ՀԱՅԱԶԳԻ ՃԱՐՏԱՐԱԳԷՏՆ ՈՒ ԶԻՆԱԳՈՐԾԸ, ՈՐ ՓՐԿԵՑ ԵՒՐՈՊԱՆ
Հայը դեգերել է աշխարհով մէկ: Եւ այդ դեգերումների ընթացքում, այն ամէնին, ինչին դիպչել է հայի ձեռքը, պատմութեան մէջ հետք է մնացել: Հայի ստեղծագործ ու շինարար ոգին ամէնուր է: Զարմանքով, հպարտութեամբ եւ ինչ-որ տեղ էլ ցաւով ենք կարդում, որ Պաքուն կառուցել են հայերը («Ազդակ»ն առաջիկայում կ՛անդրադառնայ Պաքւում, ինչպէս նաեւ Թիֆլիսում հայերի ունեցած դերին: Արդէն գործում է baku.am ցանցը, որը համարժէք է «Հայերի Պաքուն» խորագրին: Կարծում եմ` չեն ուշանայ նաեւ «Հայերի Թիֆլիսը», «Հայերի Լվովը», «Հայերի Պոլիսը» եւ նման խորագրերով գրքերը, այնպէս, ինչպէս տարիներ առաջ լոյս տեսաւ «Հայերի Վենետիկը» գիրքը):
Մեր այսօրուայ անդրադարձը վերաբերում է Իտալիայում դերակատարութիւն ունեցած մի հայի` Անթոն Սուրեանին: Նա համարւում է հայազգի բարերար, ճարտարագէտ, գիւտարար, զինագործ, դեղագործ, բժիշկ, համաճարակաբան (որոշ աղբիւրներում նրա անունը նշուած է նաեւ այլ տարբերակներով` Անթոն Հայկազուն եւ Անթոն Սուրէն):
Իտալիայում հայկական առաջին համայնքները ձեւաւորուել են դեռեւս 13-15-րդ դարերում: Հայերն Իտալիա են եկել մասնաւորապէս Կիլիկիայից եւ Ղրիմից: Պատմութիւնից յայտնի է, որ դեռեւս խաչակրաց արշաւանքների ժամանակ Կիլիկիայի հայկական թագաւորութիւնը սերտ կապեր է հաստատել իտալական քաղաքների հետ: Իտալիայի մի շարք քաղաքներում` Հռոմում, Ճենովայում եւ այլուր 13-16-րդ դարերում հայերը հիմնել են իրենց համայնքները: Կենդրոնական գաղթօճախը Վենետիկում էր, որտեղ հայ վաճառականներն ունէին իրենց հաւաքատեղին` «Հայոց տունը»: Փողոցը, որտեղ «Հայոց տունն» էր գտնւում, անուանել են «Հայոց փողոց»:
15-16-րդ դարերում Վենետիկի գաղթօճախը դառնում է կայուն հայկական համայնք: Վենետիկում հաստատուել են վաճառականական բազմաթիւ տներ: Հայերը Վենետիկ էին բերում չամիչ, բամպակ, աղ, ցորեն, պղինձ եւ այլն: Հայ համայնքում մեծ թիւ էին կազմում արհեստաւորները: Նրանք աշխատում էին հիմնականում նաւաշինական արհեստանոցներում: Վենետիկը հայերի համար նշանաւորուել է յատկապէս մշակոյթի առումով. հայկական տպագրութիւնը սկզբնաւորուել է հէնց այստեղ («Ուրբաթագիրք»):
1559 թուականին 20-ամեայ մի հայ երիտասարդ Կիպրոսից շաքար ու գինի տեղափոխող նաւով հասնում է Իտալիա` Վենետիկ: Նա շատ խանդավառ էր եւ պատրաստ էր նոր կեանք սկսելու: Նրա անունն էր Անթոն Սուրեան: 16-րդ դարում Վենետիկ ժամանող արեւելքցիները անպայման պէտք էր ներկայացնէին իրենց անձնական տուեալները` մկրտութեան ժամանակ տրուած անունը եւ այն քաղաքի կամ շրջանի անունը, որտեղից եկել էին: Եւ քանի որ Անթոնը եկել էր Սուրիայից, նրան գրանցում են Անթոնիօ Հայ Սուրեան (Surian Antonio detto Armeno) եւ այդպէս էլ գրւում է նրան տրուած կեցութեան թղթում: Վենետիկի պետական արխիւում յայտնաբերուած փաստաթուղթը վկայում է, որ 1561թ. յունիսի 24-ին Սուրեան ազգանունով հայն աշխատանքային խնդրագիր է ներկայացրել Ճիրոլամօ Փրիուլի տոճին: Նա հարուստ տուեալներ ունէր (չնայած երիտասարդ տարիքին` Անթոնը լաւատեղեակ էր առեւտրական ու ռազմական նաւատորմի թեքնիքին, նաեւ տիրապետում էր տարաբնոյթ գիտելիքների): Նրա տուեալներն ուսումնասիրելուց յետոյ, 20 տարեկան Անթոն Սուրեանը նշանակուել է Վենետիկի նաւահանգստի եւ նաւաշինարանի պետ:
Աշխատանքի անցնելով` նա շուտով վերակառուցում է նաւահանգիստը, արդիականացնում է ողջ նաւատորմը` ստեղծելով նոր` առաւել հեռահար եւ առաւել դիպուկ ծովային թնդանօթներ, ինչի համար էլ արժանանում է Անթոն Տեքանոն (թնդանօթ սարքող) պատուանուանը: Անթոնը յատուկ հնարամտութեան միջոցով ջրի երես է հանում վենետիկեան խորտակուած մի թնդանօթաձիգ առագաստանաւ` իր բոլոր արժէքաւոր մասերով: Այնուհետեւ վերականգնում է Ճիրոլամօ Քոնթարինիի «Կալէոնի» երեք հսկայ թնդանօթները: Չափազանց օգտակար են լինում նրա խորհուրդները` կազմակերպելու համար «Թանան», ուր արտադրւում էին նաւաշինութեան մէջ լայնօրէն օգտագործուող տարբեր տեսակի պարաններ, ճոպաններ ու մալուխներ, ինչպէս նաեւ` «Երկաթեայ այգին», որում պահւում էին թնդանօթները:
Նա մշակում է նաեւ մեծ նաւերը ջուրն իջեցնելու նոր համակարգ, ստեղծում է մի սարք, որի միջոցով մաքրում են դարերի ընթացքում ծովակի յատակում կուտակուած տիղմը:
Նրա ստեղծած թնդանօթները շուտով իրենց դերը կատարում են պատուով: 1571 թուականին թուրքական օրըստօրէ հզօրացող նաւատորմը սպառնում էր գերիշխանութիւն հաստատել Միջերկրական ծովում եւ, ի հարկէ, դրան տրամաբանօրէն յաջորդող քայլեր իրականացնել Արեւմտեան Եւրոպայում. ասենք` ցամաք իջեցնել թուրքական բանակը եւ փորձել հարաւից ներխուժել Եւրոպա` Ապենինեան թերակղզի, Ֆրանսա եւ ապա նաեւ` Փիրենեան թերակղզի:
Ստեղծուած իրավիճակում երեք պետութիւններ` Սպանիան, Սուրբ Հռոմը եւ Վենետիկը միաւորում են իրենց նաւատորմերն ու դիմագրաւում թուրքական վտանգը: Ճակատամարտը տեղի է ունենում Լեպանտոյի ծովածոցում: Չնայած նրան, որ երեք պետութիւններ միաւորել էին իրենց նաւատորմերը, թուրքական ուժերը գերազանցում էին նրանց թէ՛ նաւերի քանակով եւ թէ՛ հզօրութեամբ: Այնուամենայնիւ, Լեպանտոյի ճակատամարտն աւարտւում է թուրքերի պարտութեամբ: Այս ճակատամարտը ճակատագրական դեր է ունենում Եւրոպայի համար (Վենետիկում ցայսօր նշւում է այդ յաղթանակը, եւ փողոցներից մէկն էլ կոչուած է Անթոն Սուրեանի անունով):
Լեպանտոն մտնում է բոլոր ժամանակների ծովային ճակատամարտերի առաջին հարիւրեակի մէջ:
Դաշնային նաւատորմի հրետանին գլխաւորում էր հէնց Անտոն Սուրեանը: Բոլոր ռազմածովային պատմաբանները, որոնք վերլուծում են այդ ճակատամարտը, գրում են, որ հէնց Անթոն Սուրեանի ղեկավարած հրետանու (եւ ի հարկէ` նրա նորաստեղծ թնդանօթների) շնորհիւ դաշնային ուժերը կարողացան գլխովին ջախջախել թշնամուն: «Հայերի Վենետիկը» գրքի մէջ կարդում ենք, որ` «Հայ փայլուն ճարտարագէտ ռազմածովայինի ջանքերով Եւրոպան փրկուեց թուրքական ներխուժումից» (ի միջի այլոց նշենք, որ հէնց այս ճակատամարտին է սպանական զօրքերի կազմում մասնակցել եւ ծանր վիրաւորուել հետագայում մեծ գրող դարձած Սերվանթեսը):
ԱՆԹՈՆ ՍՈՒՐԵԱՆԸ ԺԱՆՏԱԽՏԻՑ ՓՐԿՈՒՄ Է ՆԱԵՒ ԵՒՐՈՊԱՆ
Դրանից մի քանի տարի անց` 1975 թուականին ողջ Իտալիայում ժանտախտի համաճարակ է սկսւում: Վենետիկը նոյնպէս յայտնւում է ժանտախտի ճիրաններում. հանրապետութեան լաւագոյն բժիշկներն անզօր են գտնւում մահ սփռող այդ հիւանդութեան դէմ: Այստեղ եւս փայլում է Անթոն Սուրեանի կազմակերպչական տաղանդը, ինչպէս նաեւ դրսեւորւում է նրա մեծ մարդասիրութիւնը:
Նա վաճառում է իրեն պատկանող երկու պալատ, ստացուած գումարով Վենետիկ է բերում ժանտախտի դէմ նոր դեղամիջոց (որոշ տուեալներով այդ դեղամիջոցը Վենետիկ է բերուել Հայաստանից) եւ այնտեղ կազմակերպում է դեղամիջոցի արտադրութիւնը` բալասանը անվճար բաժանելով բոլորին: Այսպիսով նա փրկում է Իտալիան եւ կարծում եմ նաեւ` ողջ Եւրոպան` ժանտախտից:
Վենետիկի իշխանութիւնները իբրեւ «պարգեւատրում» այդ անձնազոհ հայկազունին մինչեւ կեանքի վերջ նաւաշինարար բանուորների հետ խորտկարանում ցմահ օրը մէկ անգամ սնուելու իրաւունք են տալիս միայն…
Ասում են` Անթոն Հայկազունի վիրաւորանքն այնքան խորն է լինում, որ նա յուսահատութիւնից հիւանդանում եւ մահանում է, իսկ նրա ընտանիքն ապրում է վարձով եւ նիւթապէս անապահով:
Կենդանութեան օրօք Անթոն Սուրեանը իր համեստ ու մարդամօտ բնաւորութեան, փայլուն գիտելիքների ու տաղանդի շնորհիւ վայելում էր պարզ մարդկանց սէրը, գործընկերների համակրանքը, ղեկավարների յարգանքն ու կառավարութեան վստահութիւնը: Եւ միայն այս վերաբերմունքն է, որ խոր վիշտ է պատճառել նրան:
Ի դէպ, Անթոն Սուրեանի տաղանդը դրսեւորուել է նաեւ հրազէնագործութեան մէջ: Նա հետաքրքրուել է արպալէթներ պատրաստելու եղանակներով: Հէնց այդ ժամանակ էլ սիրահարուել եւ սիրային նամակներ է գրել Վենետիկում արպալեթներ պատրաստող մի հմուտ վարպետի աղջկայ` Քեարային: Նրանք ամուսնացել եւ տասը տարուայ ընթացքում վեց զաւակ են ունեցել: Նրա զաւակներից (օրինակ` Իզեփփօ Սուրեանի), թոռներից ու ծոռներից ոմանց անուններն աւելի քան 100 տարի յիշատակւում են Վենետիկի զինանոցի փաստաթղթերում:
ՀԱՅԵՐԻ ՎԵՆԵՏԻԿԸ
Աշխարհը հիացած է Վենետիկով: Ամէն տարի միլիոնաւոր զբօսաշրջիկներն են մեկնում Վենետիկ` հիանալու հրաշագեղ պալատներով, Սուրբ Մարկոսի հրապարակով, կամուրջներով, առեղծուածային ջրանցքներով, կոնտոլներով: Շատ հայ գրողներ ու բանաստեղծներ, նկարիչներ եւ երաժիշտներ, լինելով Եւրոպայում` իրենց սուրբ պարտքն են համարել անպայման տեսնել հրաշքների կախարդական քաղաք Վենետիկը եւ նրան ձօնել իրենց ստեղծագործութիւններ որտեղ ամէն մի կալլէ (փողոց), ամէն մի պալատ հերոսական կամ քնարական նախապատմութիւն ունի: Եւ շատ քչերի մտքով է անցնում (առաւել եւս հայերիս), որ Վենետիկի փառահեղ անցեալի եւ հերոսական պատմութեան կերտողների եւ տէրերի զգալի մասը հայ է եղել: Այդ մասին վկայում են ե՛ւ պատմական վաւերագրերը, ե՛ւ այսօր էլ կանգուն պալատները, ե՛ւ հայատառ արձանագրութիւնները, ե՛ւ հայկական անուանումներով կալլէները:
1993 թուականին Իտալիայում Ալերամօ Հերմեթի եւ Փաոլա Քոնի Ռաթթի տի Տեզիոյի հեղինակութեամբ պատմական հաւաստի վաւերագրերի հիման վրայ լոյս է տեսնել «Հայերի Վենետիկը» հետաքրքիր վերնագրով գիրքը: 1995 թուականին գիրքը վերահրատարակուել է` նոր փաստերով համալրուած, եւ տակաւին մինչեւ այսօր ընթերցւում եւ քննարկւում է տարբեր մասնագէտների կողմից… Գրքի հեղինակները շերտ առ շերտ բացում են պատմութեան հնագոյն էջերը, մոռացութեան փոշուց մաքրելով` պատկերաւոր եւ գունագեղ լեզուով նկարագրում են դարերի վաղեմութիւն ունեցող դէպքերը եւ երախտագիտութեամբ պատմում դրանց գլխաւոր դերակատարների մասին: Այս գրքի խորագիրը բնաւ էլ պատահական չէ ընտրուած: Երբ վերցնում ես գիրքը, մի պահ փորձում ես ուղղել վերնագիրը` ենթադրելով, թէ գուցէ ճիշդ չի թարգմանուած. ասենք, պիտի լինէր` «Հայերը Վենետիկում» կամ «Հայերը եւ Վենետիկը», բայց ոչ երբեք` «Հայերի Վենետիկը»: Սակայն գիրքը ընթերցելով` հիացմունք ես ապրում` տեսնելով, թէ հայերն ինչպէս են մասնակցել Վենետիկի կառուցմանը:
Հետազօտական ահռելի աշխատանք կայ կատարուած գրքում. պահոցներից հանուել եւ տպագրուել են եկեղեցական եւ պետական դիւանների գրառումները, ժողովրդի մէջ պահպանուած աւանդութիւնները, ուսումնասիրել են հայոց պատմութիւնը: Իսկ օգտագործած գրականութեան ցանկը` մատենագիտութիւնը (330 անուն գիրք), աւելի է մեծացնում գրքի գիտական արժէքը եւ բերուած փաստերի հաւաստիութիւնը: Գիրքն արժանացել է բազմաթիւ հեղինակաւոր մրցանքների:
Գրքի հեղինակներից մէկը` Ալերամօ Հերմեթը, սերում է հայ նշանաւոր Հերմեթեանների գերդաստանից: Հերմեթեանները բազմաթիւ հայ մեծատունների նման 18-րդ դարում տարագրուել են Վենետիկ: Միւս հեղինակը` Փաոլօ Քոնի Ռաթթի տի Տեզիոն, իտալացի է:
Վենետիկում հայերի ծաւալած քաղաքական, ռազմական, մշակութային, կրթական եւ առեւտրա-արտադրական գործունէութեան մասին գիրք գրելը Ալերամօ Հերմեթն այսպէս է բացատրում. «Հայերի եւ վենետիկցիների սերտ յարաբերութիւնները հետազօտելու միտքը յղացաւ Վենետիկի կալլէներում թափառելիս եւ ամէնուր հայկական հետքեր յայտնաբերելիս, ինչպէս նաեւ` Հայաստանի եւ Վենետիկի հանդէպ տածած մեր սիրուց. հէնց դա էլ հիմք դարձաւ մտովի անցնելու 16-դարեայ պատմութեան ճանապարհը: Հայի համար Վենետիկը պանծալի պատմութիւն է, որի գլխաւոր դերակատար հանդիսացած Հայկ Նահապետի սերունդը տոճերի քաղաքում ազատ ապրելու իրաւունք է ունեցել եւ կիրառել է քաղաքացիական, քաղաքական, ռազմական, մշակութային եւ վաճառականական իր մեծ փորձը: Հայ մեծ մտածող Ղեւոնդ Ալիշանի խօսքերով` իւրաքանչիւր հայի համար Վենետիկ կատարած ճամբորդութիւնը մի վաղեմի երազ է` տեսնելու վենետիկեան ծովակի վրայ իրենց նախնիների բազմաթիւ հետքերը»:
Իսկ Ալերամօ Հերմեթը գուցէեւ արեան կանչով է ձեռնամուխ եղել այս շնորհակալ գործին, որպէսզի թէ՛ իտալացիներին, թէ՛ աշխարհին, եւ յատկապէս մեզ` հայերիս, ծանօթացնի հայերի Վենետիկին:
ՄԻ ՔԱՆԻ ԴՐՈՒԱԳ` «ՀԱՅԵՐԻ ՎԵՆԵՏԻԿԸ» ԳՐՔԻՑ
«Հայկական հետքերն ուսումնասիրելիս ակնյայտ է դառնում նաեւ Վենետիկի Հանրապետութեան անցած ուղին հէնց նրա հիմնադրման օրուանից: Ըստ Պոլոնիայի համալսարանի հեղինակաւոր բիւզանդագէտ Անթոնիօ Քարիելի` Ռաւեննայի հիմնադիրը հայ զօրավար Նաւենն է եղել: Այդ ժամանակ Ռաւեննայում կար մի քանի տասնեակ հազարանոց հայկական զօրք` իր օժանդակ ծառայութիւններով, կային վանականներ, վաճառականներ: Եւ ինչպէս հաւաստիացնում է Վենետիկի համալսարանի փրոֆեսէօր հայր Լեւոն Զաքեանը` «Հայերը եկել եւ հաստատուել են Վենետիկում քաղաքի հիմնադրման ժամանակներից»:
«Մեր թուարկութեան 66 թուականին հայոց Տրդատ թագաւորը Հռոմում կայսր Ներոնի ձեռամբ թագադրուելու առիթով նրան նուիրում է հայկական չորս պրոնզաձոյլ ձի, որոնք երկար դարեր կանգնած են եղել Սուրբ Մարկոսի հրապարակում, սակայն բնութեան աւերիչ եւ քայքայիչ ներգործութիւնից փրկելու համար դրանք տեղափոխել են թանգարան` փոխարէնը տեղը դնելով կրկնօրինակները»:
«Ռաւեննայի փոխարքայ, զօրավար Ներսէսը հայազգի փոխարքայ Իսահակից ութսուն տարի առաջ, Վենետիկի հիմնադրման հարիւրամեակի առիթով որպէս պարգեւ կառուցում է հետագայում աշխարհի ամենայայտնի հրապարակներից մէկը` Սուրբ Մարկոս հրապարակը` կառուցելով երկու եկեղեցի` Սուրբ Թէոդորոս եւ Սուրբ Իեմինեանօ»:
«Ս. Մարկոսի եկեղեցու ներսում` ձախ կողմից չորրորդ աղեղնակամարի տակ, Խաչելութեան խորանն է, որը շատ բնորոշ է հայկական միջնադարեան եկեղեցիներին»:
«Վենետիկի Կալլէ տելլա Քորոնա եւ Լա Սալիցատա Ծերծիի միջեւ ընկած հատուածը ջուղայեցիներով խիտ բնակեցուած լինելու պատճառով կոչուել է Ռուկա Ջուֆֆա (Ջուղայի պարսկերէն «Ջուլֆա» տառադարձութիւնից)»:
«Վենետիկում յայտնի պաշտօնական թարգմանիչ Գէորգի որդին` Գէորգեանը, վենետիկցի բժիշկ Նիքոլօ Մասսայի յանձնարարութեամբ, արաբերէնից իտալերէն է թարգմանել արաբ բժիշկ Իպն Սինայի անմահ գործերը»:
«Ասում են` ամենահամբաւաւոր վենետիկցի սիրուհիների համար գերազանց ապրանքներ էր ապահովում Մելքումի խանութը»:
«Հնուց ի վեր հայերն ամբողջ Իտալիայում տարածել են բուստի (մարջանի) մշակման ձեւերը»:
«Հայերը, հարստանալով, հարստացնում էին նաեւ Վենետիկի պետական գանձարանը` իրենց խանութների, պահեստների, ապրանքներ ներմուծելու եւ արտահանելու համար վճարուած մաքսատուրքերով»:
«Բայց պէտք չէ մոռանալ, որ հայերի կեանքի միակ նպատակը բնաւ էլ առեւտուրն ու ոսկին դիզելը չեն եղել: Նրանք, առանց իրենց գործը մոռանալու, ձգտում էին վայելել կեանքը. յաճախ որեւէ առիթով հաւաքւում էին ամէն անգամ մէկի տանը կամ «Հայ տանը» կամ մօտակայ Սուրբ Մարիամ Խորոտիկ եկեղեցու լայնարձակ հրապարակում` կերուխում անելու եւ պարելու ազգային մեղեդիների ներքոյ: Երբեմն նաեւ երգում էին, բայց քանի որ այդ երգերը յագեցած էին իրենց հեռաւոր հայրենիքի հանդէպ տածած սիրտ մաշող կորստի զգացումով, գերադասում էին երաժշտութիւն լսել եւ պարել»:
«Վենետիկի դատարկ գանձարանը հարստացնելու եկած Սպահանի (Նոր Ջուղայի) հայ վաճառականների մասին Վենետիկի հինգ իմաստունները տարբեր փաստաթղթերում վաւերացրել են. «Բազմերախտ եւ ընտրեալ հայ ժողովուրդը… որ շրջանառութեան մէջ է դնում խոշոր դրամագլուխներ… վաճառականութեամբ շատ նպաստաւոր եղաւ այս քաղաքի համար»:
«Ադրիականով նաւարկում էին բազմաթիւ նաւեր, որոնք թէեւ կրում էին Վենետիկի դրօշը, սակայն պատկանում էին հայ հարուստ գործարարներին: Այդ հարուստ հայերն էին, որ, այսօրուայ հաւաստագրերից դեռ շատ առաջ, ստեղծել էին միջազգային դրամատների սեփական համակարգ, որի միջոցով կարող էին խոշոր գումարներ փոխանցել մի երկրից միւսը` հայ գործարարների աջակցութեամբ»:
«Նոր Ջուղայի հայերից առաջին անգամ Վենետիկում առեւտրական ներկայացուցչութիւն հիմնեցին Շեհրիմանները (Շահրիմանեանները), որոնք անվիճելի բարձր հեղինակութիւն վայելող տնտեսագէտներ էին: Նրանք ճանաչուած վաճառականներ էին ադամանդի շուկայում, առաջատար էին նաեւ կտորեղէնի, մորթեղէնի, ծխախոտի, համեմունքների եւ բազմաթիւ այլ ապրանքների մեծածախ առեւտրում: Նրանք ամէնուր` Արեւմուտքի եւ Արեւելքի գերտէրութիւններում, դեսպաններին վայել ընդունելութեան էին արժանանում»:
«Պարկեշտութեան, բարեկրթութեան եւ միեւնոյն ժամանակ զգուշաւոր առատաձեռնութեան շնորհիւ` հայերի առջեւ բացուեցին վենետիկեան հասարակական կեանքի բոլոր դռները»:
Պատրաստեց՝ ԱՆՈՒՇ ԹՐՈՒԱՆՑ

