Երեւանում Կառուցուելու Են Շէնքեր Սուրիահայերի Համար

ՄԱՐԻՆԷ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

Խաչիկ Ճոզիկեան
Լուսանկարը՝ Գաբրիէլ Փանոսեանի

«Օգնիր եղբօրդ» բարեգործական ծրագրի խորհրդի անդամ Խաչիկ Ճոզիկեանը «Ազդակ»-ի հետ զրոյցում անդրադարձաւ սուրիահայերի օգնութեան ծրագրի ներկայ փուլին: Նրա խօսքով,  երբ «Օգնիր եղբօրդ» հիմնադրամի խորհուրդը տեսաւ, որ սնունդ տրամադրելու ծրագիրն արդէն սպառուել է, որոշեց բնակարանների կառուցման ծրագիր ներկայացնել սուրիահայերի համար:  Սա իր հիմնաւոր պատճառներն ունէր, քանի որ սուրիահայերի մեծ մասը ստիպուած էր իր ունեցած գումարը ծախսել վարձակալած բնակարանների համար, եւ երկրորդ` այդպէս չէին կարող երկար դիմակայել: «Դիմելով վարչապետին եւ Երեւանի քաղաքապետին` ստացանք յատուկ արտօնութիւն` հարկազերծուել սուրիահայերի համար: «Օգնիր եղբօրդ» ծրագիրը  բարեսիրական է, եւ հարկերից ազատուել ենք, եւ այն, ինչ կապուած է շինարարութեան կամ սուրիահայերի օգնութեան հետ, ազատուել ենք բոլոր հարկերից: Երեւանի քաղաքապետին դիմեցինք, ով Երեւանի Դաւիթաշէն եւ Աջափնեակ վարչական շրջաններում մեզ տրամադրեց երկու  հողատարածքներ շինարարութեան համար` իրենց կալուածային ոչ շուկայական արժէքներով», ասաց Խ. Ճոզիկեանը: Երկու շէնքերը լինելու են բազմաբնակարանային, որոնք բաղկացած են լինելու 15 յարկից: Օգոստոսի 27-ին տեղի է ունենալու շէնքերի շինարարութեան մեկնարկի արարողութիւնները: Ծրագրի խորհրդի  անդամի ասելով` նախքան տուեալ հողատարածքների յատկացումը, իրենց տրամադրել էին հողատարածքներ քաղաքից դուրս գտնուող վայրերում, որտեղ պէտք էր կառուցէին առանձնատներ, ինչն աւելի շատ ծախսեր էր պահանջում: Եւ աւելի արդիւնաւէտ ծրագիր մշակուեց, որպէսզի նախ աւելի մեծ թուով սուրիահայերի ապահովեն բնակարանով, եւ երկրորդ` աւելի քիչ ծախսեր պահանջեն: Բացի այդ, կար եւս մէկ հանգամանք` սուրիահայերի զգալի մասը բնակւում է Երեւանում, եւ փոխադրամիջոցի ծախսերի կրճատման առումով աւելի նպատակայարմար էր բնակարաններ կառուցել Երեւանում: «Ազդակ»-ի հարցին, թէ ի՞նչ հիմունքներով են տրամադրելու այդ բնակարանները սուրիահայերին, Խ. Ճոզիկեանը պատասխանեց.  «Մենք նկատի ենք առել մօտաւոր չափանիշներ` նախ սկսել ենք առաջին գրանցումից,  ըստ որի, ունենք 600 գրանցում, երկրորդ հանգրուանին, երբ  սկսեցինք  բազմաբնակարանային շէնքի շինարարութեան ծրագիրը, տարանք զտման աշխատանքներ, եւ այժմ ունենք մօտ 350 ճիշդ գրանցուածներ, ինչը տակաւին դեռ չենք յայտարարել: Նկատի պէտք է առնուի, որ չափանիշների մէջ ներառւում են ընտանիքները` այր ու կին եւ երկու երեխայ, որովհետեւ անհատներին տալը արդէն 3-4-րդ շէնքի պարագան է: Մեր հիմնական նպատակն ընտանիքներին ապահովելն է»:

Առաջին հողատարածքում կառուցուելիք շէնքում կարող է տեղաւորուել մօտ 70, երկրորդում 100-120 ընտանիք: Այս շէնքերի կառուցումից յետոյ, ըստ Խ. Ճոզիկեանի, առաջ է գալու երրորդ-չորրորդ շէնքերի կառուցման ծրագիրը: Շէնքերի շինարարութիւնը նախնական հաշուարկներով պահանջում 1-1,5 տարի ժամանակ:

Ներկայ տուեալներով Հայաստան են եկել մօտ 7- 10.000 սուրիահայեր, որոնցից 1200-ը գրանցուած կարիքաւոր ընտանիքներն են, որոնց տրամադրւում է սնունդ եւ նիւթական օգնութիւն: Հայաստան եկած սուրիահայերի աննշան տոկոսն է, որ բնակւում է հարազատների բնակարաններում: «Այն կանայք, ովքեր ամուսնացել էին սուրիահայերի հետ եւ հիմա գտնւում են Հայաստանում, ապրում են իրենց ծնողների մօտ: 300 ընտանիքի չափ տեղացի հայաստանցի կիներ են, ովքեր ամուսնացել են սուրիահայերի հետ, եւ գալով Հայաստան` բնականաբար բնակարան պէտք չէր վարձէին, այլ  մնային իրենց ծնողների տանը», նկատեց «Օգնիր եղբօրդ» բարեգործական ծրագրի խորհրդի անդամը: Վերջինս անդրադառնալով նաեւ աշխատանքի տեղաւորման հարցին` ասաց, որ սուրիահայերը պէտք է ընդունեն, որ Հայաստանում միջին աշխատավարձն այնքան բարձր չէ, ինչպէս իրենք են ցանկանում ստանալ:

Խ. Ճոզիկեանը նաեւ նշեց, որ ՄԱԿ-ից օգնութիւն առաջարկեցին իրենց: «ՄԱԿ-ը, սակայն, մէկ հարց ունէր` ասում էր, որ մենք յայտարարում ենք, որ 7-10.000 սուրիահայ ունենք, բայց որոնք  գաղթականի արձանագրուած կարգավիճակ չունեն: Մեզ մօտ, եթէ չեմ սխալւում, ունենք 258 անհատներ, ովքեր դիմել են ՄԱԿ-ին` ստանալով փախստականի կարգավիճակի անձնագիր, որպէսզի ստանան օգնութիւն եւ այլն, երբ մեզ դիմեցին, թէ ինչո՞ւ չվերցրեցինք, իմ եւ ընկերներիս կարծիքով, մենք ունենք երկու անձնագիր, երկու քաղաքացիութիւն` մենք ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Սուրիայի քաղաքացիներ, եւ ի՞նչ ձեւով պէտք էր դիմէինք փախստականի կարգավիճակով»: Խ. Ճոզիկեանի խօսքով, պէտք է կարողանալ նաեւ ներգաղթն արտագաղթի չվերածել, եւ սուրիահայերին պահել Հայաստանում, իսկ դրա համար առաջնահերթ հարցը բնակարաններով ապահովելն է:

Երեւան-Պէյրութ

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )