Արտաւազդ Թումանեան. Նամականի

Ներկայացրեց ԱՐՄԻՆԷ ԳՈՒՆՏԱԳՃԵԱՆ

ՅովհաննԷս Թումանեանի թանգարանում յունիսի 21-ին «Արտաւազդ Թումանեան. նամականի» գրքի շնորհահանդէսն էր: Թումանեանական յարկի տակ թեւածում էր  Ամենայն հայոց բանաստեղծի ընտանիքին բնորոշ հիւրընկալութիւնը, սէրը, ջերմութիւնը:

2008 թուականին թանգարանին իրաւաբանօրէն իրաւունք տրուեց տնօրինելու Թումանեանի ընտանեկան արխիւը: Թանգարանի գիտական անձնակազմը սկսեց արխիւային նիւթի ուսումնասիրութիւնը եւ նախաձեռնեց  «Թումանեանի զաւակները» մատենաշարի լոյս ընծայումը: 2011-ին տպագրուեց մատենաշարի անդրանիկ ժողովածուն` «Աշխէն. յուշեր եւ ընտանեկան պատմութիւններ» խորագրով: Շարունակուող ուսումնասիրութիւնը երկար սպասեցնել չտուեց, եւ այս տարի լոյս տեսաւ մատենաշարի յաջորդ գիրքը` «Արտաւազդ Թումանեան. նամականի.  գիրք Ա.»:

Թանգարանի տնօրէն  Նարինէ Թուխիկեանը նշեց, որ Թումանեանի զաւակներից ամենամեծ  արխիւն ունի Արտաւազդը, որը նախատեսւում է հրատարակել մի քանի հատորով: Առաջին հատորում զետեղել են Արտաւազդի փոխադարձ նամակագրութիւնը հօր, ընտանիքի միւս անդամների, ընկերների եւ ժամանակակիցների հետ: Գիրքը հրատարակել է «Մուղնի» հրատարակչութիւնը (տնօրէն` Ռուզան Պետրոսեան): Արտաւազդի կեանքի յուզիչ շատ դրուագներ են բացայայտուել հետազօտական աշխատանքի ընթացքում: Հետաքրքիր փաստեր պատմեցին  գրքի կազմողներ` թանգարանի հասարակայնութեան հետ կապերի բաժնի վարիչ Սուսաննա Ադամեանը եւ գիտաշխատող Անի Եղիազարեանը:

Գրքի առաջաբանում համապարփակ տեղեկատուութիւն է տրուել Արտաւազդի մասին, ներկայացուել է նրա բազմապիսի հետաքրքրութիւնների շրջանակը: Նա բանաստեղծի չորրորդ զաւակն էր, ծնուել էր 1894-ին Թիֆլիսում: Ժամանակակիցներից շատերն են նկատել, որ բանաստեղծին թէ՛ արտաքինով, թէ՛ ներաշխարհով, ամէնից շատ Արտիկն է (այդպէս էին նրան քնքշօրէն անուանում տնեցիներն ու մտերիմները) նման եղել:  Մանկութեան տարիներից նկատուել են նրա գրական հակումները, նկարելու շնորհքը: Առաջին ստեղծագործական քայլերն սկսել է փոքրիկ ոտանաւորներ, երգիծական պատմութիւններ գրելով` պատկերացրել է ապագայ գրքի տեսքը, տնային պայմաններում իր իսկ ձեռքով կազմել, խմբագրել, ձեւաւորել է գրքոյկներ ու պարբերականներ, հանդէս է եկել որպէս սեփական գործերի հրատարակիչ: Արել է թարգմանութիւններ ու փոխադրութիւններ:

Արտաւազդը թատրոնի, թատրերգութեան  մեծ սիրահար էր եւ գրեթէ ոչ մի ներկայացում բաց չէր թողնում: Նրա գրած թատրերգութիւնների հերոսները տարբեր ժողովուրդների եւ ժամանակների հռչակաւոր արուեստագէտներ էին` Ռաֆայէլը Վան Տէյքը եւ ուրիշներ: Այդ գործերը գրելիս մանրամասն  ուսումնասիրել է նրանց կեանքն ու գործունէութիւնը, կարդացել համապատասխան գրականութիւն: 1912-ին առաջին անգամ բեմ է բարձրանում նրա «Ռուպենս» թատրերգութիւնը:

Անսահման էր Արտաւազդի սէրը հայ ճարտարապետութեան հանդէպ: Սիրում էր ճամբորդել, այցելել հնավայրեր, ուսումնասիրել ճարտարապետական կոթողներ եւ յուշարձաններ:

Արտաւազդը վայելել է այն ժամանակուայ այնպիսի մեծութիւնների ընկերութիւնը, ինչպիսիք են Մարտիրոս Սարեանը, Ղազարոս Աղայեանը, Վահան Տէրեանը, Շիրվանզադէն, Համիկը, Սիրանուշը, Սերգէյ Գորոդեցկին: Նամակագրութիւնը վկայում է, թէ ինչ յարգանք են տածել նրանք  Արտաւազդի հանդէպ:

Արտիկի մանկութեան երազանքը նկարիչ դառնալն էր: Թումանեանը, որ ապրում էր զաւակների ամէն մի փոքրիկ յաջողութեամբ, չէր կարող չիրականացնել որդու ցանկութիւնը: Մեծ դժուարութեամբ նա լուծում է գումարային խնդիրը եւ նրան ուղարկում է Մոսկուա, որտեղ նա ընդունւում է ռուս նկարիչ Քելինի արուեստանոց: Արտաւազդի համար այդ ժամանակահատուածը` 1913-14թթ. շատ երջանիկ տարիներ էին:

Սկսւում է Ա. Համաշխարհային պատերազմը: Վերադառնալով Թիֆլիս` նա զօրակոչւում է բանակ եւ պարտադիր զինուորական ծառայութիւնից  յետոյ կամաւոր մնում աշխատելու Միջազգային կարմիր խաչի համառուսական քաղաքների միութեան կովկասեան կոմիտէում, 1916թ. նշանակւում է Վանի լիազօր ներկայացուցիչ: Գրքում բաւականին ծաւալուն բաժին յատկացուած է ռազմաճակատից նրա գրած նամակներին, որոնցում նկարագրուած են  20-րդ դարասկզբին  Արեւմտեան Հայաստանում հայ ժողովրդին բաժին հասած  ողբերգական դէպքերը: Մեծ բարեխղճութեամբ է կատարում իրեն վստահուած աշխատանքը, ապահովում է հայ գաղթականներին սննդով, բուժօգնութեամբ, բացում ժամանակաւոր կացարաններ, հիւանդանոցներ: Մեծ հայրենասէրը նոյնիսկ կռուի դաշտում ոգեշնչւում է հայրենի երկրի վեհաշուք պատկերներով եւ իր տպաւորութիւնները փոխանցում կտաւին (թանգարանում պահւում են նրա աշխատանքները, որոնցից մի քանիսը տպուել են գրքում): Քրոջը` Նուարդին ուղղուած նամակներից մէկում (թուագրուած 2 մարտի 1916թ.) նա գրում է. «Ապա թէ իմանաս ի՜նչ գեղեցիկ, սրբազան վայրերով եմ անցել, բաւական է տամ Աւարայրի դաշտի անունը… ի՜նչ սքանչելի է… էս դաշտերով, ճամբաներով ի՜նչ թագաւորներ, իշխաններ, ի՜նչ դէմքեր են անցել: Մնացել են զարմացած Րաֆֆու վրայ,  թէ ի՜նչ վարպետօրէն, ճիշդ եւ գեղեցիկ է նկարագրել ամէն մանրամասնութիւն, ի՜նչ թափանցող աչքեր է ունեցել էդ «անհանգիստ հոգին», ի՜նչ զգացմունքներով է փայփայել ամէն մի գրելիք տողը…»: Յուզիչ է Արտաւազդի եւ այն ժամանակ  Արեւմտեան Հայաստանում Միջազգային կարմիր խաչի առաքելութեամբ գտնուող գթութեան  քոյր անգլուհի Էլիզապեթ Արմսթրոնկի նամակագրութիւնը: Պեթին անգլերէն է սովորեցրել Արտաւազդին, նամակները, Պեթիին նուիրած Արտաւազդի բանաստեղծական տողերը խօսում են իրար հանդէպ  տածած քնքուշ զգացմունքների մասին.

Դու օտար աղջիկ իմ հայրենիքում:
Երկուսս էլ լռում ենք, օտար լեզուներ,
Ժպիտով ենք խօսում, լռութեամբ սիրում,
Ա՜խ, ամէն մէկս որքան սէր ունէր
Իրար պատմելու, իրար ասելու: 

Չափազանց սրտառուչ են Վանից Արտաւազդի գրած վերջին նամակները` հասցէագրուած ընտանիքին. 22 փետրուարի 1918թ. «Սիրելիք. երբեք ձեզանից հեռու եղած ժամանակ էնքան ձեզ չեմ կարօտել, ինչպէս վերջին ժամանակներս», մօրը` Օլկային. 9 մարտի 1918թ. «Մայրիկ ջան, էստեղի դրութիւնը բաւականին խախուտ է: Երէկ գիշերուանից Ոստանում արդէն հրաձգութիւններ սկսուեցին:… Դրութիւնը շատ անորոշ է… նահանջը անխուսափելի է, եւ շա՜տ վատ նահանջ կը լինի: Ոչինչ, շուտով ամէն ինչ, յոյս ունեմ, կը վերջանայ, եւ կը պատահենք ողջ եւ առողջ: Աստծոյ խաթեր, գոնէ մի նամակ գրէք, շատ եմ ուզում մի տեղեկութիւն ստանալ ձեզնից: Ամէնքիդ ջերմ համբոյրներ: Քո Արտիկ»:

Յիրաւի, նահանջն անխուսափելի էր: Արտաւազդը զոհւում է Վանի երկրորդ նահանջի ժամանակ` վերջնապահ փոքրաթիւ խմբի կազմում, ընդամէնը 24 տարեկան հասակում: Եթէ նրա կեանքը այդքան վաղաժամ եւ ողբերգականօրէն չընդհատուէր, նա անկասկած մեծ հետք կը թողնէր հայ մշակոյթի որեւէ բնագաւառում: Նրա կորուստը ծանր հարուած էր մեծ գրողի համար, որը մինչեւ կեանքի  վերջը ողբում էր իր սիրելի զաւակի մահը:

Ս. Գորոդեցկին` Թումանեանի ընտանիքի ջերմ բարեկամը եւ Արտաւազդի ընկերը, մեծ ցաւով եւ խոր վշտով գրել է. «Ինչքան շատ ստեղծագործական ուժեր խորտակուեցին նրա մէջ, ափսոս նրա սիրտը, որ լեցուն էր թումանեանական ջերմ արեամբ: Արտաւազդին ծաղկում էր սպասում… Մահն ընտրեց լաւագոյններին, ամէնից հաւատարիմներին, ամէնից պէտքականներին` իբրեւ իր վերջին զոհին, եւ միայն նրանց լուսաւոր ստուերները կը սաւառնեն Հայաստանի վրայ` նրա վերածնութեան օրերին»:

Արտաւազդ Թումանեանի նամակները ընտանեկան մասունքներ են, որոնք օգնում են պատկերացնել, թէ ի՜նչ մթնոլորտ էր տիրում մեծ գրողի յարկի տակ, ինչ յարաբերութիւններ էին հաստատուել ծնողների ու զաւակների միջեւ, ինչպէս է ստեղծագործելու շնորհքը փոխանցուել Թումանեանի զաւակներին, եւ ինչպէս են բանաստեղծի հայրենասիրութիւնը, մարդասիրութիւնը, բարութիւնը արձագանգ գտել նրանց հոգում:

 

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )