ԹՈՒՐՔԻԱՅԻ ՉԵՐՔԵԶՆԵՐԻ ԱՐԴԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Օսմանեան կայսրութիւնը բազմազգ եւ բազմացեղային պետութիւն էր, որտեղ, սակայն, ոչ թուրք ժողովուրդներին պարտադրուած էր իրենց ինքնութիւնը մոռանալու եւ թուրքանալու ճանապարհը: Ընդ որում` թուրքացման քաղաքականութիւնը չէր վերաբերում միայն քրիստոնեաներին, այլեւ տարատեսակ մեթոտներով կիրառւում էր նաեւ իսլամադաւան ժողովուրդների նկատմամբ: Թուրքիայի Հանրապետութիւնը ոչ միայն ժառանգեց, այլեւ նոր թափով շարունակեց այդ քաղաքականութիւնը, որը 20-րդ դարում ստացաւ նաեւ որոշակի իրաւական ձեւակերպում: Այսպէս, 1923թ. Լոզանի պայմանագրով Թուրքիայի Հանրապետութիւնը ճանաչեց փոքրամասնութիւնների ընդամէնը երեք համայնք` հայկականը, յունականը եւ հրէականը, իսկ շուրջ չորս տասնեակի հասնող այլ ժողովուրդներ եւ ազգային-կրօնական խմբեր, ինչպիսիք են, օրինակ, ասորիները, լազերը, քրդերը, չերքեզները եւ այլն, չստացան առանձին իրաւունքներ ու կարգավիճակ:

Թուրքացման քաղաքականութիւնը ցայտուն կերպով կիրառուեց Թուրքիայի տարածքում բնակուող բոլոր իսլամադաւան ժողովուրդների վրայ, սակայն քրդերի պարագայում այն հանդիպեց հակազդեցութեան, որը երբեմն վերածուեց զինուած պայքարի, ինչպիսիք էին 20-րդ դարի առաջին կէսի քրդական ապստամբութիւններն ու խռովութիւնները: Յայտնի է, որ թուրքական պաշտօնական թեզն ի սկզբանէ չէր ընդունում քրտերի` որպէս առանձին ցեղի գոյութեան փաստը եւ սահմանում էր, որ քրդերը պարզապէս «լեռնային թուրքեր» են: Այսօր արդէն քրդական խնդիրը Թուրքիայում հասել է այն մակարդակի, որ թուրքական պետութիւնը ոչ միայն ընդունում է քուրդ ժողովրդի գոյութիւնը, այլեւ տրամադրում է տարատեսակ իրաւունքներ, իսկ քրդական որոշակի շրջանակներ հետզհետէ աւելի բացայայտ են խօսում ինքնավարութեան մասին:

Թուրքիայում քրդերից յետոյ ամենամեծաթիւ իսլամադաւան ժողովուրդը չերքեզներն են: Յայտնի է, որ 19-րդ դարի կէսերին Ռուսաստանից Օսմանեան կայսրութիւն են գաղթել հիւսիսկովկասեան ժողովուրդներ, որոնց Թուրքիայում ընդունուած է անուանել չերքեզներ: Օսմանեան իշխանութիւնները, ընդունելով մուսուլման չերքեզներին, անմիջապէս նրանց օգտագործել են իրենց ժողովրդագրական եւ քրիստոնեաներին բռնաճնշումների ենթարկելու քաղաքականութեան մէջ: Չերքեզներին հիմնականում յատկացուել են քրիստոնեաներով բնակեցուած տարածքներ` նպատակ ունենալով առաւել մուսուլմանական ժողովրդագրական պատկեր ստեղծել: Չերքեզները լուրջ դեր եւ դիրք են ստանձնել թուրքական ռազմական համակարգում, եւ, ի վերջոյ, պէտք չէ անտեսենք նաեւ այն փաստը, որ չերքեզները գործուն մասնակցութիւն են ունեցել Հայոց ցեղասպանութեան իրականացման գործում:

Այսօր Թուրքիայում, ըստ տարբեր աղբիւրների, չերքեզների թիւը տատանւում է 3-5 միլիոնի շուրջ, սակայն մասնագէտներն առաւել իրատեսական են համարում 3 միլիոնը: Հանրապետական Թուրքիայում եւս չերքեզներն ընդգրկուած են ռազմական, ինչպէս նաեւ քաղաքական ոլորտներում: Նրանց շարքում հանդիպում են նաեւ բարձրաստիճան զինուորականներ եւ պետական համակարգի պաշտօնեաներ:

Այսօր Թուրքիայում ծաւալուող ինքնութեան խնդիրը չի շրջանցում նաեւ չերքեզներին, եւ այդ ուղղութեամբ տեղի են ունենում որոշակի զարգացումներ: Այսպէս, վերջերս «Չերքեզների իրաւունքների նախաձեռնութիւն» հասարակական կազմակերպութիւնն Անգարայում անցկացրել էր չերքեզների բողոքի ցոյց, որի հիմնական նպատակն էր բարձրացնել չերքեզներին յուզող տարատեսակ խնդիրներ, որոնց մէջ առաջնային էր «չերքեզական ինքնութեան պահպանման հարցը»: Որպէս ինքնութեան պահպանման հիմնական գրաւական կազմակերպիչները տեսնում են իրենց մայրենի լեզուի` չերքեզերէնի խնդիրը, որի շուրջ էլ ներկայացնում էին որոշակի պահանջներ: Այսօր Թուրքիայում չերքեզների միայն 10 տոկոսն է տիրապետում չերքեզերենին եւ այն էլ` աւագ սերունդը: Ուշադրութեան արժանի էին այդ բողոքի ցոյցի հիմնական պաստառ-կարգախօսները` «Պահանջում ենք կրթութիւն չերքեզերենով», «Լեզուն կորցնողը կը կորցնի ամէն ինչ», իսկ այդ միջոցառման ընդհանուր խորագիրը հետեւեալն էր «Կեցցէ չերքեզ մնալու մեր պայքարը»: Չերքեզների պահանջների մէջ կարեւոր տեղ է զբաղեցնում նաեւ իրենց մայրենիով հեռուստատեսութիւն եւ ձայնասփիւռ ունենալու խնդիրը, որը, նրանց կարծիքով, նպաստելու է լեզուի` չերքեզերէնի պահպանմանը:

«Չերքեզների իրաւունքների նախաձեռնութեան» կառավարման խորհրդի անդամ Քենան Քափլանը յայտարարել է. «Մենք շատ ենք սպասել այն օրերին, երբ Թուրքիայում գրքերում տեղ կը գտնեն մեր պատմութիւնը, մշակոյթը, լեզուն, մեր մայրենիով գրքեր կը կարդանք»: Ուշագրաւ է, որ չերքեզները, բարձրաձայնելով իրենց խնդիրների մասին, յստակ ակնարկում են քրտական հարցի նկատմամբ Թուրքիայի կառավարութեան ուշադրութիւնը` նշելով. «Այս երկրում պէտք է հաշուի առնուեն ոչ միայն նրանց իրաւունքները, ովքեր շատ են աղմկում, այլեւ` միւս ժողովուրդներինը նոյնպէս»:

Ինչպէս եւ սպասելի էր, Թուրքիայում արդէն մուսուլման փոքրամասնութեան կողմից բարձրացուող այս նոր խնդրի հանդէպ անմիջապէս ձեւաւորուեց հակազդեցութիւն, եւ մի շարք անձինք հանդէս եկան «Չերքեզների իրաւունքների նախաձեռնութեան» քննադատութեամբ: Մասնաւորապէս բաւական կտրուկ յայտարարութիւններ արեց Թուրքիայում յայտնի հրապարակախօս եւ ուսումնասիրող Մուրատ Պարտաքչըն, որը հէնց ինքն էլ ծագումով չերքեզ է: Խօսելով չերքեզների անցկացրած բողոքի ցոյցի եւ պահանջների մասին` Պարտաքչըն յայտարարել է. «Մեզ հիմա հէնց միայն չերքեզական նախաձեռնութիւն էր պակաս»: Անդրադառնալով Ռուսաստանից չերքեզների գաղթին` նա նշել է, թէ դա տեղի է ունեցել «ռուսական թրից փրկուելու համար», եւ ի տարբերութիւն ռուսների` թուրքերը գրկաբաց են ընդունել չերքեզներին: Թուարկելով տարբեր ոլորտներում բարձր դիրքերի հասած չերքեզներին` Պարտաքչըն չերքեզների մայրենի լեզուի պահպանմանն ուղղուած այսօրուայ պահանջները համարում է «ապերախտութիւն Թուրքիայի հանդէպ»: Չերքեզերենի կորստի համար եւս, ըստ Պարտաքչըի, մեղաւոր է ոչ թէ թուրքական պետութիւնը, այլ հէնց իրենք` չերքեզները, որ չեն կարողացել սերնդէ սերունդ փոխանցել լեզուն: Ուշագրաւ է, որ Պարտաքչըն կոչ է անում դժգոհ չերքեզներին` հեռանալ Թուրքիայից եւ իրենց իրաւունքները պահանջել Ռուսաստանից: «Աւագ սերունդը բազմաթիւ յիշողութիւններ ունի «մարդասպան ցարի», «դաւաճան Մոսկուայի» եւ «վայրի Սիպիրի» մասին: Եթէ այդքան ուժերդ պատում է, ուրեմն գնացէք եւ Ռուսաստանից ձեր իրաւունքները պահանջէք»:

Հետաքրքիր է, որ այս հարցը ծաւալուելով` արդէն վերածուել է հէնց չերքեզների միջեւ բանավէճի, որի ժամանակ ի յայտ են գալիս բաւական հետաքրքիր փաստեր: Մասնաւորապէս չերքեզ հրապարակախօսներ Եաշար Կիւվենը եւ Ֆուաթ Ուղուրը հակադարձեցին Պարտաքչըի յայտարարութիւններին: Խօսելով Օսմանեան կայսրութիւնում եւ Թուրքիայի Հանրապետութիւնում բարձր պաշտօնների հասած չերքեզների մասին` նրանք նշեցին, որ այդ մարդիկ պաշտօններ են զբաղեցրել ոչ թէ որպէս չերքեզներ, այլ թուրքեր, այսինքն չերքեզական ինքնութիւնն այդ հարցում լիովին անտեսուած է, եւ ընդհանրապէս, չերքեզներն իրենց իրական ինքնութեամբ ոչ մի իրաւունքի տէր չեն կանգնել: «Երբ մենք պայքարում էինք այս երկրի ստեղծման համար, մեր կեանքն ու արիւնն էինք տալիս, այն ժամանակ թուրքերէն անգամ չգիտէինք, իսկ հիմա մոռացել ենք մեր մայրենին», պնդում է Ֆուաթ Ուղուրը:

Չերքեզների փոխադարձ մեղադրանքների գործընթացին միջամտեց նաեւ «Կովկասեան միութիւնների դաշնութեան» նախագահ Ճիհան Ճանտեմիրը` ընդունելով, որ չերքեզների գաղթն Օսմանեան կայսրութիւն ունեցել է նաեւ հակաքրիստոնէական ժողովրդագրական պատճառ: Նա նշել է, որ թուրքական իրականութիւնում գործադրուել եւ ներկայումս էլ շարունակւում է թուրքացման քաղաքականութիւն, որն ազդել է նաեւ մուսուլման ժողովուրդների վրայ: Մասնաւորապէս այդ քաղաքականութեան ազդեցութեան տակ շատ չերքեզներ սկսել են թաքցնել իրենց ինքնութիւնը, չկիրառել չերքեզական անձնանուններ, չխօսել չերքեզերէն:

Հետաքրքիր է, որ չերքեզական թեմայի քննարկումների ժամանակ ուղղակի անդրադարձ արուեց նաեւ հայկական խնդրին եւ մասնաւորապէս այն հարցին, թէ ի՛նչ դերակատարում են ունեցել չերքեզները Հայոց ցեղասպանութեան ժամանակ: Վերոյիշեալ չերքեզ մտաւորականներ Ֆուաթ Ուղուրը եւ Եաշար Կիւվենն անգամ միացել են «Ներողութիւն ենք խնդրում հայերից» ստորագրահաւաքին: Չժխտելով չերքեզների մասնակցութիւնը Հայոց ցեղասպանութեանը` նրանք, միեւնոյն ժամանակ, ընդհանրացնող յայտարարութիւններ են անում եւ փորձում «մեղմացնող» հանգամանքներ գտնել իրենց նախնիների արարքներում. «Չերքեզների մէջ կան նաեւ կոտորածներից փրկուած հայեր: Կեսարիայում եւ շրջակայ գիւղերում կան 1915-ին մահից փրկուած, չերքեզական գիւղերում իրենց կեանքը շարունակած, չերքեզացած հայեր»: Ի հարկէ, այս պնդումը չափազանց թոյլ է, քանի որ խօսքը կարող է վերաբերել առաւելապէս այն հայ կանանց, որոնց չերքեզներն առեւանգել եւ բռնի իսլամացրել են, ու նրանք այդուհետ ստիպուած ապրել են որպէս չերքեզներ. այսինքն «չերքեզացած հայերն» իրականում Հայոց ցեղասպանութեան ժամանակ բռնութեամբ խլուած հայուհիներն են:

Ամփոփելով` նշենք, որ չերքեզների շրջանում սկսուած եւ ծաւալուող գործընթացը բաւական հետաքրքիր է Թուրքիայում ինքնութեան խնդրի զարգացման պարունակում եւ ցոյց է տալիս, որ բռնութեամբ ստեղծուած «միատարր» Թուրքիայի գաղափարը, ըստ էութեան, չի հասել լիակատար յաջողութեան: Միեւնոյն ժամանակ, կարելի է ենթադրել, որ թուրքական իշխանութիւնները մտավախութիւն ունեն, թէ չերքեզների պահանջների բաւարարման դէպքում նոյնանման պահանջներ կարող են բարձրացնել լազերը, իսլամացուած վրացիները (կիւրճու) եւ այլ փոքրամասնութիւններ:

ՌՈՒԲԷՆ ՄԵԼՔՈՆԵԱՆ

«Նորավանք»

Share this Article
CATEGORIES