մենք ամրացել ենք լեռներում: Լեռները դարձել են մեր պետական միաւորումների անուանումների մի մասը` Կիլիկիայի հայկական պետութիւնը աշխարհագրօրէն Լեռնային Կիլիկիան էր: Վերջինիս անկումից յետոյ հայկական պետականութեան բեկորները եղող մելիքական իշխանութիւնները պահպանուեցին Սիւնիքի լեռներում: Առաջին հանրապետութեան շրջանը խորհրդանշական ձեւով աւարտուեց Լեռնահայաստանով, իսկ Արցախի պետական կազմաւորումն անուանուեց Լեռնային Ղարաբաղ:

Լեռնային այս շարքում Մարտակերտի դաշտային հատուածի մի մասը եղող Մարտակերտ քաղաքը ազատագրելը խորհրդանշեց վերադարձը հարթավայր եւ հարթավայրին տէր կանգնելու հոգեբանութիւնը:

Մարտակերտ-Կիչան- Չլդրան-Դրմբոն-Կուսապատ-Ներքին Հոռաթաղ լեռնային ճանապարհը նաեւ սովորեցրեց, թէ նոյն ճանապարհը որքա՛ն տարբեր է նահանջելու եւ յարձակուելու ճանապարհներին: Նահանջը եւ փախուստը խոչընդոտներ չունեն: Այն որքան էլ կսկծալից, այնուամենայնիւ մի հարթ ընթացք ունի: Նոյն ճանապարհը, սակայն, բազում պատնէշներ ունի յարձակման ճանապարհին, երբ իւրաքանչիւր ոլորանը մի դարանակալ որոգայթ է թւում:

Մարտակերտը եկաւ սովորեցնելու, որ հայրենիքին կապուածութիւնը մեծապէս հայրենի յիշատակներին կապուածութեան միջոցով է արտայայտւում: Մարտակերտի նահանջի եւ վերադարձի ճանապարհին խորհրդանշական մի դարձակէտ էր Գանձասարը: Գաղթող ժողովուրդը խորաձայն մի հառաչանքով էր հայեացք նետում վանքի երեւացող գմբէթին` անցնելով Մարտակերտի վերջին հատուածը եւ ոչ պակաս ալեկոծումներ էր ունենում յաղթանակից յետոյ ետդարձի ճանապարհին:

Մեծ խորհուրդ ունի այն իրողութիւնը, որ 1918թ. ռազմաճակատի գիծը կանգնեց Ս. Էջմիածնի, իսկ 1992թ. յուլիս-օգոստոսին` Գանձասարի դիմաց: Որքան խամրում է ազգային-հոգեւոր նուիրական այս յիշատակների զգացողութիւնը, այնքան հայրենիքը վերածւում է անյիշողութիւն մի տարածքի եւ քննարկւում է, թէ տնտեսապէս որքանով է ձեռնտու ապրել այնտեղ որպէս գործարար նպաստաւոր մի միջավայրում:

Քսանամեայ հեռաւորութիւնից, սակայն, Մարտակերտի դասերի դասը այն իրողութեան ընդգծումն է, թէ որքան հեշտ է հայրենիքի որեւէ մաս  յանձնելը, բազմապատիկ աւելի դժուար է այն ետ բերելը: Երկու ամսում տրուածի մի մասը ետ բերուեց մինչեւ 1994թ. մայիսը ձգուող տառապանքով եւ արիւնահեղ մարտերով ու պատահական չէ, որ ժողովուրդը դաժան մի բառախաղով հանել էր Մարտակերտի վերջին տ-ն, իսկ առաջինը փոխել` դ-ի:

Դասերի այս դասը մեզ թելադրում է մի զուգահեռ գծել քսան տարի առաջուայ ռազմա-քաղաքական իրավիճակի եւ այսօրուայ քաղաքական կեանքի միջեւ: Այն մեզ սովորեցնում է, որ պարտութիւնից ծնուած նահանջը պէտք չէ թոյլ տալ, որ խուճապի վերածուի: Մարտակերտի նահանջի օրերին, երբ ամենահզօր զէնքը հեռահար հրետանին էր, ինչպէս ժողովուրդն էր ասում, խուճապը նրանից աւելի հզօր զէնք դարձաւ եւ աւելի մեծ աւերներ գործեց: Նաեւ խուճապն էր, որ կազմալուծեց ռազմաճակատի գիծը:

Խուճապի, հոգեբանական ընկճուածութեան, անգամ չհիմնաւորուած վախի զգացմամբ թողնել եւ փախչելու գրեթէ բնազդական դարձած զգացումը յաղթահարելու այն ժամանակուայ փորձը այնքան ուսանելի է նաեւ այսօրուայ արտագաղթելու տրամադրութիւնների ուժգնացման պայմաններում, երբ մեր երկրի վիճակը այնուամենայնիւ համարժէք չէ առկայ որոշակի անկումային տրամադրութեանը:

1992-ի ամրանը խուճապի եւ նահանջի պայմաններում հնարաւոր եղաւ հասնել հոգեբանական բեկման ոչ թէ կեղծ հերոսական լուրեր տարածելով, չեղած յաղթանակները տարփողելով, որովհետեւ միեւնոյնն է` սուտը կարճ ժամանակ անց պարզւում է, եւ առաջ եկած յուսալքութիւնը անհամեմատ մեծ աւերներ է գործում, այլ ճշմարտութիւնից քամելով հնարաւոր դրականը, թէկուզեւ չնչին,  բայց եւ իրական յաջողութիւնը: Ռազմաճակատի հիւսիսային գծում հակառակորդի որեւէ յարձակման յետ մղելը, որի լուրը տարածւում էր դիրքերով եւ նահանջի ճանապարհին զինուորներին տոգորում էր այն գաղափարով, որ այնուամենայնիւ հնարաւոր է կանգնեցնել հակառակորդի առաջխաղացումը:

Հոգեբանական բեկման կարեւոր բաղադրիչն էր դառնում հակառակորդի ոչ միայն զրահապատներն խոցելն ու այրելը, այլեւ անգամ հրասայլի աշտարակը վնասել ու անշարժացնելը եւ կամ` նռնականետի հարուածով  թրթուրաւոր զրահապատի շղթան կտրելը եւ տեղում անշարժացնելը:

Խնդիր էր դրուած իմաստաւորել ամենաչնչին իսկ ռազմական յաջողութիւնները, չթողնել, որ նահանջը փոխուի խուճապահար փախուստի, դանդաղեցնել եւ ապա կանգնեցնել այդ ընթացքը, կայունացնել խոր վէրքի նման Արցախի մէջ մտած ռազմաճակատի նոր գիծը, ապա դիրքաւորուել, հաւաքել ուժերը եւ պատրաստուել պատասխան հակայարձակմանը:

Պատերազմական պայմաններում սրւում են եւ ամենաանսովոր արտայայտութիւնն են ստանում նաեւ մարդկային ողբերգութիւնները: Սկսուած հոգեբանական բեկումը եւ ռազմաճակատում տարուած յաղթանակները պարտադրեցին ոչ միայն ողջերի, այլեւ զոհուածների վերադարձը, որը դարձաւ Արցախի ապագայի հանդէպ հաւատի բարձրագոյն արտայայտութիւնը: Մարտակերտի գնդի զոհուած զինուորները հիմնականում ամփոփւում էին Ստեփանակերտի զոհուածների պանթէոնում: Նրանց հարազատները որպէս մի իւրօրինակ մխիթարութիւն` ասում էին, որ եթէ յաղթանակ լինի, տանելու ենք մեր գիւղերը: Ռազմաճակատի գծի միայն առաջ գնալու հանդէպ աներեր հաւատի պայմաններում կարող էին մարդիկ նման ձեւով մտածել, որովհետեւ, Աստուած մի արասցէ, եթէ այն ճեղքուէր, ողջերը կարող էին նահանջել, իսկ զոհուածների շիրիմները կը պղծուէին թշնամու կողմից:

Եւ այսօր Մարտակերտի յաղթանակի դասերը քսանամեայ հեռաւորութիւնից մեզ սովորեցնում են, որ պարտութիւններից ոչ թէ պէտք է յուսահատուել, թեւաթափ լինել ու թողնել հեռանալ, այլ` համախմբել ուժերը, հասնել ներքին կարգուկանոնի եւ ինքնակազմակերպուածութեան, ամրապնդել այսօրուայ իրական վիճակը, բայց ոչ նրան համակերպուելու, այլ` այն դարձնելու սկսուելիք փոփոխութիւնների ելակէտը:

Մարտակերտի նահանջին յաջորդած բեկումը մեզ սովորեցնում է վերջ տալ արտագաղթի մասին վայնասունին, այն օրերի ռազմական փոքր յաղթանակների նման վեր հանել ամենափոքր իսկ դրականը, ոգեւորիչը: Ոչ թէ յուսալքել ժողովրդին` շարունակ կրկնելով եւ անգամ յուշելով, թէ մարդիկ անկարելի վիճակից թողնում` գնում են, այլ` համախմբուել անելանելի վիճակներից ելքեր գտնելու եւ մեր կեանքի այլանդակութիւնները իրար յետեւից վերացնելու համար:

Վերջապէս, ինչքան էլ խօսենք բնակչութեան սպառնալի արտահոսքի մասին, այնուամենայնիւ կայ եւ լինելու է իր հանդերին կառչած եւ բանակ զօրակոչուած իր որդիներով այդ հանդերը պահող մեր ժողովուրդը եւ վստահաբար նա իր միջից ծնելու է այն նուիրեալներին, ովքեր հայրենի հողը պահելու վճռականութեամբ սկսելու են այսօրուայ հոգեբանական այն բեկումը, որը քսան տարի առաջ տեղի ունեցաւ Մարտակերտի ճակատում:

ՎԱՐԴԱՆ ԴԵՒՐԻԿԵԱՆ
ՀՀ Մարտական խաչի 
երկրորդ աստիճանի շքանշանակիր

 

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )