Վահրամ Կուկ Յարութիւնեանի Մասին
Հայրենի ամէնէն արժանաւոր երիտասարդ գեղանկարիչներէն Վահրամ Կուկ Յարութիւնեան վերջերս բոլորովին անակնկալօրէն իր մահկանացուն կնքեց` սուգի մատնելով ոչ միայն ընտանիքն ու պարագաները, այլեւ` իր արուեստին հաղորդ բոլոր արուեստասէրները:
Անոր անժամանակ մահուան պատճառով չիրականացան բազում ծրագիրներ. հայ կերպարուեստը զրկուեցաւ կայացած արուեստագէտի մը ստեղծագործութիւններէն: Անոր արուեստին մասին որոշ գաղափար մը տալու համար ստորեւ կու տանք երկու ակնարկ` արտատպելով զանոնք համացանցանցային հայրենի մամուլէն:
«Կուկ» ցուցասրահի տնօրէն եւ նկարիչ Վահրամ Յարութիւնեանը (Կուկ) Պոթերոյի արձանը հրաշալի նուէր է համարում Հայաստանին: «Նման որակի արձան նայելու համար պէտք է գնալ- հասնել Նիւ Եորք, Լոնտոն, չգիտեմ ուր: Ի դէպ, այն շատ լաւ էլ տեղադրուած է` ի տարբերութիւն ֆրանսացիների նուիրած Ռոտենի արձանի: Եթէ ես որպէս նկարիչ այն չեմ տեսնում, հասարակ ժողովուրդն ինչպէ՞ս տեսնի ու դաստիարակուի, մինչդեռ արձանը պիտի նկատեն, շփուեն, կոքին նկարուեն: Եթէ որեւէ արձան տեղադրելուց առաջ եւ յետոյ ասում են` վատն է, ուրեմն իսկապէս շատ լաւն է: Օրինակ, երբ Ռոտենը ժամանակին Պալզաք էր քանդակում, ակադեմիայի ուսանողներին սովորեցնում էին` գնացէ՛ք ջարդէք, եւ իսկապէս վնասեցին: Լաւ էր, որ ֆորման մնացել էր եւ նորը ձուլեցին: Հիմա ողջ Ֆրանսան հիացած է Ռոտենի Պալզաքով: Մի օրինակ էլ բերեմ. մարաջախտ Բաղրամեանի արձանը ոչ ոք չի տեսնում, թէեւ իսկապէս շատ շնորհքով արուած գործ է, իսկ Բաբաջանեանինը ժամանակին հայհոյում էին, բայց հիմա հետը նկարւում են»:
ԳՈՀԱՐ ՅԱԿՈԲԵԱՆ
Եթէ մի օր Հայաստանում կամ Հայաստանի սահմաններից դուրս լսէք Կուկ անունը, ապա չշփոթուէք ու չզարմանաք: Միգուցէ նրանք ոչ թէ խօսում են ծովագնաց Ճէյմս Կուկի, այլ Վահրամ Յարութիւնեանի մասին, ում շատերը ճանաչում են որպէս Կուկ:
Նկարիչ Վահրամ Յարութեանի խօսքը պարզ է ու մատչելի, նա արտայայտւում է այնպէս, որ հասկանալի լինի դիմացինին, նրա խօսքում չէք գտնի դժուար դիւանագիտական բառակապակցութիւններ ու անիմաստ բառերի կոյտեր. «Հիմա մարդիկ խօսում են ժամերով ու օգտագործում են այնպիսի եզրեր, որ թողնեն խելացի մարդու տպաւորութիւն: Ես խօսում եմ պարզ, խօսում եմ այնպէս, որ հետաքրքիր լինի դիմացինին, ու խօսքս չհնչի ճոռոմ ու անիմաստ»:
Երբ որ նկարչի աչքերում տեսնում ես պարզութիւն, հասկանում ես, թէ ինչքա՛ն մաքուր, պարզ ու ազնիւ է նրա գործը, թէ ինչքա՛ն պարզութիւն ու անկեղծութիւն կայ նրա նկարներում, որոնք մի օր անպայման կը լուսաւորուն մութ հասարակութեանը:
