ԷՐՏՈՂԱՆԸ ԾՆԿԻ Է ԲԵՐՈՒՄ ՔԵՄԱԼԱԿԱՆ ԶԻՆՈՒՈՐԱԿԱՆՈՒԹԵԱՆԸ. ԹՈՒՐՔԻԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ Է ՄԷԿ ՄԻԼԻՈՆԻ ՀԱՍՑՆԵԼ ԶԻՆՈՒԺԻ ԹՈՒԱՔԱՆԱԿԸ

Վերջին տասնամեակում քեմալական թապուների ջախջախումից յետոյ Թուրքիայում անկիւն է մղւում քեմալականութեան հիմնական պահապանը` ազգայնական զինուորականութիւնը: Յուլիսի վերջերին, երբ հրաժարական տուեցին զինուած ուժերի գլխաւոր սպայակոյտի պետն ու բարձրաստիճան այլ զինուորականներ, պարզ դարձաւ, որ Թուրքիայի Հանրապետութեան հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի զօրավարներն ընդունում են իրենց պարտութիւնը վարչապետ Ռեճեփ Թայիփ Էրտողանից ու նրա չափաւոր իսլամամէտ Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութիւնից: Այս պարտութիւնը կարելի է համարել անգամ ստորացուցիչ, եթէ յիշենք, որ վերջին յիսուն տարիներին զինուորականութիւնը չորս անգամ յեղաշրջում է իրականացրել Թուրքիայում, վերջին` չորրորդ անգամ` 1997 թուականին, իշխանութիւնից հեռացնելով իսլամամէտ Բարօրութիւն կուսակցութեանն ու նրա առաջնորդ, հանգուցեալ վարչապետ Նեճմեթթին Էրպաքանին: 2001-ին Սահմանադրական դատարանի կողմից արգելուած Բարօրութիւնը այն կուսակցութիւնն է, որի հենքի վրայ ստեղծուեց Արդարութիւն եւ բարգաւաճումը, իսկ գործող նախագահ Ապտիւլլա Կիւլն ու վարչապետ Էրտողանը Բարօրութեան առանցքային գործիչներից էին:

Էրտողանը, ինչպէս վերջին շրջանում յիշատակում են թուրքական եւ միջազգային լրատուամիջոցները, Թուրքիայում առաջին վարչապետը չէ, ով կռուի է ելել Աթաթուրքի զօրավարների դէմ: 1950 թուականին, երբ Թուրքիայում տեղի ունեցան առաջին բազմակուսակցական խորհրդարանական ընտրութիւնները, յաղթող ճանաչուած եւ տասը տարի երկրի վարչապետի աթոռը զբաղեցրած Ատնան Մենտերեսը առաջին փորձն էր արել զինուորականութեան լիազօրութիւնները ներքաղաքական եւ արտաքին քաղաքական հարցերում սահմանափակելու դժուարագոյն գործում: Մենտերեսը կարողացաւ հեռացրել 15 զօրավարների եւ 150 գնդապետների, հայեացքով շրջուել դէպի գաւառները, բնակչութեանը տալ կրօնական որոշ ազատութիւններ, երկրի տնտեսական իրավիճակը զգալիօրէն բարելաւել, ինչպէս նաեւ` խորացնել  յարաբերութիւններն անմիջական հարեւան մահմետական պետութիւնների հետ:

Ինչպէս երեւում է, Էրտողանը ինչ-որ իմաստով Մենտերեսի քաղաքականութեան շարունակողն է: 2002թ. նոյեմբերից ի վեր իշխանութեան ղեկը ստանձնած Արդարութիւն եւ բարգաւաճում  կուսակցութիւնը անհաշտ պայքար սկսեց այսպէս կոչուած «խորքային պետութեան»` քեմալական զինուորականութեան դէմ: Կանխուեցին երկու ընդյատակեայ խմբաւորումների` Էրկենեքոնի եւ Պալեոզի անօրինական գործունէութիւնը: Այս երկու խմբաւորումները Թուրքիայում նախապատրաստում էին ահաբեկչական գործողութիւնների շարք իրականացնել, ստեղծել քաոսային վիճակ եւ տապալել Էրտողանին ու նրա իսլամամէտ կառավարութեանը: Դաւադրութիւնը ձախողուեց, իսկ մօտ 250 բարձրաստիճան պաշտօնաթող եւ գործող զինուորականներ վերջին տարիներին ձերբակալուեցին ու նետուեցին թուրքական զնտանները: Սակայն զինուորականութիւնը ամենաուժեղ հարուածն ստացաւ ընդամէնը երկու շաբաթ առաջ. յուլիսի վերջերին հրաժարական տուեցին զինուած ուժերի գլխաւոր սպայակոյտի պետն ու բարձրաստիճան այլ զինուորականներ: Թւում է` սա Էրտողանի եւ զինուորականութեան տասնամեայ անհաշտ պայքարի վերջին հանգրուանն է. Էրտողանը ծնկի է բերում մի ժամանակ ամենազօր համարուող գլխաւոր սպայակոյտին:

Նմանութիւնները Մենտերեսի եւ Էրտողանի կառավարման միջեւ շատ են: Էրտողանի վարչապետութեան տարիներին Թուրքիան գրանցում է տնտեսական աննախադէպ վերելք: Այսօր թուրքական տնտեսութիւնը աշխարհում ամենաուժական աճող տնտեսութիւններից է, Թուրքիան աշխարհի 20 խոշորագոյն տնտեսութիւն ունեցող երկրների խմբում է: Էրտողանի վարչապետութեան տարիներին Թուրքիան բարելաւել է յարաբերութիւնները իր անմիջական հարեւան մի շարք, առաջին հերթին` մահմետական երկրների հետ: Եւ վերջապէս, Թուրքիայի Հանրապետութեան մօտ 90-ամեայ պատմութեան ընթացքում թուրքերին երբեք այսպիսի կրօնական ազատութիւններ չեն տրուել, ինչպէս այսօր:

Միւս կողմից, Էրտողանը հաւանաբար չի անտեսում Մենտերեսի ճակատագիրը: 1960 թուականին Թուրքիայում կատարուեց առաջին զինուորական յեղաշրջումը, Մենտերեսը հեռացուեց իշխանութիւնից, իսկ մէկ տարի անց կախաղան հանուեց: Անշուշտ, դժուար է պատկերացնել, որ Թուրքիայի ընտրողների ուղիղ յիսուն տոկոսի վստահութիւնը վայելող Էրտողանին կարող է նման դաժան ճակատագիր սպասել: Սակայն դժուար է նաեւ հաւատալ, որ զինուորականութիւնը եւ քեմալամէտ ուժերը առանց պայքարի համակերպուեն իրենց ստորացման փաստի հետ: Խորհրդարանական վերջին ընտրութիւնները, որոնք տեղի ունեցան երկու ամիս առաջ, ցոյց տուեցին, որ այդ ուժերը դեռ զօրաւոր են: Այսպէս, Աթաթուրքի հիմնադրած Ժողովրդահանրապետական կուսակցութիւնը ստացաւ քուէների աւելի քան 25 տոկոսը, իսկ ծայրայեղ Ազգայնական շարժում կուսակցութիւնը` մօտ 14 տոկոս: Ճիշդ է, Էրտողանի կուսակցութիւնը ստացաւ քուէների գրեթէ 50 տոկոսը, սակայն դա բաւարար չէ, որպէսզի միայնակ փոխի սահմանադրութիւնը: Էրտողանը եւ նրա կուսակիցները համարում են, որ զինուորականութեան կողմից գրուած եւ 1983-ին ընդունուած սահմանադրութիւնը չի համապատասխանում այսօրուայ Թուրքիայի շահերին ու նպատակներին: Ակնյայտ է, որ Էրտողանի յաջորդ նպատակակէտը Թուրքիայի նախագահի պաշտօնն է, բայց նա չի ցանկանում նախագահ ընտրուել այսօրուայ ձեւական ընթացակարգով` խորհրդարանի քուէարկութեան արդիւնքում:

Թուրքիան խորհրդարանական հանրապետութիւն է, որտեղ նախագահի լիազօրութիւնները խորհրդանշական են: Էրտողանը ցանկանում է նախագահ դառնալ համաժողովրդական ընտրութիւնների արդիւնքում, իսկ դրա համար նախ անհրաժեշտ է նոր սահմանադրութիւն: Իր ելոյթներում Էրտողանը յաճախ է օգտագործում «իմ ժողովուրդ», «իմ քաղաքացիներ» արտայայտութիւնները, որի պատճառով թուրքական մամուլը Էրտողանին նմանեցնում է թուրք  սուլթանի հետ: Մօտ մէկ ամիս առաջ հրապարակուել է Թուրքիայի խորհրդարանի  սահմանադրական յանձնաժողովի նախագահ Պուրհուն Քուզույի գիրքը: Հեղինակը գրում է, որ ինքը մշտապէս կողմ է եղել նախագահական կառավարման համակարգին, եւ որ այն այժմ Թուրքիայի բոլոր խնդիրների լուծման հակաթոյնն է: Նա շեշտել է, որ Թուրքիայում միշտ միանձնեայ ու ուժեղ իշխանութեան ժամանակ է զարգացում ու կայունութիւն եղել, իսկ քոալիսիոն կառավարութիւնների ժամանակ` անկումներ եւ քաոս: Թուրք բարձրաստիճան պաշտօնեան վարչապետական համակարգը համարել է Թուրքիայի հզօրացման առջեւ ծառացած ամենամեծ արգելքը:

Էրտողանը Թուրքիայի առաջին վարչապետն է, ով կարողացել է վերահսկողութեան տակ առնել բանակը: Անգարայի արեւմտեան դաշնակիցները` Միացեալ Նահանգներն ու ՕԹԱՆ-ն, այլեւս չեն կարող թուրքական գլխաւոր սպայակոյտի հետ պայմանաւորուածութիւններով իրականացնել իրենց քաղաքականութիւնը Մերձաւոր Արեւելքում: Դեռ 2003 թուականին Թուրքիայի խորհրդարանը արգելեց Միացեալ Նահանգներին  թուրքական տարածքն օգտագործել Իրաքի դէմ պատերազմում: Թուրքական իշխանութիւնները մտադիր են ամբողջական վերահսկողութիւն հաստատել երկրի զինուած ուժերի վրայ: Այդ նպատակին է հաւանաբար ուղղուած վարչապետ Էրտողանի` թուրքական բանակի թուաքանակը կրկնապատկելու մտադրութիւնը: Այսօր Թուրքիայի զինուած ուժերում ծառայում են աւելի քան կէս միլիոն զինուորականներ: Թուրքական բանակը ՕԹԱՆ-ի ամենամեծ բանակն է Միացեալ Նահանգներից յետոյ եւ իր թուաքանակով աւելի մեծ է, քան ՕԹԱՆ-ի եւ Եւրամիութեան անդամ երեք առանցքային երկրների` Ֆրանսայի, Գերմանիայի եւ Մեծն Բրիտանիայի բանակները միասին: Եւրոպական համարկման հարցերով Թուրքիայի նախարար Էկեմեն Պաղըշի խօսքերով` թուրքական բանակի թուաքանակը մէկ միլիոնի հասցնելը հետապնդում է երկու նպատակ. պայքար ահաբեկչութեան եւ գործազրկութեան դէմ: «Նպատակը մէկ քարով երկու թռչուն սպաննելն է», ասել է Պաղըշը` յաւելելով, որ բանակի թուաքանակի կրկնապատկման դէպքում հնարաւոր կը լինի համակարգուած պայքար տանել քիւրտ անջատողական ահաբեկիչների դէմ, ինչպէս նաեւ` վարձել ու աշխատանքով ապահովել կէս միլիոն մարդու:

Վերջին տասը տարիներին, անկասկած, Թուրքիան աննախադէպ յաջողութիւնների է հասել եւ ներքաղաքական, այդ թւում` տնտեսութեան զարգացման, եւ արտաքին քաղաքականութեան հարցերում: Թուրքիան դարձել է տարածաշրջանի ազդեցիկ պետութիւններից մէկը: Սակայն անցեալից եկող մի քանի հարցեր շարունակում են գլխացաւանք պատճառել: Առաջինը, անկասկած, քրտական խնդիրն է, որի լուծման հեռանկարները չեն երեւում: Բիրտ ուժով քրտական հարցը «լուծելու» թուրքական յաջորդական կառավարութիւնների քաղաքականութիւնը ձախողուել է: Արտաքին քաղաքական հարցում Թուրքիայի առաջիկայ տարիների գլխաւոր դժուարութիւնը շարունակելու է մնալ Կիպրոսը եւ դրանից ածանցեալ` Եւրոպական Միութեան անդամակցութեան բանակցութիւնները: 1974-ից ի վեր թուրքերը բռնագրաւման տակ են պահում Կիպրոս կղզու շուրջ 37 տոկոսը:

Թուրքիայի համար Հայկական հարցն ու Հայաստանի հետ յարաբերութիւնները օրակարգի առաջին դիրքերում չեն: Յատկապէս այսօր, երբ Երեւանի իշխանութիւնները յամառօրէն չեն հրաժարւում եւ ստորագրութիւնը յետ չեն վերցնում 2009-ի հոկտեմբերին ստորագրուած ցիւրիխեան երկու արձանագրութիւններից, Թուրքիան մի կողմից կարողանում է միջազգայնօրէն տպաւորութիւն ստեղծել, թէ Երեւան-Անգարա երկխօսութիւն կայ, միւս կողմից` չէզոքացնել Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացը:

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Յատուկ «Ազդակ»ի համար

 

Share this Article
CATEGORIES