«ՖՈՒԹՊՈԼԱՅԻՆ ԴԻՒԱՆԱԳԻՏՈՒԹԵԱՆ» ԵՒՍ ՄԻ ԴՐՍԵՒՈՐՈՒ՞Մ. 2010թ. ԱՊՐԻԼԻՆ ԵՐԵՒԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՉՈՒՆԵՑԱՒ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ
ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների վերաբերեալ իմ պրպտումների ընթացքում զարմանքով յայտնաբերեցի, որ 2010 թուականի ապրիլին Երեւանում Հայոց ցեղասպանութեան 95-ամեակին նուիրուած միջազգային գիտաժողով անց չի կացուել: Այն անց է կացուել նոյն տարուայ դեկտեմբերին:
Իմ զարմանքի պատճառն այն էր, որ Հայաստանի անկախութիւնից ի վեր (աւելի ճիշդ դեռ 1990 թուականից, երբ իրաւականօրէն Հայաստանը դեռ Խորհրդային Միութեան մաս էր կազմում) Հայոց ցեղասպանութեան կլոր տարելիցների առիթով Երեւանում կազմակերպուել են միջազգային գիտաժողովներ` մասնակցութեամբ հեղինակաւոր հայ` օտարազգի ցեղասպանագէտների: Այսպէս, նման գիտաժողովներ են կազմակերպուել 1990 (նուիրուած Հայոց ցեղասպանութեան 75-ամեակին), 1995 (80-ամեակին), 2000 (85-ամեակին)` 2005 (90-ամեակին) թուականների ապրիլին:
Աւանդոյթը` տրամաբանութիւնը յուշում են, որ 2010 թուականի ապրիլին Հայաստանի արտաքին գործոց նախարարութիւնը Հայաստանի Գիտութիւնների ազգային ակադեմիայի հետ համատեղ, ինչպէս նախորդ դէպքերում, պէտք է կազմակերպէր Հայոց ցեղասպանութեան 95-ամեակին նուիրուած միջազգային գիտաժողով, սակայն ապրիլին այն տեղի չունեցաւ:
Հարց է առաջանում. ինչո՞ւ: Հարցին կարող են պատասխանել կամ պարզաբանումներ տալ Հայաստանի բարձրագոյն ղեկավարութիւնը` արտաքին գործերի նախարարութիւնը կամ նախագահը: Մենք` լրագրողներս` հետազօտողներս, կարող ենք միայն ենթադրութիւններ անել` հաշուի առնելով փաստերն ու 2008-2010 թթ. Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների` այսպէս կոչուած «ֆութպոլային դիւանագիտութեան» տրամաբանութիւնը:
Հայ-թուրքական «երկխօսութեան ոգին» պահպանելու նպատակով, ինչպէս գրուել է բազմիցս, Հայաստանի ֆութպոլի ֆետերացիան իր զինանշանի վրայից ժամանակին հանեց հայ ժողովրդի խորհրդանիշը` Մասիս սարը,` փոխարէնը գնդակ դրեց: 2008թ. Հայաստան-Թուրքիա ֆութպոլային խաղից առաջ պետական մակարդակով աննախադէպ քարոզչութիւն էր իրականացւում ի նպաստ հայ-թուրքական բարիդրացիական յարաբերութիւնների: Հայկական հեռուստաընկերութիւնը սեպտեմբեր ամսին ցուցադրեց ծաղկած խնձորենի` դա ներկայացնելով Թուրքիայի նախագահ Ապտիւլլահ Կիւլի Երեւան այցելութեան աւետիս, թէեւ հայ ժողովրդական բանահիւսութեան մէջ աշնանը խնձորենու ծաղկումը անյաջողութեան` չարիքի նշան է:
Մինչեւ 2010 թուականի ապրիլ Հայաստանը յոյս էր տածում, որ Թուրքիայի խորհրդարանը կը վաւերացնի 2009 թուականի հոկտեմբերի 10-ին Ցիւրիխում ստորագրուած երկու արձանագրութիւնները (դրանք, ըստ էութեան, պայմանագրեր են): Բոլորս լաւ ենք յիշում, որ 2010 թուականի ապրիլի կէսերին Ուաշինկթընում կայացաւ Հայաստանի նախագահի հանդիպումները Թուրքիայի վարչապետ Ռեճեպ Թայիփ Էրտողանի` Միացեալ Նահանգների նախագահ Պարաք Օպամայի, ապա Ֆրանսայի` Ռուսաստանի առաջնորդների հետ, որից մի քանի օր անց` ապրիլի 22-ին, Սերժ Սարգսեանը յայտարարեց հայ-թուրքական գործընթացը սառեցնելու մասին, թէեւ այդպէս էլ ստորագրութիւնը յետ չքաշեց այդ փաստաթղթերից:
Հայաստան-Թուրքիա երկխօսութեան տրամաբանութիւնը հաշուի առնելով` կարելի է ենթադրել, որ Հայաստանի ղեկավարութիւնը 2010 թուականին Հայոց ցեղասպանութեան 95-ամեակին նուիրուած միջազգային գիտաժողով չէր ծրագրել ընդհանրապէս, յոյս ունենալով, որ մինչեւ այդ տարուայ ապրիլ արձանագրութիւնները կը վաւերացուեն, իսկ եթէ հայկական կողմը նման գիտաժողով անցկացնէր, ապա թուրքական կողմը վստահաբար դա կը համարէր «թշնամական քայլ», իսկ իր կողմից արձանագրութիւնները չվաւերացնելը կը պայմանաւորէր հէնց հայկական կողմի «հակաթուրք ձեռնարկով»` Հայաստանին մեղադրելով ապակառուցողական քաղաքականութիւն իրականացնելու մէջ:
Երբ հայկական կողմը արդէն վերջնականապէս համոզուեց, որ Թուրքիան չի վաւերացնելու արձանագրութիւնները, Հայոց ցեղասպանութեան 95-ամեակին նուիրուած միջազգային գիտաժողովը կազմակերպեց 2010 թուականի դեկտեմբերի կէսերին:
Անշուշտ, հայ պաշտօնեաները այսօր կարող են բազմաթիւ արդարացումներ բերել, թէ ինչո՛ւ 2010 թուականի ապրիլին նման գիտաժողով չեն կազմակերպել կամ պնդել, որ նախապէս հէնց դեկտեմբերին էին ծրագրել: Ես բաւականին ժամանակ կորցրեցի, որպէսզի գտնեմ` 2010 թուականի համար Հայաստանի արտաքին գործերի նախարարութիւնը կամ Հայաստանի Գիտութիւնների ազգային ակադեմիան (որի կառուցուածքում է գործում Հայոց ցեղասպանութեան թանգարանի հիմնարկը) արդեօք ծրագրել ե՞ն Հայոց ցեղասպանութեան 95-ամեակին նուիրուած միջազգային գիտաժողով ընդհանրապէս` լինի ապրիլին կամ դեկտեմբերին:
Պարզւում է, որ ոչ, նման միջոցառում նախատեսուած չի եղել: Հայաստանի արտաքին գործերի նախարարութեան` Գիտութիւնների ազգային ակադեմիայի պաշտօնական կայքերում ես չկարողացայ գտնել 2010 թուականի` Հայոց ցեղասպանութեանը նուիրուած միջոցառումների նախնական որեւէ ցանկ: Բայց այդպիսի ցանկ կայ` այսօր էլ դրուած է Հայոց ցեղասպանութեան թանգարան-հիմնարկի կայքում` «Մեծ եղեռնի 95-րդ տարելիցի կապակցութեամբ Հայոց ցեղասպանութեան թանգարան-հիմնարկի կողմից իրականացուելիք միջոցառումների շարքը» խորագրով` թուագրուած 16 ապրիլ, 2010 թուականով: Ըստ այդ ցանկի, 2010 թուականի դեկտեմբերին Հայոց ցեղասպանութեան 95-ամեակին նուիրուած միջազգային գիտաժողով նախատեսուած չի եղել:
Սակայն, ինչպէս նշեցինք, 95-ամեակին նուիրուած միջազգային գիտաժողով, այնուամենայնիւ կազմակերպուեց 2010 թուականի դեկտեմբերի 14-15-ը` արտաքին գործերի նախարարութեան` Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի համատեղ ջանքերով, որը կրում էր «Ցեղասպանութեան յանցագործութիւնը. կանխարգելում, դատապարտում` հետեւանքների վերացում» խորագիրը: Այն, ինչպէս նախորդները, ներկայացուցչական էր, որին մասնակցեցին աշխարհի աւելի քան 20 երկրից ժամանած նշանաւոր ցեղասպանագէտներ, որտեղ ելոյթ ունեցան նաեւ Հայաստանի նախագահը` արտաքին գործերի նախարարը:
Յուսանք, որ որեւէ «ֆութպոլային դիւանագիտութիւն» կամ Հայաստան-Թուրքիա երկխօսութիւն չեն խանգարի, որպէսզի 2015 թուականի ապրիլին, հէնց ապրիլին Երեւանում անցկացուի Հայոց ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցին նուիրուած միջազգային գիտաժողով: Համաձայնէք, դեկտեմբերը այնքան էլ յարմար ամիս չէ Երեւան այցելելու համար:
Յատուկ «Ազդակ»ի համար