Անլռելի Պարոյրը Երբ Մեր Կողքին Էր Պարոյր Սեւակը…

ԱՒԻԿ ԻՍԱՀԱԿԵԱՆ

Այսօր շատ բան չի յիշւում, դրա համար մենք պէտք է գրենք, որ չմոռացուեն 40-50 տարի առաջ արուած սեւ գործերը: Մենք պիտի յիշեցնենք, որ դրանք նորից չկրկնուեն:

ԱՒԻԿ ԻՍԱՀԱԿԵԱՆ

* * *

1967 թուականի հոկտեմբերի 17-ին լրացաւ տասը տարին, որ Վարպետը` Աւետիք Իսահակեանը, չկար: Յիշեցին, որ դեռեւս տասը տարի առաջ որոշում էր կայացուել, որ Հայաստանի ԳԱ Մ. Աբեղեանի անուան Գրականութեան հիմնարկը ձեռնամուխ պէտք է լինէր Իսահակեանի երկերի գիտական (ակադեմական) հրատարակութեան իրականացմանը: Ճիշդն ասած` ժամանակին` 1963-1964 թթ., երբ Գրականութեան հիմնարկի տնօրէնը դեռ փրոֆեսէօր Գուրգէն Յովնանն էր, մեր տանը Արամ Ինճիկեանի ղեկավարութեամբ ամէն օր բնագրագէտների մի խումբ (ներկայումս կայ այդ խմբի աշխուժ աշխատակցուհիներից մեր Անահիտ Վարդանեանը) սկսել էր աշխատանքը Վարպետի ակադեմականի ուղղութեամբ, մշակում, դասաւորում էին ձեռագրերը, պատրաստում էին ապագայ ակադեմականի հատորների ծրագիրը: Եւ տատիկս շա՜տ ոգեւորուած, ինչքան կարող էր` օգնում էր խմբի աշխատանքներին: Իր ձեռքով կաթով սուրճ էր պատրաստում, մայրս էլ` խմորեղէն: Բոլորն էլ գիտէին, որ ազգօգուտ գործ է արւում: Երբ սկսեցին այդ աշխատանքները, ես հազիւ 19 տարեկան էի եւ չնայած լաւ կարդում էի պապիս ձեռագրերը, բայց մեր գիտնականները մի տեսակ խանդով էին նայում այն հանգամանքին, երբ տատս կանչում էր, թէ` Աւիկ, Աւի՛կ, եկ տե՛ս ինչ է գրել Աւետիքը, տե՛ս ինչեր է ասում թուրքերի մասին… Եւ երբ մօտենում էի սեղանին, նրանց թւում էր, թէ իրենց «աշխատանքին», որ բացառիկ գաղտնի բնոյթ ունի, կարող է տեղեակ լինի մէկը, որը չունէր այդ արտօնութիւնը: Եւ փոքր-ինչ շփոթմունք էր տիրում այն տիրոյթում, ուր փռուած էին պապիս ձեռագրերը… Դէ, իսկ ձեռագրերը խօսել չգիտէին, բայց օժտուած էին համբերութեամբ, որ կը գայ պահը, եւ Աւիկը մօտիկ կը գայ… Եւ Արամ Նիկիտիչին էլ թւում էր, թէ Աւիկը մի պահ մի բան կ՛իմանայ, որ «վստահուած էր» միայն իրենց: Երեւի հիմնարկի տնօրինութիւնը ցուցում էր տուել, թէ այնպէս արէք, որ Վարպետի գրածների բովանդակութիւնը ձեզանից բացի մարդ չիմանայ: Թէեւ թոյլտուութիւնը ընդհանրապէս Աւետիքի ձեռագրերը ուսումնասիրելու առնչութեամբ այդ խմբին տատս էր տուել, սակայն այդ մասին «մոռանում էին»: Եւ երբ նրանք գնում էին, ես եւ տատս նստում, երկար նայում, կարդում էինք միմեանց փայլուն կտորներ եւ զարմանում. արդէն 7 տարի է, որ Վարպետը մահացած էր, միթէ՞ չէր կարելի մի հատոր նրա անտիպներից տպագրել: Արամ Նիկիտիչն ասում էր` դեռ շուտ է, այ, մի քանի տարուց… Եւ մի բան, որ ուշանում է, ժամանակին չի արւում, յետոյ աւելի չարագուշակ բնոյթ է ստանում: Ռազմաճակատից եկած եւ ապա 10 տարի Գրականութեան հիմնարկում աւագ գիտաշխատող աշխատած Յովնանին 1954 թուականին նշանակում են հիմնարկի տնօրէն եւ ուղիղ տասը տարի նա մնաց այդ պաշտօնում: Հարկ է ասել, որ Յովնանի օրօք տպագրուել են հիմնարկի լաւագոյն հրատարակութիւնները, մանաւանդ հայ դասականների ակադեմական հատորները: Հէնց Յովնանն էլ նախաձեռնեց Իսահակեանի ակադեմականը: Սակայն 1964 թուականին նշանակեցին Գրականութեան հիմնարկի նոր տնօրէն` Վաչէ Նալբանդեանին, նոյնպէս պատերազմի բովով անցած, սակայն հետագայում ՀԿԿ Կենտկոմի պատասխանատու աշխատող, որն, ի դէպ, լինելով Մ. Աբեղեանի անուան Գրականութեան հիմնարկի տնօրէն, իր տոքթորական աւարտաճառը պաշտպանել է Թիֆլիսում, քանզի նրա տոքթորականի առաջին պաշտպանութիւնը ԵՊՀ բանասիրական բաժանմունքի գիտխորհրդում տապալուեց, թէեւ քուէարկողների մի մասը շնորհաւորել էին նրան` այդ շրջանում նաեւ Գերագոյն խորհրդի նախագահութեան նախագահի տեղակալին: Ուստիեւ ակադեմական հիմնարկի տնօրէնը, թողած այն գիտխորհուրդը, որն ինքն է ղեկավարում, գնում է ատենախօսութիւն պաշտպանելու հարեւան Վրաստանում:

Մի խօսքով, կարճահասակ Յովնանին փոխարինեց բարձրահասակ Նալբանդեանը: Վերջինս էլ, քանի որ իր թեկնածուական աւարտաճառը գրել էր «Սովետական պատմավէպը եւ Դ. Դէմիրճեանի «Վարդանանքը»» թեմայով (կարծես թէ պատմավէպը կարող է լինել դրամատիրական կամ ժողովրդավարական), որոշեց կանգնեցնել Իսահակեանի ակադեմական հրատարակութեան խմբի աշխատանքները եւ փոխարէնը ձեռնամուխ լինել Դեմիրճեանի ակադեմականին: Նալբանդեանը կուսակցական կեդրոնացման հրաշալի գիտակ էր: Շուտով գտնուեց Վարպետի ակադեմականի դադարեցման պատրուակը: Հարիր չէ, որ գիտական խումբը աշխատէր տնային պայմաններում, թէկուզ այդ տունը Վարպետինն էր եւ այդտեղ էր բանաստեղծի ողջ արխիւը: Պետութիւնը աշխատավարձ է տալիս, սակայն աշխատում են մասնաւոր անձի առանձնատանը. մինչեւ բոլոր ձեռագրերը չհաւաքուեն պետական յարկի ներքոյ, մինչեւ չիմանանք, թէ ինչ է գրել Վարպետը իր «թափառ կեանքում» եւ ինչ է պատրաստւում տպագրել Ինճիկեանի խումբը, ինչպէ՞ս կարելի է նման գործունէութիւնը շարունակել: Թէ չէ սա ընդյատակեայ աշխատանքի պէս մի բան է: Իսկ եթէ մի նամակ կամ այլախոհ բանաստեղծութիւն անօրինական ընկնի դաշնակցական մամուլի ձե՞ռքը: Ու այս հարցը, որպէսզի օրինական լուծում ստանայ, դրուեց Գրականութեան հիմնարկի գիտխորհրդի նիստի, որը տեղի ունեցաւ 1966 թուականի աշնանը` պրեժնեւեան «լճացման» սկզբնական շրջանում: Ինձ էլ էին հրաւիրել: Որպէս հնարաւոր տարբերակ` մեզ ասում էին` Վարպետի ձեռագրերը պահ տուէք մեզ, ենթադրենք մի հինգ տարով, յետոյ այն մենք ձեզ կը վերադարձնենք:

Ինչպէ՞ս կարող էինք մենք համաձայնուել նման ոչ իրաւաբանական հիմք ունեցող մի առաջարկի հետ: Այն, որ տատս աչքի լոյսի պէս պահել է` վտանգի ենթարկելով իր կեանքը, մի քանի անգամ անցկացրել ռուսական միապետութեան սահմաններով, եւ յետոյ` այն սրբութիւն է եղել մեր օճախում տարիներ շարունակ, ինչպէ՞ս յանձնես բախտի քմահաճոյքին:

Բնական է` մերոնք չհամաձայնուեցին: Առաջարկ եղաւ դիմացը գումար տալ, բայց քանի որ գումարը մեծ էր լինելու, ուզում էին այն վճարել մաս-մաս` մի քանի տարիների ընթացքում: Բայց այսօրուայ ղեկավարի ո՞ր խօսքին էր տէր կանգնում վաղուայ ղեկավարը, որ մենք համաձայնուէինք: Դրութիւնը «պատային» էր:

Ինչպէս ասացի, Իսահակեանի ակադեմականի հարցի վերաբերեալ որոշուեց գիտխորհրդի ժողով հրաւիրել:  Ես չեմ վերապատմի ժողովն ամբողջութեամբ, միայն կը բերեմ հատուածներ Սեւակի ելոյթից.

«Մի պրորաբի (շինարարութեան ղեկավարի) մէկ տարում թալանածին հաւասարարժէք գումարը ի՞նչ է, չե՞նք կարող հատուցում տալ Իսահակեանների ընտանիքին: Աշխարհի մեծագոյն բանաստեղծներից մէկի ձեռագրերը գին չունեն, ինչի՞ մասին է խօսքը, ամօթ չէ՞, մենք պետութիւ՞ն ենք, թէ՞ ոչ»: Խօսողը Պարոյր Սեւակն էր, խօսում էր մեծ պոռթկումով, զայրացած. «Քիչ է, որ Վարպետի մահից յետոյ մենք մի տող չենք տպել նրա անտիպ գրուածքներից, անյայտութեան մէջ է դեռ նրա «Ուստա Կարօ» վէպը, ինչպէս կար, այսօր էլ մնում են անտիպ նրա ձեռագիր գանձերը: Հայ ժողովուրդը սպասում է Վարպետի երկերին, իսկ մենք շուկայ ենք սարքել` այսքան տա՞նք, թէ՞ չտանք, տա՞նն աշխատեն, թէ՞ թանգարանում: Ինչո՞ւ ձեռագրերը պէտք է լինեն պետական վերահսկողութեան տակ: Վարպետը նոր բան հոյ չէ՞ր գրելու, ինչ կայ` սա է… Ի՞նչ է, վերջապէս, մենք Գրականութեան հիմնա՞րկ ենք, թէ՞ ֆինանսների նախարարութիւն: Մենք պէտք է պահանջենք, որ պետութիւնը ձեռք բերի Վարպետի ձեռագրերը, եւ մենք պէտք է տպագրենք դրանք եւ տպագրենք անյապաղ` հէնց այս տարի, հէնց այս ամիս, հէնց վաղուանից»:

Այս խօսքերը ես բերում եմ ոչ միայն յիշողութեամբ, ազդուած մեծ գրողի ելոյթից, ես դրանք հէնց նոյն օրը գրի եմ առել: Այդ ժողովի մասնակիցներից, փառք Աստծոյ, այսօր կան ակադեմիկոսներ` Սերգէյ Սարինեանը, Արամ Գրիգորեանը, Սարգիս Յարութիւնեանը, գրականագէտներ` Յասմիկ Աբեղեանը, Ալմաստ Զաքարեանը (որն, ի դէպ, նոյնպէս մի կրակոտ ելոյթ ունեցաւ Վարպետի ակադեմականի տպագրման անհրաժեշտութեան մասին), Քնարիկ Տէր Դաւթեանը, այնպէս որ, իմ խօսքերը կարող են գործընկերներս լրացնել: Բոլորը, բոլորը կողմ էին, բայց եղաւ հակառակը, այսինքն` ի վնաս Վարպետի: Կա՞յ արդեօք այնպիսի մի երկիր, ուր անցնի ոչ թէ մեծամասնութեան, այլ` տնօրէնի տեսակէտը. այո, կա՛ր այդպիսի երկիր, եւ դա «յաղթանակած սոցիալիզմի» երկիրն էր:

…Եւ ինչքանո՞վ էր պատշաճ, որ Իսահակեանի ծննդեան 100-ամեակի նախօրէին տպագրութեան իջան նրա կրտսեր ընկերոջ` Դերենիկ Դեմիրճեանի ակադեմականի հատորները: Արժէքների ստորադասման նման խախտում առաջին հերթին չէր ողջունի հէնց ինքը` իմաստուն Դերենիկ Դեմիրճեանը…

Երբ ժողովն աւարտուեց, ես մօտեցայ Պարոյր Սեւակին եւ սրտանց շնորհակալութիւն յայտնեցի.

– Թէպէտ այսքան մարդ կար, բայց ոչ մէկի սիրտը, բացի ձեզնից, չի ցաւում: Ամենաթունդը, ազդեցիկը ձեր ելոյթն էր:

Սեւակը դառը ժպտաց.

– Է, գիտես, Աւիկ ջան, մի բան կը փոխուի՞: Պատը կը մնայ պատ ու կը ջարդուի մի լաւ ճակատ:

Գիտէ՞ր արդեօք Սեւակը այս խօսքերը արտաբերելիս, որ չորս տարի անց Հայաստանի գիտութիւնների ակադեմիայի իսկական անդամի ընտրութիւններին տեղի կ՛ունենար աղաղակող անարդարութիւն, իբր թէ փակ-գաղտնի ընտրութիւնների արդիւնքում Պարոյր Սեւակին գերազանցել էր նրա նոմենկլատուրային ախոյեանը` նոյն ինքը Վաչէ Նալբանդեանը…

Մեծն Կոմիտասի 100-ամեակի նախօրէին լոյս տեսած «Անլռելի զանգակատուն» պոէմը մի նոր աստիճանի բարձրացրեց Սեւակ  հեղինակի անունը, եւ Սեւակն իր քաղաքացիական խիզախութեամբ ու մաքրութեամբ կուռք էր դարձել հայ երիտասարդութեան համար:

1969 թուականի սկզբներին «Գրական թերթում» (թիւ 9) լոյս տեսաւ Սեւակի «Թումանեանի հետ» յօդուածը, որ գրուած էր մեծ բանաստեղծի ծննդեան 100-ամեակին ընդառաջ:

Աբովեան փողոցով անցնելիս, Հայֆիլհարմոնիայի փոքր դահլիճի դիմաց տեսայ Սեւակին: Ջերմ բարեւեցինք: Երեւի տարուց աւելի չէի տեսել:

– Պարոյր Ռաֆայէլովիչ, այդ ի՜նչ հոյակապ յօդուած էիք գրել Թումանեանի մասին: Ա՛յ, այսպիսին պէտք է լինի ստեղծագործողի գնահատականը, թէ չէ մերկապարանոց յայտարարութիւններ են անում…

– Ե՞րբ է Իսահակեանի 100-ամեակը:

Ես ասացի.

– Վեց տարուց, 1975 թուին…

– Ուրեմն մի փոքր սպասիր, տե՛ս ի՜նչ յօդուած եմ գրելու Իսահակեանի մասին,- եւ մի փոքր լռելուց յետոյ աւելացրեց,- ախր, նա՛ է իմ պոէտը, գնալով ես դրա մէջ աւելի եմ համոզւում, նա՛ է իմ պոէտը…

– Կը սպասեմ անհամբեր:

– Չէ, երեւի աւելի շուտ կը գրեմ, թող անցնի թումանեանական տարին, եւ ես իմ ասելիքս ի յայտ կը բերեմ Վարպետի մասին:

Հրաժեշտին հարցրեց.

– Ինչո՞վ ես զբաղւում:

– Սովորում եմ Մոսկուայում, Գորկու անուան համաշխարհային գրականութեան հիմնարկում:

– Հայեր շա՞տ կան ձեր հիմնարկում:

– Ինձանից բացի` Աշոտ Սահրադեանը, Հենրիկ Էդոյեանը եւ Արտէմ Յարութիւնեանը:

– Հա, հա, գիտեմ, առաջինը ինձանից մի քանի բան է թարգմանել, իսկ միւս երկուսը «նոր ալիքի» շնորհալի բանաստեղծներ են, ունեն իրենց ասելիքը, տեսնենք` ի՛նչ դուրս կը գայ… Դէ լաւ է, որ Մոսկուայում, նման հեղինակաւոր հիմնարկում էք սովորում, շատ բան կը շահէք:

– Պարոյր Ռաֆայէլովիչ, ամէն անգամ Մոսկուայում Գրականութեան հիմնարկի մօտով անցնելիս` ձեզ եմ յիշում: Մոսկուան իրօ՞ք օգտակար եղաւ ձեզ համար:

– Այո՛, շա՛տ, մարդ չի կարող նոյն թաւայում երկար տապակուել, եւ այն էլ ասեմ` ռուս նոմենկլատուրային չինովնիկը աչքիս այնքան ատելի չէ, որքան մերը` տեղականը:

– Դէ, օտարի վատը մեր սրտին չի դիպչում: Նաւահանգիստ ենք մտել, օրը կը գայ` մեր նաւը դուրս կը բերենք, իսկ տնից ո՞ւր դուրս գաս…

Երբ մենք խօսում էինք, ընդամէնը տասներկու տարի էր, որ Վարպետը չկար, եւ ես հայեացքս վեր յառելով Ֆիլհարմոնիայի շէնքին, փոքր-ինչ շեղուելով մեր թեմայից` ասացի.

– Պարոյր Ռաֆայէլովիչ, մենք կանգնած ենք այն շէնքի շեմին, որը եղաւ Վարպետի կեանքի վերջին երկրային կանգառը:

– Ինչպէս թէ չէ, լաւ յիշում եմ… ես եղել եմ մէկը, որ իր ուսերի վրայ տարել է Վարպետի աճիւնը այս դահլիճից մինչեւ բեռնատարի թափքը, յետոյ էլ մի կերպ գցեցի ինձ այդ նոյն մեքենայի թափքը եւ ամբողջ ճամբին, մինչեւ Կոմիտասի այգի, ընթացել եմ ձեռքս դրած նրա դագաղին:

Աւետիք Իսահակեանի թանգարանում պահւում է այդ պատմական լուսանկարը` Սեւակը բեռնատարի թափքին, Վարպետի դագաղի մօտ…

Սա մեր վերջին հանդիպումը չեղաւ: 1971 թուի յունիսի 1-3 Երեւանում տեղի ունեցաւ Հայաստանի գրողների միութեան 6-րդ համագումարը: Արտաքինից իշխանութիւնները իբր գրականութեանը մեծ տեղ էին յատկացնում: Համագումարն իր աշխատանքները անց էր կացնում ՀԽՍՀ կառավարութեան շէնքի Սովետների նիստերի դահլիճում (ուր հիմա ամէն մի ինքնաստեղծ կուսակցութիւն կարող է իր համագումարն անցկացնել):

Մենք` որպէս գրականութեան բնագաւառի երիտասարդ հետեւորդներ, հրաւիրատոմս էինք ձեռք բերել: Ասում էին` Սիլվայի եւ Պարոյրի կողմից թունդ ելոյթներ են լինելու: Դա այն շրջանն էր, երբ շատ սուր էր դրուած միութենական (մանաւանդ` Վրաստանում եւ Հայաստանում) ազգային լեզուների հարցը: Սուսլովը եւ նրա իւրայինները պահանջում էին, որ խորհրդային քաղաքացու անձնագրում չնշուի ազգային պատկանելութեան պարագան, պարզապէս գրուի ազգութեան դիմաց` ՍՍՀՄ քաղաքացի, եւ առաջին լեզուն բոլորի համար համարուի ռուսերէնը: Առաջինը վրացիներն էին բողոքի ձայն բարձրացրել եւ սպասւում էր, որ նրանց պատուիրակութիւնն էլ այդ մասին պիտի խօսի, եւ յետոյ նրանց իր ելոյթով ձայնակցեց Սիլվա Կապուտիկեանը, որ խօսեց նաեւ Հայաստանում աղէտալի չափերի հասած փտածութեան երեւոյթի մասին: Վրացիները մեծ հաւանութիւն էին տալիս Սիլվային` համարելով նրան ամենահամարձակը հայ գրողներից: Սեւակը երկու թէ երեք օր լռում էր, սակայն ծայրայեղ նեարդացած էր երեւում, ինչպէս ասում էր ժողովուրդը` «Սեւակը կարծես աւելի սեւացել էր»… Վերջին օրը խօսեց եւ շատ զուսպ ու հակիրճ արտայայտեց իր դիրքորոշումը, որ ինքը յոգնել է հասարակական բնոյթի, ոչ գրողական աշխատանքներից, որ 1970 թուականից ինքը հրաժարուեց ՍՍՀՄ Գերագոյն խորհուրդի պատգամաւոր լինելուց (ընտրուել էր 1967 թուականին, Հայաստանին տրուած մշակութային գործիչի մասնաբաժնով, եւ այդ «երանելի» մանտաթը 1970 թ. կրկին յանձնուեց «Կիւլնարա» եւ «Սպանիայի պատանի հերոսները» գրքերի հեղինակ Գեղամ Սարեանին, ըստ էութեան` անվնաս մի մարդու, որը շատ յարմար էր խորհրդային պատգամաւոր ողբերգակատակերգական հասկացողութեանը), որ ներկայումս խնդրում է իրեն չառաջադրել ՀԳՄ վարչութեան կազմում, ինչպէս եւ նախօրօք հրաժարւում է ընդգրկուել Գրողների համամիութենական համագումարին Մոսկուա մեկնելիք պատուիրակութեան կազմում:

Սեւակը փաստօրէն դուրս էր գալիս իրեն ստիպողաբար հրամցրած խաղի կանոններից` ո՛չ ՀԳՄ քարտուղար, ո՛չ միութենական Գերագոյն խորհրդի պատգամաւոր, ո՛չ համամիութենական գրական ֆորումի մասնակից… Նա շատ ռէալ հասկացնել տուեց` դուք ձեզ համար, ես` ինձ համար… Նրան ձեւական արտօնութիւններ պէտք չէին: Նա ուզում էր տէրը լինել իր արածի: Դեռեւս 1967 թ. պաշտպանել էր ատենախօսութիւնը` նուիրուած Սայաթ Նովային, իսկ համամիութենական Բոհ-ը հայաստանեան իր գործակալների աջակցութեամբ խոչընդոտում էր նրա գիտական աստիճանի հաստատմանը: Եւ միայն 1970 թ. ԲՈՀ-ը հաստատեց Սեւակին բանասիրութեան տոքթորի գիտական աստիճանի շնորհումը: 1969 թուականին Պետհրատի ծրագրից անձամբ ՀԿԿ Կենտկոմի քարտուղար Ռոբերտ Խաչատրեանի կարգադրութեամբ հանուեց «Անլռելի զանգակատան» երկրորդ հրատարակութիւնը, եւ կոմիտասեան յոբելեանն անցաւ առանց Սեւակի գլուխգործոցային պոէմի նոր հրատարակութեան: Ստեղծագործական վերջին տարիների հանրագումարային «Եղիցի լոյս» գիրքը փաստօրէն դրուեց կալանքի տակ:

Բանաստեղծի համար նոյնը չէ՞ր` իրե՞ն ձերբակալէին, թէ՞ իր գիրքը: Երկու տարի կրկին ծանր սպասողական վիճակ եւ վերջապէս` վերջին կաթիլը համբերութեան, երբ 1971 թ. տարեսկզբին ինքը յաղթանակեց ակադեմիայի ընտրութիւններում, սակայն ընտրութեան արդիւնքները, ինչպէս ծուռ հայելիների թագաւորութիւնում, ցոյց տուեցին ուրիշի յաղթանակը: «Անլռելի զանգակատուն» պոէմի եւ «Սայաթ Նովա» մենագրութեան հեղինակը, այնպիսի անհատականութիւն, որ ծնւում է 100 տարին մէկ, չարժանացաւ ազգային ակադեմիայի անդամ լինելու…

Այո, այսօր արդէն շատ բան չի յիշւում, եւ դրա համար ենք մենք գրում, որ չմոռացուեն 40-50 տարի առաջ արուած սեւ գործերը: Մենք պիտի յիշենք, որ դրանք նորից չկրկնուեն:

Չանախչիից Թիֆլիս գնացող մեքենայի ճամբին պարտադիր չէր մարդասպան ուղարկել, բաւական էր խենթացնել, կատաղութեան եզրին հասցնել հէնց վարորդին: Մնացածը անխուսափելի էր, ինչպէս դա եղաւ Պարոյր Սեւակի դէպքում:

ԱՒԻԿ ԻՍԱՀԱԿԵԱՆ
Բանասիրական գիտութիւնների տոքթոր
Երեւանի Մ. Աբեղեանի անուան
գրականութեան հիմնարկի տնօրէն

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )