Հայկական Բանակի Շքեղ Հարուածը

ՀԱՅԿԱԶՆ ՂԱՀՐԻԵԱՆ

0815_panagՀայկական բանակի ղեկավարութիւնը յայտարարել է, որ վերջին օրերին հայկական կողմը ոչ միայն պատասխանել է հակառակորդին, այլեւ իրականացրել է կանխարգելիչ հարուածներ այն կէտերում, որտեղ հակառակորդը աշխուժութիւն է ցուցաբերել: Բացի այդ, իրականացուել են ռազմական տեսակէտից գրագէտ գործողութիւններ, երբ հակառակորդին «սադրել» են գործողութիւնների եւ վերահսկողութեան տակ են վերցուել կարեւոր դիրքեր:

Շատերն են այն կարծիքին, որ սահմանային լարուածութեան նպատակը խաղաղարարների մուտքն է: Ռուսական մամուլում, ազրպէյճանական աշխուժութեանը զուգահեռ, հրապարակւում էին յօդուածներ, որոնցում բացայայտ նշւում է, որ միայն Մոսկուան կարող է կանգնեցնել լարուածութիւնը, եւ որ` անհրաժեշտ է ռուսական զօրք մտցնել Ղարաբաղ:

Մինչ լարուածութեան այս ալիքը, Ռուսաստանն առաջարկել էր «խաղաղարարների» մուտքը, որին կտրուկ հակադարձել էր Հայաստանի պաշտպանութեան նախարարը` յայտարարելով, որ Հայաստանի զինուած ուժերը վերահսկում են իրավիճակը եւ որեւէ խաղաղարար միջնորդութեան կարիք չկայ: Դրանից անմիջապէս յետոյ յայտարարութիւն էր տարածել տարածաշրջանում իր ազդեցութիւնը վերականգնող Իրանը` յայտարարելով, որ դէմ են ցանկացած խաղաղարար ուժերի ներկայութեանը, քանի որ դրանք սպառնալու են ողջ տարածաշրջանին: Իրանը փաստացի աջակցութիւն էր յայտնել Հայաստանի դիրքորոշմանը:

Ըստ ամենայնի, Մոսկուան եւ Պաքուն փորձել են հասկանալ, թէ որքանո՛վ Հայաստանը «չունի խաղաղարարների կարիք»: Հայկական բանակը, սակայն, պատուով դուրս եկաւ այս փորձութիւնից եւ ապացուցեց, որ ի վիճակի է խաղաղութիւն հարկադրել տարածաշրջանում:

Մոսկուայում սակայն չեն հրաժարուել իրենց ծրագրերից եւ Սոչի են հրաւիրել Հայաստանի ու Ազրպէյճանի նախագահներին: Մինչ այդ նման նախաձեռնութիւն էր ցուցաբերել Փարիզը, սակայն Մոսկուան «խլեց» նախաձեռնութիւնը` ցանկանալով ցոյց տալ, որ ինքն է իրադրութեան տէրը:

Ռուսաստանի` նման մի նախաձեռնութիւն արդէն տապալուել է, երբ նախագահ Մետվետեւը ստանձնել էր կարգաւորման նոր «ձեւաչափ»` եռակողմ հանդիպումները նախագահների մակարդակով: Ներկայում կրկին փորձ է արւում վերականգնել այս «ձեւաչափը»` խաղից դուրս թողնելով Մինսքի խմբին եւ հաստատելով Ռուսաստանի «մենաշնորհը»:

Սակայն իրավիճակն այնքան էլ միանշանակ չէ: Նախ, առայժմ յայտնի չէ, թէ նախագահների հանդիպումն ի՞նչ ձեւաչափով է լինելու` արդեօք լինելո՞ւ է եռակողմ հանդիպում: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լաւրովը յայտարարել է, որ Փութինն առանձին-առանձին հանդիպելու է նախագահների հետ եւ փորձելու է հանդիպում կազմակերպել նրանց միջեւ: Լաւրովը սակայն այնքան էլ լաւատես չէ ինչ-որ համաձայնութեան հասնելու հարցում:

Այս խորապատկերին, հետաքրքիր էր երէկ տարածուած մի հաղորդագրութիւն, որը պաշտօնապէս վերնագրուած էր «Հայաստանի  պաշտպանութեան նախարարութեան եւ Հայաստանում Միացեալ Նահանգների դեսպանութեան համատեղ մամուլի հաղորդագրութիւնը»: Սա փոքր ինչ տարօրինակ «ձեւաչափ» է, որն իր հերթին վկայում է, որ հայկական բանակի վերջին օրերի գործողութիւնները արտաքին քաղաքական միւս շահագրգիռ կողմերի համար եւս անարձագանգ չեն մնացել:

Միով բանիւ, հայկական բանակը պատուով դուրս եկաւ այս փորձութիւնից եւ ապացուցեց, որ մեզ խաղաղարարներ պէտք չեն: Խաղաղարար ուժերի մուտքը, լինեն ռուսական, թէ արեւմտեան, նշանակում է Ղարաբաղի բաժանումը, որը ծանր հարուած է լինելու հայկական շահերին:

Միւս կողմից, բանակի յստակ ռազմաքաղաքական գործողութիւնների շնորհիւ «հայկական գործօնը» կարծես թէ վերածնւում է: Հայաստանում բոլորի համար երեւի թէ արդէն պարզ է դառնում, որ երբ որեւէ հանրութիւն յայտարարում է եւ ապացուցում, որ ընդունակ է ինքնուրոյն պաշտպանելու իր շահերը եւ ոչ միայն անվտանգութիւն սպառող է, այլեւ` անվտանգութիւն կառուցող, բոլորը գալիս ու կանգնում են նրա կողքին:

Իրանն ու Միացեալ Նահանգները արդէն նման քայլ կատարել են, եւ հեռու չէ այն ժամանակը, երբ Ռուսաստանն էլ է կանգնելու այդ դիրքերում: Դրա համար պէտք է յստակ ու անզիջում կանգնել սեփական շահերի պաշտպանութեան դիրքերում եւ աշխարհի հետ խօսել միմիայն այդ դիրքերից:

Հայկական միջավայրում ներկայում ոգեւորութիւն է, հայրենասիրական վերելք, եւ դա հասկանալի է հանրային-պետական ընդհանուր ձախողումների խորապատկերին: Սակայն այդ ոգեւորութիւնը պէտք է վերածուի շօշափելի գործողութիւնների ու քայլերի, քանի որ լարուածութեան յաջորդ փուլերի որակն ու մակարդակն այլ են լինելու: Դրանց պէտք է լրջօրէն պատրաստուել:

«Լրագիր»

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )