Ռուսական Ուժի Եւ Եւրոպական Խոստումի Միջեւ

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Վերջին շաբաթներին երեւանեան լրատուամիջոցներում ու պետական-քաղաքական շրջանակներում կրկին բուռն քննարկումների թեմայ է դարձել Հայաստանի արտաքին քաղաքականութեան առաջնահերթութիւնների խնդիրը, աւելի յստակ` դէպի Ռուսաստա՞ն, թէ՞ դէպի Արեւմուտք` Եւրոպա ու Միացեալ Նահանգներ: Այդ քննարկումներից եւ արուող յայտարարութիւններից տպաւորութիւն է ստեղծւում, թէ Հայաստանն է որոշում կայացնողը` մնա՞լ ռուսական քաղաքական, ռազմական ու տնտեսական ազդեցութեան, այսպէս կոչուած «ռուսական հովանոցի» շրջանակում, թէ՞ թեքուել դէպի Եւրոպական Միութիւն: Աւելին, եթէ ռուսամէտ եւ հակառուս շրջանակները շեշտում են «կամ, կամ» տարբերակը, այսինքն` Հայաստանը պէտք է յստակ ընտրութիւն կատարի կամ դէպի Ռուսաստան, կամ դէպի Եւրոպական Միութիւն, ապա գործող իշխանութիւնները եւ եւրոպական կառոյցները ներկայացնող դիւանագէտները առաջարկում են «եւ, եւ»-ի տարբերակը, այն է` Հայաստանը արտաքին քաղաքական առաջնահերթութիւններում առաջնորդւում է փոխլրացման սկզբունքով` պահպանում է ռազմավարական գործընկերութիւնը Ռուսաստանի հետ եւ միաժամանակ խորացնում Եւրոպական Միութեան հետ համագործակցութիւնը:

Յուլիսի 10-ին Երեւան էր ժամանել Եւրոպական Միութեան հարեւանութեան եւ ընդլայնման հարցերով յանձնակատար Շթեֆան Ֆիւլէն: Չեխ դիւանագէտը, բնականաբար, տեղեակ էր վերջին շաբաթների ներհայաստանեան քննարկումներին: Նա մամուլի ասուլիսի ընթացքում յստակ յայտարարեց, որ Եւրոպական Միութիւնը Հայաստանին չի ստիպում փճացնել յարաբերութիւնները Ռուսաստանի հետ, այլ հակառակը` շարունակել եւ խորացնել աւանդական լաւ յարաբերութիւնները Մոսկուայի հետ: Ֆիւլէն շատ յստակ յայտարարեց նաեւ, որ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը չի սահմանափակելու Հայաստանի հնարաւորութիւնները եւ ներուժը` շարունակել զարգացնել եւ խորացնել իր յարաբերութիւնները ռազմավարական գործընկերների ու հարեւանների հետ:

Հայաստանը յետխորհրդային եւս հինգ երկրների` Պելառուսի, Ուքրանիայի, Մոլտովայի, Վրաստանի եւ Ազրպէյճանի հետ, 2008-ից ներգրաւուել է Եւրոպական Միութեան Արեւելեան գործընկերութեան նախաձեռնութեան մէջ, որը ենթադրում է այդ երկրների` աւելի խորը եւ ընդգրկուն համագործակցութիւն Եւրոպական Միութեան հետ, բայց ոչ անդամակցութիւն: Այս տարուայ նոյեմբերին Վիլնիւսում կայանալու է Եւրոպական Միութեան ղեկավարութեան եւ Արեւելեան գործընկերութեան անդամ պետութիւնների առաջնորդների գագաթաժողով, որի ընթացքում այդ երկրներից մի քանիսը, ամենայն հաւանականութեամբ Հայաստանը, Վրաստանը եւ Մոլտովան, նախաստորագրելու են Ասոցացման համաձայնագիր: Համաձայնագրի թեքսթը դեռեւս չի հրապարակուել, սակայն ակնյայտ է, որ այդ համաձայնագրի ստորագրումը մի շարք արտօնութիւններ ու հնարաւորութիւններ է տալու Հայաստանին ու նրա քաղաքացիներին:

Շթեֆան Ֆիւլէն շատ յստակ յայտարարեց, որ Եւրոպական Միութիւն-Հայաստան յարաբերութիւններում պէտք է շահած դուրս գան երկու կողմերը հաւասարապէս, այսինքն` այնպէս չէ, որ Եւրոպական Միութիւնը միայն տալու է, իսկ Հայաստանը` միայն ստանալու: Նա նշեց եօթ հիմնական ուղղութիւն, որոնցում նկատելի առաջընթացից յետոյ միայն Հայաստանը կարող է ակնկալել համագործակցութեան իրական խորացում Եւրոպական Միութեան հետ: Դրանք են. ժողովրդավարութեան ամրապնդում, մարդու իրաւունքների յարգում, լրատուամիջոցների ազատութիւն, սեռային հաւասարութիւն, փտտածութեան դէմ իրական պայքար, իրաւապահ եւ դատաիրաւական համակարգի կառավարման բարեփոխում եւ առաջընթաց ղարաբաղեան կարգաւորման հարցում:

2008-ին, երբ Եւրոպական Միութիւնը յայտարարեց Արեւելեան գործընկերութեան մասին, Ռուսաստանը բաւականին խիստ արձագանգեց: Արտաքին գործերի նախարար Սերգէյ Լաւրովը յայտարարեց, թէ Եւրոպական Միութիւնը փորձում է նոր «ազդեցութեան ոլորտ» ստեղծել` Արեւելեան գործընկերութեան ծրագիր նախաձեռնելով Հայաստանի, Ազրպէյճանի, Պելառուսի, Վրաստանի, Մոլտովայի եւ Ուքրանիայի հետ:

Ռուսաստանը, օգտագործելով ռազմական եւ տնտեսական ներուժը, փորձում է իր ազդեցութեան ոլորտում պահել այդ երկրներին: Անգամ Վրաստանը, Ուքրանիան եւ Մոլտովան, որոնք հետեւողականօրէն ձգտում էին դուրս գալ ռուսական ազդեցութիւնից եւ թեքուել դէպի Եւրոպական Միութիւն, ստիպուած են հաշուի նստել Ռուսաստանի հետ: Այդ երեք երկրներում տեղի ունեցած իշխանափոխութիւնները ցոյց են տալիս, որ Ռուսաստանը շարունակում է մնալ ամենաազդեցիկ պետութիւնը յետխորհրդային տարածքում: Այդ երկրները բազմաթիւ թելերով կապուած են Մոսկուային, ինչը վերջինիս թոյլ է տալիս հարկ եղած պահին ցաւալի հարուած հասցնել: Այդ հարուածներից ամենացաւալին 2008-ի օգոստոսին ստացաւ դէպի ՕԹԱՆ եւ Եւրոպական Միութիւն ձգտող Վրաստանը:

Հայաստանը ոչ հնարաւորութիւն եւ ոչ էլ համապատասխան ներուժ ունի, որպէսզի կարողանայ միաժամանակ խորացնել համագործակցութիւնը Ռուսաստանի եւ Արեւմուտքի հետ: Գալիս է մի պահ, երբ տարածքով փոքր եւ ազդեցութեամբ ոչ նշանակալի պետութիւնները ստիպուած են լինում կատարել ընտրութիւն: Բայց Հայաստանը խոցելի է այլ պատճառներով եւս: Քանի դեռ Արցախեան հակամարտութիւնը լուծուած չէ, արտաքին քաղաքական առաջնահերթութիւնների հարցում Երեւանը ստիպուած է լինելու հաշուի նստել ռուսական ցանկութիւնների հետ: Հայաստանի կողմից հակառուսական ընկալուող ամէն մի քայլի դիմաց մենք ստիպուած կը լինենք շատ թանկ վճարել Արցախեան հարցում: Խօսքն այն մասին չէ, թէ Ռուսաստանը Արցախի հարցում աջակցում է Հայաստանին ընդդէմ Ազրպէյճանի: Այդպէս չէ. Արցախի անվտանգութեան երաշխաւորը Հայաստանը եւ հայ ժողովուրդն է: Բայց եթէ Ռուսաստանը զգայ, որ Հայաստանի արտաքին քաղաքականութիւնը վտանգում է իր կենսական շահերը Կովկասում, ապա Հայաստանին պատժելու նպատակով առաջին հերթին օգտագործելու է հէնց Արցախեան խաղաքարտը:

Ռուսաստանը Հայաստանի վրայ ազդելու բազմաթիւ այլ լծակներ եւս ունի: Նշենք դրանից միայն մի քանիսը, որպէսզի հասկանալի լինի, թէ ինչ ծանր հետեւանքներ կը կրի Հայաստանը, եթէ փորձի դուրս գալ «ռուսական հովանոցի» շրջագծից: Արտերկրից ամէն տարի Հայաստան փոխանցուող գումարների աւելի քան 80 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին: Եթէ Ռուսաստանը դժուարութիւններ ստեղծի իր երկրում աշխատող Հայաստանի քաղաքացիների համար, ապա դա ուղղակի աղէտ կը լինի Հայաստանի տնտեսութեան եւ տասնեակ հազարաւոր ընտանիքների համար: Դա իր հերթին կը բերի ներքին ընկերային դժգոհութեան Հայաստանում եւ արտագաղթի նոր ալիքի: Հայաստանից Ռուսաստան կախուածութիւնը հասկանալու համար բաւական է լինել Երեւանի օդանաւակայանում եւ ուշադիր կարդալ չուացուցակը: Իրականացուող չուերթերի մեծագոյն մասը բաժին է ընկնում Մոսկուային եւ Ռուսաստանի տասնեակ քաղաքների:

Հայաստանին կազ մատակարարող հիմնական պետութիւնը Ռուսաստանն է: Հայկական ձեռնարկութիւնների մեծագոյն մասը գտնւում է ռուսական ընկերութիւնների կառավարման տակ: Անշուշտ, այս ամէնը լաւ չէ, սակայն իրականութիւն է եւ պէտք է իրականութեան հետ հաշուի նստել, այլ ոչ թէ առաջնորդուել պատրանքային յոյսերով:

Արտաքին քաղաքական առաջնահերթութիւնների հարցում Հայաստանը ստիպուած է հաշուի առնել անվտանգութեան խնդիրը: Հայաստան-Թուրքիա սահմանի երկայնքով հայ սահմանապահների հետ կանգնած են ռուս սահմանապահները, Գիւմրիում է տեղակայուած ռուսական 102-րդ ռազմահանգրուանը: Անկասկած, լաւ չէ, երբ քո սահմանների պաշտպանութեան հարցում ակնկալում ես երրորդ պետութեան օժանդակութիւնը, լաւ չէ, երբ քո տարածքում ունես երրորդ պետութեան ռազմահանգրուան, սակայն սրանք եւս իրողութիւններ են: Քանի դեռ Թուրքիան եւ Ազրպէյճանը վարում են հակահայ քաղաքականութիւն` փորձելով Հայաստանը ծնկի բերել տնտեսական շրջափակման եւ քաղաքական մեկուսացման ճանապարհով, պաշտօնական Երեւանը ստիպուած է լինելու անվտանգութեան հարցում մնալ Ռուսաստանի ազդեցութեան տիրոյթում:

Եւ քանի դեռ Հայաստանը չի կարգաւորել իր յարաբերութիւնները մի կողմից Ազրպէյճանի, միւս կողմից` Թուրքիայի հետ, ապա արտաքին քաղաքական առաջնահերթութեան եւ անվտանգութեան համակարգերի ընտրութեան հարցում ստիպուած է լինելու հայեացքը ուղղել դէպի Մոսկուա: Գուցէ լաւ չէ, երբ Հայաստանը իր անվտանգութեան հարցում դիմում է երրորդ պետութեանը, բայց ցաւալի իրականութիւն է:

Յատուկ «Ազդակ»ի համար

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )