Համաթուրանական Երազանք Կամ «Գորշ Գայլեր»

ԳՐԻԳՈՐ Ա. ԳՐԻԳՈՐԵԱՆ

GreyWolvesԱշոտ Աւագեանի աշխատութեամբ, 2013 թուին, Երեւանում լոյս տեսաւ հետաքրքրական մի գիրք` «Փանթուրանական երազանք» կամ «Գորշ գայլեր» անուամբ:

Գրքի կազմի վրայ նկարուած է բարձունքի վրայ կանգնած ոռնացող մի գորշ գայլ, նոյնպէս Գարեգին Նժդեհի թեւաւոր խօսքը` «ՄԻՆՉ ՀԱՅԸ ԻՐ ՑԵՂԻ ՄԷՋ ՄԱՐԴԿՈՒԹԻՒՆ, ԹՈՒՐՔՆ ԻՐ ՀՈԳՈՒՄ ԳԱՅԼՈՒԹԻՒՆ Է ՄՇԱԿՈՒՄ»: Հեղինակը իր շնորհակալութիւնն է յայտնում «Յանուն հայրենի» հասարակական կազմակերպութեան` ի դէմս նախագահ Ներսէս Ներսիսեանի, գրքի հրատարակման աշխատանքին աջակցելու համար:

Գիրքը պարունակում է 153 էջ, որի վերջին էջում տրուած է օգտագործուած աղբիւրների եւ գրականութեան ճոխ ցանկ` շուրջ 38 անուններ, գրքեր, հայ եւ օտար լրատուական միջոցներից քաղուած տեղեկութիւններ, որոշ ճանաչուած պատմաբանների կարծիքներ:

Հայաստանի Գիտութիւնների ազգային ակադեմիայի Արեւելագիտութէան հիմնարկի տնօրէն, փրոֆեսէօր` Ռուբէն Սաֆրաստեանը, «Գորշ գայլեր»-ի մասին գրել է` «Գորշ գայլեր»-ի գործում են աննկատ, յաճախ` տարբեր մշակութային եւ մարզական կազմակերպութիւնների անուան տակ, այդ իսկ պատճառով նրանց մասին լրատուութիւնը բաւականին պակաս է, երբեմն էլ` անհասանելի»:

Ներկայ աշխատութիւնը գրուած է աւելի փաստերի վրայ հիմնուած նիւթերից, գրեթէ առանց մեկնաբանութիւնների:

Գիրքը լայն պատկերացում է տալիս համաթուրանական ծայրայեղ ազգայնամոլ կազմակերպութեան եւ նրա ուղղութեան մասին»:

Ուշագրաւ է գրքի խմբագիր Զոհրապ Մուղդուսեանի խօսքը: Մուղդուսեանը գրում է. «Մեր օրերում Հայաստանի Հանրապետութեան դէմ թշնամաբար տրամադրուած թրքական երկու հարեւան պետութիւնների ահագնացող ազգայնական տրամադրութիւնները, որոնք յաճախ պետական մակարդակի են հասնում, յատկապէս` Ազրպէյճան կոչուած արհեստածին երկրում, լրջօրէն վտանգ են հայ ժողովրդի համար եւ դրա դէմը առնելու համար հարկ է միատեղ հայութեան ամբողջ ներուժը:

«Ճիշդ գործողութիւններ ձեռնարկելու համար, հարկաւոր է մանրակրկիտ ուսումնասիրել թրքական պետութիւնների ներսում տեղի ունեցող զարգացումները, այդ թուում` թրքական «Գորշ գայլեր» ազգայնական շարժման գործողութիւնների ձեւերն ու ուղղութիւնները, նրանց որդեգրած թիրախները, որոնցից գլխաւորը այսօր էլ հայութիւնն է եւ Հայաստանի ներկայ Հանրապետութիւնը» նշուած է գրքում»:

Գիրքը բաժանուած է 11 գլուխների, յատկապէս պիտի անդրադառնամ աւելի այն մասերին, որոնք կապւում են հայութեան եւ «Գորշ գայլեր»-ին:

Գրքում նշուած է` «որպէս պահանջատէր եւ վտանգի մատնուած ժողովուրդ` հարկ է քաջատեղեակ լինել թրքական ազգայնամոլական կառոյցների եւ դրանց գործելակերպի մասին»:

