Ինչի՞ Է Ուզում Հասնել Ազրպէյճանը, Կամ` Տեղեկատուական Անգրագիտութեան Հետեւանքները

ԳԷՈՐԳ ԱՂԱՊԱՊԵԱՆ

0815_azԱրցախի պաշտպանութեան նախարարութիւնը  տեղեկատուութիւն տարածեց հակամարտ զօրքերի շփման գծի հիւսիսային ուղղութեամբ մարտական յենակէտերից մէկի վրայ ազրպէյճանական զինուժի յարձակման եւ դրա պատճառով հայկական կողմից երկու զինծառայողի զոհուելու վերաբերեալ: Այս դէպքում խօսքը գնում է ոչ թէ ազրպէյճանական զինուժի կողմից իրականացուած գործողութեան մասին, այլ յենակէտի վրայ յարձակման, այսինքն` ճակատային ռազմական գործողութեան, ինչը թոյլ է տալիս ենթադրել, որ դրա նպատակը եղել է հայկական յենակէտի ոչնչացումը կամ գրաւումը:

Եթէ իսկապէս այդպէս է, ապա գործ ունենք հրադադարից յետոյ որակապէս նոր, շատ աւելի յանդուգն մարտական բազմաբեւեռ ձեւերով ռազմական գործողութիւնների անցնելու նոր մարտավարութեան հետ:

Դրան զուգահեռ, յուլիսի 30-31 ընկած ժամանակահատուածում Տաւուշի միանգամից մի քանի գիւղեր ենթարկուեցին գնդակոծութեան, այդ թւում նաեւ` Իջեւանի տարածաշրջանի Բերքաբեր գիւղը, որը վերջին մի քանի տարիների կտրուածքով առաջին անգամ է դառնում թիրախ: Աւելի վաղ տեղեկութիւն էր տարածուել այն մասին, որ հակառակորդը գնդակոծութեան է ենթարկել նաեւ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ գիւղը, որտեղ եւս մինչ այդ նման դէպքեր չէին արձանագրուել: Այն հանգամանքը, որ հակառակորդը Տաւուշի մարզի` առաւել խոցելի բնակավայրերից զատ նաեւ թիրախի տակ է առնում իր համար հասանելի հայկական նոր բնակավայրեր, խօսում է մի կողմից ռազմական բախումների տարողութիւնն ու ճակատային գիծն ընդլայնելու, միւս կողմից` հայկական ուժերին աւելի արագ պատասխան գործողութիւնների հարկադրելու նպատակների մասին:

Եթէ մինչ այս թւում էր, թէ Պաքուն նման գործողութիւններով ընդամէնը փորձում է հակամարտութեան եւ իր պահանջների վրայ հրաւիրել միջազգային հանրութեան ուշադրութիւնը, հաւաստել խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու իր սպառնալիքների լրջութիւնը, ապա վերոնշեալ միտումները այլեւս ցոյց են տալիս, որ հիմնական նպատակը հայկական կողմին լայնածաւալ ռազմական արկածախնդրութեան մէջ ներքաշելն ու սադրելն է:

Ուշագրաւ է յատկապէս այն հանգամանքը, որ որքան հայկական կողմը փորձում է զսպուածութիւն ցուցաբերել, ըստ էութեան, խնդիր ունենալով միայն ծայրայեղ անհրաժեշտութեան դէպքում ստիպել դադարեցնելու գիւղերի եւ դիրքերի ուղղութեամբ ծանր կրակահերթերը, այնքան ազրպէյճանական կողմն աւելի յարձակողական է դառնում: Ըստ ամենայնի, Պաքուին նեարդայնացնում է սադրանքներին տուրք չտալու, պաշտպանութիւնից յարձակման չանցնելու հայկական կողմի որդեգրած մարտավարութիւնը, եւ փորձում է իրադրութիւնն աւելի ու աւելի սրելու միջոցով հայկական զինուժին հանել հաւասարակշռութիւնից: Դա, սակայն, առայժմ չի յաջողւում:

Փոխարէնը` հայաստանեան եւ արցախեան հասարակութիւնների մօտ արդէն հասունացնում է նման զսպուածութեան հետագայ պահպանման նպատակայարմարութեան շուրջ զրոյցը` ինչը մի կողմից լրացուցիչ ճնշում է բանակի նկատմամբ, միւս կողմից` ոմանց մօտ դրսեւորուող որոշակի խուճապայնութեան արտայայտութիւն է: Մինչդեռ իրավիճակի նման սրման պարագայում հայկական կողմի դրսեւորած սառնասրտութիւնը թերեւս թելադրուած է մտավախութեամբ, որ սա մի խաղ է, որը թելադրւում է բոլորովին էլ ոչ Ազրպէյճանից: Այսինքն նման վարքագիծ դրսեւորելու Ազրպէյճանի ինքնավստահութիւնը պայմանաւորուած է ոչ թէ սեփական ուժերի գերազանցութեան գիտակցմամբ, այլ իրավիճակը սրելու համար պատասխանատուութիւնից խուսափելու` դրսից տրուած երաշխիքներով եւ այն համոզմամբ, որ գոնէ այս պահին Հայաստանը որեւէ աջակցութիւն չի ստանալու դրսից, նաեւ` իր ռազմավարական դաշնակցից:

Թէ ո՞վ կամ ովքե՞ր են Արցախի հակամարտութիւնը ռազմական փուլ տեղափոխելու հարցում շահագրգիռ այդ ուժերը, կարելի է կռահել: Սակայն սա քննարկման այլ առարկայ է: Փաստն այն է, որ նման պարագայում յարձակողական գործողութիւնների դիմելը կարող է ջուր լցնել հէնց այդ երրորդ կողմի ջրաղացին եւ ապահովել նրանց նախանշած գործընթացի անշեղ իրականացումը: Այս իմաստով, շփման գծում հայկական կողմի հանդէս բերած զսպուածութիւնը արդարացուած կարող է լինել այնքան ժամանակ, քանի դեռ վերջնականապէս պարզ չէ` ի՛նչ է կատարւում իրականում եւ որտեղի՛ց է սնւում ազրպէյճանական այս յարձակումը: Սակայն սա որեւէ պարագայում չի արդարացնում այն անտարբերութիւնը, որը հայկական կողմը դրսեւորում է դիւանագիտական ու քարոզչական ճակատում:

Միջազգային հանրութեան ներկայիս կեցուածքն առ այն, որ հակամարտութիւնը կարող է լուծուել միայն խաղաղ ճանապարհով, նշանակում է, որ պատերազմի վերսկսման պարագայում ողջ պատասխանատուութիւնը բարդուելու է այն կողմի վրայ, որը նախայարձակ է լինելու: Պարզ է, որ հայկական կողմին սադրելու Ազրպէյճանի հիմնական նպատակը նրան հէնց նախայարձակ լինելու մէջ մեղադրելն է, որի յաջողելու դէպքում Հայաստանը ո՛չ յարձակողի պիտակից, ո՛չ էլ պատերազմից ազատուելու որեւէ տարբերակ այլեւս չի ունենալու:

Ահա այս պայմաններում արտաքին գործերի  նախարարութիւնն ընդհանրապէս կարծես ողջ անձնակազմով գնացել է անվերադարձ արձակուրդ` բացարձակ անհաղորդ մնալով սահմանին կատարուող իրադարձութիւններին, իսկ պաշտպանական գերատեսչութիւնները բաւարարւում են ընդամէնը լրատուամիջոցների հրապարակումներին անկանոն արձագանգելով, սահմանային դէպքերի մասին կարճ, տեղեկատուական բնոյթի հաղորդագրութիւններով ու կորուստների համար ցաւակցութիւններ յայտնելով: Հայկական կողմի տեղեկատուաքարոզչական այս բացայայտ անգործութիւնը, անկազմակերպուածութիւնը յանգեցրել է ընդհուպ նրան, որ երբ Տաւուշի մարզում կրակում են Կարմիր խաչի փոխադրակառքի ուղղութեամբ, հայկական կողմի կատարեալ անտարբերութեան պայմաններում Ազրպէյճանն է պաշտօնապէս յայտարարում, թէ հայերն իրենք են կրակել` Պաքուին վարկաբեկելու համար: Երեւանում հաւանաբար չեն տեսնում կամ չեն ուզում տեսնել, որ ժամանակակից աշխարհում եղանակ են ստեղծում ոչ թէ ռազմական գործողութիւնները, այլ` տեղեկատուական ուղղորդուած հոսքերը, դրանց միջոցով որոշակի կերպարների, կանխակալ պատկերացումների ստեղծմամբ միջազգային կարծիքը ղեկավարութեան ենթարկելը, այդ ուղղութեամբ կողմերի դրսեւորած հետեւողականութիւնն ու յարձակողապաշտութիւնը: Այս առումով Երեւանում կատարեալ նախնադար է:

«Երկիր»
(յապաւումով)

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )