Սերժ Թանքեանի Հարցազրոյցը «Արմենփրես»ին – «Մեր Ճանապարհը Դժուար Է, Բայց Արդարութեամբ Պիտի Յաղթահարենք Բոլոր Դժուարութիւնները»
Վարեց` ՌՈԶԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ
ԵՐԵՒԱՆ, «Արմենփրես».- Ամերիկահայ ռոք երգիչ, երգահան, յայտնի Սիսթըմ աֆ է տաուն այլընտրանքային մեթալ-ռոք խմբի մենակատար Սերժ Թանքեանը վերջերս իր երկրպագուներին անակնկալ մատուցեց` ներկայացնելով իր 5-րդ` «Ճազ-Իզ-Քրիսթ» ձայնասկաւառակը: Նախատեսուած էր, որ ալպոմը պէտք է ռոքային լինի, սակայն յետոյ որպէս հիմնական ոճ ընտրուեց ճազը: Մեծ հայրենասէր Սերժ Թանքեանը չէր կարող իր նոր ձայնասկաւառակում չանդրադառնալ Հայաստանին. նա Երեւանին նուիրուած նոր երգ ունի, որը կոչւում է «Երեւան թու Փարի»:
«Արմենփրես»-ը զրուցել է Սերժ Թանքեանի հետ նոր ձայնասկաւառակի, ծրագրերի, համերգների մասին:
ՌՈԶԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ.- Պարոն Թանքեան, ձեր «Ճազ-Իզ-Քրիսթ» ձայնասկաւառակը մեծ յաջողութիւն արձանագրեց, չնայած այն հանգամանքին, որ ընդամէնը մի քանի շաբաթ առաջ է յայտնուել երաժշտական խանութներում: Ինչո՞ւ էք ընտրել հէնց այդ անուանումը:
ՍԵՐԺ ԹԱՆՔԵԱՆ.- «Ճազ-Իզ-Քրիսթ»-ը հսկայական համագործակցութիւն է իմ, Տիգրան Համասեանի, Վալերի Տոլստոյի, Թոմ Տուփրէի եւ մի շարք այլ զարմանահրաշ երաժիշտ ընկերների միջեւ: Ես որոշեցի ձայնասկաւառակն անուանել «Ճազ-Իզ-Քրիսթ» մի քանի պատճառներով: Առաջինն արձագանգ էր ճազի եւ դասական աշխարհում կատարելապաշտների դէմ, ովքեր հաւատարիմ են ժանրերի` իրենց ընտրանիական ընկալումներին: Երկրորդն ուղղուած է յատկապէս Միացեալ Նահանգներում տարածուած աջակողմեան քրիստոնեաների` Աստծոյ նկատմամբ անյարգալից վերաբերմունքի դէմ: Եւ երրորդ պատճառն այն է, որ զուարճալի է հնչում:
ՌՈԶԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ.– Ձեր ձայնասկաւառակում մի երգ ունէք, որը կոչւում է «Երեւան Թու Փարի»: Ինչպէ՞ս էք այն ստեղծել եւ ի՞նչ էիք զգում երգը գրելիս:
ՍԵՐԺ ԹԱՆՔԵԱՆ.- Ձայնասկաւառակիս երգերի մեծ մասը ստեղծուել է իմ սթիւտիոյում, եւ այնուհետեւ այլ երաժիշտների հետ աշխատել ենք դրանց վրայ, չնայած որ շատ երգեր կան, որոնք գրուել են ուրիշների կողմից: «Երեւան Թու Փարի» երգն այդպէս է կոչուել, որովհետեւ այն որոշ չափով տոգորուած է ե՛ւ Երեւանի, ե՛ւ Փարիզի ձայներով եւ «համով»: Հայկական պարային երաժշտութիւնը զուգակցւում է ճազի հանգստացնող, զգայուն ելեւէջների, ֆրանսական միջնադարեան երաժշտութիւն յիշեցնող երաժշտական հարուածների հետ:
ՌՈԶԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ.- Սեպտեմբերին համերգներով հանդէս էք գալու Ռուսաստանում:
ՍԵՐԺ ԹԱՆՔԵԱՆ.- Այո, առաջին համերգս օգոստոսի այս առաջին օրերին Ռուսաստանում` Անապայում կը լինի Տը Քիւպանա Ֆեսթիվալի շրջանակում` Սիսթըմ աֆ է տաունի հետ: Յետոյ կրկին Ռուսաստան կը վերադառնամ ուքրանական նուագախմբի հետ` կատարելու «Էլեքթ տը տէտ Սիմֆոնի» եւ «Օրքա» համատեղ ստեղծագործութիւնը, որն իմ վերջերս թողարկած նոր սիմֆոնիան է:
ՌՈԶԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ.- Հայաստան գալու հետ կապուած ի՞նչ ծրագրեր ունէք:
ՍԵՐԺ ԹԱՆՔԵԱՆ.- Հայաստանում այս տարի հանդէս գալու համար ոչինչ չենք նախատեսել, բայց յոյս ունեմ հետագայում համերգ ունենալ:
ՌՈԶԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ.- Տարեսկզբին յայտարարեցիք, որ համագործակցելու էք յայտնի հիփ-հոփ երգիչ Դէք 9-ի հետ եւ մասնակցելու էք նրա «Սամթինկ էլս» ձայնասկաւառակի ստեղծման աշխատանքներին: Համագործակցութեան վերաբերեալ նորութիւններ արդէն կա՞ն:
ՍԵՐԺ ԹԱՆՔԵԱՆ.- Այո, Դէք 9-ը վերջերս իր նոր երգի «Ըսթրէյթ աութ տը Կէյթ»-ի տեսահոլովակը թողարկեց, որը ներառում է նաեւ իմ կատարումը: Ես իսկապէս սիրեցի այդ կշռութաւոր փորձը եւ քնարական ուժը, ուստի համաձայնեցի կատարել «թրեք»-ը:
ՌՈԶԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ.- Վերջին ամիսներին դուք նկարում էիք, ստեղծում` երաժշտական կտաւ: Գիտեմ, որ երբեւէ չէք նկարել: Ի՞նչ էք զգում նման փորձից յետոյ: Ի՞նչ է նկարչութիւնը ձեզ համար:
ՍԵՐԺ ԹԱՆՔԵԱՆ.- Արուեստը, երաժշտութիւնը, նկարչութիւնը եւ բանաստեղծութիւններ յօրինելն ինձ համար ամէն ինչ են: Ինձ մօտ արտառոց միտք յղացաւ ստեղծել նկարներ` իմ երաժշտութեան հիման վրայ, եւ վերջերս հէնց դրա վրայ էի աշխատում: Իմ մեթոտը ներառում է երաժշտական կտաւի ստեղծումը, որն այնուհետեւ դառնում է տեսանելի աշխատանք` երաժշտութիւն եւ կտաւ: Եւ վերջապէս, ես դրանք փորձում եմ համադրել, որպէսզի դիտողն ի վիճակի լինի լսել նկարը եւ տեսնել երաժշտութիւնը: Մենք ցանկանում ենք Լոս Անճելըսում նոյեմբերին ցուցահանդէս կազմակերպել` ցոյց տալու, թէ ինչպէս են երաժշտութիւնն ու նկարն «ամուսնանում»: Մենք կը ներկայացնենք նաեւ 2 տարբեր «ժիքլէներ» եւ մէկ վիմագրութիւն` վաճառքի համար:
ՌՈԶԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ.- Իսկ ձեզ ի՞նչ ոճի երաժշտութիւն է ոգեշնչում:
ՍԵՐԺ ԹԱՆՔԵԱՆ.- Ամէն տեսակի երաժշտութիւնն ինձ ոգեշնչում է: Նպատակը եւ զգայական տարրերը` ահա թէ ինչի՛ վրայ եմ ուշադրութիւն դարձնում եւ ոչ այնքան երաժշտութեան ժանրին:
ՌՈԶԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ.- Դուք յաճախել էք Ռոզ եւ Ալեք Փիլիպոս հայկական դպրոցը: Ո՞րն է եղել ամենակարեւոր դասը, որ սովորել էք այնտեղ:
ՍԵՐԺ ԹԱՆՔԵԱՆ.- Կարծում եմ, իմ մշակոյթը, մարդկանց յարգելն ու սիրելը:
ՌՈԶԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ.- Դուք բազմաթիւ նախագծեր էք իրականացնում, որպէսզի Հայոց ցեղասպանութիւնը ճանաչուի աշխարհում: Ո՞րն է լինելու ձեր յաջորդ քայլն այս առումով:
ՍԵՐԺ ԹԱՆՔԵԱՆ.- Ես դրա հետ կապուած հիմա մի քանի նախագծի վրայ եմ աշխատում: Կը քննարկեմ դրանք այն ժամանակ, երբ ընդունուեն եւ մամուլում տարածուեն:
ՌՈԶԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ.- Ձեր պապիկը Եղեռնից փրկուած հայ էր: Ինչպիսի՞ պատմութիւններ էք լսել նրանից այդ դաժան օրերի մասին:
ՍԵՐԺ ԹԱՆՔԵԱՆ.- Պապս շատ սարսափելի պատմութիւններ էր պատմում հալածանքների եւ փրկուելու մասին: Ուրախ եմ, որ կարողացանք ձայնագրել նրա յիշողութիւնները, մինչեւ նա մահացաւ: Նա թողեց ինձ, մեր ընտանիքին, ինչպէս նաեւ մեր պատմութեան համար պատմական կարեւոր նշանակութիւն ունեցող պատմութիւններից մէկը:
ՌՈԶԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ.- Դուք արդէն երկու բանաստեղծութիւնների գիրք էք հրատարակել: Արդեօք մի օր կը գրէ՞ք նաեւ ինքնակենսագրութիւն:
ՍԵՐԺ ԹԱՆՔԵԱՆ.- Համոզուած չեմ: Կը ցանկանայի մի օր գրել ոչ գեղարուեստական ստեղծագործութիւն` արդարութեան եւ հոգեւորի արժէքների մասին:
ՌՈԶԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ.- Բոլոր հայերը մեծ երախտագիտութեան եւ սիրով են լցուած ձեր նկատմամբ: Ի՞նչ կը մաղթէք ձեր հայ համակիրներին:
ՍԵՐԺ ԹԱՆՔԵԱՆ.- Ես էլ իմ հայրենակիցներին եմ շատ սիրում: Մեր ճանապարհը դժուար է, բայց արդարութեամբ պիտի յաղթահարենք մեր բոլոր դժուարութիւնները: (Նախադասութիւնը գրուած է լատինատառ հայերէնով):
Շնորհակալութիւն հարցազրոյցի համար: