ՕՍՄԱՆԱԿԱՆ ԿԱՐՕՏԱԲԱՂՁՈՒԹԻՒՆ

ԳՐԻԳՈՐ ՂԱԶԱՐԵԱՆ

2002 թուականից, երբ Թուրքիոյ իշխանութեան գլուխ անցաւ Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութիւնը (ԱԲԿ), փոփոխութիւնների ենթարկուեցին այդ երկրի արտաքին քաղաքականութեան սկզբունքները, շուրջ մէկ տասնամեակ գործի գլուխ եղած ԱԲԿ-ի պատասխանատուների, յանձինս վարչապետ Ռեճեփ Թայիփ Էրտողանի ու արտաքին գործերի նախարար Ահմեթ Տաւութօղլուի (որը հիմնական դէմքն է Թուրքիայի արտաքին քաղաքականութեան սկզբունքների ու ռազմավարութիւնների ճշդման մէջ), ճառերի, գրութիւնների ու խօսքերի մէջ նկատելի է օսմանական կարօտաբաղձութիւնը. նրանք միշտ խօսում են Միջին Արեւելքի սիւննի մուսուլման երկրների մասին եւ իբր թէ այդ երկրները գնալով վերածւում են մի ուժեղ պլոքի, եւ Թուրքիան էլ դիտւում է որպէս բնական ղեկավարը այդ պլոքին: Վերջին տասնամեակում Թուրքիայի արտաքին քաղաքականութեան սկզբունքներից է եղել «զերօ խնդիր» սկզբունքը, չունենալ կամ նուազագոյնի իջեցնել հարեւան երկրների հետ Թուրքիայի խնդիրները գործնականում, այդ սկզբունքի հիմնական շեշտը դրուել է մուսուլման երկրների վրայ, օրինակի համար` Թուրքիան հարցեր ունի իր հարեւան Յունաստանի հետ Եգէական ծովի օդային եւ ջրային տարածքի հետ կապուած, կամ անլոյծ հարցեր կան Թուրքիայի միւս հարեւան Հայաստանի հետ, որոնց պարագայում որեւէ լուրջ քայլի էլ չի դիմել եւ չի աշխատել հարցերը լուծել, իսկ միւս կողմից տեսանք, թէ անցնող տարիների ընթացքում Թուրքիան ինչքան փորձեց բարեկամանալ ու մօտենալ Սուրիային. մի երկիր, որի հետ էլ շատ հիմնական դժուարութիւններ չունէր:

Նրանով հանդերձ, որ ԱԲԿ-ի իշխանաւորները միշտ երեւան են եկել որպէս իսլամի պաշտպանը` Միջին Արեւելքում, բայց հիմնական ռազմավարութիւնը եղել է այն, որ կապեր հաստատի իսլամական երկրների վերնախաւի ու իշխանաւորների հետ` տնտեսական նկատառումներով, քան թէ իրական պաշտպանը լինի իսլամի ու մուսուլման ժողովրդի շարժումների: 2010 թուականին Տաւութօղլուն յայտարարեց, որ ծրագրում են առեւտրական ազատ գօտի ստեղծել` Սուրիայի, Յորդանանի ու Լիբանանի հետ եւ այդ ծրագիրը հետագայում պիտի ծաւալուէր դէպի Հիւսիսային Ափրիկէ եւ միջինարեւելեան այլ երկրներ:

Ամբողջ այս ժամանակ էլ Թուրքիան իրեն ներկայացրել է որպէս անկախ մի ուժ, որ աշխատում է իր հին ու աւանդական դաշնակիցներ` Ամերիկայից ու Եւրոպայից անկախ:

Թուրքիան առաջին երկիրը չէր աշխարհում, որ արաբական երկրների ժողովրդական շարժումներից յանկարծակիի եկաւ, բայց միաժամանակ որդեգրեց շատ հակասական եւ չհաշուարկուած քայլեր, կողմ եղաւ Թունուզի շարժմանը` Եգիպտոսին իր մրցակիցը տեսնելով արաբական աշխարհում: Առաջիններից եղաւ, որ Հիւսնի Մուպարաքին յորդորեց հեռանալ իշխանութիւնից, իսկ Լիպիայի ու Սուրիայի նկատմամբ որդեգրեց շատ հակասական դիրքեր: Թուրքիան նախ պաշտպանեց Լիպիային, քանի որ տնտեսական մեծ շահեր ունէր Լիպիայում, բացի այդ` Էրտողանը Քազզաֆիի ընկերն էր եւ նրա ձեռքից ստացել էր իսլամական մարդու իրաւունքների յուշանուէրը, սակայն տեսնելով, որ ժողովրդի ընդվզումը լուրջ բնոյթ է ստացել, եւ Եւրոպան ու Ամերիկան էլ կողմնակից են, որ Քազզաֆին հեռանայ եւ հաշուըուած օրեր են մնացել Քազզաֆիի համար, Թուրքիան խիստ կողմ եղաւ ՕԹԱՆ-ի յարձակումներին` Լիպիայի դէմ եւ ինքը եւս նաւեր ուղարկեց Լիպիայի շրջափակումը կատարելագործելու համար:

Նոյնն էր նաեւ պարագան Սուրիայի նկատմամբ, գարնանը նա պաշտպանն էր Պաշշար Ասատի, իսկ ամրան վերջերը Էրտողանը սկսեց սպառնալ Պաշշար Ասատին` տեսնելով Արեւմուտքի դիրքը դէպի Սուրիա, մինչեւ այն աստիճան փոխեց իր դիրքը, որ վերջերս Պոլսում թուրք իշխանաւորները հիւրընկալեցին Սուրիայի ընդդիմադիրների ժողովը: Իբր թէ  Թուրքիան ձեւացնում է, որ միջնորդ է խաղաղութեան եւ մեծ դեր է իրեն վերապահուած արաբական աշխարհում եւ կարող է հանդիսանալ որպէս օրինակելի մի պետութիւն, սակայն Թուրքիայի իշխանաւորները կարծես թէ չեն անդրադարձել, որ եթէ իսլամական երկրները ուզում են յարաբերութիւններ ունենալ Թուրքիայի հետ, դա ուզում են, որ լինի հաւասար գետնի վրայ ու հաւասար դիրքերից, ոչ թէ Թուրքիան ստորադասի աչքով նայի նրանց. դա Օսմանական կայսրութեան ժամանակաշրջանում էր, որը հիմա այլեւս գոյութիւն չունի:

«Ալիք»

Share this Article
CATEGORIES