ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ

Համերգային կեանքը Երեւանում բաւական աշխուժացել է, փառատօնը` փառատօնի յետեւից, մրցոյթներ, կալա-համերգներ, հիւրախաղեր, շոուներ եւ այլն:

Եւ, այնուամենայնիւ, այս խայտաբղէտութեան մէջ երբեմն առանձնանում են համերգ-խոստովանանքներ, համերգ-աղօթքներ, որտեղ ոչ միայն դրսեւորւում են գեղարուեստը, գեղագիտականը, կատարողական վարպետութիւնը, այլեւ այս ամէնը ծառայում են հոգու վեհացմանը, պայծառացմանը, անձի կատարելագործմանը, երկնայինի հետ մերձեցմանը: Այդպիսին էր Հայաստանի Հանրապետութեան մշակոյթի նախարարութեան հայ հոգեւոր երաժշտութեան կենտրոնի ներկայացրած համերգը, որը վերջերս տեղի ունեցաւ Երեւանի Կոմիտասի անուան սենեկային երաժշտութեան տանը:

Երեկոյին հնչեցին աւստրիացի մեծ յօրինող Հայնրիխ Պիպերի (1644-1704) «15 միսթերիա Մարիամ Աստուածածնի կեանքից» սոնատների շարքից վերջին վեց սոնատները: Մինչ այդ, երկու համերգներում կատարուել էին շարքի մնացած սոնատները: Այս շարքը Հայաստանում հնչեց առաջին անգամ (Գիւմրի, Երեւան): Առաջին ներկայացումը նախաձեռնել էր Պետական սենեկային նուագախմբի արուեստագէտ, Կոմիտասի անուան երաժշտանոցի դասախօս, ջութակահարուհի Գոհար Դանիէլեանը: Համերգին մասնակցում էին «Շարական» համոյթի մենակատար, միջազգային մրցոյթ-փառատօնի դափնեկիր Ֆելիքս Յարութիւնեանը, Գրիգոր Յարութիւնեանը (ջութակահար եղբայրները Երեւանի Չայքովսքու անուան երաժշտական դպրոցի սաներ են), նուագակցում էին Ռուզան Յովսէփեան (երգեհոն, քլաւեսին, դաշնամուր), Երեւանի Օփերայի եւ պալեթի թատրոնի նուագախմբի արուեստագէտ Արմենակ Թագւորեանը (թաւջութակ) եւ Դաւիթ Գրիգորեանը (ուտ): Համերգը վարում էր եւ մեկնաբանում Հայաստանի արուեստի վաստակաւոր գործիչ, «Շարական» համոյթի գեղարուեստական ղեկավար եւ խմբավար Դանիէլ Երաժիշտը: Մաեսթրոն կարդում էր իւրաքանչիւր սոնատին կցուած համապատասխան դրուագը Աւետարանից: Նաեւ տեղեկութիւններ էր տալիս պարոքքօ շրջանի երաժշտարուեստի գեղագիտութեան, ոճի, կատարողական սկզբունքների մասին:

Պիպերի սոնատների շարքը անուանում են նաեւ «Վարդարան», քանզի այն հիմնուած է համանուն աղօթամատեանի վրայ եւ արտացոլում է Աստուածածնի եւ Յիսուսի կեանքի 15 դրուագները: Բացի այդ, վարդը Աստուածածնի խորհրդանիշն է: 15 սոնատների շարքը եզրափակում է մեծածաւալ Փասսաքալլան: Մենք ստիպուած ենք մէջբերել մասնագիտական որոշ մանրամասներ, որպէսզի պատկերացում տանք «Միսթերիաների» իւրայատկութիւնների մասին: Այս ստեղծագործութիւնը շատ տարածուած չէ, քանզի կատարողական դժուարութիւններ կան, կապուած այսպէս կոչուած, սկորդատուրայի հետ, որ բառացի նշանակում է լարից գցելը: Բացի առաջինից եւ Փասսաքալլայից, մնացած սոնատներից իւրաքանչիւրն ունի իր լարուածքը, իր ուրոյն պատկերը: Ջութակի սովորական լարուածքը փոփոխելով` ընդլայնում են գործիքի ձայնածաւալը, զանազանում հնչերանգները եւ այլն: Սկորդատուրան նուագողից պահանջում է ճիգ եւ ջանք, ինչը նաեւ խորհրդանշում է Յիսուսի եւ Տիրամօր տառապանքները, դէպի Գողգոթա եւ երկնային արքայութիւն տանող փշոտ ճանապարհը:

Ինչպէս ընդունուած էր պարոքքօ շրջանում, բնօրինակում նուագակցութիւնը շարադրուած է մէկ ձայնով, այսպէս կոչուած, թուագիր պասով (գեներալ-պաս) եւ կատարողն էր վերծանում, բազմաձայնում այդ սղագրութիւնը: Թէպէտ այժմ գոյութիւն ունեն տպագիր տարբեր վերծանութիւններ, սակայն Գոհար Դանիէլեանը, ստեղծագործաբար մօտենալով խնդրին, ինքն է վերծանել, բազմաձայնել ու գործիքաւորել որոշ սոնատների նուագակցութիւնը:

Մի քանի սոնատներ էլ ներկայացուել են` փոխադրուած 2-3 ջութակների համար: Օրինակ, «Յիսուսը Ձիթենեաց լերան վրայ», «Յարութեան» սոնատները: Ինչպէս նշեց բանախօսը, փոխադրութիւնների նպատակն էր առաւել ընդգծել հրեշտակային փոխկանչերը, երկրային եւ երկնային ոլորտների, դժոխքի եւ դրախտի հակադրութիւնները, Ս. Յարութեան «շեփորների, թմբուկների, ծնծղաների» թնդիւնը, ցնծութիւնը: Յիրաւի, երգեհոնը, թաւջութակը եւ ուտը ազդարարում էին Ս. Յարութեան ներբողը, ջութակները արձագանգում, իսկ առաջին ջութակի հնչիւնաբոյլերը ճախրում էին վերին ոլորտում ու մէկ կամարի տակ առնում, ամբողջացնում հնչիւնային ողջ հրավառութիւնը: «Յարութեան» սոնատի կատարումը երաժիշտների կողմից նուիրուեց մեծանուն երգեհոնահար Վահագն Ստամբոլցեանի յիշատակին:

Համերգի գագաթն էին «Յիսուսի փշեպսակումը» սոնատը, որտեղ Ֆելիքսը ցուցաբերեց յղկուած թեքնիք եւ մաքուր առոգանութիւն, «Գեթսեմանի» սոնատում` սրտառուչ երգայնութիւն: Այս սոնատով իր առաջին հրապարակային ելոյթը ունեցաւ Գրիգոր Յարութիւնը, ով զգայուն կերպով արձագանգում էր իր եղբօր իւրաքանչիւր ելեւէջին:

Համերգի յայտնութիւնն էր Փասսաքալլան, որի բարձրարուեստ կատարումով հանդէս եկաւ Գոհար Դանիէլեանը: Մարդաշատ դահլիճը, որ վերջում պիտի թնդար ծափերից, քար լռութեամբ լսում էր այս գլուխ-գործոցը: Մեծակերտ մենախօսութեան ընթացքում ջութակահարուհին դրսեւորեց փայլուն թեքնիք, հարուստ ներկապնակ, բիւրեղեայ առոգանութիւն, մտերմիկ դրուագներում` նրբագեղ հնչողութիւն, ողբերգական հատուածներում` հզօր, հռետորական պաթոս, բազմաձայնութեան յստակ շարադրանք: Այս ամէնը նպաստեց ստեղծագործութեան թատերականացման` կերտմանը, հեղինակի մտայղացման բացայայտմանը, եւ կարծես մի յետադարձ հայեացք էր խաչի ճանապարհի վրայ, որով, ինչպէս նշեց Դանիէլ Երաժիշտը, անցել ու անցնում է նաեւ հայ ժողովուրդը:

«Եւ մենք ապրում ենք այն յոյսով, որ ո՛վ խաչակից է Քրիստոսին, նա կը լինի նաեւ փառակից»,-ամփոփեց Դանիէլ Երաժիշտը:

Աւելացնենք նաեւ, որ այս համերգը կարելի էր բնորոշել որպէս տոհմիկ նուագահանդէս, քանզի երաժիշտներից 5-ը մի ընտանիքից են` Դանիէլ Երաժիշտը եւ Ռուզան Յովսէփեանը Գոհարի ծնողներն են, իսկ Ֆելիքսը եւ Գրիգորը` նրա զաւակները: Ընթերցողները հաւանաբար ծանօթ են այս երաժիշտների անուններին, քանի որ մեր թերթը անդրադարձել էր նրանց կապուած նաեւ անուանի երգիչ Գէորգ Հաճեանի գործունէութեան հետ: «Շարական» համոյթի յիշեալ երաժիշտները բազմիցս նուագակցել են երգչին, թէ՛ մայր հայրենիքում, թէ՛ արտասահմանեան հիւրախաղերում, Հայ Մշակոյթին նուիրուած փառատօնին` Սլովենիայում, ինչպէս նաեւ` Վիեննայում տեղի ունեցած համերգում եւ այլուր:

Ներկայումս «Շարական»ը Գէորգ Հաճեանի հետ պատրաստւում է նոր ծրագրով հանդէս գալ աշնանային համերգներին:

ԹՂԹԱԿԻՑ ՄԸ

23 յուլիս 2011թ.
Երեւան

Share this Article
CATEGORIES