ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԾԱԳՈՒՄԸ

Այսօր կ՛աւարտուեն մէկ շաբաթէ ի վեր հայրենիքում ընթացող Հինգերորդ համահայկական խաղերը: Համահայկական խաղերի բացումը կատարուեց օգոստոսի 13-ին, սակայն օգոստոսի 2-ին Արցախում` Գանձասարի «Սուրբ Յովհաննէս Մկրտիչ» եկեղեցում հանդիսաւորութեամբ վառուեց Հինգերորդ համահայկական խաղերի ջահը:  Արցախում խորհրդանշական այդ կրակը վառելը պատահական չէ. արդէն 20 տարի շարունակ Արցախը դարձել է համայն հայութեան միասնութեան, ոգու, ազատութեան եւ յաղթանակի խորհրդանիշը…

…Այսօր մենք այլեւս չենք զարմանում, որ մեր կեանքի ու կենցաղի մաս դարձած տօների, աւանդոյթների, ծիսակատարութիւնների, սովորութիւնների մեծ մասը եկել ու մեր ժամանակներ են հասել հեթանոսական շրջանից: Դրանցից են նաեւ այսօր Հայաստանում եւ սփիւռքում մեծ ժողովրդականութիւն վայելող համահայկական խաղերը, որոնց նախատիպը հին Հայաստանում անցկացուած Նաւասարդեան խաղերն են: Նաւասարդի` հին հայկական Նոր տարուան տօնակատարութիւնների ժամանակ կազմակերպւում էին բազմամարդ տօնահանդէսներ, որոնց ընթացքում տասնեակ  այլ հանդիսութիւնների շարքում տեղի էին ունենում նաեւ մարզական մրցումներ`  Նաւասարդեան խաղեր, որոնք սովորաբար տեւում էին մի ամբողջ շաբաթ. մարզիկները մրցում էին վազքից, հեռացատկից, սուսերամարտից, ըմբշամարտից, կռփամարտից, նիզակաձգումից, գնդակախաղից, ձիարշաւից եւ այլ մարզաձեւերից, որոնք ուղեկցւում էին երգերով ու պարերով:

Հին Հայաստանը նաեւ իր մասնակցութիւնն է ունեցել ողիմպիական խաղերին: Ողիմպուսի (Յունաստան) խաղերին  մասնակցած առաջին հայը եղել է Տրդատ Առաջին թագաւորը` քառաձի մարտակարգ վազքերում: Յատնի է նաեւ, որ առաջին հայ ողիմպիոննիկ-յաղթանակակիրները եղել են Հայաստանի թագաւոր, ըմբշամարտիկ Տրդատ Երրորդը  (մեր թուարկութեան 281 թուականին) եւ բռնցքամարտիկ Վարազդատը (մեր թուարկութեան 385 թուականին)…

Անցեալ դարում ողիմպիական խաղերին մասնակցած առաջին հայերը եղել են թեթեւ աթլեթ Վահրամ Փափազեանն ու Մկրտիչ Մկրեանը. նրանք 1912 թուականին Սթոքհոլմում կայացած 5-րդ Ողիմպիական խաղերում ներկայացրել են Թուրքիան` լինելով թուրքական խումբի միակ անդամները: Հետաքրքիր է, որ նրանց մասնակցութեան շարժառիթն այն ժամանակ եղել է օտար լծի տակ տառապող հայ ժողովրդի մասին աշխարհին այդ ձեւով յիշեցնելու ձգտումը…  Դրանից երեք տարի անց  Օսմանեան Թուրքիայի ղեկավարները Արեւմտեան Հայաստանի եւ Հարաւային Կովկասի տարածքներում կազմակերպեցին  ցեղասպանութիւն, որը 1915-1923 թուականներին խլեց  մէկուկէս միլիոն հայի կեանք: Ցեղասպանութիւնից  փրկուած բազմահազար հայեր սփռուեցին ամբողջ աշխարհով մէկ` կազմելով հայկական սփիւռքը…  Պատահական չէ, որ այսօր տարբեր հայ համայնքների մասնակցութեամբ պաշտօնապէս անցկացուող մարզական խաղերի ստեղծման գաղափարը մասամբ իրականացուել է սփիւռքի հայկական մարզական կազմակերպութիւնների մասնաւորաբար` Հայ մարմնակրթական ընդհանուր միութեան (ՀՄԸՄ), Հայ բարեգործական ընդհանուր միութեան (ՀԲԸՄ)  եւ Հայ մարմնամարզական միութեան (ՀՄՄ) կողմից: Սակայն, նոյնիսկ նրանց կողմից կազմակերպած միջմայրցամաքային խաղերը ընդգրկում էին հայկական սփիւռքի միայն մի մասը, քանի որ դրանց մասնակցում էին միայն վերը նշուած կազմակերպութիւնների կամ այդ կազմակերպութիւններին մօտ  միութիւնների անդամները: Բացի այդ, այս խաղերին չէին մասնակցում ո՛չ Հայաստանի, ո՛չ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ե՛ւ ոչ էլ` Ռուսաստանի ու նախկին ԽՍՀՄ հանրապետութիւնների մեծաթիւ հայ համայնքների մարզիկները:

Համայն հայութեան համար իսկական համընդհանուր խաղերի անցկացման գաղափարն առաջին անգամ յղացաւ այն ժամանակ դեռեւս խորհրդային դիւանագէտ  Աշոտ Մելիք-Շահնազարեանը, երբ 1965 թուականին նա Պրազավիլ` Քոնկոյի Ժողովրդական Հանրապետութեան մայրաքաղաք էր մեկնել գործուղման  եւ պատրաստւում էր ընդունել Առաջին Համաափրիկեան խաղերի մասնակիցներին: Սակայն խորհրդային ժամանակներում Համահայկական խաղերի անցկացման գաղափարը Մոսկուայի կողմից որակաւորւում էր որպէս «անթոյլատրելի ազգայնամոլական» եւ գաղափարակիրը ստիպուած էր այդ մտքին վերադառնալ միայն 1991 թուականին, երբ նախկին ԽՍՀՄ-ի փլուզման արդիւնքում Հայաստանը կրկին ձեռք բերեց իր պետականութիւնը: 1995 թուականին, լինելով   Փարիզում Հայ բարեգործական ընդհանուր միութեան կողմից անցկացուող համաշխարհային խաղերի հիւրը, Աշոտ Մելիք-Շահնազարեանն առաջին անգամ հրապարակայնօրէն յայտարարեց Համահայկական մարզական խաղեր ստեղծելու իր մտադրութեան մասին եւ ղարաբաղցուն բնորոշ յամառութեամբ սկսեց այդ գաղափարը  կեանքի կոչել:

Շուտով խորհրդային ժամանակներում սփիւռքի հետ ոչ մի կապ չունեցող նախկին խորհրդային դիւանագէտը արտասահմանում գտաւ շատ համախոհներ: Համայն հայութեան համար ընդհանուր մարզական խաղեր կազմակերպելու գաղափարն ու ապագայ Համաշխարհային կոմիտէի «Միասնութիւն` մարմնամարզի միջոցով» կարգախօսը ջերմօրէն ընդունուեց տարբեր տարիքի եւ մասնագիտութիւնների տէր մարդկանց կողմից, որոնք իրենց աջակցութիւնը ցուցաբերեցին գաղափարի իրականացման գործում. 1997 թուականի ապրիլի 30-ին Սփիւռքի հայկական աւանդական միութիւնների, ինչպէս նաեւ` Հայ Մշակութային «Արարատ» (Իրան) կազմակերպութեան աջակցութեամբ Երեւանում կայացաւ հիմնադիր ժողով, որտեղ ստեղծուեց Համահայկական խաղերի Համաշխարհային Կոմիտէն (ՀԽՀԿ): Այն դարձաւ աշխարհում առաջին համահայկական կառոյցը, որ ստեղծուել է  հասարակական հիմունքներով, իսկական ժողովրդավարական ճանապարհով, պարզ ու սրտացաւ մարդկանց նախաձեռնութեամբ:  Կոմիտէի անդամներն էին կառավարական եւ հասարակական կազմակերպութիւնների ներկայացուցիչներ Հայաստանից եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնից, ինչպէս նաեւ` Իրանի, Արժանթինի,  Թուրքիայի, Աւստրալիայի, Գերմանիայի, Չինաստանի, Կիպրոսի, Ֆրանսայի եւ այլ երկրների հայ համայնքներից:

ՀԽՀԿ առաջին նախագահ ընտրուեց Աշոտ Մելիք-Շահնազարեանը: Նա նաեւ դարձաւ նոր կազմակերպութեան զինանշանի, գաւաթի, մետալների եւ գրեթէ բոլոր միւս իրերու հեղինակը, ինչպէս նաեւ` Համահայկական խաղերի պաշտօնական հիմնի եւ հրաժեշտի երգի հեղինակը: (Աշոտ Մելիք-Շահնազարեանն արդէն մահացած է…):  Նոր ժամանակների  առաջին համահայկական խաղերը տեղի  ունեցան  1999 թ.ի օգոստոսի 28-ից սեպտեմբերի 5-ը: Տպաւորիչ էր խաղերի մեկնարկը` Գառնիի հեթանոսական տաճարից խաղերի կրակը փոխանցավազքով հասցուեց  «Հրազդան» մարզադաշտ, որտեղ Ողիմպիական խաղերի եռակի ախոյեան, մարմնամարզիկ Ալբերտ Ազարեանը բոցավառեց խաղերի ջահը: Մասնակիցներին այդ առաջին համահայկականի առիթով  բարեմաղթութիւններ է յղել Միջազգային ողիմպիական կոմիտէի (ՄՕԿ) նախագահ Խուան Անթոնիօ Սամարանչը:

ՀԽՀԿ-ն այսօր հեղինակաւոր հասարակական կազմակերպութիւն է, որ համագործակցում է Միջազգային ողիմպիական կոմիտէի, ԵՈՒՆԵՍՔՕ-ի, Եւրոպայի Խորհրդի, «Ֆէյր Փլէյ»ի համաշխարհային եւրոպական շարժման եւ այլ միջազգային մարզական կառոյցների  հետ:

ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՑ ՇԱՏԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ
20-ՐԴ ԴԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ԶՈՀԸ

Հայկական մարմնակրթութիւնը խոր ակունքներ ունի: Ինչպէս նշեցինք, հայոց թագաւորներն են դուրս եկել մարզահրապարակ եւ իրենց ուժն ի ցոյց դրել թէ՛ աշխարհին, թէ՛ սեփական ժողովրդին:

Հայկական մարմնակրթութեան անցեալի մասին աշխատութիւն է հրատարակել պատմաբան, Հայոց ցեղասպանութեան թանգարան-հիմնարկի տնօրէն Հայկ Դեմոյեանը: Այդ աշխատութիւնից տեղեկանում ենք, որ հայերի շրջանում մարզական աւանդոյթների հանդէպ հետաքրքրութիւնը յատկապէս աշխուժ է եղել 20-րդ դարի սկզբներին` նախքան Երիտթուրքերի կառավարութեան կազմակերպած ցեղասպանութիւնը:

Չնայած Օսմանեան կառավարութեան` ազգային փոքրամասնութիւնների նկատմամբ վարած ազգային խտրականութեանն ու հալածողական քաղաքականութեանը, հայերը հսկայական դեր են խաղացել կայսրութեան ոչ միայն մարմնամարզի զարգացման ասպարէզում, այլեւ` հասարակական, տնտեսական, մշակութային կեանքում: Հայկական շատ մարզական խումբեր եւ մարզիկներ մշտապէս յաղթանակներ էին տօնում եւ մրցանիշներ սահմանում կայսրութեան տարածքում եւ նրա սահմաններից դուրս կազմակերպուած բազմազգ մրցոյթներում: Վերը նշեցինք Վահրամ Փափազեանի եւ Մկրտիչ Մկրտչեանի մասին: Նրանք տասնեակներից միայն երկուսն են…

Հետաքրքրական է, որ 1911-1914 թուականներին Օսմանեան կայսրութեան տարածքում գոյութիւն ունեցած գրեթէ բոլոր հայկական մարզական ակումբների մասնակցութեամբ հայկական ողիմպիական չորս խաղ է կազմակերպուել: Մրցութիւնների յաղթողները պարգեւատրուել են արծաթեայ մետալներով: 1914 թուականին անցկացուել են  նաեւ առաջին «Կիլիկեան ողիմպիական խաղերը»:

Հայկ Դեմոյեանի հեղինակած մենագրութիւնն անդրադառնում է Օսմանեան կայսրութեան հայաբնակ բնակավայրերում կազմաւորուած հայկական մարզական ակումբների գործունէութեանը, հայկական ողիմպիական խաղերի կազմակերպմանը, Արեւմտեան Հայաստանում եւ Կիլիկիայում մեծ թափ առած մարմնակրթական շարժման պատմութեանը, ինչպէս նաեւ` հայ կանանց մարմնամարզական ակումբների, մարզական մրցակցութեան եւ ազգայնականութեան, հայկական սկաուտական շարժման առաջացմանը եւ Մեծ եղեռնին զոհ գնացած հայ մարզիկներին: Հայ պատմաբանի գրքից տեղեկանում ենք, որ առաջին հայկական մարզական ակումբներն ու ֆութպոլային խումբերը ձեւաւորուել են 1908 թուականին` երիտթուրքական յեղաշրջումից յետոյ` Պոլսում եւ Զմիւռնիայում (մինչ այդ արգելուած էր սպորտով զբաղուելը, իսկ օրէնքը խախտողները ենթարկւում էին պատժի):

Այդ ժամանակ էր նաեւ, որ ի յայտ եկան  արհեստավարժ մարզական կրթութիւն ստացած մարզիկներ Շաւարշ Քրիսեանը, Մկրտիչ Մկրեանը, Գրիգոր Յակոբեանը եւ այլք, ովքեր նշանակալից դերակատարութիւն ունեցան արեւմտահայութեան շրջանում տարբեր մարզաձեւերի նկատմամբ հետաքրքրութեան յառաջացման գործում:

Օսմանեան կայսրութեան անդրանիկ մարզական պարբերականի` «Մարմնամարզ»ի  հրատարակումը (1911-1914 թուականներին Շաւարշ Քրիսեանի կողմից)  լրացուցիչ խթան հանդիսացաւ կայսրութեան հայ բնակչութեան շրջանում սպորտի հանդէպ հետաքրքրութեան մեծացմանը: «Մարմնամարզ»ը բնորոշւում էր իբրեւ «ազգային ֆիզիքական կրթութեան օրկան»: Այն վերածուել էր հայերի շրջանում մարզական ու մարմնակրթական կեանքի զարգացման կարեւորագոյն գործիքի: Նրա  էջերում զետեղւում էին տարբեր մարզական խաղերի, դրանց արդիւնքների մասին տուեալներ, ինչպէս նաեւ` հայ եւ օտարազգի մարզիկների ու հայկական ֆութպոլային խումբերի լուսանկարներ:

Առաջին Աշխարհամարտի  նախօրէին միայն Պոլսում գործում էր շուրջ 40 հայկական մարմնամարզական ակումբ: Հայկական ֆութպոլային խումբերը մասնակցում էին կայսրութեան մայրաքաղաքում գործող մի քանի լիկաներում ընդգրկուած խմբային ու միջազգային մրցաշարերին: Առաւել յայտնի էին «Բալթա Լիման», «Արաքս», «Տորք» ֆութպոլային խումբերը: Զմիւռնիայում առաւել յայտնի էր «Հայ որսորդաց ակումբի» խումբը: Հայկական մարզական ակումբներ էին  ստեղծուել Զմիւռնիայում, Նիկո-մետիայում, Կարինում, Մարզուանում, Սամսունում, Ատանայում, Վանում, Կեսարիայում, Տորթեոլում, Տրապիզոնում,  Գոնիայում եւ այլուր:

…Հայերի դէմ իրագործուած ցեղասպանութիւնը վերջ դրեց Օսմանեան կայսրութիւնում հայերի մարզական կենսագրութեանը: Եղեռնին զոհ գնացին բազմաթիւ հայ մարզիկներ, որոնց թւում նաեւ` «Մարմնամարզ»ի խմբագիր Շաւարշ Քրիսեանը, որից յետոյ պարբերականը դադարեց լոյս տեսնել…  Փակուեց  հայկական հարուստ տարեգրութեան եւս մէկ էջը…

 

ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ՈՂԻՄՊԻԱՆ

Հին Յունաստանի Ողիմպիա քաղաքում 4 տարին մէկ կազմակերպուած ողիմպիական խաղերը հնագոյն հեթանոսական ծէսի մի մասն էին կազմում. դրանք  համայունական տօնախմբութիւնների եւ մրցոյթների  ընդհանուր անուանումն են, որոնք կազմակերպւում էին ի պատիւ Զեւս աստծոյ  (Ողիմպիա սարի վրայ թագաւորած Զեւսը կոչուել է նաեւ Զեւս Ողիմպիացի):

Ողիմպիական խաղերի պաշտօնական սկիզբը համարւում է նախքան Քրիստոս  776 թուականը, երբ սկսեցին համարակալել խաղերն ու արձանագրել յաղթողների անունները:

Այդ խաղերի ժամանակ բոլոր յոյների համար պարտադիր յայտարարւում էր «սրբազան հաշտութիւն», որի ընթացքում Յունաստանում դադարեցւում էին պատերազմական գործողութիւններն ու Ողիմպիա տանող ճանապարհները դառնում էին անվտանգ: Մինչեւ Ն.Ք. 472 թուականը խաղերն աւարտուել են 1 օրում: Սկսած Ն. Ք. 468 թ.ից, այսինքն սկսած  78-րդ Ողիմպիական խաղերից` դրանք տեւել են 5 օր. առաջին եւ  վերջին օրերը նուիրուել են հանդիսաւոր արարողութիւններին, մնացածները` տղամարդկանց եւ պատանիների մրցոյթներուն: Սկզբում խաղերին մասնակցել են միայն ազատածին յոյները, որոնք ներկայացրել են յունական առանձին պոլիսներ, աւելի ուշ` հռոմէացիներ եւ այլազգիներ: Ողիմպիական խաղերին կանանց մասնակցութիւնը կամ ներկայութիւնը արգելուել է մահապատժի սպառնալիքով:

Սկզբում մասնակիցները մրցել են միայն «Վազք» մարզաձեւում, բայց ժամանակի ընթացքում այդ խաղերում ընդգրկուել են նաեւ ձիակառքի մրցումները, հնգամարտը (վազք, սկաւառակի եւ նիզակի նետում, հեռացատկ, ըմբշամարտ), բռնցքամարտն ու այլ մարզաձեւեր: Խաղերի յաղթողներն արժանացել են ձիթենու ճիւղերից հիւսուած պսակի, ստացել տնտեսական եւ քաղաքական արտօնութիւններ:

Ողիմպիական տօնակատարութիւնների ժամանակ կազմակերպուել են նաեւ արուեստների մրցոյթներ, անտիկ բանաստեղծներն արտասանել են այդ խաղերին ձօնած իրենց բանաստեղծութիւններն ու օրհներգերը, ճարտասանները փառաբանել են յաղթողներին:

Արդէն մեր ժամանակներում` 1998 թ.ին Ողիմպիայում, որտեղ կայացել են հին յունական Ողիմպիական խաղերը, կանգնեցուել է նրա մարմարեայ կիսանդրին (հեղինակ` Լեւոն Թոքմաջեան):

Հնագոյն ժամանակների Ողիմպիական խաղերը, որպէս հեթանոսական ծէս, դադարեցուել են հռոմէական կայսր Թէոդորոս Ա.ի  հրովարտակով` 394 թ.ին,  քրիստոնէութեան ընդունումից յետոյ… Այսօր Ողիմպիական թանգարանում  (Ողիմպիա քաղաքում) պահպանուել է հնագոյն ժամանակների Ողիմպիական խաղերի յաղթողների մարմարէ անուանատախտակը, որտեղ նշուած է, որ հայոց Վարազդատ Արշակունի թագաւորը 394 թ.ին տեղի ունեցած վերջին Ողիմպիական խաղերում կռփամարտի մրցումների յաղթողն է…

 

Ողիմպիական խաղերի երկրորդ ծնունդը տեղի է ունեցել 1896 թ.ին` Յունաստանի մայրաքաղաք Աթէնքում կայացած մարզական խոշորագոյն միջազգային մրցումներով` ֆրանսացի հասարակական գործիչ Փիեռ տը Քուպերթենի նախաձեռնութեամբ: Այդ ժամանակից ի վեր, 4 տարին մէկ, ամէն անգամ մէկ այլ երկրում, անցկացւում են Ողիմպիական խաղեր, որոնց ծրագրում ընդգրկուած են առաւել տարածուած մարզաձեւերը: 1924 թ.ից սկսած` 4 տարին մէկ կազմակերպւում են նաեւ Ձմեռային ողիմպիական խաղեր` «սպիտակ ողիմպիատաներ»:

Նոր ժամանակների Ողիմպիական խաղերում Հայաստանն ունեցել է 13 ախոյեան:

Մեր հայրենիքն առաջին անգամ Եռագոյն դրօշի ներքոյ ողիմպիական խաղերին մասնակցել է 1996 թ.ին: Դրանից յետոյ  հայաստանցի մարզիկները ողիմպիական խաղերում հանդէս են գալիս Հայաստանի Հանրապետութեան դրօշի ներքոյ:

Ի դէպ, ունեցել ենք նաեւ Հայաստանից դուրս բնակուող հայ ախոյեաններ, որոնք ողիմպիական խաղերին մասնակցել եւ ոսկեայ մետալներն են շահել ոչ հայկական դրօշի ներքոյ` այլ երկրների կողմից, փառք բերելով օտար երկրներին. նրանցից յիշենք` Անտրէ Աղասիին, Նորայր Նուրիկեանին, Կարինա Ազնաւուրեանին, Վիքթորիա Մովսիսեանին եւ այլոց:

 

ՋԱՀԸ ՊԱՏՐԱՍՏ Է

Լոնտոնում արդէն  ներկայացուել է 2012 թուականի ամառային Ողիմպիական խաղերի կրակի տեղափոխման համար նախատեսուած ջահը: Այն մինչ այժմ պատրաստուած նմանատիպ ջահերից ամենաթեթեւն է` կշռում է ընդամէնը 800 կրամ, պատրաստուած է ոսկեջրած ալիւմինից եւ ունի 8 հազար անցք, որոնք խորհրդանշում են Բրիտանիայի տարածքով ողիմպիական ջահի փոխանցավազքի տարածութեան մղոնները: Եռանկիւնաձեւ ջահը խորհրդանշում է, որ Լոնտոնն արդէն երրորդ անգամ է ընդունելու Ողիմպիատան (1908 եւ 1948 թուականների Ողիմպիական խաղերը նոյնպէս անցկացուել են Լոնտոնում): Ողիմպիական կրակը Յունաստանից Անգլիա կը բերուի 2012 թուականի մայիսի 18-ին, որից յետոյ կը ճանապարհորդի երկրի տարածքով եւ յունիսի 27-ին` Ողիմպիական խաղերի բացման օրը, կը հասնի Լոնտոնի Ողիմպիական մարզադաշտ:

Մօտ օրերս Ողիմպիական ջահը համապատասխան փորձարկման կ՛ենթարկուի Միւնիխի «Պի. Էմ. Տապլիու» ինքնաշարժերի նշանաւոր գործարանում:

Պատրաստեց՝ ԱՆՈՒՇ   ԹՐՈՒԱՆՑ

Share this Article
CATEGORIES