Վահրամը անկեղծ է իր վրձնի հետ: Թողնում է, որպէսզի իր վրձինը ինքն իրեն որոշի այն ճանապարհը, որով անցնելու է ու դառնալու է մի պատկեր, կերտելու է դարեր շարունակ ապրող մի կերպար, միջավայր կամ էլ ընդամէնը մի գիծ, որը տեսնելու են տարբեր աչքեր, զգալու են տարբեր սերունդեր ու անգամ ծնկի են իջնելու, քանի որ այդ նկարներում են ապրում այն բոլոր զգացումներն ու զգացողութիւնները, որ նկարիչը այդ րոպէին զգացել է ու այնքան ուժեղ է գտնուել, որ կարողացել է այդ ամէնը արտայայտել. «Ի սկզբանէ նկարը նկարելուց պարտադիր չէ, ինչ սկսել ես, այն էլ աւարտես: Պէտք է հետեւես վրձնի ազատ շարժումներին ու թողնես, որ այն գնայ իր ուզած ճանապարհով: Եթէ վրձինն ուզում է շեղուել աջ կամ ձախ, ապա պէտք է լսես ու ենթարկուես: Պէտք է լինես այնքան համարձակ, որ ուժ գտնես քո ներսում ու ենթարկուես: Այդ ամէնում կայ կախարդական մի բան, որը զգալու պէս անմիջապէս կարող ես վախենալ: Եթէ զգաս այդ ամէնը ու ենթարկուես, ուրեմն բախտդ բերել է: Իմ ձեռքը զգում է այն, ինչ սիրտս է զգում եւ նկարն է թելադրում սրտիս արագութիւնը», ասում է Վահրամ Յարութիւնեանը:
Նկարիչը գիտի արուեստի այբուբենը, նա կարողանում է կարդալ նկարները ու բացատրել դրանց բուն իմաստը: Երբ որ նրան խնդրէք բացատրել իր նկարների իմաստը, նա կը բացատրի, բայց ի սկզբանէ խորհուրդ կը տայ նայել նկարին, հասկանալու զգալ այն ամէնը, ինչ կտաւի վրայ է. «Իմ նկարչութիւնն այնպիսին է, որ ամէն մի դիտորդ իր ձեւով է այն աւարտում: Դա այնպիսի նկարչութիւն է, որ ամէն անգամ, կախուած տրամադրութիւնից, տարբեր վերջաբաններ ես ինքդ մտածելու: Ենթագիտակցականի, տարբեր ժամանակների հատումն է: Թւում է, թէ աւարտուած նկար է, բայց իրականում աւարտը դուք ինքներդ պէտք է մտածէք»:
Գծեր, պատկերներ, լոյս, ստուեր, դիմակներ ու կանայք…վահրամ Յարութիւնեանի նկարներում են հատւում անցեալը, ներկան ու ապագան: Խաչւում են իրար ու միգուցէ եւ կերտում մի նոր ժամանակ, որը նման չէ ո՛չ անցեալին, ո՛չ ներկային, ո՛չ էլ ապագային, այն նոր է ու դեռ ոչ մէկը չի համարձակուել անուն տալ այդ ժամանակին, չնայած նկարիչը ունեցել է այդ համարձակութիւնը եւ կերտել է այն իր կախարդական վրձնի հարուածներով. «Իմ նկարչութիւնը տարբեր ժամանակների համադրում է: Դրանց մէջ միեւնոյն ժամանակ կայ ե՛ւ անցեալը, ե՛ւ ներկան, ե՛ւ ապագան: Այսինքն` տարբեր չափադրումների խառնուրդ է: Կայ մի փիլիսոփայութիւն, որ հիմա, այստեղ, այս քաղաքի տեղում կայ մէկ ուրիշ քաղաք, որտեղ մարդիկ մեզ պէս քայլում են, շնչում են, բայց մենք իրար չենք տեսնում: Իմ նկարչութիւնը ժամանակները խառնում է, այնպէս է անում, որ այդ աշխարհները հանդիպեն», ասում է նկարիչը:
Վահրամի նկարչութիւնը կախարդանք է: Նրա նկարները լեցուն են ուժանիւթային դաշտով: Նկարիչը վստահ է, որ նրա նկարներն այնքան ուժ ունեն, որ վաղ թէ ուշ գտնելու են իրենց ուղին, յայտնուելու են այնտեղ, որտեղ որ սահմանաուած էր նրանց ի վերուստ. «Նկարչութեան մէջ ինձ համար այդքան էական չէ գոյնը, թեման, ինչքան կարեւոր է, այն ուժը, որ դնում ես նկարներում: Երբ վրձնահարուածներ ես իջեցնում կտաւի վրայ, դու ինքդ պէտք է զգաս այդ վրձնահարուածների ուժն ու ջերմութիւնը: Իսկ երբ նկարն արդէն պատրաստ լինի, այդ ամէնը կը զգայ նաեւ հանդիսատեսը: Եթէ լինի ուժ եւ ջերմութիւն, ապա նկարը չի կորի, կը գտնի իր հասցէատիրոջը»: