ԶԻՆՈՒՈՐԱԿԱՆ ՈՒ ԴԻՒԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԻՊՈՒԿԱՀԱՐՆԵՐԸ

Տեսնես, այսօր էլ «կը մասնակցի՞» Հայաստանում Միացեալ Նահանգների դեսպան Եովանովիչը ՀԱՔ-ի հանրահաւաքին…  Չէ՞ որ դրա վերջին` մարտի 1-ի հաւաքին «մասնակցեց» ու դեռ աւելի՛ն` ելոյթ էլ ունեցաւ, թէկուզ հեռակայ` Երեւանի պետական համալսարանում… հարցադրմանը ամենեւին էլ զարմանքով վերաբերուել հարկաւոր չէ, քանզի յաճախ է պատահել, որ Միացեալ Նահանգների դեսպանուհին խորամուխ է եղել հայաստանեան ներքին հասարակա-քաղաքական «ցաւոտ» հարցերում, իսկ այս վերջինում իսկ` արտահերթ ընտրութիւնների ու «քաղաքացիական հասարակութիւն ձեւաւորելու» կոչեր արձակել, ճիշդ այնպէս, ինչպէս` ՀԱՔ-ի (Հայ ազգային քոնկրես) հանրահաւաքում ելոյթներով հանդէս եկողները: Երեւանի պետական համալսարանի հանդիպմանը, սակայն, ի պատիւ մեր ուսանողների զգաստ հարցադրումների Եովանովիչը մասամբ փորձեց արդարանալ` ձեւացնելով, որ մտադիր չէ միջամտել իր առաքելութիւնը իրականացնող երկրի ներքին հարցերին, բայց դա այնպէս էլ չյաջողուեց իրեն, քանզի պարզից էլ պարզ էր, որ դեսպան Եովանովիչի ելոյթի տողատակերում ակներեւ էր ափրիկեան ու մերձաւորարեւելեան տոմինոյական «յեղափոխութիւնների» մոտելաւորման պատրանքը, եւ որ դրանք կարող են նաեւ նախադէպ լինել անդրկովկասեան քրիստոնեայ երկրորդ երկրում… յատկապէս որ ինքը բաւական փորձաշրջան է անցկացրել հարեւան տարածաշրջանի մի այլ երկիր Խըրխըզիստանում` նախքան Հայաստանում դեսպանութեան ստանձնումը:

Ահաւասիկ, անցնող երկու շաբաթներում նախքան Սոչիի եւ յետսոչիական հանդիպումը ղարաբաղա-ազրպէյճանական սահմանագծում ազրպէյճանցի դիպուկահարի զոհ դարձան երկու հայ զինծառայողներ, իսկ մշտապէս էլ ազրպէյճանական ուժային սադրանքներին զուգակցուել են դիւանագիտական ճնշում-հարուածները, ասենք` Եւրոխորհրդի տարբեր կառոյցների, Միացեալ Նահանգների արտաքին գործերի նախարարութեան երկակի չափանիշերի ձեւաչափերով, ինչպէս եւ անհատ ժպտերե՜ս միջնորդների խրատա-յորդորական ժեսթերով, յանձինս չաւուշօղլուների, պրայզաների, համերպերկների, պարուզոների եւ սրանց նախկին ու ներկայ գործընկերների: Այ, տեսէք, թէ ի՛նչ էր յայտարարում ՀԱՔ-ի առաջնորդը նախորդ մարտիմէկեան հանրահաւաքի փոխան ելոյթում տեղ գտած յայտարարութեան 14-րդ կէտում.-

«…14. Հանրահաւաքը նաեւ անհրաժեշտ է համարում կոչ անել միջազգային կազմակերպութիւններին, Ամերիկայի Միացեալ Նահանգների եւ Եւրոմիութեան երկրների կառավարութիւններին` դադարեցնելու աշխարհաքաղաքական նկատառումներով Հայաստանի բռնապետական վարչախմբին ցուցաբերուող անվերապահ աջակցութիւնը, որը ոչ միայն ոչնչով չի նպաստում ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանը, այլեւ աւելի եւս ամրապնդելով վարչակարգի դիրքերը վերջին հաշուով ուղղւում է ժողովրդի դէմ, ինչը միանգամայն ակնյայտ է դառնում արաբական երկրներում ներկայումս ընթացող իրադարձութիւնների լոյսի ներքոյ, եւ ինչը խոստովանում են անգամ արեւմտեան քաղաքական գործիչներն ու անկախ վերլուծաբանները»:

Ճիշդ է, նմանատիպ դիւանագիտական ճնշումները խոշոր տոկոսով արդիւնք են ճնշուող երկրի իշխանութեանց խոցելի օրինականութեան կամ էլ նոյն իշխանութեանց ներքին թէ արտաքին ճակատների վրայ քաղաքականութեան ու դիւանագիտական միջոցների տկարութեան եւ կամ էլ երկուսը համատեղ…: Ու այսպէս արտաքին ճնշման նպատակը միեւնոյնն է` արցախեան հարցի «կարգաւորման» հաշուին միակողմանի զիջումներ պարտադրել առաւել եւս խոցելի երկրին, տուեալ դէպքում` Հայաստանին, յատկապէս որ վերջինս նաեւ «համարձակուել է» սառեցնել հայ-թուրքական հաշտեցման փրոթոգոլները… սրանք, ինչ խօսք, պարզ հաշիւներ են, իսկ օրուան մոտելաւորուող առիթները (Թունուզ, Եգիպտոս) անպակաս. ՀԱՔ-ն էլ, ի դէմս իր առաջնորդի, նախկինի պէս «այնթապցիական թայմաութ»ի գնալու մտադիր չէ եւ կարեւորը` հերթական ընտրութիւնների սպասելու եւ այդ մոտելներով ինքնանպատակ ու լոկ «ընդդէմ»ի վարքով իշխանափոխութիւն անելու իր համբերութեան բաժակը այլեւս յորդել է, ինչպէս որ դրա մասին բարձրաձայնեց նախորդ` մարտի 1-ի հանրահաւաքում:

Մնում է, ուրեմն, սպասել ու տեսնել, թէ ներքին ու արտաքին խմորումները ինչպիսի ընթացք են հաղորդելու այսօրուայ ՀԱՔ-ի արմատական «հանրահաւաքին ու երթին», որոնք բացառուած չէ` պարուրուած լինեն «գարնանային կարմիր կակաչների բողբոջանքներով», այն էլ` խըրխըզական բուրմունքով…

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
«Ալիք» օրաթերթի գլխաւոր խմբագիր

Share this Article
CATEGORIES