Այս առումով արժանի է ուշադրութիւն դարձնել` ԱՇԿ (Ազգայնական շարժում կուսակցութեան (MHP, Millyetci Hareket Partisi, ԱՇԿ) նկատմամբ, որը գործում է Թուրքիայում եւ Թուրքիայից դուրս, ինչպէս` թրքալեզու հանրապետութիւններում, այնպէս էլ Եւրոպայում, յատկապէս` Հոլանտայում, Պելճիքայում, Գերմանիայում, իսլամական ու արաբական մի շարք երկրներում, Միացեալ Նահանգներում եւ բոլոր այն երկրներում, ուր կան թրքական համայնքներ:

Գիրքը անդրադառնում է նաեւ Թուրքիայում կուսակցութիւնների մէջ տեղի ունեցող ընտրապայքարներիՆ:

Թուրքիայի 81 վիլայէթներից 62-ում  (Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութիւնը ԱԲԿ)` իշխող իսլամամէտ կուսակցութիւնը գրաւում էր առաջին տեղը: ԱԲԿ-ն չափաւոր պահպանողական է, կողմ` շուկայական տնտեսավարման եւ Եւրոմիութիւն մտնելուն, նշուած է գրքում:

ԱԲԿ քաղաքական գլխաւոր մրցակիցը` Հանրապետական ժողովրդական կուսակցութիւնն է (ՀԺԿ), որը տարիների ընթացքում ձեռք է բերել համակիրների իր կայուն հաւաքականութիւնը, սակայն ըստ գրքի, ի տարբերութիւն ԱԲԿ-ի, այն չունի ընկերային կողմնորոշման հեղինակութիւն:

2009-ի մարտի 29-ին Թուրքիայում անցկացուած տեղական ինքնավարութեան մարմինների ընտրութիւններում ներկայացուած էին 19 կուսակցութիւններ ու մի շարք անկախ թեկնածուներ: Իրենց դիրքերն աւելի էին ամրապնդել ժողովրդահանրապետական կուսակցութիւնն ու Ազգայնական շարժումը, այսինք` Գորշ գայլերի: Հետաքրքրական է, որ 2009-ի Մարտ 29-ի Թուրքիայի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրութիւններում Գորշ գայլերի ցուցակում երկու հայ կար` Լեւոն Աքչայ եւ Խեչօ Քէշիշ, որոնցից Լեւոն Աքչան յաղթեց եւ ընտրուեց Մերսին նահանգի համայնքներից մէկի քաղաքապետարանի խորհրդի անդամ:

2002 թուի իսլամամէտ եւ ազգայնական կուսակցութիւնները ընդհանուր առմամբ հասան իրենց ընտրազանգուածի աջակցութեան գագաթնակէտին` հաւաքելով մօտ 53 առ հարիւր որը ամենաբարձր ցուցանիշն էր թրքական քաղաքական պատմութեան մէջ:

Թուրքիայում քաղաքական նախապատուութեան կարեւորագոյն չափանիշներից է կրօնական պատկանելիութիւնը: Կրօնական տարրի աշխուժացման դէպքում նկատում ենք իսլամական կուսակցութիւններին ցուցաբերուող աջակցութեան աճ. հակառակ դէպքում` աճ է ապրում ձախերի վարկանիշը:

Ազգայնական տրամադրութիւնների բարձրացումը բերում է աջերի յաղթանակին:

Ալեւիները յաճախ նախապատուութիւնը տալիս են ՀԺԿ-ին:

1999 թուականի ապրիլին տեղի ունեցած խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքում, ԱՇԿ-ն դարձաւ Թուրքիայի 2-րդ կուսակցութիւնը` ստանալով 129 երեսփոխանական աթոռ:

Գրքի հեղինակը նշում է` «Հաշուի առնելով ԱՇԿ-ի գործունէութեան կարեւորութիւնը եւ ներկայացրած վտանգը մեզ համար, հարկ ենք համարում մանրամասն ներկայացնել այդ կուսակցութիւնն ու նրա գործունէութիւնը»:

Մենք մեր հերթին, օգտուելով գրքի բովանդակութիւնից, ստորեւ համառօտ մօտեցումով պիտի փոխանցենք որոշ տեղեկութիւններ այդ կուսակցութեան մասին:

Ժամանակակից Թուրքիայի քաղաքական կեանքում իր ուրոյն տեղն ունի Ազգայնական շարժում Կուսակցութիւնը:

Հասարակական լայն շրջանակներին յայտնի որպէս` «Գորշ գայլեր» (Bozkurt) անուամբ:

Վերջին տասնամեակների ընթացքում համաթուրանական գաղափարախօսութիւն սերմանող ԱՇԿ-ի գործունէութիւնը մեզանում անհրաժեշտ ուշադրութեան չի արժանացել, ուստի փորձ է արւում վերլուծել եւ ներկայացնել ԱՇԿ-ի կազմակերպական կառոյցը, գործունէութեան հիմնական ուղղութիւնները եւ առանձնացնել նրա անցած կարեւորագոյն փուլերը, ինչը հնարաւորութիւն կը տայ աւելի պարզ պատկերացնել «Գորշ գայլեր»-ի գործելակերպի եւ նպատակադրուածութեան մասին:

Ըստ գրքում նշուած կարծիքի, «Գորշ գայլեր»-ի կազմակերպական ուժն են կազմում ոչ միայն կուսակցական սփռուած ցանցերը, այլ ազգայնական համաթուրականների ծայրայեղական կազմակերպութիւնները, կամ,  ինչպէս նրանց կոչում են Թուրքիայում, «Գաղափարապաշտների օճախները» (ULKU OCAKLARI), որոնք պաշտօնապէս չմտնելով ԱՇԿ-ի կազմի մէջ, այնուամենայնիւ ենթարկւում են նրա ղեկավարութեանը:

«Գորշ գայլեր» անուանման առնչութեամբ, գրքում հետեւեալ բացատրութիւնն է տրուած` «Գորշ գայլ»-ը բերնէբերան անցած թրքական դիւցազնավէպէ:

Գորշ գայլը թուրքերի համար նոյնն է, ինչ ռուսների համար` արջը, իտալացիների համար`  Հռոմի գայլը, ամերիկացիների համար` արծիւը, պարսիկների համար` վագրը (պարսիկների համար վագրը չէ, այլ առիւծն է, ԳԳ)»:

«Ամէն մի ազգի համար կարեւոր խորհուրդ ունի իր իսկ ստեղծած ժողովրդական դիւցազներգութիւնը: Հայերի համար դա «Սասնա ծռերն» են, հրեաներինը` Մովսէսի «հնգամատեան»-ը, իսկ թուրքերինը` «Գորշ գայլ»-ը: Ինչպէս ազգն է, այնպէս էլ իր «դիւցազնավէպն է»:

ԱՇԿ-ի գաղափարախօսութեան աւելի ծանօթանալու համար հեղինակը բերում է «Գորշ Գայլեր»-ի հիմնի, քայլերգի եւ «Գաղափարապաշտներ»-ի երդման բովանդակութիւնները:

Փոխանցում եմ միայն` «Գորշ գայլեր»-ի յամառօտագրուած հիմնը եւ քայլերգը:

 

Գորշ Գայլերի Հիմնը

  (Թուրքերէնից բառացի թարգմանութիւնը`
  Աշոտ Աւագեանի, փոխանցում եմ յապաւումներով):
  Գորշ գայլերով, գորշ գայլերով,
  Թուրքն է զօրանում գորշ գայլերով
  Ձեռքում դրօշակ, երկնքում դրօշ,
  Իրաւունքն է ամբողջանում գորշ գայլերով:
  Ստրուկը քեզնից, մեռնելը մեզնից
  Երդուել ենք մենք այս երկրին,
  Մեր խօսքից յետդարձ չկայ,
  Մեր երկրի մէջ միութիւն կայ,
  Մեզ գորշ գայլ են անուանում
  Վախ չկայ մեր աչքերում:

 

 

Գորշ Գայլերի Քայլերգը

  (Թուրքերէնից բառացի թարգմանութիւնը,
  Ա. Աւագեանի յապաւումով):
  Լերան, երկնքի, տէրերի աչքը Թուրանի վրայ,
  Քայլէք Գորշ գայլեր թշնամու վրայ:
  Առաջ, առաջ, երբեք կանգ մի՛ առէք,
  «Կարմիր շներին» ժամանակ մի՛ տուէք:
  (Կարմիր շներ` նկատի ունեն համայնավարներին:)

Ըստ գրքում տրուած բացատրութեան համաթուրանական ծրագրերը նախկինում իրականացնում էին երիտթրքական պարագլուխներից Էնվերը, տոքթոր Նազըմը եւ նրանց խումբը Աֆղանիստանում, յետոյ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը, Զիա Կէօալփը, Ռաուֆ պէյը` Թուրքիայում:

Գրքի հեղինակ Աշոտ Աւագեանը Զիա Կէօքալփի (1876- 1924) մասին հետեւեալ բացատրութիւնն է տալիս` ընկերաբան, գրող, բանաստեղծ. շատ վերլուծաբաններ, համարում են, որ նրա գաղափարները յանգեցրին Հայոց ցեղասպանութեանը: Կէօքալփը համարւում է թուրք ազգայնականութեան հայրը»:

Սոյն գրքում նշուած է, որ թրքագէտ Ռուբէն Մելքոնեանը իր «Ակնարկ Ստամբուլի հայ համայնքի պատմութեան» գրքում նշում է, որ Թուրքիայի վարչապետ, հետագայում նախագահ Իսմեթ Ինէօնիւն 1925 թուականին Անգարայում «Թրքական օճախների համագումար»-ի իր ելոյթի ժամանակ յայտարարել է` «Մենք բացայայտ ազգայնամոլներ ենք, մենք ցանկացած գնով պէտք է թրքացնենք նրանց, ովքեր ապրում են մեր հայրենիքում»:

ԱՇԿ-ի հիմնադիրն էր Ալփարսլան Թուրքէշը:

Թուրքէշը ծնուել է 1917 թուականին Կիպրոսում, դեռ երիտասարդ տարիքում հրապուրուել է համաթուրանական գաղափարներով:

Համաթուրանականների կարծիքով, պէտք էր մի նոր եւ մեծ կայսրութիւն ստեղծել բոլոր թրքախօս ժողովուրդների համար:

«Գորշ գայլեր»-ը մայիսի 3-ը նշում են որպէս համաթուրանականութեան տօն, մեծ Թուրանի գաղափարի օր:

Ըստ գրքի, մեծ թուով Գորշ գայլեր խօսում են նոյնիսկ Օսմանեան կայսրութեան վերականգնման մասին, որը սփռւում էր, Վիեննայից մինչեւ Չինական պարիսպը:

Ըստ Ա. Թուրքէշի, բոլոր սպիտակ ժողովուրդները առաջացել են թուրքերից, ուստի Թուրքիան իրաւունք ունի ստեղծելու իր կայսրութիւնը:

Թուրքէշի կարծիքով, անհրաժեշտ է թրքացնել արաբական հողերը, սաղմի մէջ ճնշել արթնացող ազգայնականութիւնը արաբ երիտասարդութեան մէջ:

Գրքում նշուած է նաեւ, որ թրքական պետականութեան հարուածները ուղղւում են հայ ժողովրդի դէմ բուն Թուրքիայում, նրանից դուրս` Լիբանանում, Սուրիայում, Իրանում եւ այլուր: Նշուած է նաեւ որ «Գորշ գայլեր»-ի շարժումը խրախուսւում է Միացեալ Նահանգների եւ արեւմտագերմանական շրջանակների կողմից:

«Գորշ գայլեր»-ը նշել են նաեւ` «ԵՐԱՆԻ ԹԷ ՕՍՄԱՆՑԻՆԵՐԸ ԴԷՊԻ ԱՐԵՒՄՈՒՏՔ ԿԱՏԱՐԱԾ ԻՐԵՆՑ ԱՐՇԱՒԻ ԺԱՄԱՆԱԿ ԻՐԱՆՆ ԷԼ ԳՐԱՒԱԾ ԼԻՆԷԻՆ»: Ըստ գրքում նշուած տուեալների, 1970-ական թուականներին ահաբեկչութիւնը դարձաւ «Գորշ գայլեր»-ի գործունէութեան բաղկացուցիչ մասը: Գտնուելով իշխանութեան հովանու տակ, ահաբեկիչ «Գորշ գայլեր»-ին յաջողւում էր խոյս տալ քրէական պատասխանատուութիւնից:

1970-ական թթ. վերջերին թրքական բանակում մեծ թուով, «Գորշ գայլեր» յատնուեցին:

Գրքում ի բաց առեալ «Գորշ գայլեր»-ի մասին տրուած տեղեկութիւնների եւ նրանց գործունէութեան եւ քաղաքական ըմբռնումների առնչութեամբ տրուած բացատրութիւնների,  հեղինակը անդրադարձել է նաեւ Թուրքիայում գործօն տարբեր կուսակցութիւնների, մտայնութիւնների, անհատ ղեկավարների եւ այլ խնդիրների շուրջ:

Թուրքիայի Հանրապետութեան ստեղծման առաջին երկու տասնամեակներին, քեմալականները ճնշում էին իրենց հայեացքներին ոչ համահունչ մտքեր արտայայտող բոլոր ուժերին: Այս շրջանում համաթուրանականի գաղափարների կրողները իրենց հայեացքները փորձում էին տարածել միայն որոշակի հրապարակախօսական եւ գրական ստեղծագործութիւնների միջոցով: Անցեալ դարի 70-ական թուականների կէսերից սկսում է աջ ծայրայեղական ազգայնական եւ ԱՇԿ-ի ղեկավարմամբ գործող ֆաշական ուժերի սերտաճում:

ԱՇԿ-ի մարզական ճամբարներում պատրաստութեան անցան «Գորշ գայլեր»-ի երիտասարդ զինուած ջոկատները, որոնք կազմում էին «Քոմանտոսներ»-ի հիմնական կորիզները, որոնք իսկական պատերազմ սկսեցին Թուրքիայի ձախերի եւ բոլոր նրանց դէմ, ովքեր համաձայն չէին իրենց գաղափարներին:

Ըստ սոյն գրքում տրուած տեղեկութեան, «Գորշ գայլեր»-ն էին իրականացրել 1981 մայիսին Հռոմի պապ Պօղոս Երկրորդի դէմ կատարուած մահափորձը:

Ինչպէս գրքում նշուած է, ԱՇԿ-ն ամբողջ Եւրոպայի «Գորշ գայլեր»-ի մայր կուսակցութիւնն է, իրենց ղեկավարներին անուանում են «Պապաներ»: Փորձում են մտնել տեղական պետական մարմինների մէջ, այդ թւում նաեւ` ոստիկանութեան, իրենց մարդկանց օգնելու, հասարակական դիրք գրաւելու համար:

ԱՇԿ-ի պաշտօնաթերթերից է, «Օթատողու»-ն` հիմնուած 1972-ին:

Այդ թերթի զանազան նիւթերի մէջ յաճախ հանդիպում ենք Հայաստանի եւ հայ ժողովրդի մասին նիւթերի, որտեղ յօդուածագիրները, խեղաթիւրելով պատմութիւնը, վարկաբեկում են հայ ժողովրդին առնչուող ամէն ինչ:

Գրքում նշուած է պոլսահայ պատմաբան,  հրապարակագիր Լեւոն Փանոս Տապաղեանը (ծնուած 1933-ին), ընդգծուած «Գորշ գայլ» է եւ Ա. Թիւրքէշի ցանկութէամբ տարիներ շարունակ յօդուածներ է գրել «Օրթատողու»-ի համար: Ա. Թիւրքեշը, Համաթուրանական այն ղեկավարներից է, որ իր կարծիքով բոլոր սպիտակ ժողովուրդները առաջացել են թուրքերից, ուստի թուրքիան իրաւունք ունի ստեղծելու իր կայսրութիւնը:

Էնվերի կողմից Ա. համաշխարհային պատերազմի նախօրեակին ստեղծուած կազմակերպութիւնը եւս կոչւում էր «Գորշ գայլեր»: Այժմ գորշ գայլեր են կոչւում ԱՇԿ-ի բոլոր անդամները: «Գորշ գայլեր»-ի տեսակէտը արաբների նկատմամբ մի քիչ կարծր է:

Գորշ գայլերը պայքարում են հայերի, ալեւիների, քրտերի, հրեաների դէմ, նշուած է գրքում:

«Կիսառազմականացած այս կառոյցը գործունէութիւն էր ծաւալում թուրք, քիւրտ եւ այլախոհ տարրերի դէմ, նոյնպէս Թուրքիայի հայերի եւ սփիւռքահայութեան, մասնաւորապէս Ասալա-ի դէմ, 1975-85 թուականներին:

Գորշ գայլերի կիրառած թրքացման քաղաքականութեան սպառնալիքի տակ Թուրքիայի հայութիւնը ստիպուած իրեն ներկայացնում էր իբրեւ «քրիստոնեայ թուրք»:

Հակահայ գործողութիւններ կատարող «Գորշ գայլեր»-ը հպարտութեամբ ասում էին` «Մենք պետական պարտականութիւն էինք կատարում»:

Գրքում նշուած է Եւրոպայի թրքական ֆետերացիան սա օղակն է, որ իրար է կապում Եւրոպայի տարբեր երկրների թուրք Ֆետերացիաները, (Գերմանիա, Աւստրիա, Շուէտ, Դանիա, Հոլանտա եւ Ֆրանսա: Բացի Եւրոպայից, կան նաեւ Ֆետերացիայի անդամ կազմակերպութիւններ` Քանատայում, Միացեալ Նահանգներում, արաբական երկրներում, Եգիպտոսում եւ Աւստրալիայում:

Ըստ «Գորշ գայլեր»-ի ամէն մի թուրք պէտք է պարծենայ իր ազգութեամբ, որովհետեւ թուրք ժողովուրդը աշխարհի ամէնից բարձր ժողովուրդն է, նրանց պապերը եկել են Անատոլիա հեռաւոր արեւելքից` առաջնորդուելով գորշ գայլերով:

Վերոյիշեալ տողերի մէջ պարզօրէն բնորոշւում է` «Գորշ գայլեր»-ի ծայրայեղ ազգայնամոլական մտածելակերպ:

Գորշ Գայլերը Եւ Հայերը

Այս առնչութեամբ գրքում գրուած է. «Շատ լարուած է «Գորշ գայլեր»-ի յարաբերութիւնը հայերի հետ: Այդ է վկայում 1994 թուականի վերջերին «Ուլկիւ օճախլարը»-ի կողմից Պոլսում տարածուած թռուցիկը` ուղղուած հայ բնակչութեան, որի բովանդակութիւնը մօտաւորապէս հետեւեալն էր. «Դուք ձրիակերներ, որ այս երկրի քաղաքացի էք կարծւում, դուք եւ մնացած բոլոր հայերդ, դարեր շարունակ շահագործել էք մեր երկիրը: Այսքանից յետոյ դուք դեռ չէք սովորել ձեր դասը: Դուք տակաւին շարունակում էք վարուել այնպէս, ինչպէս անցեալում: Օսմանցիների ժամանակից սկսած դուք մեզ շահագործել էք ու արեան հեղեղներ հոսեցրել. այդ բոլորի դիմաց մենք` թուրքերս, ձեզ հետ միշտ մեր հանրայայտ բարեացակամութեամբ ենք վերաբերուել: Այո՛,  այս բոլորի դիմաց մինչեւ հիմա աչք ենք փակել, սակայն դուք արդէն չափն ու սահմանը անցել էք, եւ մեր համբերութեան բաժակը լցուել է: Իսկ թէ ի՛նչ է պատահել, հիմա մենք ձեզ կը բացատրենք: Ղարաբաղում, Լաչինում, Շուշիում, Զանգելանում եւ շատ ուրիշ վայրերում, որոնց անունը չենք տալիս, դուք հազարներով սպաննել էք մեր թուրք եղբայրներին եւ միասին նստում էք մի սեղանի շուրջ, կարծես թէ ոչինչ չի պատահել, իսկ միաժամանակ օգնում էք մեր բնաջնջմանը:

«Այսպէս դուք վարուել էք շատ երկար ժամանակ, բայց այժմ դրան վերջ պիտի դրուի: Այն ժամանակները երբ կարելի էր թուրք անուան եւ ինքնութեան հետ խաղալ, անցել են:

«Անցեալի եւ ներկայի բոլոր բաց մնացած հաշիւները մենք ձեզ հետ մաքրելու ենք:

«Թուրքիան պատկանում է միայն թուրքերին, դա ձեր ականջներին օղ արէք, եթէ չէք ուզում, որ ձեզ քշենք, թափենք Երեւան, լաւ կ՛անէք, որ հնարաւորին շուտ կորչէք հեռանաք այստեղից, քանզի այնպէս ինչպէս մեր յարգելի վարչապետն է ասել, այս գործը մենք, ինչ կերպ էլ լինի, գլուխ կը բերենք, կարեւոր չէ` ի՛նչ ձեւով: Սա մեր վերջին զգուշացումն է: Թուրքիան պատկանում է միայն թուրքերին եւ ոչ թէ ձեզ նման իժերին: Չհամարձակուէք մոռանալ դա»:

Վերոյիշեալ յերիւրանքներով, սուտերով եւ սպառնալիքներով լեցուն թռուցիկը, ինքնին դրսեւորում է «Գորշ գայլեր»-ի բացարձակ ատելավառ թշնամանքը հայ ժողովրդի հանդէպ:

Կարծում եմ ընթերցողը բաւականաչափ ծանօթացաւ, Թուրք «Գորշ գայլեր»-ի մտածելակերպի եւ վայրագ զգացումների մասին, հանդէպ` հայ ժողովրդի եւ այլ փոքրամասնութիւնների, նոյնիսկ որոշ հարեւան երկրների, ինչպէս` ԻՐԱՆԻ, որի մասին, ըստ գրքի «Գորշ գայլեր»-ը արտայայտուել են` «ԵՐԱՆԻ ԹԷ ՕՍՄԱՆՑԻՆԵՐԸ ԴԷՊԻ ԱՐԵՒՄՈՒՏՔ ԿԱՏԱՐԱԾ ԻՐԵՆՑ ԱՐՇԱՒԱՆՔԻ ԺԱՄԱՆԱԿ, ԻՐԱՆՆ ԷԼ ԳՐԱՒԱԾ ԼԻՆԷԻՆ»:

Գիրքը բովանդակում է աւելի լայն տեղեկութիւններ, ինչպէս` թրքական պետական կառոյցների մօտեցումը կրօնափոխ հայերի նկատմամբ, կամ Հրանդ Տինքը եւ «Գորշ գայլեր»-ը ժամանակակից համազրպէյճանական շարժումը եւ այլ նիւթեր:

Ինչպէս վերեւում նշեցի, հնարաւոր չէ բոլոր նիւթերի մասին գրել:

Գրքի վերջում հեղինակը երկու տարբեր գլուխների մէջ` «Վերջաբանի փոխարէն» եւ «Յետագրութիւն» վերնագրութիւններով, մի շարք յաւելումներ եւ լուսաբանութիւններ է կատարել:

Ստորեւ որոշ համառօտ քաղուածքներ` այդ գլուխներից:

«ԱՇԿ-ն բուռն կերպով քննադատում է Հայաստան -Թուրքիա սահմանի բացման գաղափարը»:

2010 թուի ապրիլի 29-ին մեծ եղեռնի 95-ամեայ տարելիցի առիթով, Պոլսում զոհերի յիշատակին նուիրուած ոգեկոչումներ եղան: «Գորշ գայլեր»-ը սպառնացին սպաննել ոգեկոչողներին:

Հետաքրքրական է, որ Թուրքիայի իշխող Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութիւնը բազմիցս յայտարարել է, որ` «դէմ է ազգայնութեան, եւ վարչապետ Էրտողանը բացայայտ քննադատել է եւ նոյնիսկ Ֆաշական է համարել Թուրքիայի Հանրապետութեան այն քաղաքականութիւնը, որի պատճառով փոքրամասնութիւնները հեռացան երկրից: Սրան զուգահեռ, որոշ թուրք ղեկավարների արտայայտութիւնները շարունակում են մնալ մտահոգիչ: Օրինակ` պաշտպանութեան նախարար Վեճտի Կիւնուլի 2008թ. նոյեմբերին Պրուքսէլում արուած յայտարարութիւնը` «Եթէ այսօր Եգէական ծովի աւազանում յոյները եւ Թուրքիայի շատ վայրերում հայերը շարունակէին ապրել, արդեօք մենք կարո՞ղ էինք նոյն ազգային պետութիւնը լինել»:

Հանրապետական Թուրքիայի իշխանութիւնները Լոզանի պայմանագրում սահմանուած իրաւունքները բնութագրում են ոչ թէ որպէս ազգային, այլ կրօնական փոքրամասնութեան իրաւունքներ:

Հիւանդագին ազգայնամոլական բնորոշ դրսեւորումներից էր, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ.-ի շքախմբի դէմ յարձակման փորձը (2006 -ի յունուար ամսին), ինչպէս նշուած է գրքում:

Արդար լինելու համար պէտք է նշել նաեւ, որ թուրք պատմաբանների մէջ կան արդարամիտ անհատներ ինչպէս` պատմաբան Թ. Աքչամը, որ ժամանակակից Թուրքիայում գոյութիւն ունեցող ազգայնամոլական տրամադրութիւնները համարում է միաժամանակ Ֆաշական, եւ 20-րդ դարի սկզբին Հայոց ցեղասպանութիւնը իրագործած` Միութիւն եւ յառաջադիմութիւն կուսակցութեան կողմից, երիտ-թուրքերի դաւանած համաթրանական արժէքային համակարգի շարունակութիւնը:

2012 թ, փետրուարի 26-ին Պոլսի Թաքսիմ հրապարակում, Խօջալուի դէպքերի 20-ամեակի առնչութեամբ, թուրքերն ու ազերիները միասնական ցոյց կազմակերպեցին: Ըստ թրքական լրատուամիջոցների եւ վերցուած լուսանկարների, մասնակիցները ցուցադրել են խիստ հակահայկական բովանդակութեամբ պաստառներ, ինչպէս` վերջ հայկական ստերին», «Բոլորդ հայ էք, բոլորդ վիժուածք էք», «Այսօր Թաքսիմ, վաղը Երեւան»:

Նկատի ունենալով թուրքերի կողմից դրսեւորած, վերոյիշեալ մտածելակերպը եւ գործողութիւնները` գրքի հեղինակը նշում է` «Ներկայ Թուրքիան չի հրաժարուել իր ծաւալապաշտական նկրտումներից, միաժամանակ աւելացնում է` «Թուրքը` ազգային, կրօնական, պատմական, քաղաքակրթական տեսակէտից երբեք հոմագէն (համածին,  միատարր) չի եղել:

Այն տարբեր ժողովրդներից, տարբեր դաւանանքներից, տարբեր քաղաքակրթութիւններից կազմուած մի համախմբում, որն էլ հէնց ժամանակին դարձաւ Օսմանեան կայսրութեան անկման պատճառներից մէկը: Գրքի վերջում հեղինակը «Յետագրութիւն» գլխի տակ որոշ խորհրդածութիւններ է կատարում:

«Եթէ Պոլիսը համաթուրանականութեան գլուխն է», նշում է պրն. Աւագեանը, ապա թող Թեհրանը կամ հայկական մի բնակավայր, դառնայ արիական ցեղերի եղբայրութեան գլուխը:

Եթէ ուժ է թրքական միութիւնը, նոյնքան ուժ է եւ թուով եւ որակով` հայ, պարսիկ, քիւրտ եւ արիական այլ ժողովուրդների միութիւնը:

Եթէ մեծ է թրքական աշխարհը, մի քանի անգամ աւելի մեծ է արիական աշխարհը: Եթէ ստեղծւում է թուրք օճախ, ապա պէտք է ստեղծել եւ արիական օճախ:

Աշոտ Աւագեանը կարեւոր է համարում արիական ազգերի եւ ցեղերի համագործակցութիւնը` որպէս հակազդող ուժ համաթուրանականութեան դէմ:

Այս կապակցութեամբ նշում է մի շարք երկրների անուններ, ինչպէս` Իրանի, Հայաստանի, քրտերի, Գերմանիայի, Իտալիայի, Յունաստանի եւ այլ երկրների անուններ:

Ինչպէս գիտենք, ներկայ դարում, ցեղային հիմունքներով տարուած պայքարի գաղափարը հնացած եւ մերժուած տեսութիւն է համարւում:

Ֆաշական Գերմանիան Բ. Համաշխարհային պատերազմի ժամանակ, ցեղային մոլուցքով տարուած` պատմութեան մէջ հրէշային յիշատակներ թողեց:

Հակառակ այս բոլոր դժուարութիւնների եւ խոչնդոտների` մայր հայրենիքը եւ համայն հայ ժողովուրդը, չեն կարող անտարբեր մնալ եւ սպասել, թէ մեր հակառակորդները ինչ են տնօրինում մեզ համար:

Ինչպէս գրքի խմբագիր Զոհրապ Մուղդուսեանն է եզրակացնում` ՀԱՐԿ Է ՄԻԱՒՈՐԵԼ ՀԱՅՈՒԹԵԱՆ ԱՄԲՈՂՋ ՆԵՐՈՒԺԸ», պայքարելու բոլոր դժուարութինների դէմ:

Մեր առաջնահերթ տեսլականը պէտք է լինի համայն հայութեան ամբողջական ներուժի կենտրոնացումը, Հայաստանի եւ Արցախի միացումը եւ Հայաստանի պետական կառոյցի եւ բանակի զօրացումը:

Գրութիւնս վերջացնում եմ մեծն ՐԱՖՖՈՒ ոգեշունչ խօսքերով:

«ՕՏԱՐԻ ՕԳՆՈՒԹԻՒՆԻՑ ՄԵԶ ՇԱՀ ՉԿԱՅ: ԴԺԲԱԽՏ Է ԱՅՆ ԱԶԳԸ ԵՒ ԴԺԲԱԽՏ ԿԸ ՄՆԱՅ, ՈՐ ՕՏԱՐԻ ՕԳՆՈՒԹԵԱՆ ԿԱՐՕՏ ԼԻՆԻ:

ՈՉ ՈՔ ԻՐ ՀՈԳՈՒ ՀԱՄԱՐ ՄԵԶ ՉԻ ՕԳՆԻ, ՆԱ ՊԷՏՔ Է ՏԱՍԸ ԲԱՆ ԱՌՆԻ ՄԵԶԱՆԻՑ, ՈՐ ՄԻ ԲԱՆ ՏԱՅ:

 

 

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )