«Անթեղուած Կրակ»

ԿԱՐՕՏ ՍԱՍՈՒՆԵԱՆ

07-23-GarodԱրեւմտահայեր, արեւելահայեր, սփիւռքահայեր: Այդ անուններով է յիշատակւում աշխարհասփիւռ հայութիւնը: Հիմա էլ, ուզենք թէ չուզենք, մայր հայրենիքում կան տարիներով գաղտնի ապրած «մուսուլման հայեր»:

Այո՛, սխալ չլսեցիք, որքան էլ անուանումը զգայական թուայ: Ի դէպ, այդ զգայականութիւնը, այդ զգայական հանգամանքը զգայական է ե՛ւ մուսուլման, ե՛ւ քրիստոնեայ հայերի համար: Երկու կողմն էլ խիստ զգայական են համարում այդ հանգամանքը, որը մօտ ազգականների միջեւ անգամ դժգոհութիւն է յարուցում եւ այդպէս ընդունւում: Բռնի կամ սեփական կամքով իսլամացած քրիստոնեայ հայերը ներկայում շատ մեծ թիւ են կազմում իրենց հայրենի հողը համարուող Արեւմտեան Հայաստանում: Հարիւրամեակներ շարունակ թուրքերի կողմից նուաճման տակ գտնուող հայ բնակչութեան թիւը թէեւ հաստատուած չէ, սակայն ենթադրւում է 7-8 միլիոն: Սոյն թիւը, որը հնարաւոր չէ հաշուի չառնել, 3 անգամ աւել է Արեւելեան Հայաստան համարուող Հայաստանի բնակչութիւնից: Ներկայում որպէս Թուրքիայի տարածք նշուող հողերում 1890-1915 թուականների ընթացքում իսլամացած հայերից բացի, կան նաեւ համշենահայերը, որոնց մահմետականացման գործընթացի ժամանակահատուածը եւ պատճառներն առայժմ վերջնականապէս հաստատուած չեն, եւ ովքեր բնակւում են սեւծովեան շրջանի առափնեայ հատուածում: Սոյն հայերի մի մեծ մասն ապրում է Ռիզէի, Արտուինի եւ Խոպայի կողմերում: Ինչ վերաբերւում է միւս շրջաններում բնակուող մուսուլմանացած հայերի մի ստուար զանգուածին, ապա վերջինս բռնի իսլամացուել է օսմանեան սուլթան Սէլիմի օրօք, ինչպէս նաեւ արաբների` Հայաստանի գրաւման ժամանակաշրջանում: Այդ մահմետականացուած հայերը ներկայում յիշատակւում են որպէս ուծացուած քրտական աշիրեթներ, որոնց անդամների մեծ մասը կտրականապէս հրաժարւում է ընդունել իր հայկական ծագումը:

Մի փոքր այլ է 1890-1915 թթ. իսլամացած հայերի դէպքը, հայեր, ովքեր իսլամ են ընդունել` մահուան ահից ելնելով, զէնքի ուժով: Այդ հայերի թոռները, գիտակցելով այդ հանգամանքը, կարողացել են հայրենի հողում գաղտնի կերպով շարունակել իրենց գոյութիւնը: Այդ ծպտեալ հայերը մխում են մեր օրերում` «անթեղուած կրակի նման»: Դրա վառ օրինակներից մէկը խիստ վառ կերպով դրսեւորուեց Տիգրանակերտում գտնուող Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու վերականգնումից յետոյ: Նախքան եկեղեցու վերանորոգումը, զբօսաշրջիկների հետ մէկտեղ, այն այցելում էին ընդամէնը 8-10 հոգի: Եկեղեցու վերականգնումից եւ վերաբացումից յետոյ սկսեց ձեւաւորուել 15-20 հոգանոց մի փոքրիկ համայնք, որի թիւը որոշ ժամանակ անց հասաւ 40-50 հոգու: Հետագայում եկեղեցին ունեցաւ շուրջ 80-100 հոգանոց մշտական այցելու: Իսկ Սուրբ Զատիկին այդ թիւն անցաւ 1200-ը: Որտեղի՞ց ենք սահմանել այդ թիւը: Սուրբ Յարութեան տօնին մօտ 1200 հատ հաւկիթ ու չէօրէք (խմորեղէն, որ Սուրբ Զատիկի տօնին թխում են արեւմտահայերը, «Ակունք»-ի խմբ.) էր պատրաստուել: Փաթեթները բաժանելուց յետոյ եղան անգամ այնպիսիք, որոնց ձու եւ չէօրէք չհասաւ: Այդ 1200 հոգուց 200-ը ժամանել էին Պոլսից, 200-ը` սփիւռքից, իսկ մնացեալը Տիգրանակերտի, Սասունի, Պիթլիսի, Մուշի, Վանի եւ Մարտինի կողմերից եկած իսլամացուած հայեր էին: (Ամէն կիրակի, երբ եկեղեցի եմ այցելում, նկատում եմ, որ այդ թիւն աճում է):

Այս թիւն արտայայտում է հետեւեալը. հայերը յառնում են մոխրից հէնց իրենց մայր հայրենիքում: Նրանց թիւը կ՛աճի, եթէ փչես այդ անթեղուած կրակի վրայ: Կրակ, որ պէտք է փայփայել: Մի անգամ էլ դուք փորձեք…

Յարգանքներով`
Տիգրանակերտում բնակուող սասունահայ
ԿԱՐՕՏ ՍԱՍՈՒՆԵԱՆ
24.06.2014/Տիգրանակերտ
[email protected]

թարգմանեց ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆԸ
Akunq.net

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )