Թուրքիան 2015-ին Ընդառաջ
ԱՐԵՍՏԱԿԵՍ ՍԻՄԱՒՈՐԵԱՆ
Մինչ Անգարան զբաղուած է երկրում տեղի ունեցող վերջին իրադարձութիւններով, Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի դէմ իրականացուող նախապատրաստական աշխատանքները չեն կորցնում իրենց հրատապութիւնը: Ի՞նչ եւ ինչպէ՞ս է նախապատրաստում Թուրքիան, ի՞նչ առաջարկութիւններ են առաջ քաշւում. հարցեր, որոնք մօտակայ երկու տարիներին (անգամ աւելի երկար ժամանակահատուածում) Թուրքիայի քաղաքականութեան անբաժանելի մասն են կազմելու:
Թուրքիայի գիտական, մերձգիտական եւ քաղաքական շրջանակները 2015-ին ընդառաջ տարբեր վերլուծական յօդուածներով եւ գաղափարներով են հանդէս գալիս: Վերլուծաբանների տեսակէտներն այնպիսի տպաւորութիւն են ստեղծում, թէ Թուրքիան դեռ կարիք ունի որեւէ ռազմավարութեան, ինչը պէտք է կոչուած լինի հայկական կողմի գործողութիւնների չէզոքացմանը:
Հարկ է նշել, որ նման ռազմավարական բնոյթի ծրագրերն ու գործողութիւնները միշտ չէ, որ կրում են հրապարակային բնոյթ: Հակառակ «ռազմավարութեան բացակայութեան» հետ կապուած թուրքական կողմի մտահոգութիւններին` մեկնարկը վաղուց է տրուած, եւ արդէն կարելի է վստահօրէն ասել, որ այս գործում ներգրաւուած ուժերը սկսել են նախապատրաստական աշխատանքները:
Դեռեւս 2011թ. սեպտեմբերին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Տաւութօղլուն թուրքական դիւանագիտական անձնակազմի հետ հանդիպման ժամանակ յայտարարեց «գաղտնի տագնապ»` հրահանգելով աւելի ակտիւ լինել աշխարհասփիւռ հայութեան գործողութիւններին խոչընդոտելու ուղղութեամբ` յատկապէս օգտագործելով հայկական սփիւռքի հետ սերտ յարաբերութիւններ հաստատելու մեքանիզմը:
Թուրքական քաղաքական, հասարակական եւ մտաւոր շրջանակների մի ստուար հատուած միակարծիք է, որ մինչեւ 2015թ. Թուրքիան արմատապէս պէտք է փոխի Հայաստանի հանդէպ նախապայմաններով առաջնորդուող իր քաղաքական ուղեգիծը եւ նախապատրաստուի Հայաստանի հետ քաղաքական երկխօսութեան` դիւանագիտական յարաբերութիւններ հաստատելուց մինչեւ հայերից ներողութիւն խնդրելը: Մասնաւորապէս, Միացեալ Նահանգներու Պրուքինկզ հիմնարկի վերլուծաբան Օմեր Թաշփընարի կարծիքով, հայ-թուրքական արձանագրութիւնները ղարաբաղեան հիմնախնդրի հետ կապելն արգելափակում է ողջ գործընթացը:
Թուրք վերլուծաբան Մեհմեթ Ֆաթիհ Օզթարսուն անդրադառնալով մինչեւ 2015թ. հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման խնդրին կարծում է, որ քաղաքական յարաբերութիւնների հաստատումը կարող է վերջակէտ դնել բոլոր հարցերին եւ նշանաւորել թուրքական արտաքին քաղաքականութեան յաղթանակն աշխարհագրական այդ հակասական իրավիճակում: Նոյնիսկ արեւմտեան ապագայ զարգացումներու նախտեսման ոլորտի փորձագէտներն են կարծում, որ Թուրքիան մինչեւ 2015թ. դիւանագիտական յարաբերութիւններ հաստատելու եւ սահմանները բացելու նպատակով կրկին սկսելու է բանակցութիւններ վարել Հայաստանի հետ` ի հեճուկս Ազրպէյճանի:
Անգամ հայերից ներողութիւն խնդրելը, երբ խօսքը վերաբերում է պետական մակարդակով «զղջալուն», դիտւում է այլ հարթութեան մէջ` «ընդհանուր ողբերգութեան առաւել լայն պարունակում, որտեղ կայ նաեւ հայերի մասնակցութիւնը թուրքական կորուստների հետ կապուած»: Սա Ահմեթ Տաւութօղլուի, այսպէս կոչուած, «արդար յիշողութեան» յղացքից բխող մօտեցում է եւ վիճայարոյց լինելով որոշ թուրք մտաւորականների համար, այնուամենայնիւ, ընկալւում է Հայաստանի հետ գոնէ Ցեղասպանութեան հարցում առաւել ընդունելի եւ յարաբերութիւնները կարգաւորելուն միտուած ճիշտ ուղի:
Ակնյայտ է, որ պետական մակարդակով հնարաւոր «ներողութիւն» խնդրելը վերաբերելու է ոչ թէ թուրքական պետութեան կողմից իրականացուած ցեղասպանութեանը, այլ, այսպէս կոչուած, «մարդկային աղէտին», այսինքն` փլուզման շեմին յայտնուած Օսմանեան կայսրութիւնում ընթացող պատերազմի հետեւանքներին: Ընդ որում, խօսքը ոչ միակողմանի ներողութեան մասին է: Ասուածը հիմնաւորելու համար մէջբերենք հակահայկական բովանդակութեամբ մի քանի գրքերի եւ տասնեակ վերլուծական յօդուածների հեղինակ, Չանաքքալէի «Մարտի 18» համալսարանի նախագահ, տոքթոր փրոֆ. Սետաթ Լաչիների հայերի եւ թուրքերի միջեւ խաղաղութիւն հաստատելու տեսլականը. «2015թ. հայերի բռնագաղթի 100-ամեակն է, եւ այն նշելու համար հայերը շատ լուրջ են նախապատրաստւում: Արդեօ՞ք Հայաստանի նախագահը 2015թ. մարտին Կալիփոլի թերակղզի ժամանելով` կարող է մեր նահատակների շիրմին մի մեխակ կամ վարդ դնել: Եւ արդեօք դրանից յետոյ մեր նախագահը կամ վարչապետը Երեւան կը գնա՞յ, Ցեղասպանութեան յուշահամալիրում մի ծաղկեփունջ դնելով կարո՞ղ է ասել` մենք սրան ցեղասպանութիւն (ընդգծումը մերն է- Ա.Ս.) չենք անուանում, բայց ձեր վիշտը մենք գիտենք: Մենք նոյնպէս դա ապրել ենք եւ կիսում ենք ձեր ցաւը»: Թուրքիան ամէն կերպ փորձելու է «խուսափել» ցեղասպանութիւն բառի օգտագործումից: Սա Թուրքիայի 2015թ. ընտրած ռազմավարութեան կէտերից մէկն է:
Թուրք վերլուծաբանների յաճախակի կրկնուող նոյնաբովանդակ առաջարկութիւններն ու տեսակէտները կարող են վկայել դրանց ուղղորդուած լինելու մասին: Հայաստանի հետ յարաբերութիւնները կարգաւորելուն միտուած թուրքական հրապարակային «ջանքերն» ուղղուած են միջազգային լսարանին եւ նպատակ ունեն 2015թ. ընդառաջ թուլացնել մեր զգօնութիւնը:
Հայերի դէմ պայքարում առաջարկւում են նաեւ տեղեկատուական-քարոզչական տարբեր բնոյթի եւ ծաւալների քայլեր, այդ թւում` օտարերկրեայ «գիտնականներին» սեփական քաղաքականութեանը ծառայեցնելու մարտավարութիւնը: Օտարերկրեայ «գիտնականներն» այսօր էլ շարունակում են սերտօրէն համագործակցել Թուրքիայի քաղաքական եւ մտաւոր շրջանակների հետ եւ, բացի «գիտական» աշխատանքներից, յաճախակի են հանդէս գալիս կոչերով եւ առաջարկութիւններով: Տարիներ ի վեր Թուրքիայի օգտին աշխատած եւ «թուրքական գործակալ» անունը ստացած` Մասաչուսեցսի համալսարանի փրոֆէսէօր Կունթըր Լեւին հայերի գործողութիւնները չէզոքացնելու համար կոչ էր արել լրջօրէն նախապատրաստուել 2015թ., որը մեծ փորձութեան տարի է լինելու Թուրքիայի համար:
«21-րդ դար» թուրքական հիմնարկի եւ 2000թ. Եւրասիայի ռազմավարական հետազօտութիւնների կենտրոնին (ASAM) կից նախկինում գործած Հայկական հետազօտութիւնների հիմնարկի հիմնադիր Ումիթ Օզտաղը, որը երկար տարիներ զբաղւում է հայկական եւ տեղեկատուական անվտանգութեան թեմաներով, արտերկրում թուրքական թեզերի արդիւնաւէտ տարածման համար մինչ օրս իրականացուած աշխատանքներն անբաւարար է համարում: Վերջինս առաջարկում է Թուրքիայի շահերը պաշտպանող օտարերկրեայ երիտասարդ «գիտնականներ» եւ յայտնի «պատմաբաններ» պատրաստել` նրանց ընտրելով թիրախային երկրներից: Մասնաւորապէս` Միացեալ Նահանգներից, Մեծն Բրիտանիայից, Ֆրանսայից, Սպանիայից, Լատինական Ամերիկայից, Լիտուանիայից, Գերմանիայից, Չինաստանից եւ Ճափոնիայից: Հետագայում ընտրուած «գիտնականները» հնարաւորութիւն կ՛ունենան Թուրքիայի հովանաւորութեամբ եւ աջակցութեամբ տասնեակ լեզուներով հրատարակել թուրքամէտ «գիտական» աշխատանքներ եւ նպաստել յիշեալ երկրներում թուրքական հետազօտական հիմնարկների ստեղծմանը: Կարծում ենք, որ ներկայումս Թուրքիայի շահերը սպասարկող օտարազգի կեղծարար «պատմաբանների» սերունդը ծերացել է, եւ սերնդափոխութեան հարցը դարձել է հրատապ: Շրջանառւում են հակահայկական ժապաւէնների նկարահանման, թատերական ներկայացումների, մշակութային այլ ձեռնարկների, ինչպէս նաեւ հայկական խնդրով զբաղուող նոր վերլուծական կենտրոն հիմնելու գաղափարները:
Այս ուղղութեամբ ջանքերը բազմապատկում են Թուրքիայում եւ արտերկրում թուրքական ֆինանսաւորմամբ գործող «ուղեղային կենտրոնները»: Շատ երկրներ իրենց «սփիւռքի» մաս կազմող այդ հանրոյթների գիտելիքներից եւ պետական կառոյցներում մեծ հեղինակութիւն ունեցող անհատների գործունէութիւնից օգտուելու հսկայական փորձ ունենալով` յաջողել են արտերկրում ստեղծել նպատակային վերլուծական կառոյցներ: Այս հարցում Իսրայէլից յետոյ, թերեւս, աշխուժ են Թուրքիան եւ Ազրպէյճանը. Միացեալ Նահանգներում եւ Մեծ Բրիտանիայում «ուղեղային կենտրոններ» ունենալն ընդօրինակելի է դարձել այս երկրների համար` վերջիններիս դիտելով որպէս այլընտրանքային «դիւանագիտական աշխատակազմ» կամ լոպիիստական խմբեր, որոնցում ընդգրկւում են առաջին հերթին այդ երկրների առաջատար համալսարանների եւ «ուղեղային կենտրոնների» աշխատակիցներ: Այդպիսի գործունէութիւն ծաւալող կենտրոններից են` Մեծն Բրիտանիայում գտնուող Centre for Strategic Research and Analysis-ը (CESRAN), Միացեալ Նահանգներում` The Rethink Institute-ը, The Foundation for Political, Economic and Social Research-ը (SETA):
Առանձնայատուկ է Լոպիիստական ռազմավարական հետազօտութիւնների կենտրոնի գործունէութիւնը, որը գրասենեակներ ունի թէ՛ Պոլիսում, թէ՛ Ուաշինկթընում: Վերջերս այս կենտրոնը պայքարի նոր ռազմավարութիւն է մշակել. լոպիիստական գործունէութեան զօրաշարժ թուրք հասարակութեան շրջանում, որի բուն նպատակն է լինելու բողոքներ յղել տարբեր երկրների նախագահների, նախարարների, պաշտօնատար անձանց, յայտնի զանգուածային լրատուամիջոցներու ընկերութիւններին, միջազգային լրատուամիջոցներին եւ առցանց մամուլին, Թուրքիայի օտարերկրեայ դեսպաններին եւ հիւպատոսներին, ինչպէս նաեւ` իրականացնել ոչ հրապարակային գործողութիւններ: Ընդ որում, «ազգային զօրաշարժ» անունը կրող շարժումը պէտք է սպասարկի նաեւ Ազրպէյճանի շահերը Լեռնային Ղարաբաղի հարցում:
Եւրոպական երկրներում փորձ է արուելու համախմբել, այսպէս կոչուած, թուրքական եւ ազրպէյճանական «սփիւռքի» այն հատուածները, որոնք կը կարողանան բաւական աշխուժ աշխատել մի կողմից Հայաստանի, միւս կողմից սփիւռքի դէմ: Աշխատանքներն այդ ուղղութեամբ արդէն սկսուել են:
Եւրոպայում ստեղծուած թուրք-ազրպէյճանական արհմիութիւնների եւ Հասարակական կազմակերպութիւնների գործունէութեան արդիւնքում սպասելի են հակահայկական նոր դրսեւորումներ 2015թ. ընդառաջ: Այսինքն Թուրքիայի տարածքից հակահայկականութիւնն արդէն տեղափոխւում է եւրոպական դաշտ, Միացեալ Նահանգների, Լատինական Ամերիկա, որտեղ նոյնպէս արդէն սկսել են աշխատանքներ իրականացուել:
Յատկանշական է, որ Հայոց ցեղասպանութեան հարցում թուրքախօս երկրները համաթուրքական նշանակութեան խորհրդաժողովների եւ գիտաժողովների ընթացքում մինչեւ օրս հիմնականում ձեռնպահ են մնացել թուրք-ազրպէյճանական համատեղ գործողութիւններին միանալուց: Այժմ, սակայն, թուրք-ազրպէյճանական լծակից զոյգը փորձում է նրանց եւս ներքաշել այդ գործընթացում:
Համաշխարհային թուրքերի ֆորում կառոյցը վերջերս անց էր կացրել «Իմաստուն մարդկանց խորհրդի» առաջին ժողովը, ուր, այլ հարցերի կողքին, բնականաբար չշրջանցուեց 2015թ. հայերի դէմ պայքարելու մեքանիզմների մշակման անհրաժեշտութիւնը: Թէեւ միջինասիական թուրքախօս պետութիւնների ներկայացուցիչներին աւելի շատ հետաքրքրում է հաւաքների մարդասիրական-մշակութային եւ տնտեսական կողմը, այդուհանդերձ, նրանք եւս ակամայ յայտնւում են ճնշման տակ եւ անուղղակիօրէն կարող են հանդէս գալ որպէս Թուրքիայի եւ Ազրպէյճանի գործողութիւնների անմիջական մասնակից:
Ըստ որոշ տեսակէտների, չի բացառւում նաեւ, որ տեղի կ՛ունենան սադրիչ եւ յարձակողական գործողութիւններ: Մասնաւորապէս, Պոլսոյ Սամաթիա թաղամասում հայերի դէմ վերջերս իրականացուած մի քանի յարձակումների կապակցութեամբ «Թարաֆ» թերթում քննադատական յօդուածներով աչքի ընկնող թուրք մտաւորական Ալփեր Կէօրմուշը յայտնում է այն տեսակէտը, որ 2000-ականների սկզբին Թուրքիայում սկիզբ առած «հակամիսիոներական շարժման» անմիջական հետեւանք են նաեւ հայերի դէմ տեղի ունեցած յարձակումները, ինչը կարելի է դիտել 2015թ. ընդառաջ հայերին վախեցնելուն նպատակաուղղուած գործողութիւնների շրջանակներում:
Վերջերս հակահայկական քարոզչութեան գործին լծուած, այսպէս կոչուած, Հայկական անհիմն պնդումների դէմ միաւորում (ASIMDER) կառոյցը եւ թուրքական գերազգայնական տարբեր ուժեր շահարկման թեմայ են դարձրել իրենց յօրինած «Նոր Ասալան» եւ դրանով պայմանաւորուած` հնարաւոր «ահաբեկչական գործողութիւնները հայերի կողմից»:
Ամփոփելով նշենք, որ թուրքական գիտավերլուծական եւ քաղաքական շրջանակներում դեռեւս քննարկւում են պայքարի մեթոտների ընտրութեան հարցերը, որտեղ կան փափուկ եւ կոշտ քաղաքականութեան կողմնակիցներ: Թուրքիայի` 2015թ. ընդառաջ ձեռնարկուելիք քայլերը իրականում կարող են տարբեր լինել վերը նշուածից, բայց եւ այնպէս, որոշ բաղադրիչներ կարող են ընդհանուր աւելի մեծ գործողութիւնների մասը կազմել:
«Նորավանք»