ՊՈԼՍԱՀԱՅ ԵՐԳՉՈՒՀԻՆ` ՍԻՊԻԼԸ
Մամուլում, համացանցում, յատկապէս դիմագրքում եւ «Եու Թիուպ» ձայնարկիչով շարունակւում է շրջանառուել ինքնատիպ հայուհու` Սիպիլի անունը: Պոլսահայ մի երգչուհի, որի այս տարուայ սկզբին նկարահանած տեսահոլովակը համարուեց Թուրքիոյ մէջ առաջին հայկական տեսահոլովակը, որ ցուցադրուեց թուրքական հեռուստալիքներով: Այսօր արդէն Սիպիլի հայերէն երգերը ազատ վաճառւում են Թուրքիայի երաժշտական վաճառակէտերում, մեծ պահանջարկ ունեն ոչ միայն տեղի հայերի, այլ նաեւ թուրքերի եւ օտարերկրացիների շրջանում: Հայ երգչուհու մասին խօսում են երկրի մշակութային շրջանակներում` միշտ շեշտելով, որ Սիպիլն իր երգով միացրեց Թուրքիայում ապրող շատ երիտասարդների, անկախ նրանց ազգութիւնից, եւ մի նոր երազ արթնացրեց Թուրքիայի յատկապէս հայ երիտասարդների սրտերում:
Բնիկ պոլսեցի հօր եւ սեբաստացի-թոքաթցի մօր դուստրն է Սիպիլ Բեկթորոսօղլին: Սիպիլ անունը նա ստացել է մկրտութեան ժամանակ. քահանան նրան կնքել է այդ անունով, որն անցեալ դարի պոլսահայ կին գրող Սիպիլի (Զապէլ Ասատուրի) գրական ծածկանունն է, որն էլ իր հերթին Կիլիկիոյ նշանաւոր Զապէլ թագուհու եւ յունահռոմէական դիցաբանութեան գուշակուհի-քրմուհի Սիպիլլայի անունների իւրօրինակ համակցութիւնն է:
Երգչուհու հայրը` մասնագիտութեամբ ոսկերիչ Կարպիս-Կարօ Բեկթորոսօղլուն, դստերը դեռ փոքր հասակից իր հետ եկեղեցի է տարել. Սիպիլի լսած առաջին երաժշտական հնչիւնները եղել են հայ հոգեւոր երգարուեստի անկրկնելի նմուշները` եկեղեցական պատարագներն ու շարականները: Տուն գալով` նա մէկիկ-մէկիկ վերարտադրել է եկեղեցում լսածն ու ընկալածը, ինչը զարմացրել է ծնողներին: Չնայած ծնողները զգացել են աղջկայ երաժշտական լսողութիւնն ու բացառիկ յիշողութիւնը, այնուամենայիւ Սիպիլին երաժշտական կրթութեան չեն տարել, ինչպէս հետագայում ինքն է բացատրել. «Այդ տարիներին երաժշտական կրթութիւն ստանալու պայմանները բարենպաստ չէին երկրում»: Իր նախնական կրթութիւնը նա ստացել է Մխիթարեան վարժարանի նախակրթարանում, ապա` ստացել տնտեսագիտական կրթութիւն եւ աշխատանքի անցել Պոլսոյ դրամատներից մէկում: Այսօր Սիպիլն աշխատում է դրամատանը եւ երգարուեստի հանդէպ իր նուիրուածութեամբ եւ ինքնակրթութեամբ հասել է անհրաժեշտ մակարդակի: 1991 թուականից նա Պոլսոյ Սուրբ Վարդանանց երգչախմբի մենակատարն է: 1999-ին Պոլսոյ Էսայեան սանուց միութեան նախաձեռնութեամբ բեմադրուեց Տիգրան Չուխաճեանի «Լեպլեպիճի» երաժշտական կատակերգութիւնը, որտեղ դերերգեր ունէր նաեւ Սիպիլը: Այդ դերը նշանակալից եղաւ նրա կեանքում, քանի որ այդտեղ էր, որ Սիպիլը հանդիպեց իր ապագայ երգերի հեղինակին` պոլսահայ յայտնի երգահան Մաժակ Թոշիկեանին: Սիպիլը դարձաւ Մաժակի հայերէն երգերի լաւագոյն կատարողը:
Մօտ մէկ տարի առաջ իրականացաւ Սիպիլի վաղեմի երազանքը` Պոլսում թողարկուեց 12 հայերէն երգերից կազմուած «Սիպիլ» երաժշտական ալպոմը:
Նրա ջինջ ու մաքրամաքուր ձայնը հնչել է Պոլսոյ հայաշատ սրահներում ու եկեղեցիներում, Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու կամարների տակ: Այսօր «Եութուպ»-ում Սիպիլ անուան տակ երգերի ու տեսահոլովակների մի ամբողջ շարան կայ. «Տեսնեմ Անին», «Նամակ», «Կիլիկիա», «Իմ անուշ տաւիղ», նաեւ` Բարսեղ Կանաչեանի «Օրորն» ու Մակար Եկմալեանի անզուգական «Տեր ողորմեա»-ն:
Երգչուհու «Սիպիլ» ալպոմը ճանաչուած է նաեւ Հայաստանում, այդ մասին երգչուհին ասել է. «Հայաստանցիների համար էլ սա լաւ անակնկալ էր: Եթէ նախկինում հայկական երգերի տեսերիզները Միացեալ Նահանգներից կամ Հայաստանից էինք այստեղ բերում, ապա հիմա ինքներս ենք այստեղից ուղարկում: Այս ալպոմը երկար տարիների իմ երազանքն էր: Միշտ փափաքել եմ հայկական երգերից կազմուած ձայներիզ թողարկել: Ինձ շատ հարազատ մարդկանց օգնութեամբ վերջապէս կարողացայ այդ երազանքս ի կատար ածել»:
Ինչպէս իր հարցազրոյցներից մէկում նշել է Սիպիլը` ալպոմի հրատարակմանը մասնակցել են թուրք եւ յոյն երաժիշտներ ու մասնագետներ (թուրք յայտնի նէյահար Մերճան Տետէն, քանոնահար Կէօքսել Պաքթակիրը, յոյն ջութակահար-կիթառահար եւ երգիչ Փեթրոն եւ այլք):
Երգչուհին պատմում է, որ «Նամակ» տեսահոլովակի նկարահանման ընթացքում ստեղծագործական ամբողջ խումբը քթի տակ դնդնում էր այդ երգը, շատերն էլ բառերի լատինատառ տարբերակն էին խնդրում, որպէսզի կարողանան հայերէն երգել: «Նամակն» անցեալ տարի Թուրքիայի երիտասարդութեան շրջանում հիթային երգ է համարուել:
Սիպիլը նշել է, որ շատ մեծ յուզմունք եւ բերկրանք է ապրել, երբ «Նամակն» առաջին անգամ դիտել է թուրքական հեռուստաեթերից: Երգչուհին հաւատում է, որ երաժշտութիւնը համամարդկային արժէք է, եւ ինքն իր երգերով փորձում է մարդասիրութիւն, հայրենասիրութիւն եւ համերաշխութիւն սերմանել:
Շատ բեմերում քանիցս հանդէս եկած երգչուհու կեանքում մեծ իրադարձութիւն էր այս տարի Համահայկական խաղերի շրջանակներում հայրենի հանդիսատեսի եւ համայն հայութեան ներկայացուցիչների առջեւ առաջին ելոյթը: Նա խաղերի փակմանը երգեց «Կիլիկիան»: Ինչպէս յետոյ յիշել է` այդ օրը անջնջելի հետք է թողել իր յիշողութեան մէջ եւ հետագայ գործունէութեան համար լիցքաւորել է իրեն: Սիպիլը հայրէնի երաժշտական դաշտում համագործակցութեան շատ առաջարկներ է ստացել եւ հեռու չէ նաեւ այն օրը, երբ նա զուգերգեր կը կատարի հայաստանաբնակ երգիչների հետ: Ցանկութիւն ունի երգելու յատկապէս Անդրէի հետ, ինչպէս նաեւ երազանքն է անպայման զուգերգ կատարել Շարլ Ազնաւուրի հետ: Սիպիլը հայկականութեամբ ապրող մի աղջիկ է, ինչը յատկապէս երեւում է իր հարցազրոյցների մէջ:
Վերջերս թուրքական «Սապահ» թերթը հարցազրոյց է տպել պոլսահայ երգչուհու հետ, որն ասել է, թէ իր երազանքներից է Անիի աւերակներում կատարել «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ» երգը: Պարբերականի հարցին, թէ հայ լինելը եւ հայկական երգեր երգելը խանգարո՞ւմ է նրան, Սիպիլը պատասխանել է. «Ցաւօք, հայկական ազգանուն չունեմ, եւ այդ առումով խոչընդոտներ չեն եղել: Նոյնիսկ եթէ հայկական ազգանուն ունենայի, վստահ եմ` չէր խանգարի ինձ անել այն, ինչ արեցի այս տարի: Տեսերիզը հեռատեսիլով ցուցադրուելուց յետոյ բաւականին շատ դրական արձագանգներ ստացայ: Յայտնուեցին շատ մարդիկ, որոնք ասացին, թէ լսում են հայկական երաժշտութիւն ու սիրում այն:
Բայց բոլորն էլ գիտեն, որ հայ եմ ու հայերէն եմ երգում: Ժամանակին ընտանիքս ստիպուած է եղել Թորոսեան ազգանունը փոխել Բեկթորոսօղլուի: Հայաստանի հայերը շատ են գնահատում ինձ, բայց նաեւ անընդհատ ասում են, թէ պէտք է փոխեմ ազգանունս: Դա իմ ձեռքս չէ: Կարեւորը ազգանունը կամ անունը չէ, այլ մարդ արարածի զգացումն է, հոգին, հայկական մշակոյթին, լեզուին, անցեալին պաշտպան լինելը»:
Ինչպէս տեղեկացնում է «Սապահ»-ը, այսօր արդէն Իսթիքլալ փողոցի համար (Անկախութեան փողոց, որը Պոլսոյ գլխաւոր փողոցն է, նաեւ կոչում են Առեւտրի կենտրոն` բաց երկնքի տակ) օրինական կարելի է համարել առեւտրի կէտերում եւ խանութներում լսուող «Namag» («Նամակ») հիթը Սիպիլ Բեկթորոսօղլուի կատարմամբ:
«Երբ ես լսում եմ իմ երգերն Իսթիքլալ փողոցում, լաց եմ լինում», ասել է երգչուհին` հարցազրոյցի ընթացքում. «Ամէն ինչ անելու եմ, որ այս հողերում միշտ լսուի հայ երգը», եզրափակել է իր խօսքը Սիպիլը:
Պատրաստեց՝ ԱՆՈՒՇ ԹՐՈՒԱՆՑ