Բարեկամաւան. Մաշուող Հայրենիքի Պատկերը

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

DSCN0053Իմ «Ճիփ»-ը կանգնեց ոլորապտոյտ ճանապարհի ամենավերին հատուածում, որտեղից Բարեկամաւանը բացւում է իր ողջ հմայքով, մենութեամբ ու տխրութեամբ: Յունուարի վերջերին տեղացած առատ ձիւնը դեռ շաբաթներ կը մնայ տների տանիքների, ծառերի ճիւղերի, նորակառոյց մատուռի ու հին գերեզմանաքարերի վրայ:

Երբ նայում ես ամենավերեւից, սպիտակ սաւանով ծածկուած տները նմանւում են մեղուի փեթակների: Պարզ, շատ պարզ երեւում են հայկական ու ազրպէյճանական զինուորական դիրքերը, որոնք միմեանցից հեռու են մի քանի հարիւր մեթր: Երեւում են ազրպէյճանական տները: Հարիւրամեակների պատմութիւն ունեցող Բարեկամաւանը սահմանակից է ազրպէյճանական երեք խոշոր գիւղերի` Քամառլու, Ղայմախլու եւ Ալպայրամլու, որոնք միասին ունեն աւելի քան 20 հազար բնակչութիւն:

1999-ին, երբ առաջին անգամ այցելեցի Բարեկամաւան, դպրոցում սովորում էր 62 աշակերտ: Երբ այցելեցի 2003-ին, դպրոցում աշակերտների թիւը նուազել էր մինչեւ 40: «Ամենակարեւորը դպրոցն է: Բաւական է դպրոցը փակուի, եւ վե՛րջ Բարեկամաւանին: Այսօր գիւղը պահողը այս 40 աշակերտներն են, պէտք է այնպէս անենք, որ դպրոցը չփակուի», 2003-ին ինձ ասել էր նախկին գիւղապետ Յովիկ Ղարաքեշիշեանը:

Դպրոցը եւ այնտեղ սովորող աշակերտութիւնը Բարեկամաւանի սիրտն են: Նախ շարժուեցի դէպի դպրոց: Աստղիկ Ազատեանը տնօրէն է արդէն 17 տարի: «Երբ ես յաճախում էի այս դպրոց, մեր դասարանում սովորում էր 36 աշակերտ, իսկ ամբողջ դպրոցում աշակերտների թիւը հասնում էր 350-ի: Հիմա ես այս դպրոցի տնօրէնն եմ, որտեղ 12 դասարաններում միասին սովորում է ընդամէնը 30 աշակերտ: Առաջին դասարանում սովորում է մէկ աշակերտուհի: Պատերազմի, իսկ յետոյ աշխատանքի բացակայութեան պատճառով մարդիկ սկսեցին հեռանալ գիւղից», պատմում է Ազատեանը:

Բարեկամաւանը, որքան էլ այդ անունը դրական զգացումներ առաջացնի ընթերցողի մօտ, որքան էլ իր անտառներով ու սարերով հմայի այցելուներին, կործանուող հայ գիւղն է: Բարեկամաւանը արտագաղթից մաշուող Հայաստանի մանրապատկերն է: Ընդամէնը 25-30 տարի առաջ աւելի քան հազար բնակիչ ունեցող գիւղում այսօր մնացել է միայն 290 մարդ: 2013-ին գիւղում ծնուել է մէկ երեխայ, մահացել է 10 մարդ:

Գիւղի աւելի քան 220 տների մեծագոյն մասի դռները կողպուած են: Հիմնականում կողպուել են պատերազմի աւարտից եւ 1994-ին հաստատուած հրադադարից յետոյ: Պատերազմում յաղթած հայ գիւղը, հայ մարդը չի դիմանում խաղաղութեանը: Զինուած հակառակորդին ծնկի բերած հայ մարդը մերժում է ծնկի գալ երկրում տիրող անարդարութեան առաջ ու հեռանում է իր տնից: Ընդամէնը 80 տների ծխնելոյզներից է ծուխ բարձրանում: Այդ տների մեծ մասում մնացել են տարեցներ: Նրանց որդիները լաւ կեանքի յոյսով հեռացել Երեւան, Ռուսաստան, այլուր:

Բենիկ Անտոնեանը, որի չորս երեխաներից եւ ոչ մէկը գիւղում չի մնացել, ասում է, որ դժուարութիւններով ապրելն էլ տանելի բան է: Նրա համար կարեւորը խաղաղութիւնն է: Ոչ թէ զինադադար, այլ` խաղաղութիւն: Նա համոզուած է` միայն խաղաղութեան պայմաններում է հնարաւոր ունենալ շէն ու բարգաւաճող Բարեկամաւան:

Ազրպէյճանական դիրքերից գիւղի տները շատ մօտ են: Գիւղի հողատարածքների մեծագոյն մասը չի մշակւում, քանի որ հակառակորդի կրակի տակ է: Սերեոժա Վիրաբեանը սպաննուել է շարքացանի վրայ` իր հողը մշակելիս: Ազրպէյճանցի նշանառուն կրակել է մօտակայ բարձունքից` Սերեոժայի ճակատին: Էդիկ Ալավերդեանը սպաննուել է ականի պայթիւնից` իր հողը մշակելիս: Մարտիկ Միքայէլեանը սպաննուել է իր խոտհարքում` խոտհնձին: Մարտիկի եւ նրա երկու որդիների ու մէկ այլ համագիւղացու վրայ կրակել են ազրպէյճանցիները, երբ հնձուորները նստել են շունչ քաշելու: Խալաթ Միքայէլեանը իր հողամասում հանդիպել է ցանած ականին եւ կորցրել ոտքը:

Տաւուշի մարզը Ազրպէյճանի հետ ունի շուրջ 350 քիլոմեթր սահման, որից 17 քիլոմեթրը բաժին է ընկնում Բարեկամաւանին: Միջահասակ մի գիւղացի, ով ներկայացաւ Ջոնիկ անունով, պատմեց. «Պատերազմի ժամանակ այդ գիւղը իր ուժերով պահել է հայ-ազրպէյճանական սահմանի 17 քիլոմեթրանոց հատուածը: Երեխաներից սկսած մինչեւ 60 տարեկան մարդիկ կանգնել ու պաշտպանել են սահմանը, գիւղը»: Նա բողոքեց իշխանութիւններից` ասելով, որ գիւղը անուշադրութեան են մատնել: «Մենք մեր երեխաներին չենք պահում: Մենք մեր երեխաներին խաբում ենք: Մեր երեխաները սոված չեն քնում, մեր երեխաներ կօշիկ ունեն, բայց նրանք մեծանում են` աշխարհից կտրուած: Այստեղ ոչինչ չկայ երեխաների համար: Տարուայ մէջ գոնէ մէկ  անգամ չենք կարողանում մեր երեխաներին դուրս տանել եւ Հայաստանի որեւէ տեսարժան վայր ցոյց տալ: Չկայ երգի կամ պարի խմբակ: Այստեղ ոչինչ չկայ երեխաների ու երիտասարդների համար: Գալիս է պահ, որ մտածում եմ` ես էլ թքեմ հեռանամ, բայց յետոյ մտածում եմ` իսկ մեր հողն ու ջուրը, մեր գերեզմանները», վրդովուած խօսում է Ջոնիկը:

Դպրոցի տնօրէն Աստղիկ Ազատեանը պատմում է. «Մարդիկ մի ժամանակ յոյս ունէին, որ պատերազմի աւարտից յետոյ կեանքի պայմանները կը բարելաւուեն, բայց արդէն քանի տարի է անցել: Մարդուն կեանքը մէկ անգամ է տրւում: Ես գնացողներին չեմ մեղադրում: Ինչքան էլ հայրենասէր լինես, գիւղդ սիրես, կեանքը մէկ անգամ է տրւում: Այստեղ կեանքդ անցնում է ու ոչինչ չես տեսնում»:

Երիտասարդ գիւղապետ Գագիկ Աբազեանը թուարկում է չլուծուած խնդիրները, որոնք կան գիւղում, միաժամանակ նշում. «Գիւղը գտնւում է Հայաստանի նախագահի եւ կառավարութեան անմիջական ուշադրութեան կենտրոնում: Այս տարի գիւղացիները կ՛ունենան բնական կազի խողովակ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով արդէն չորրորդ տարին պահուստային հողատարածքների վրայ աշնանացան ցորեն է ցանւում: Պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանը հինգ-վեց անգամ այցելել է գիւղ, անցնող տարի գիւղում մարդկանց սպառած ելեկտրական հոսանքի գումարը վճարել է նախարարութիւնը: Գիւղին տրամադրուել է երկու ամենագնաց մեքենայ»:

Գիւղի ապագայի հարցում նա այնքան էլ լաւատես չէ: Ինչպէ՞ս լինես լաւատես, երբ ամէն տարի գիւղում ծնւում է մէկ երեխայ, մահանում է 10 մարդ: «Ես չեմ ուզում մտածել, որ կը գայ մի ժամանակ, երբ Բարեկամաւանը այլեւս չի լինի: Չեմ ուզում մտածել, որ կը գայ մի ժամանակ, երբ գիւղում այլեւս մարդ չի լինի», ասում է նա:

Յատուկ «Ազդակ»-ի համար

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )