ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՏՕՆ, ՈՐ ԴԵՌ ՉԻ ՄՏԵԼ ԲՈԼՈՐԻՍ ՏՈՒՆ

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Քսան տարի առաջ այս օրը` սեպտեմբերի 21-ին, Հայաստանը ընտրեց անկախ պետականութեան կերտման ուղին: Դրանք վիպապաշտ երանելի ժամանակներ էին, թէ՛ շատերի մօտ կային լուրջ մտահոգութիւններ երկրի ապագայի հանդէպ:

Կարո՞ղ է Հայաստանը միայնակ ապրել առանց Ռուսաստանի:
Կարո՞ղ է Հայաստանը միայնակ դիմակայել Ազրպէյճանին ու Թուրքիային:
Ինչպէ՞ս է կարգաւորուելու արցախեան հակամարտութիւնը:
Կարո՞ղ է Հայաստանը տնտեսապէս կենսունակ պետութիւն դառնալ:

Հարցերը սրանցով չէին սահմանափակւում:

Այս հարցերը` միասնաբար կամ առանձին, ունէին մէկ պատասխան` անկախութեանն այլընտրանք չկար:

1991 թուականի սեպտեմբերի 21-ին Հայաստանում տեղի ունեցաւ անկախութեան

հանրաքուէ: Ընտրական իրաւունք ունեցող բնակչութեան շուրջ 94,5 տոկոսը մասնակցեց, իսկ աւելի քան 99 տոկոսն «այո» ասաց անկախ, ազատ եւ ինքնիշխան պետութիւն ունենալու հայ ժողովրդի երազանքին:

Մոլորակի մէկ վեցերորդ մասն զբաղեցնող Խորհրդային Միութեան փլուզումը հնարաւորութիւն տուեց միութենական 15 հանրապետութիւններին, որոնցից տարածքով ամենափոքրը Հայաստանն էր` անարիւն, առանց լուրջ ցնցումների հասնել անկախութեան:

Անկախութեան հռչակման քսան տարիներին Հայաստանն ունեցել է բազմաթիւ նուաճումներ ու ցաւալի կորուստներ: Ամենամեծ նուաճումը ինքնին անկախ պետականութեան հռչակումն էր:

Մեծագոյն միւս նուաճումը արցախեան յաղթանակն էր, որը տրուեց աւելի քան վեց հազար հայ ազատամարտիկների նահատակութեան, տասնեակ հազարաւոր հայ տղաների, նրանց մայրերի, ողջ Արցախի, Հայաստանի ու սփիւռքի միասնական ջանքերի շնորհիւ:

Քսան տարիների ամենամեծ կորուստը Հայաստանից աւելի քան մէկ միլիոն հայերի հեռանալու իրողութիւնն է:

Հայաստանի երրորդ հանրապետութեան հիմնադիրները պետականութեան հիմքում դրեցին համամարդկային այնպիսի գաղափարներ, ինչպիսք էին` ազատ, անկախ, ինքնիշխան եւ ժողովրդավարական պետութեան կառուցումը, ազատ տնտեսական յարաբերութիւնների հաստատումը, երրորդ ուժերի թելադրանքից զերծ արտաքին քաղաքականութիւն վարելը, ազատ եւ անկախ մամուլ ունենալը: Սակայն այդ գաղափարների մեծ մասը վարկաբեկուեց հէնց 1990-ական թուականներին, ինչը առաջ բերեց մեծ հիասթափութիւն ոչ միայն իշխանութիւների, այլ նաեւ անկախութեան գաղափարի նկատմամբ:

Քսան տարին քիչ ժամանակ չէ, որպէսզի անկախութիւնը Հայաստանի քաղաքացիների համար դառնար բացարձակ արժէք: Ամէն տարի սեպտեմբերի 21-ը նշւում է պետականօրէն, այդ օրը ոչ աշխատանքային է, սակայն համահայկական տօնը դեռեւս չի վերածուել համաժողովրդականի: Անշուշտ անկախութեան հաստատման ճանապարհը ենթադրում է նաեւ զրկանքներ ու անվերադարձ կորուստներ անկախութեան ձգտող ժողովրդի համար, սակայն այդ զրկանքներն ու կորուստները պէտք չէ լինէին միայն ժողովրդի մէկ հատուածի հաշուին:

Այսօր էլ, անկախութեան հաստատումից քսան տարի անց, բնակչութեան մի հատուած դեռ երանի է տալիս խորհրդային անազատ ժամանակներին: Դրա պատճառը այն յոռի բարքերն են, որոնք եկան անկախութեան հէնց առաջին օրերից եւ դարձան մեր կեանքի ու կենցաղի անքակտելի մասը: Դա եւ փտածութիւնն է, եւ համատարած մարդու իրաւունքների ոտնահարումը, եւ պարբերաբար կեղծուող ընտրութիւնները, անարդարութիւնը, ընկերային խիստ շերտաւորումը, որոշ դէպքերում` թշուառութիւնը:

Անկախութեան տօնը չի մտնի մեր ընտանիք եւ կը շարունակուի նշուել հիմանակնում պաշտօնապէս, քանի դեռ ընտրութիւնները չեն անցնում արդար, քանի դեռ երկրում իշխում է ոչ թէ օրէնքի իշխանութիւնը, այլ` իշխանական, չինովնիկական  կամայականութիւնը, ամէն քայլափոխի ոտնահարւում են անկախութեան իրական տէրերի` շարքային քաղաքացիների իրաւունքները: Քանի դեռ այս երկրում կայ արդարութեան, վաղուայ օրուայ նկատմամբ հաւատի պակաս, անկախութեան տօնը լիովին չի մտնի մեր ընտանիք, եւ անկախութեան օրով մենք մեր տներում տօնական  սեղաններ չենք բացի:

 

Յատուկ «Ազդակ»ի համար

 

 

Share this Article
CATEGORIES