Քո Տունը` Աղաւնոյ Գետի Ափին

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Արցախ այցելողները Բերձոր չհասած` Աղաւնոյ գետի ձախ ափին, կարող են տեսնել նոր գիւղի շինարարութիւնը, որն իրականացնում է մի քանի տասնեակ սփիւռքահայերի «Արցախ ռութս ինվեսթմենթ» (ԱՌԻ) ընկերութիւնը` Ստեփանակերտի իշխանութիւնների հետ համատեղ: Սեպտեմբերի վերջերին պատրաստ կը լինեն առաջին 50 բնակարանները, իսկ առաջիկայ մէկ-երկու տարիներին կը կառուցուեն եւս 100 բնակարաններ` նաեւ գետի աջ ափին:

Գորիս-Ստեփանակերտ մայրուղի

Գորիս-Ստեփանակերտ մայրուղիէն դիտուած

Քաղաքատիպ աւանը կառուցւում է Աղաւնոյ գիւղի տեղում` Գորիս-Ստեփանակերտ մայրուղու հարեւանութեամբ: Գիւղապետ Միասնիկ Մաթեւոսեանը ասում է, որ Աղաւնոն լաւ, առաջաւոր գիւղ է, որտեղ ապրելը հաճելի է: «Գիւղը ազատագրուել է 1992 թուականին, հէնց այդ տարուանից այստեղ երկու-երէք ընտանիքներ են բնակւում, բայց հիմնադրումը եղել է 1994-ին, շուտով կը նշենք հիմնադրման 20-ամեակը: 150 նոր տների կառուցումից յետոյ, մեր պատկերացումով, Աղաւնոն քաղաքատիպ աւան է դառնալու», նշում է գիւղապետը:

Առաջին փուլի 50 բնակարանները կառուցելու նպատակով Արցախի կառավարութիւնը 2014 թ. յունուարին յայտարարեց մրցոյթ, որում յաղթեցին մի շարք շինարարական կազմակերպութիւններ: «Եւրաստրոյ» ընկերութիւնը շահեց ամէնից շատ` 18 բնակարաններ կառուցելու մրցոյթը:

Սերժիկ Միրզոյեանը մրցոյթը շահած կապալառուներից է: «Յունուարի վերջերին շահեցինք մրցոյթը, 18 բնակարան ենք կառուցելու: Մրցոյթը շահելու օրուանից սկսել ենք աշխատանքները, սահմանուած ժամկէտում` սեպտեմբերի վերջին, շահագործման կը յանձնենք բոլոր 18 բնակարանները: Աշխատողներ կան ե՛ւ Արցախից, ե՛ւ Հայաստանից: Ես վստահ ասում եմ, որ մեր 18 տները կառուցւում են ըստ նախագծի, եւ կառուցւում են որակով», ասում է Միրզոյեանը:

«Արցախ ռութս ինվեսթմենթ» ընկերութեան հիմնադիր անդամներից Մելքոն Յակոբեանը այս տարուայ ընթացքում արդէն երկրորդ անգամ է այցելում Աղաւնոյ` տեղում ծանօթանալու շինարարական աշխատանքներին: Գարնան այցելութեան ընթացքում Յակոբեանի հետ Աղաւնոյ էին այցելել նաեւ ԱՌԻ-ի ատենապետ Սուրէն Սարգիսեանը եւ ԱՌԻ-ի հիմնադիր անդամներից  Բենիամին Պչաքճեանն ու Բիւզանդ Գէորգեանը:

Սեպտեմբերի կէսերին մի քանի տասնեակ լիբանանահայ գործարարներ` ԱՌԻ-ի անդամներ, կ՛այցելեն Աղաւնոյ: Հէնց այդ օրերին շահագործման կը յանձնուեն առաջին յիսուն բնակարանները:

Տիգրան Աւանեսեան եւ Մելքոն Յակոբեան

Տիգրան Աւանեսեան եւ Մելքոն Յակոբեան

«Եւրաստրոյ» ընկերութեան գլխաւոր ճարտարապետ Տիգրան Աւանեսեանը ասում է, որ մրցոյթով շահած իրենց 18 բնակարանների շինարարութիւնը սկսել են յունուար-փետրուար ամսին, իսկ առաջիկայ շաբաթներին շինարարութիւնը կ՛աւարտեն: «Ցանկանում ենք, որ գիւղը լինի ժամանակակից, որպէսզի այստեղ ապրող մարդիկ իրենց քաղաքակրթութիւնից կտրուած չզգան: Շինարարութեան որակը պէտք է պահպանել, իւրաքանչիւր շինարարի համար դա պատուի հարց է: Շինարարութիւնն իրականացւում է հաստատուած նախագծի համաձայն եւ շարժակայուն է: Ձգտում ենք հնարաւորինս որակեալ շինանիւթեր օգտագործել», ասում է Աւանեսեանը:

Եւրոպական չափանիշների համապատասխան կառուցուող այս մոտել-գիւղը կարեւոր խաչմերուկում է: Հէնց գիւղի հարեւանութեամբ է անցնում Գորիս-Ստեփանակերտ մայրուղին: Բացի այդ, գիւղի հարեւանութեամբ տեղակայուած է Արցախի գլխաւոր հսկիչ կէտը: Աղաւնոյ գետի վրայ կառուցուել են ջրաելեկտրակայաններ, որոնցից մէկը բնակավայրին մօտ է: Այս ամէնը յուշում է, որ քաղաքատիպ աւան յիշեցնող այս գիւղում բնակուելու են ոչ միայն գիւղատնտեսութեամբ եւ անասնապահութեամբ զբաղուող մարդիկ, այլ նաեւ` ճարտարագէտներ եւ ծառայողներ, տարբեր այլ պաշտօնեաներ:

Գիւղապետ Միասնիկ Մաթեւոսեան

Գիւղապետ Միասնիկ Մաթեւոսեան

Գիւղապետ Մաթեւոսեանը կարծում է, որ Աղաւնոյ գիւղում պէտք է ապրեն առաջին հերթին այսօրուայ բնակիչները: «Այստեղ պէտք է ապրեն նաեւ նրանք, ովքեր սիրում են այս տարածքները, ովքեր ուզում են, որ ազատագրուած տարածքները բնակելի դարձուեն», ասում է նա:

Նոր կառուցուող գիւղի բնակարանները ամարանոցներ չեն: Բնակավայրի կառուցումը վերաբնակեցման քաղաքականութեան մաս է կազմում: Արցախի կառավարութեան որոշումով գիւղի  մի քանի բնակարաններ կը տրամադրուեն վեց երեխայից աւելի ունեցող, ինչպէս նաեւ նահատակուած ազատամարտիկների ընտանիքների: Իսկ մնացեալ բնակարանները պետութեան կողմից երկարաժամկէտ եւ ցած տոկոսներով տրամադրուելիք վարկերով կը ստանան այն ընտանիքները, որոնք վերաբնակուելու նպատակով ցանկութիւն ունեն հաստատուել կառուցուող աւանում:

Գետն ու նոր բնակարանները Լուսնկարները` Թաթուլ Յակոբեանի

Գետն ու նոր բնակարանները
Լուսնկարները` Թաթուլ Յակոբեանի

Չնայած շինարարական աշխատանքները փոքր-ինչ յետ են ընկել նախապէս համաձայնեցուած ժամանակացոյցից, սակայն ԱՌԻ-ի հիմնադիր անդամներից Մելքոն Յակոբեանը ասաց, որ ընդհանուր առմամբ գոհ է եւ` բաւարարուած:

 

Յատուկ «Ազդակ»-ի համար

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )