ՄԵՐ ՈՒՇԱՑԱԾ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹԵԱՆ ՀՐԱՄԱՅԱԿԱՆՈՎ

Այդ անտարբերութիւնը նոյն երկրի ու նոյն ժողովրդների մէջ տիրող, շուտով իր դիմագիծն է պարզելու, բայց մենք դեռ անտեղեակ նրանց ցաւերին` մտնում ենք Ստեփանակերտ:  Երեկոյեան արեւը իր շողերով ողողած, կարծես երկնքից լոյս թափած` դիմաւորում է մեզ:  Կանաչապատ լեռների գոգում հանգիստ ու ձեւաւոր նստած մի փառահեղ պատկեր է ներկայացնում այդ պահին քաղաքը: Թէեւ լեռների գոգաւորութեան մէջ է, բայց կարծես ուշ է մթնում այստեղ: Փողոցները լեցուն են մարդկանցով, ուրախ, աշխուժ երեխաներով ու գեղեցիկ երիտասարդներով: Փողոցները մաքուր են, լայն ու խնամուած, ընդհանուր հոգատարութեան շունչ կայ ամէնուրեք, որը անուղղակի յարգանք է առաջացնում: Մարդիկ հագնուած են կոկիկ, բարեկեցիկ: Մտնում եմ շուկայ, առաւօտ կանուխ է, բայց գիւղացիները հասցրել են գալ ու իրենց աճեցրած բարիքները խնամքով, կոկիկ դասաւորել: Աշխատասէր է արցախցին, վկան` այդ ծանր պատերազմից այդքան շուտ ապաքինուած նրա վիճակն ու քաղաքը:

Այնքան հաճելի է վայելել այս ամէնը: Թուրքի շունչը, նրա անլուայ երեսը, արիւնարբու դէմքն ու էութիւնը չկան այլեւս, հիմնայատակ սրբուած են: Մարդ այնպիսի վեհ զգացում է ապրում, այնքան ուժեղ է զգում իրեն, մտածում եմ` երանի մի օր էլ այսպիսի զգացում ապրէինք մեր Արեւմտահայաստանի ետ վերցրած տարածքներում:

Քայլում եմ փողոցով, նայում եմ նրանց գեղեցիկ աչքերին: Ի դէպ, մէկ անգամ էլ եմ նշել, որ  գեղեցիկ են արցախցիները, աւելի յղկուած դիմագիծ ունեն, ու պատկերացնում եմ, թէ որքա՛ն դժուար է եղել նրանց համար, ապրելով այդ դժոխային թուրքի գերակշիռ ճիրաններում, մնալ անաղարտ ու ազգային: Մտածում եմ ապագայի մասին: Չէ՞ որ դեռ մազից է կախուած այս վայելքի հպարտութեան զգացումով շնչող այս խաղաղութիւնը:  Ես նրանց չեմ հարցնում, թէ մտածո՞ւմ են այդ մասին, դողո՞ւմ են արդեօք այդ մտքից, ինչպէս ես եմ դողում ու սարսափում, բայց նրանց քայլուածքում, նրանց ապրելակերպում անսասան վստահութիւն, ուժ եմ տեսնում:

Առաւօտեան Արցախի գրողների միութեան նախագահ Վարդան Յակոբեանի հետ միասին   հանդիպում ենք նախագահ Բակօ Սահակեանին, մշակոյթի նախարար Նաիրա Աղաբալեանին: Ջերմ, սիրալիր, մտերմիկ ընդունելութիւն է: Ես փոխանցում եմ ողջ սփիւռքահայութեան անսասան սէրն ու նուիրուածութիւնը, պատրաստակամութիւնը մեր այդ տանջուած, բայց հերոս հողի ու ժողովրդի համար եւ նաեւ մտահոգութիւնը` զիջումների գնալու մասին:  Շատ սուր կերպով շեշտելով, որ որեւէ զիջում անընդունելի է մեզ համար:  Նախագահը բարեացակամութեամբ է ընդունում իմ պոռթկումը` հաւաստիացնելով, որ արցախցին պայքարելու է իր ձեռք բերած ազատութեան համար:

Երեկոյեան իմ ներկայացումն է, Մշակոյթի պալատում, Մայր թատրոնը վերանորոգման պատճառով փակ է:

Ես խնդրել էի, որ զինուորներին բերեն ներկայացման` գիտենալով, որ այդ վէպը կարդացած չեն լինի, եւ երկրորդ` ուզում էի թէկուզ մէկ կաթիլով մասնակից դառնալ նրանց հաստատակամ հաւատի ձեւաւորմանը:

Ներկայացումից առաջ դղրդոց եմ լսում դահլիճում, ու երբ բեմ եմ մտնում, երեք հարիւրից աւել զինուորներ եմ տեսնում` նստած, կանգնած:  Սիրտս պայթելու է այդ տպաւորիչ տեսարանից:  Ես կանգնած եմ իմ երկրի այս հողակտորը անձնուրացութեամբ պահպանող զինուորների առաջ, բնական է` նրանք զննում են ինձ, ես` իրենց:  Ես բեմում մենակ եմ, իրենք իրար կողքի պարիսպ կազմած կանգնած, զարմացած աչքերով, լարուած լսում են: Երիտասարդութեան շեմին նոր ոտք դրած տղաներ են, 17-18 տարեկան, ընտանիքի ջերմութիւնից զինուորի անհանգիստ, կոպիտ պարտադրանքի մէջ սեղմուած հայ մարտիկներ: Մտածում եմ` սրանք մեր պահապաններն են, մի ամբողջ ժողովրդի ճակատագրի պաշտպանների մի փոքրիկ հատուած: Այդ փխրուն երիտասարդների ուսերին ծանր պարտականութիւն է դրուած մի ամբողջ ազգի կողմից` իրենց կեանքի գնով պահպանել մեր այս փոքրիկ հողակտորը:

Այդ երեկոյ էլ ես սկսում եմ մեր պահանջատիրութեան հրատապութեամբ, որ Արցախից բացի` մենք դեռ ամենամեծ գործը չենք սկսել նոյնիսկ, որ` դեռ պատասխանատուութեան չենք կանչել մեր թշնամուն` ո՛չ Արեւմտահայաստանի հայութեան բնաջնջման, ո՛չ էլ Արցախի, Սումկայիթի, Պաքուի հայութեան կոտորածների համար, դեռ փոխհատուցում չենք պահանջել եւ ոչ մէկից: Դահլիճը կարծես սահմռկած է իմ այս համարձակ տեղատարափից: Շունչ չկայ կարծես, գիտեմ` յանկարծակիի են եկել, բայց ես կանգ չեմ առնում, պէտք է, անհրաժեշտ է այս ամէնը ժողովրդի ոգու մէջ դրոշմել, վաղ թէ ուշ այն իր ծիլերն է տալու: Արցախցին միշտ ապրել է իր ցաւերի մէջ մխրճուած, թշնամու վայրագ ճնշման տակ, միայն մտածելով իր մասին, անտեղեակ իր ժողովրդի միւս կէսի ցաւերից ու պահանջներից:  Եւ այդ օր իմ պարտքն էր հանել նրան իր ցաւերի պատեանից ու ձուլել իր միւս կէսի ցաւերին, որ այլեւս միասին շարունակէին իրենց պայքարը:

Զարմանալի ներկայացում էր այդ օրը, տարբեր` բոլոր իմ խաղացածներից: Ես ուզում էի նրանց փոխանցել ոչ միայն իմ ազգի սէրն ու հաւատը իրենց բերած մեծ զոհաբերութեան համար, հաստատել նրանց հաւաքական հայրենասիրութիւնը, այլ` իրենց էութեան մէջ դաջել, որ հայն այլեւս անպարտելի է մնալու, որ իրենք մենակ չեն, որ ազգովին ենք պաշտպան կանգնում իրենց գործին, մեր հայրենի ունեցուածքին, հողին, ժողովրդին:

Ցաւում եմ, որ երկար չեմ կարողանալու մնալ եւ հիմնապէս տեսնել Արցախի փոփոխութիւնը. յաջորդ օրը վերադառնում ենք, բայց ցաւս է՛լ աւելի է խորանում նկատելով այն մեծ անջրպետը, որ ստեղծուել է արցախահայութեան եւ Հայաստանի հայութեան միջեւ: Արցախցին կարծես մի տեսակ առանձնացուած է: Այդ տխուր, արդարացում մերժող դաժան իրականութիւնը ստիպում է ինձ նիւթ դարձնել այդ երեւոյթը: Ո՞վ, ինչո՞ւ, ե՞րբ դրուեց ժողովուրդ քայքայող այս ախտը մեր մէջ: Ո՞վ բացեց այդ սարսափելի բաժանումը մեր երկու ժողովրդների մէջ, ո՞վ թունաւորեց ընդհանուր ժողովուրդ հասկացողութեան նուիրական զգացումը:

Հայաստանցին անբարեացակամ է արցախցու հանդէպ այն համոզումով, որ արցախցին եկել` գրաւել է Հայաստանում լաւագոյն պաշտօնները` նախագահութիւնից սկսած, հարստութեան է տիրացել, եւ նրանք աւելի լաւ են ապրում, քան իրենք: Հայաստանցիները չեն լինում Արցախում, չեն տեսնում Շուշիի եւ այլ շրջանների բնակչութեան աղքատութիւնը: Անվերջ բողոքում են արցախցիներից, մինչեւ անգամ տարածում, որ Արցախում վատ են վերաբերւում Հայաստանից զինուորագրուածների հետ:

Մեծագոյն ամօթ ապրելով` չեմ ուզում շարունակել իրենց անհեթեթ թուարկումները: Դա որպէս քայքայիչ միջոց սկսուեց մեր առաջին ապազգային  նախագահից, նրա կողմից յօրինուած ու սերմանուած, քանի որ Արցախը յաղթեց, եւ ինքը չկարողացաւ այն թուրքին յանձնելու իր խոստումը յարգել, իրականացնել:  Եւ քանի որ ո՛չ ժողովուրդը, ո՛չ էլ հետագայ նախագահները  նրան պատասխանատուութեան չկանչեցին ազգը պառակտելու համար, այդ մտածողութիւնը արմատացաւ ու տարածուեց ժողովրդի մէջ եւ մինչեւ այսօր շարունակւում ու իր աւերն է գործում: Զարմանալին այն է, որ օրէօր խորացող այս հոգեբանութիւնը թէեւ բացայայտ է, բոլորին է յայտնի, բայց ոչ մէկը չի փորձում շտկել, օգնել վերացնելու, քննարկման հարց դարձնելու այս թունաւոր պառակտիչ երեւոյթը:

Յաջորդ, է՛լ աւելի մտահոգիչ իրականութիւնը արցախահայութեան նոր սկսուող արտագաղթն է: Սա իրապէս անընդունելի, արդարացում չընդունող երեւոյթ է, որի դէմ չի պայքարում ղեկավարութիւնը: Արդէն Արցախը բնակչութեան թուով փոքր է, հիմա է՛լ աւելի է փոքրանալու այս արագ աճող ախտով:  Հեռանում են մինչեւ իսկ ամենալաւ պաշտօններ զբաղեցնողները:

Մի կողմ թողնելով հայրենասիրութիւնը` մտածենք.  չէ՞ որ բնակչութեան թիւը ամէնից առաջ անհրաժեշտ է դեռ այդ հողի վերջնական լուծուելիք հարցերի համար: Արտագաղթի այս ի՞նչ մոլուցք է մտել մեր ժողովրդի մէջ, որ քայքայում է նոյնիսկ արցախահայութեան պէս ամուր մի ժողովրդի: Իսկ նախագահը մեզ համոզում է, որ ամէն ինչ կարգին է:  Բայց չէ՞ որ այս հարցերը նա կարող էր եւ պէտք էր կիսէր երկրի մտաւորականութեան հետ, նրանց մտածումի հիմնական նիւթ դարձնէր, որ դրանց ուղղելու, վերացնելու ճանապարհները գտնուեն:  Այս երկիր քանդող հարցը ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Արցախում ծածկւում,  լռութեան է մատնւում, անտեսւում, կարծես արտագաղթ չի եղել ու չկայ: Մինչդեռ այն դառնալու է ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Արցախի ղեկավարութեան հրատապ հարցերից մէկը, չէ՞ որ իրենց ղեկավարած երկիրն է դատարկւում: Մի՞թէ այս անյաջող ղեկավարները երկիրը հասցնելու են` Հայաստանն առանց հայի, մեր թշնամիների դարաւոր պահանջի իրականացմանը:

Արցախից բաժանւում եմ մեծ մտահոգութիւններով:  Բոլորս ձեւացնում ենք, որ Արցախը անձեռնմխելիօրէն մերն է մնալու, բայց մեր հոգու խորքում իւրաքանչիւրս էլ դողում ենք, երբ տեսնում ենք, որ հիմա էլ մեծ տէրութիւնները իրենց ժանիքներով են ընկել խժռելու մեր իրաւունքը: Դեռ որքա՞ն կը տեւի արդեօք այս քաշքշուքը, եւ կը դիմանա՞յ արդեօք այս ամէնին ղեկավարութիւնը, այդքան կամք, հայրենասիրութիւն պիտի ունենա՞նք մեր յաղթանակը լիարժէք պահելու, չորս կողմից մեր գլխին տեղացող ճնշումները յաղթահարելու, զիջումները մերժելու համար:  Չէ՞ որ Արցախը այսօր դարձել է աշխարհի մեծ պետութիւններին յուզող «կարեւոր» հարց` Թուրքիոյ գերապատուութեան շնորհիւ, մինչդեռ մեր ղեկավարները դարձել են նրանց ձեռքին խաղալիք:

Որքա՜ն հարցեր ունենք դեռ լուծելիք:

Մտքով միանգամից շեղւում, հասնում եմ Միջին Արեւելք, կենտրոնանում մեր ժողովրդի հսկայական հատուածի ճակատագրին վրայ:  Այսօր այդ երկրներում տեղի ունեցող քաղաքական անապահով կացութիւնից` յեղափոխութիւն, պատերազմ, անհանգիստ ցոյցեր, բախումներ, սրուող ատելութիւն` տարբեր դաւանանքի պատկանող բնակչութեան միջեւ, ուր մեր ժողովրդի կեանքն է առաջին հերթին վտանգուած, մինչդեռ մեր երկրում, Արցախում, հսկայական հեկտարներով գիւղեր ու աւաններ անմարդաբնակ են, բայց մեր կառավարութեան մէջ այդ մասին մտածող չկայ: Ոչ մէկ ղեկավար  չի մտածում օտար երկրներում տառապող մեր ժողովրդին բերել ու բնաւորել հարազատ հողում: Դեռ որքա՞ն է մեր ժողովուրդը օտար երկրների անապահովութեան ճիրաններում  ճօճուելու եւ դեռ որքա՞ն մեր երկրից հեռացողների տեղը բաց է մնալու: Դեռ որքա՞ն են մեր հողերը հարթավայրերում, բլուրների լանջին ու դաշտավայրերում անմշակ, անբերրի մնալու, եւ ժողովուրդն էլ, փոխանակ իր բնութեան տուածը ինքը օգտագործելու, եկամտի աղբիւր դարձնելու, մեծ գումարներով անվերջ ներմուծելու է դրսից:  Բայց ինչի՞ մասին եմ խօսում, երբ մեր ղեկավարութեանը չի մտահոգում ո՛չ երկրի տնտեսութիւնը, ո՛չ երկրի արտագաղթը, ո՛չ իրենց վտանգուած ժողովրդի ներգաղթը, ո՛չ էլ անմշակ հողերը: Իւրաքանչիւրը մեծ ձեռնարկութիւնների ու դրամատների մի-մի փայատէր դարձած` հանգիստ ստանում է իր անհաշուելի գումարները:

Վերադարձիս, Երեւանում, բախտի չար դիպուածով, զրուցում եմ մի երիտասարդի հետ, թունդ լեւոնական: Թուրքի օգտին արցախեան շահերը զիջելու, տարածքները որպէս ազրպէյճանական հողեր յանձնելու, պատերազմից խուսափելու համար ամէն տեսակի պայման ընդունելու, Արցախի պատմութիւնից բոլորովին բոպիկ նրա մտքերը, շուտասելուկի նման նետուած, սարսափեցնում են ինձ: Նայում եմ սարի նման իմ առջեւ կանգնած, բաւական ապահով ապրող, մտաւորականի ընտանիքում ձեւաւորուած այս անձին ու մտածում Ստեփանակերտի դահլիճը դղրդացնող 18-ամեայ մեր հայ մարտիկների մասին:  Իրապէս անջրպետ կայ այս երկուսի միջեւ:

Եւ բնական է, որ խորանալու է դեռ այդ անջրպետը, քանի դեռ ոչ մէկը չի մտածում այն վերացնելու մասին: Կարծում եմ` մեր հայաստանեան հատուածի մէջ ի սպառ բացակայում է հայրենի հող ու ժողովրդի ապագայ հասկացողութիւնը, մեր արժէքների  հանդէպ բնազդից եկող, աստիճանաբար գիտակցութեան վերածուող եւ մարդկային էութիւն կազմող այն զգացումը, որը անհրաժեշտ է մարդուն, ժողովուրդներին աստիճանական մեծացման, հզօրացման հասնելուն: Առանց այդ գիտակցական զգացողութեան հնարաւոր չէ երկրի ու ժողովուրդների առաջընթացը: Ուրեմն բոլորովին էլ զարմանալի չէ այս տեղատուութիւնը, որը կատարւում է մեր երկրում, մեր ազգային կեանքում: Իսկ ես շարունակում եմ Պահանջատիրութեան հրատապութեան իմ քարոզչութիւնը` նրանց դատարկ հոգիները լեցնելու միտումով:

Վերջերս մեր հայրենի նախագահը երիտասարդութեան կողմից պահանջատիրութեան հարցին պատասխանել է, որ` «այդ գործը նրանց ուսերին է դրւում այլեւս:  Ներկայ սերունդը ազատագրելով Արցախը` իր պարտքն է կատարել, ապագայ սերունդն էլ թող պահանջատիրութեան հարցը լուծի»:  Իսկ երկրները, ըստ մեր նախագահի, «սահմաններով չէ, որ հզօր են, այլ` իրենց ժամանակակից կառոյցով ու զարգացումով» (տես «Ասպարէզ Փոսթ», 25 յուլիս): Տեսնո՞ւմ էք` ինչպէ՛ս է ճողոպրում նախագահը իր պարտականութիւնից:  Եթէ մի երկրի նախագահ այս դիրքորոշումը ունի իր երկրի հանդէպ, այլեւս ի՞նչ սպասելիք կարող ենք ունենալ նրանից:

Ոչ մէկ օր մեր երկրի երեք ղեկավարներից ոչ մէկը երբեք գլուխը չդարձրեց ու չնայեց իր սահմանից այն կողմ, իր քթի տակ կատարուող հրէշաւոր գործերին:  Իր աչքերի առջեւ փշրանքների վերածեցին Անիի ողջ վանքերը, իրենց նամազները մատուցեցին այնտեղ ու ոչ մէկը, ո՛չ մեր կառավարութիւնը, ո՛չ էլ մեր դաւանանքը պաշտպանող կաթողիկոսութիւնը ծպտուն չհանեցին:  Բայց չէ՞ որ դա էլ է կոտորած, թշնամին փշրում է քո ունեցուածքը, որը պարզ ունեցուածք էլ չէ, այլ` քո դարաւոր կնիքը, քո հողի վերջին միակ բնակիչ վկան, եւ դու լռո՞ւմ ես… Ինչպէ՞ս որակաւորել, ինչպէ՞ս աչք փակել, վախենալ, զգուշանալ ու չխօսել, հարց չդարձնել, չքննադատել կառավարութեան այս կեցուածքը: Իսկ հիմա, երբ Միացեալ Նահանգների Ներկայացուցիչների տան արտաքին յարաբերութիւնների յանձնախումբը որոշում ընդունեց պահպանելու փոքրամասնութեան, որոնց թւում նաեւ հայերի եկեղեցական կալուածները, ազգովին ցնծութիւն ենք ապրում:  Իսկ օտարի տարած այսքան աշխատանքից յետոյ մեր կողմից դրամական փոխհատուցման      պահանջ ներկայացուելո՞ւ է դրանց աւերակ վիճակի համար, թէ՞ այս անգամ էլ, Աղթամարի նման, ուշակորոյս վազելու ենք եկեղեցական արարողութեան համար ու բաւարարուելու միայն այդքանով:

Մեր այս մօտեցումը ազգային կարեւորագոյն հարցերին` ինձ յիշեցնում է Տէրեանի դեռ 1914թ. գրած «Հոգեւոր Հայաստան» յօդուածը, ուր հեղինակը շօշափում է ժողովրդի էութեան մէջ բոյն դրած այն հիմնական զգացումները, որով ամրանում են ազգերը:  Նա շեշտում է, որ մեր նիւթական հայրենիքին` Վանին, Էրզրումին, Սասունին եւ միւսներին ետ տիրանալու համար, նախ եւ առաջ հարկաւոր է մտածել, քննել մեր ներքին կապի, մեր ներքին ձգտումի ուժը, հողի հանդէպ ունեցած մեր սիրոյ եւ գիտակցութեան խորութիւնը, որով նախ եւ առաջ մարդու  հոգեւոր հայրենիքն է ձեւաւորւում: «Մեր հոգեւոր հայրենիքը այսօր նոյնպէս աւերուած ու մասնատուած մի երկիր է եւ այդ աւեր ու անաւարտ շէնքերը կանգնեցնելու համար, որպիսի ջերմ սէր, որպիսի անձնուիրութիւն, որպիսի մեծ ոգեւորութիւն է հարկաւոր»:

97 տարի առաջ առաջադրուած այս պահանջը ցաւալիօրէն նոյնքան այժմէական է, քանի որ ոչինչ է փոխուել մեր ժողովրդի ծոյլ, անմշակ, միշտ օտարին ապաւինող հոգեբանութեան մէջ մինչեւ օրս:

Մեր նախագահի ամենաթարմ յայտարարութիւնը դրա վառ ապացոյցներից մէկն է դեռ:

ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ

(Շար. 2)

Share this Article
CATEGORIES