Պարոյր Սեւակի Մահուան 40-ամեակ. Ինչպէ՞ս Ծնուեց «Սեւակ» Ծածկանունը

Ներկայացրեց ԱՐՄԻՆԷ ԿՈՒՆԴԱԿՋԵԱՆԸ

Պարոյրը եկաւ խմբագրութիւն եւ, չսպասելով, թէ ինչ կ՛ասեմ, մի տետր դրեց սեղանին: Անմիջապէս բաց արի տետրը: Մոռացայ նոյնիսկ առաջարկել, որ նստի: Կարդացի մի քանի էջ: Տպաւորութիւնը գերազանց էր. իմ առջեւ կանգնած էր, ինչպէս հին մարդիկ կ՛ասէին,  Աստուծոյ ողորմութեամբ մի բանաստեղծ…

Գլուխս բարձրացրի ու դիմացս կանգնածի աչքերի մէջ կարդացի մտահոգ սպասում:

Խրախուսական խօսքեր ասացի, ոգեւորեցի: Ընտրեցի նրա բանաստեղծութիւններից մի քանիսը:

ՊԱՐՈՅՐԻՆ գրական  աշխարհ բերելու «ծրագիր» կազմեցի:

Չկասկածելով, թէ ընթերցողի վրայ միանգամից ինչ տպաւորութիւն է գործելու, որոշեցի, ճաշակ տալու, համար նախ մէկ ոտանաւոր տպագրել: Յաջորդ իսկ համարում միանգամից երեք ոտանաւոր, համոզուած, որ դրանք խորացնելու են տպաւորութիւնն այնքան, որ ընթերցողը հետեւեալ համարը բացելիս` առաջին հերթին փնտռելու է նոր բանաստեղծի չափածոյ տողերը: Չգտնելով` կարօտելու է: Մի փոքր դադար տալով, հարկադրել ընթերցողին սպասել եւ ապա, կարճ ժամանակից, կրկին տրամադրել ՊԱՐՈՅՐԻՆ կարդալու մէկից  աւելի բաւականութիւն: Եւ դրանից յետոյ այսպէս` պարբերաբար: Մի խօսքով, գրական մի ամբողջ «դիւանագիտութիւն», որի մի մասը միայն իրականացաւ քանի որ, ինչպէս ասում են, շաբաթը ուրբաթից շուտ եկաւ:

Խորհուրդ տուի հանդէս չգալ իր ազգանունով, համարելով ՂԱԶԱՐԵԱՆԸ ոչ բարեհնչուն, ոչ էլ բանաստեղծական: Յետոյ ասացի, թէ մեր գրականութեան մէջ ընդունուած է այլ անունով ներկայանալ ընթերցողին, քան սեփականն է, եւ շարեցի միմեանց յետեւից` Րաֆֆի, Մուրացան, Նար-դոս, Տէրեան, Մեծարենց, Վարուժան, Սիամանթօ, Չարենց… Ես առաջարկեցի ՍԵՒԱԿ ազգանունը: Ու լաւ յիշում եմ` երկու անգամ կրկնեցի.

_ ՊԱՐՈՅՐ ՍԵՒԱԿ:

Ասաց, թէ համաձայն է եւ, ընկալելու թէ հաշտուելու համար քթի տակ կամացուկ կրկնեց.

_ ՊԱՐՈՅՐ ՍԵՒԱԿ:

Այդ ծածկանուան վրայ կանգ առաւ ընտրութիւնս, որովհետեւ Պարոյրը իսկապէս սեւակն էր: Բայց գլխաւոր պատճառը դա չէր: Ինձ դէպի այդ անունը մղողը Ռուբէն Սեւակի կեանքի տխուր պատմութիւնն էր, որ երկու անգամ արել էր Աւետիք  Իսահակեանը, ու ես երկար ժամանակ դրա տպաւորութեան տակ էի: Ես արի նրան Վարպետից լսածս պատմութիւնը: Ազդուեց: Թախծալի աչքերն աւելի թախծոտ դարձան: Ես չասացի նրան, բայց մտածում էի, որ մի ՍԵՒԱԿԻ ընդհատուած կեանքը կը շարունակուի մի ուրիշ  ՍԵՒԱԿԻ մէջ:

Յովհաննէս Ղազարեանից  իմացայ, որ ինքը ՊԱՐՈՅՐԻՆ կշտամբել է ազգանունը փոխելու համար: ՊԱՐՈՅՐՆ ասել է, թէ ինքը ներքին դիմադրութեամբ է ընդունել խմբագրի առաջարկը, ուզել է պահպանել հայրական ազգանունը, բայց չի կամեցել ընդդիմանալ:

 

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )