Յայտարարութիւն

Երէկ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը հրապարակեց յայտարարութիւն մը, որով պահանջեց կասեցնել հանրային փոխադրամիջոցներու սակագիներու բարձրացման որոշումը:

Ստորեւ` յայտարարութեան բնագիրը.

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը դատապարտում է հանրային փոխադրամիջոցների սակագները չհիմնաւորուած, 50 տոկոսով բարձրացնելու` իշխանութիւնների որոշումը: Այդ քայլը քաղաքական, տնտեսական, ընկերային եւ իրաւական տեսանկիւնից անընդունելի է:

Իշխանութիւնները նախընտրական շրջանում վստահեցնում էին, թէ գների կտրուկ բարձրացում տեղի չի ունենալու, խոստանում էին իրական կենսամակարդակի աճ: Սակայն յետընտրական փուլում կազի, ելեկտրականութեան, այլ հիմնական ապրանքատեսակների ու ծառայութիւնների գների աճին յաջորդեց հանրային փոխադրամիջոցների սակագների բարձրացումը: Նրանք հերթական անգամ մոլորեցրել են հանրութեանը` առաջացնելով անապահովութեան, անպաշտպանուածութեան զգացողութիւն, ապագայի հանդէպ անվստահութիւն:

Անտրամաբանական է պաշտօնատար անձանց բացատրութիւնը, թէ կազի եւ ելեկտրականութեան սակագների աճը կապ չունի հանրային փոխադրութեան թանկացման հետ: Եթէ այդ պնդումը ճիշդ է, ուրեմն իշխանութիւնը վարում է մի խումբ անձանց շահերը հանրութեան շահերից գերադասելու քաղաքականութիւն: Եթէ պնդումը ճիշդ չէ, ապա իշխանութիւնը եւս մէկ անգամ խաբում էր հանրութեանն ու մասնագիտական շրջանակներին` նշելով, որ կազի եւ ելեկտրականութեան գների բարձրացումը երկրում բերելու է ընդամէնը մինչեւ 2.7 տոկոս գնաճի: Երկու դէպքում էլ քաղաքական իշխանութիւնը գործում է ի վնաս հասարակութեան:

Ընկերային եւ տնտեսական տեսանկիւնից քաղաքական իշխանութեան քայլը հակասում է միջազգային փորձի տարրական կանոններին, երբ գնային քաղաքականութեան լաւագոյն գործիք է մրցակցութիւնը: Մինչդեռ հանրային փոխադրութեան, օրինակ` երթուղային թաքսիների ոլորտում, ձեւաւորուել է քաղաքական եւ տնտեսական ոլորտները զուգակցող` ազդեցիկ անձանց մենաշնորհ: Բացի այդ, միջազգային փորձը վկայում է, որ գների մակարդակի առարկայական բարձրացմանը նախորդում կամ անմիջապէս յաջորդում է հանրութեան եկամուտների աւելի բարձր աճը: Հայաստանում այդպիսի բան տեղի չի ունեցել: Միջազգային լաւագոյն փորձի օրինակ է նաեւ բազմասակագնային ծրագրերի, զեղչային համակարգերի, փոխադրական երթեւեկութեան քորփորաթիվ փաթեթների, միասնական փոխադրական փաստաթղթերի եւ այլ միջոցների գործադրումը, ինչն առողջացնում է հանրային փոխադրամիջոցների ֆինանսական համակարգը, մեծացնում է հանրային վերահսկողութիւնը, աւելացնում է ուղեւորահոսքը, յանգեցնում ուղեվարձերի նուազեցմանն ու մատչելիութեանը:

Առ այդ` ՀՅԴ Գերագոյն մարմինը

ա.- Դատապարտում է Հայաստանի իշխանութիւնների նման անհեռատես քաղաքականութիւնը,

բ.- Պահանջում է կասեցնել հանրային փոխադրամիջոցների սակագների բարձրացման որոշումը եւ որեւէ բարձրացում իրականացնել սակագնի ձեւաւորման թափանցիկ մեքանիզմով, բնակչութեան եկամուտների աճին համապատասխան,

գ.- Առաջարկում է ստեղծել հանրային-մասնագիտական խումբ` մշակելու եւ ներդնելու բազմասակագնային ծրագրերի, զեղչերի, փոխադրական երթեւեկութեան քորփորաթիվ փաթեթների իրաւական-միասնական համակարգ,

դ.- Ողջունում եւ իր աջակցութիւնն է յայտնում այն քաղաքացիական խմբերին եւ երիտասարդներին, ովքեր ընդվզում են այս խայտառակ որոշման դէմ եւ աշխուժ կեցուածքով պաշտպանում են իրենց եւ հանրութեան իրաւունքները:

ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՅՆ ՄԱՐՄԻՆ

 

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )