«Մենք Պէտք Է Զարթնենք». Զարեհ Եահնէեան

Հարցազրոյցը` ՄԱՐԻՆԷ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆԻ

Զարեհ Եահնէեանը Լիբանանից  է, որտեղից  Հայաստան է տեղափոխուել շուրջ 10 տարի առաջ: Ընդ որում` նա  բնակութիւն հաստատել է ոչ թէ մայրաքաղաքում, ինչպէս շատերն են անում, այլ Հայաստանի երկրորդ քաղաքում` Գիւմրիում: Զ. Եահնեանի պատմելով` Հայաստանում հաստատուելու ազդակն իր ամուսնութիւնն էր: Մինչ այդ Հայաստանում երբեւէ չէր եղել: Զարեհի կինը Գիւմրիից է, ինչն էլ հիմնական  պատճառը  դարձաւ բնակուել Գիւմրիում, բացի այդ, նրա ասելով` եղբօր աշխատանքը շարունակելն էր հայրենիքում` ստեղծելով հասարակական կազմակերպութիւն` «Նշոյլ» անուամբ, ապա Գիւմրիում համակարգչային եւ անգլերէնի ուսուցման  դասարան բացեց: «Ես այսօր ուզում եմ խոստովանել, որ անգլերէնի եւ համակարգչի դասաւանդումն օգտագործեցի իբրեւ ծուղակ, որպէսզի պատանիները գային ինձ մօտ: Եթէ ես նրանց ասէի, որ դաստիարակութիւն եմ տալու, հայրենասիրութիւն, ազգասիրութիւն, ծնողներն այդ բառերի խորքը չիմանալով` իրենց զաւակներին չէին ուղարկի ինձ մօտ: Երեք տարուայ ընթացքում  300-400  աշակերտներ վկայագրեր են ստացել Ովսաննա Մըսըրլեան ուսումնական կենտրոնից (այդպէս է կոչուել ուսումնարանը` ի յիշատակ բարերարիս մօր անունով)»,- նկատեց Զ. Եահնէեանը:

Հ.- Դուք հաստատուեցիք Գիւմրիում, որը Հայաստանում աղքատութեան ամենաբարձր ցուցանիշն ունի, որտեղ մինչ օրս երկրաշարժի պատճառով հազարաւոր  անօթեւան ընտանիքներ կան: Ինչո՞ւ:

Պ.- Կինս գիւմրեցի է, սակայն դա նշանակութիւն չունէր իմ որոշման համար: Գիւմրիի միջավայրն ինձ հոգեհարազատ է: Քանի որ մանկութիւնս անցկացրել եմ Այնճարում, բարձրայարկ շէնքերից մի քիչ խուսափում եմ, յետոյ խճողումներ չեմ սիրում: Ճիշդ է, Երեւանը մայրաքաղաքն է, բայց Գիւմրին ինձ աւելի հարազատ է` իր քանդուած փողոցներով, իր միջավայրով, որտեղ աւելի յարմար գտայ ինձ համար: Հայաստան  գալուց յետոյ ինձ սկսեցին առաջարկել աշխատանքներ, որոնցից տարբեր պատճառաբանութիւններով հրաժարւում էի, քանի որ մտածում էի,  որ այդ աշխատանքն աւելի քան անհրաժեշտ է տեղացիներին, իսկ ես կարող էի ստեղծել աշխատանք ինձ համար, այդպիսով, օգնելով ուրիշներին, այլ ոչ թէ նրանց հացը վերցնէի: Ես 3 տարի չաշխատեցի, եւ այդ ընթացքում սկսեցի ուսումնասիրել օրէնքները: 2006թ. ստեղծեցի «Նշոյլ» հասարակական կազմակերպութիւնը:

Հ.- Սփիւռքում մեր հայրենակիցներն ապրում են Հայաստանի մասին երազներով: Արդեօ՞ք երազանքներն ու իրականութիւնը հատուեցին ձեր դէպքում: Գտա՞ք ձեր երազների Հայաստանը:

Պ.- Բաւական խորը հարց է: Հայաստան հասկացողութիւնն ուրիշ է, Հայաստանի Հանրապետութիւնը` մէկ ուրիշ: Միացեալ Հայաստան` Արեւմտեան Հայաստանի հետ չունենք, բայց, փառք Աստծոյ, ունենք Հայաստանի Հանրապետութիւնը, բայց եղածները նոյնը չեն: Եթէ չլինէր Լիզպոնի գործողութիւնը, եղբայրս չնահատակուէր (եթէ-ներով կը խօսեմ), շատ հաւանական է, որ վերադառնայի Լիբանան, բայց ես ուզում էի ինչ-որ բան անել, եւ եթէ հայրս մեզ այդպէս էր դաստիարակել, ես պէտք էր մնայի այստեղ, իմ ներդրումն ունենայի իմ հոգեկան հանգստութեան համար: Եթէ չլինէր Լիզպոնը, միգուցէ՞ ես չմնայի Հայաստանում: Երազային Հայաստանը չգտայ, բայց, տայ Աստուած, մի օր գտնենք:

Հ.- Իսկ, օրինակ, այդ երազային Հայաստանից ինչը՞ կը ցանկանայիք գտնել:

Պ.- Կը ցանկանայի, որ Հայաստանի Հանրապետութիւնում մարդիկ աւելի բարի լինէին, մէկը միւսին օգնող, եւ պետութիւնն օժանդակէր այդ ամէնն անելու համար: Քանի որ առնչուել եմ կրթութեան եւ գիտութեան նախարարութեան հետ, շաբաթներ առաջ չվարանեցի ռատիոհաղորդման մէջ այդ նախարարութիւնն անուանել տգիտութեան եւ անկրթութեան նախարարութիւն: Դպրոցական ծրագրերում ձեւական աւելացրին կրօնի առարկայ, մինչդեռ կարող եմ ասել, որ որոշ գիւղերում կրօն դասաւանդողը աղանդաւորական է, աելացրեցինք ճատրակը` որպէս դպրոցական պարտադիր առարկայ, որն աւելի վտանգաւոր է, քան օգտակար, երբ չկայ ազգային, հոգեւոր, մարդկային դաստիարակութիւն: Մի օր տարօրինակ խօսակցութիւն եղաւ կրթութեան ոլորտի մի պաշտօնեայի հետ: Նա հարցրեց, որ ես այլեւս չեմ վերադառնայ, չէ՞, ես ասացի` «Ոչ, իսկ գիտէ՞ք, ինչո՞ւ ես կ՛երթամ Հայաստանից, որովհետեւ ուզում եմ, որ իմ զաւակը հայ մեծանայ»: Նա ասաց, որ շատ ծանր խօսք է: Ի պատասխան դրա` նշեցի, որ գիտեմ, բայց փորձէք իրականութիւնը տեսնել այդ խօսքերի մէջ: Հայաստանը` որպէս բնութիւն, առանց տեսնելու, արդէն սիրահարուել էի, բայց պետութեան, իշխանութիւնների մօտեցումը ժողովրդի կրթութեան ձեւով` կ՛ուզէի, որ փոխուէր: Երեւի ժամանակ է անհրաժեշտ դրա համար:

Հ.- Իսկ Հայաստանում բնակուող տեղացիների հետ հե՞շտ էր շփումը: Կա՞ր անջրպետ հաղորդակցութեան համար:

Պ.- Չէի ասի, թէ անջրպետ կար: Ես շատ շուտ շաղուեցի: Առաջին մի քանի ամիսներին լեզուական դժուարութիւն կար: Բառեր կային, որոնք ռուսերէնով էին եւ չէի հասկանում դրանց իմաստը: Իսկ հիմա կարծես փոխուել է առոգանութիւնս: Աւանդոյթները, կարծես, նոյնն են, բայց մենք շատ աւանդոյթներից հրաժարուել ենք:  Իրենք չեն նեղւում ինձնից: Օրինակ, ինձ համար խորթ է բաժակաճառ ասելը: Աւանդոյթներ կան, որոնց հետ համաձայն չեմ եւ փորձում եմ սրբագրել: 10 տարի առաջ ահաւոր վիճակ էր: Շատ էր պատահում, երբ յուղարկաւորութիւնների էի գնում  ու բարկանում էի: Յետոյ սկսեցի չգնալ յուղարկաւորութիւնների:

Հ.- Ինչո՞ւ:

Պ.- Որովհետեւ տեսնում էի, որ քահանայ հօր փոխարինում էր դուդուկ նուագողը, ուտում-խմում էին  յուղարկաւորութիւնների ժամանակ, ինչը խորթ է ինձ համար: Իսկ յուղարկաւորութիւններին պէտք է լինի հոգեւոր մխիթարանք, բայց հիմա մի քայլ առաջ է` դուդուկի կողքին հոգեւորական էլ կայ, սակայն անելիքները դեռեւս շատ են:

Հ.- Ազգային  դիմագիծ կա՞յ:

Պ.- Ազգային դիմագիծ կայ, բայց դժբախտաբար ցուցափեղկային է, ինչը կենսակերպ չի դարձել: Ազգայինը կենսակերպ չի դարձել: Հէնց դա էլ փորձում եմ անել իմ հասարակական կազմակերպութեամբ:

Հ.- Եւ յաջողւու՞մ  է:

Պ.- Յաջողութիւնը գալիս է ծնողների խոստովանութիւնից: Ծնողներն ինձ ասում էին, թէ երեխաներին հազիւ են արթնացնում, որ դպրոց գնային, բայց այդտեղ դեռ դասի ժամը չեկած` գալիս են: Ուսուցիչը հայելի է, ես` որպէս տնօրէն, երբեւէ  չեմ նայել ինձ: Երբեմն պատահում է, որ ինչ-որ տեղ կեղտոտւում է, եւ ես սրբում եմ, մաքրում եմ: Մի անգամ մի ծնող էր եկել, ես գետինը պառկած համակարգչի լարերն էի միացնում, հարցրեց, թէ կարո՞ղ է տեսնել տնօրէնին, ասացի` խնդրեմ, ես եմ: Նա շատ էր զարմացել: Տնօրէն չի նշանակում հեռախօսն առնել եւ սուրճ պատուիրել: Տնօրէնը պէտք է համեստ լինի: Երեք ամիսը մէկ հանդէս էի կազմակերպում եւ տօնական սեղանի մթնոլորտում վկայականներ էի յանձնում աշակերտներին իրենց ծնողների ներկայութեամբ: Մի անգամ պատահեց, որ այդ տօնակատարութեանը ներկայ էր աշակերտներից մէկի հայրը, ինչը հազուադէպ է լինում: Եւ  հարցրեցի նրան, թէ ի՞նչ կարծիք ունի իմ դասաւանդման մասին, համաձա՞յն է իմ քննադատութիւններին: Նա պատասխանեց, որ ինքը համաձայն չէ իմ դասաւանդածներին, բայց ուզում է, որ տղան այդպէս մեծանայ: Ի հարկէ, նա պէտք է համաձայն չլինէր ինձ հետ, քանի որ արդէն մեծ է եւ կարծրացել է, իր տպաւորութիւնն ու դաստիարակութիւնն ունի, բայց նա զգում էր, որ իր տղայի դաստիարակութիւնն աւելի ազգային էր, եւ ցանկանում էր, որ տղան այդպէս մեծանայ: Դա ինձ մեծ ուժ տուեց:

Հ.- Ի դէպ, Գիւմրիի բարբառը սովորե՞լ էք:

Պ.- Փոքր-ինչ սովորել եմ: Սկզբից զարմանում էի` իրենք օգտագործում են գ-ն վերջում, իսկ մենք` սկզբում, օրինակ, իրենք ասում են` խաղայ կը, մենք` կը խաղայ: Գիւմրիի բարբառն արեւմտահայերենին աւելի մօտ է: Երեխաներս աւելի լաւ են խօսում Գիւմրիի բարբառով:  Շատ հետաքրքրական են խօսում երեխաներս, երբ պիտի կանչեն մօրը, ասում են` արի, երբ ինձ են կանչում, ասում են` եկուր:

Հ.- Լիբանան կը վերադառնա՞ք:

Պ.- Հակառակ այն, որ Լիբանանն իմ ծննդավայրն է, որտեղ յաճախ եմ գնում, բայց` որպէս հայրենիք, այնտեղ ինձ տանը չեմ զգում: Այնտեղ իմ հարազատներ են, իմ ննջեցեալները` հայրս, մայրս, եղբայրս, բայց չեմ ցանկանայ  զաւակներս դաստիարակել այնտեղ: Կը մնամ Գիւմրիում: Դժուարութիւնները, ի հարկէ, շատ են, որոնք շարունակական են մինչ օրս, սակայն դրանք պէտք է դիմագրաւել: Դժուարութիւնները նիւթական չեն, այլ ազգային եւ բարոյական արժէքների բացակայութիւնն է: Տարին մէկ անգամ համահայկական խաղեր են կազմակերպում, որն ունենում է աւելի շատ վատ, քան լաւ անդրադարձ:  Գալիս են միայն լաւն են տեսնում այստեղ: Ողորմած հայրս մի հետաքրքիր խօսք ունէր, ասում էր` մինչեւ մենք ցի-ն չվերացնենք, մենք տեղ չենք հասնի: Երբ առարկեցին նրան իր զրուցակիցները` նա պատասխանեց. «Այո, այնճարցի, պէյրութցի, սուրիացի, այդ ցի-ն այլեւս պէտք է վերացնենք»: Ես նաեւ քննադատում եմ սփիւռքի գաղութները, որտեղ օտարամոլութիւնն իր գործն անում է: Նոյնը չէ, ինչ նախկինում, երբ մենք էինք դաստիարակւում: Մենք պէտք է զարթնենք: Վերջերս շատ եմ թէ՛ ֆէյսպուքեան յօդուածներ գրում, թէ՛ ռատիոհաղորդումներ անում: Ամիս չի լինում, որ 60-70 դանակահարութեան դէպք չլինի, որի 90 առ հարիւրը  անարգանքի, հայհոյանքի պատճառով է. սակայն այսօր մեր ազգին հայհոյում են, բայց մենք հանգիստ ենք: Արժէքների բացակայութիւնն է, որ առաջին պատնէշն է, եւ մենք ամէն օր պէտք է ցատկենք  դրա վրայով:

Երեւան-Պէյրութ

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )