Հայի Սրտով Յաւերժախօս Սարոյեանը

ՍԵՐԺ  ՄԱՆՈՒԿԵԱՆ

Սարոյեանի իւրաքանչիւր այցելութիւն Հայաստան` տօն էր ժողովրդի համար: 1935-ին, արեան կանչով, առաջին անգամ եկաւ Հայաստան, հէնց որ «ճանապարհին համար դրամ» ունեցաւ: 1978 թ. աշնանը Սարոյեանը եկաւ չորրորդ եւ, աւաղ, վերջին անգամ: Տողերիս հեղինակը երջանկութիւն է ունեցել գոնէ հպանցիկ շփուելու Սարոյեանի հետ: Սիրով թանկագին մասունքի պէս պահում եմ այն ծոցատետրն ու գրիչը, որին Սարոյեանի ձեռքն է դիպել:

1978 թ. հոկտեմբերի 16-ին Երեւանի պետական համալսարանի դահլիճը նման էր աշխուժ մեղուափեթակի: Սարոյեանի ոգին ու ձայնն էր տիրաբար թեւում դահլիճում: Հպարտութեամբ էր խօսում ճշմարիտ հայերի ոգեղէն հարստութիւնների` խղճի, ազնուութեան, խիզախութեան, մաքրութեան ու բարութեան մասին: Ուսանողներին նա իր մտերիմ բարեկամները համարեց, մանաւանդ որ «ինքս ալ երիտասարդ կը զգամ ինծի…»:

– Ձեր ամենաբարձր գրական հաճոյքը,-հարցրին:

– Աղուոր գիրք կարդալը,- պատասխանեց:

Իր գրական ազդեցութիւնների եւ համակրութիւնների մասին տրուած հարցերին պատասխանելիս նշեց Մարք Թուեյնին, Տիքընզին, Ճեք Լանտընին, Մոփասանին, Ուոլթ Ուիթմենին, Ճոյսին, Չեխովին, Կոկոլին:

– Իսկ Շէյքսփիր ու Թոլսթոյ հետս կը լինեն մինչեւ կեանքիս վերջը: – Շատ ընդգծուած ասաց նաեւ, որ «աշխարհը պիտի Նարեկացի իմանայ…»:

Հարցրին.

– Դուք հաւատո՞ւմ էք Աստծոյ գոյութեանը:

– Շատ կ՛ուզէի, որ աստուած ըլլար,- ասաց` ձեռքերը վերեւ կարկառելով: Ես նրան կ՛ուզեմ մարդկանց շարքին մէջ տեսնել: Ու թէ հանդիպեմ անոր, կ՛ըսեմ` «բարեւ»:

Վերջում ուսանող երիտասարդներին պատգամեց` երբեք չենթարկուէք յուսահատութեանն ու հիասթափութիւնում:

Քիչ անց համալսարանի նախագահութիւնում հիւրընկալեցին Սարոյեանին: Չուզեցի ձեռքից բաց թողնել բարեպատեհ առիթը եւ ինքս էլ ծանօթ լրագրողների հետ ներս մտայ: Այստեղ դրութեան տէրը կրկին Սարոյեանն էր: Հրճուալի աղմուկով էլ լցուել ընդարձակ սրահը: Մանկան պէս բերկրում էր Սարոյեանը: Մեծ ախորժակով էր ճաշակում «հիանալի, պատուական» գինին ու մրգերը, այնպիսի ախորժակով, որ «Աստուածն էլ տեսնի, զարմանայ»: Աշխուժ, սրամիտ պատասխաններ էր տալիս իրեն շրջապատող փրոֆեսէօրների հարցերին, մակագրում նրանց ներկայացրած գրքերը: Սեղանից բաժանուելիս, մանկական անհոգութեամբ, նա` այդ պատկառելի մարդը, բոլոր գրպանները լցրեց շողշողուն տանձերով ու խնձորներով` ասելով.

– Է՞, ես ձեզի նման չեմ ամչնար:

Համալսարանի միջանցքով քայլում էր բոլորից արագ: Ու կրկին, կրկին տիրաբար որոտում էր նրա թաւ ձայնը: Ելքի մօտ մի տարիքաւոր մարդ Սարոյեանին հարցրեց, թէ ճի՞շդ է, որ տեսել է զօրավար Անդրանիկին:

– Այո, Ամերիկա սրճարանին մէջ տեսած եմ: Սափրիչին մօտ ալ: Այն ատեն 14-15 տարեկան էի: Հետը զրուցել եմ: Զօրաւոր մարդ էր Անդրանիկ, սակայն կը ցաւիմ, որ տխուր էր, քանզի հարցերուն միշտ լուրջ կը պատասխանէր: Անդրանիկին մասին գրութիւն ունիմ:

Ես խնդրեցի ինքնագիր թողնել ծոցատետրում: Սիրով կատարեց: Մի ուսանողուհի մօտեցաւ, խնդրեց, որ Սարոյեանը մակագրի հէնց պայուսակի վրայ: Սարոյեանի ամերիկեան նրբագեղ գրիչը առաջին իսկ տառի վրայ թաղուեց պայուսակի փափուկ կաշուի մէջ եւ որքան էլ փորձեց, այլեւս առաջ չգնաց: Ես գրողին մեկնեցի իմ խորհրդային արտադրութեամբ կոպիտ ու հասարակ «երեք կոպեկանոց» գրիչը: Իմ գրիչը Սարոյեանի ձեռքում ակօսելով այնպէս սահուն գրեց, որ գրողը բարձրաձայնեց հիացմունքը:

– Օ, սա ինչ աղուոր գրիչ է,- ասաց ու վերադարձրեց ինձ, իսկ պայուսակը` աղջկան:

– Հիմա իմն է աշխարհի ամենաթանկ պայուսակը,- յուզուած բացագանչեց ուսանողուհին:

– Աղուոր աղջիկս, անունդ ի՞նչ է, հո՞ս կը սորվիս անգլերէն:

Ու սկսեցին խօսել անգլերէնով:

– Հաւնեցայ քո անգլերէն, բայց խօսինք մեր մայրենի հայերէնով: – Ապա. – անուշ աղջիկս, հօր իրաւունքով կ՛ուզիմ համբուրել այտդ…

– Խնդրեմ,- ասաց աղջիկը սիրայօժար:

Սարոյեանը համբուրեց աղջկայ այտերն ու ներողութիւն խնդրեց, որ «սա բեղերը քիչ մը կը խանգարին»:

Շրջապատողներս ցնցուած եւ հիացած էինք «մեծ երեխայի» հոգեկան այդ զեղումից: Աղջիկը վերջում  իր հերթին զգացուած համբուրեց Սարոյեանի աջ ձեռքը:

– Օհ,- զարմանքով նայեց շուրջը,- Հայաստանի մէջ ալ վարդապետ եղանք:

Մեքենայ նստելուց առաջ Սարոյեանին մօտեցաւ բանաստեղծ Գէորգ Էմինը, ասաց.

– Պարոն Սարոյեան, այս երիտասարդները ճարտարագիտական հիմնարկից են: Ձեզ հրաւիրում են իրենց մօտ հանդիպման: Ճարտարագիտական իմ հիմնարկն է: Յետոյ, պարոն Սարոյեան, սրանք կարգին, լուրջ մարդիկ, ճարտարապետներ են, էս համալսարանի բանասէրների նման զավզակ չեն:

– Ես մարդու զեվզեկը կը սիրեմ:

* * *

«Փնտռիր բարին ամէնուրեք… արթնացրու առաքինութիւն, ու սրտում էլ որ աշխարհի սարսափներից ու ամօթից գաղտնի ու տրտում թաքնուելիս լինի… Եւ քանի ապրում ես… ոչ մի բան չաւելացնես աշխարհի աղէտներին ու տխրութեանը, այլ ժպտա կեցութեան անծայր խնդութեան ու գաղտնիքի հանդէպ»: Սարոյեանի խօսքերն են: Գեղարուեստական ճշմարտութեամբ, վեհ մարդասիրութեամբ ոգեշնչուած, լոյսով է լցուած նրա վիթխարածաւալ գրականութիւնը, որով էլ Մեծ հայը շարունակելու է ժպտալ «Կեցութեան անծայր խնդութեան ու գաղտնիքի հանդէպ», յաւերժի ու անմահութեան հանդէպ:

(«Գրական թերթ», 3-7-2013)

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )