ՍԵԶԱՐԻԱ ԷՒՈՐԱ. ՆԱ ԱՅԴՊԷՍ ԷԼ ՉԴԱՐՁԱՒ ԱՅՍ ԵՐԿՐԻ ԲՆԱԿԻՉ

Մէկ շաբաթ առաջ իր մահկանացուն կնքեց մեր դարի զարմանահրաշ արուեստագէտներից մէկը` 70-ամեայ սեւամորթ երգչուհի Սեզարիա Էւորան: Վերջ տրուեց նրա երկրային գոյութեանը, սակայն ես հաւատում եմ, որ նա այդպէս էլ այս երկրի բնակիչ չդարձաւ:  Սեզարիա Էւորան  վերերկրային մի էակ էր, որ կապ չունէր ո՛չ քաղաքակրթութեան, ո՛չ դարի բազմատեսակ նուաճումների,  ո՛չ էլ, առաւել եւս, ժամանակակից մարդու հիմնական զբաղմունքի` դրամ աշխատելու հետ…

Մենք ապրում ենք ողբերգական դարում, եւ  Սեզարիա Էւորայի ձայնի  մէջ զգացւում էր մեր դարի ամբողջ  ողբերգականութիւնը: Նրա երգերը կարօտի եւ ցաւի մասին են, եւ  իր երգերով նա մեզ յուշում էր, թէ ի՛նչ հրաշալի տարիներ ենք կորցրել անիմաստ կերպով,  որոնք, աւա՜ղ, այլեւս երբեք չեն վերադառնալու: Երեք տասնամեակից աւելի է` Սեզարիա Էւորայի երգերը դարձել են այս զգացումները սրութեամբ ապրող բոլոր մարդկանց սիրելի երգերը: Դրանք երգեր են, որոնք  ոչ թէ պարի կամ ուրախանալու են տրամադրում, այլ` խորհելու: Անսահման-անսահման տխրութիւն ու թախիծ կար Սեզարիա Էւորայի ձայներանգի մէջ: Նոյն թախիծը կարելի է զգալ` տեսնելով նրա հագուկապը, որով նա երգում էր կամ նկարահանւում: Նախկինում աղքատ ապրած երգչուհին  միլիոնատէր էր դարձել իր երգերի շնորհիւ, սակայն այդ միլիոնները նա երբեք չօգտագործեց շքեղ հագուստների եւ կօշիկների, գեղեցկագիտական վիրահատութիւնների, ոճաբաններ վարձելու կամ անիմաստ տեսահոլովակների վրայ. երգչուհին երգելուց կօշիկ  գրեթէ չէր հագնում. կօշիկ հագնում էր միայն երկրից երկիր ճամբորդելու ընթացքում, իսկ հագուստները շատ հաւանական է, որ ընտրում էր պատահական` ինչպէս ստացւում էր: Նա  յաճախ բեմ էր դուրս գալիս ափրիկեան լայն ու անձեւ հագուստներով, ծաղկաւոր գլխաշորերով,  նրա հագին համերգի ընթացքում նոյնիսկ կարելի էր տեսնել մէկ  կողմը լայնացած ու կախուած փէշ:  Իսկ  բոպիկ ոտքերի մատները  չյարդարուած էին, դէմքը` պատուած իւղաբծերով, մարմինն էլ` ճարպագնդիկներով… Բայց նա վերացած էր, վերացած էր այդ ամէն ինչից… Մինչ մենք խօսում ենք անհեթեթ նիւթերի մասին, նա վերացած երգում էր, ծխում էր իր անբաժան սիկարեթն ու խմում քոնեաքը: Մշտապէս ոտաբոպիկ երգելու պատճառով Էւորան ստացել էր «Բեմի բոկոտն իշխանուհի»  բնորոշումը: Ինչո՞ւ ոտաբոպիկ: Նա ասում էր,  թէ դա իր աղքատութիւնից մնացած տխուր մի հետք է, որ այդպէս էլ չլքեց իրեն հարուստ բեմերի եւ հարուստ մարդկանց առջեւ երգելուց:   Ինքն արդէն հարուստ էր, սակայն աղքատ էին մնացել իր ծննդավայրի  բնակիչները, եւ նա այդպէս էլ իրեն թոյլ չտուեց կօշիկ հագնել` ի նշան իր հայրենակիցների անցեալ ու ներկայ աղքատութեան ու թշուառութեան… Դա նաեւ համերկրացի բազմաթիւ բոկոտն կանանց հետ համերաշխութեան նշան էր…

Ով  գոնէ մէկ անգամ լսել է այս սեւամորթ երգչուհու երգը, անկարելի է, որ մոռանայ առաջին հայեացքից անխնամ տեսք ունեցող, սակայն հոգու եւ ապրումի մաքրամաքուր զգացողութիւններ փոխանցող նրա ձայնը. այդ ձայնն անհնար է շփոթել որեւէ  այլ ձայնի հետ…  Նրա երգերը նման են ծովի ալիքների հետ եկող տաք աղօթքների, որոնք չեն մտնում եկեղեցիների ու շէնքերի  պատերից ներս եւ այդպէս տաքուկ ու նախնական էլ  փարւում են քեզ: Հէնց ծովին մօտիկ մի կղզում էլ  ծնուել  է երգի բոկոտն իշխանուհին: Ոչ միայն բեմի բոկոտն  իշխանուհի է հռչակուել նա, այլ նաեւ` «Մորնայի իշխանուհի»: Մորնա  երաժշտական ժանրը մէկուկէս դարի պատմութիւն ունի. այն շատ քնարական ու զգացմունքային երաժշտութիւն է, ինչի հիմքում ընկած է բանաստեղծութիւնը: Բանաստեղծութիւնները, որոնց հիման վրայ գրւում են մորնա երգերը, հիմնականում կորստի, թախծի, բաժանման, սիրոյ, կեանքի ու մահուան թեմաներ են պարունակում:  Ինքը` Էւորան  16 տարեկանում սիրահարուել է մի գեղեցկատես կիթառահարի,  սակայն այդ կարճ պատմութիւնը շատ շուտ է ընդհատուել:  Եւ 16-ամեայ սեւամորթ աղջնակը որոշել է կորուստն ու բաժանումը արտայայտել երգի միջոցով: Մինչ այդ ունեցել է դժբախտ ու աղքատ մանկութիւն. փոքր տարիքում կորցնելով  հօրը (որ թողել է աղքատ տուն եւ եօթ երեխայ), Սեզարիան մի կարճ շրջան ապրել է մանկատանը, այնուհետեւ 16  տարեկանից սկսել է երգել հայրենի կղզու նաւահանգիստների գիշերային կապելաներում, հաւասար խմել ու ծխել  նաւաստիների հետ եւ լիիրաւ հաղորդակից եղել բաց ծով դուրս եկած մարդկանց հոգեբանութեանն ու տառապանքին:  Իր մանկութիւնից նա  միայն  զրկանք է յիշում. «Ծնողներս աղքատ էին, բայց` ազնիւ: Հօրս միայն լուսանկարներում եմ տեսել, նա նոյնպէս երաժիշտ էր,  իսկ մայրս խոհարարուհի էր, նա անվերջ ճաշ էր եփում, որ վաստակէր ընտանիքի ապրուստը»:

Բեմում Էւորան  սկսել է երգել 1958  թուականից, սակայն նրա երաժշտական ասպարէզը շատ աւելի ուշ է սկսուել: Հետագայում մորնա ժանրին միացել է նաեւ ֆատոն:  Իր երգած երգերի մասին Սեզարիա Էւորան ասել  է, որ դա դրախտի երաժշտութիւնն է, որում մարդը լսում է  նախնական ձայները, դրախտի, ուր վերադառնում է մարդը, բայց մի թաքնուած վախ ունի, որ ամէն վայրկեան կարող է այն կորցնել:

Թռչունների ճռուողիւնը, ծովի աղմուկը, գետի խշխշոցը, կիթառի նուագն ու  մարդու շնչառութիւնը  կարելի է լսել մորնայի ելեւէջների մէջ: Այն լսելուց երազում ես արեւի շողերի ներքոյ եկող  խաղաղ մայրամուտի  մասին: Մորնան Փորթուգալի համար նոյնն է, ինչ թանկոն` Արժանթինի համար: Այսօր աշխարհում տարածուած թեքնիք եւ համակարգչով ստեղծուող երաժշտութիւնների կողքին,  այսպիսի ժողովրդների երաժշտութիւններն իսկապէս մեծ արժէք են ներկայացնում:

«Ճիշդ է, ինձ համարում են «մորնայի թագուհի», սակայն մորնան սէր է, իսկ սիրոյ մէջ տիտղոսակիրներ չեն լինում», ասել է նա:  Երգչուհու ելոյթների ժամանակ նոյնիսկ տղամարդիկ էին արտասւում,  ինչը նշանակում էր, որ նրան յաջողւում էր իր երգով թակել  բոլորի հոգու դռները:

Կափէ Վերտէ կղզու (Կանաչ հրուանդանի կղզիներ) Մինտելոու քաղաքում  է 1941 թուականի  օգոստոսի 27-ին ծնուել  Սեզարիա Էւորան: Մինչեւ 45 տարեկանը նա չի հեռացել իր հայրենի կղզուց եւ համաշխարհային ճանաչման է հասել բաւականին ուշ: Հայրենի քաղաքի գիշերային կապելաներում երգելուց զգացել է, որ իր երգը դուր է գալիս կղզի այցելած  արտասահմանցիներին եւ որոշել է երգել երկրից դուրս` ցանկութիւն ունենալով ոչ թէ դրամ կամ փառք վաստակել, այլ իր երգը, որ նման է աղօթքի, հասցնել  աւելի ու աւելի շատ մարդկանց: 1986 թուականին Փորթուգալի  մայրաքաղաք Լիզպոնում երգչուհու կատարումները լսում է նրա հայրենակիցը` երաժշտական արտադրիչ Խոսէ տա Սիլվան, ով այդ ժամանակ արդէն Փարիզում էր ապրում, եւ մէկընդմիշտ որոշում է «տէր կանգնել» երգչուհու տաղանդին: Նա Սեզարիային հրաւիրում է Ֆրանսա եւ ընդամէնը երեք տարում յայտնի դարձնում արդէն 40-ն անց երգչուհուն: Ֆրանսայում երգչուհին  սկզբից  երգում էր Քափէ Վերտէի սփիւռքի` Փարիզ գաղթած իր հայրենակիցների համար:  Սկսում է ձայնագրել ալպոմներ: Յետոյ ալպոմները սկսում են գնել նաեւ մարդիկ, ովքեր պարզապէս երաժշտութիւն են սիրում, եւ 1992 թուականին, հանրայայտ «Miss Perfumado»  ալպոմի թողարկումից յետոյ, Սեզարիա Էւորան դառնում է ազգային երաժշտութեան ասպարէզի ամենայայտնի երգչուհին` աշխարհով մեկ լեցուն սրահներով համերգներ տալով հիացած ու զարմացած երաժշտասէրների առջեւ:

Սեզարիա Էւորան հանդիսանում է ֆրանսական «Վիքթուար տը վա միւզիք» երաժշտական մրցոյթի կրկնակի մրցանակակիր:

Նա 5 անգամ առաջադրուել է «Կրեմմի» մրցանակին, 2 անգամ ստացել է այն: Նա նաեւ ափրիկեան երաժշտութեան մրցանքների դափնեկիր է:  Էւորան համարւում էր մորնա ժանրի աշխարհի լաւագոյն երգչուհին:  Նրանից առաջ եւ յետոյ շատերն են երգել մոնրա, սակայն  նրա քաբեվերտիերէն` փորթուգալերէնի քրէոլեան բարբառով երգերը միլիոնաւոր երկրպագուներ գտան աշխարհի բոլոր մայրցամաքներում: Նրա թալիսմանները  դարձան «Պեսամէ Կուչօ», «Սոթաթ», «Փըթի Փաղի» եւ այլ երգեր:

Իր երաժշտական գործունէութեան տարիներին Սեզարիա Էւորան երկու տասնեակ ալպոմ է  ձայնագրել եւ  շրջել է աշխարհով մէկ` ելոյթ ունենալով ամենահեղինակաւոր դահլիճներում` Փարիզի «Օլիմփիայում», Նիւ  Եորքի «Քառնեկի հոլում», Մոսկուայի Կրեմլի դահլիճում եւ այլուր: Դահլիճների  լոյսերն ու փայլերը երբեք չէին շլացնում երգչուհուն:  Նա ասել է. «Ինձ համար բոլոր դահլիճներն էլ հաւասար են` լինի դա փոքր, թէ հսկայական ու փառաւոր դահլիճ. ես ամէնուր երգում եմ նոյն զգացմունքով»:

Համերգային բուռն գործունէութիւնը ֆիզիքական ուժերի ահռելի լարում էր պահանջում երգչուհուց, որը մանկութիւնից ժառանգել էր շուտ յոգնող ոտքեր, իսկ մշտապէս ծխելու եւ ալքոլ գործածելու արդիւնքում ձեռք էր բերել հիւանդ սիրտ:  «Երբեմն շատ եմ յոգնում, քանի որ իրօք շատ եմ ճամբորդում, բայց չեմ պատրաստւում հրաժարուել ճամբորդութիւններից: Բնաւորութիւնս օգնում է, որ լաւ տրամադրութիւն պահպանեմ: Ես լաւ տրամադրութեամբ եմ ծնուել: Հիւանդ ոտքեր ունեմ, դժուար եմ քայլում, բայց երջանիկ եմ: Եթէ մի լաւ բան է պատահում, սրտանց ուրախանում եմ», ասել է երգչուհին:

Մինտելուի քաղաքապետը մի առիթով ասել է. «Սեզարիայի մասին աւելի շատ մարդ գիտի, քան Քափէ Վերտէի գոյութեան»: Եւ դա իրաւ այդպէս է: Շատերն աղքատ ու ոչնչով աչքի չընկնող այդ կղզու մասին իմացան շնորհիւ Սեզարիա Էւորայի երգերի: Սեզարան իր աշխատած ամբողջ գումարը փոխանցում էր հայրենի երկրի գանձարկղ եւ հովանաւորում էր երկրի տարրական կրթութիւնը: Չնայած համաշխարհային փառքին` ապրում էր համեստ կեանքով. երգչուհին ինքն էր մաքրում իր տունը, որտեղ ապրում էր մօր հետ, հիւրեր էր ընդունում` հիւրասիրելով  իր պատրաստած ճաշերը, նստում էր բակում` զրուցելով հարեւանների հետ… «Ճոխութիւն չեմ սիրում, բայց ես ունեմ այն ամէնը, ինչ մարդուն պէտք է երջանկութեան համար` տուն, աշխատանք, սիրող ընկերներ եւ  թոռներ: Ես հասարակ մարդ եմ` բոլորիդ նման: Ես դրանից չեմ ամաչում:  Գուցէ  իմ երգը միլիոններ է բերում, բայց ես ինքս միլիոնատէր չեմ զգում ինձ: Ինչպէ՞ս կարող ես միլիոնատէր լինել մի երկրում, որտեղ այդքան շատ են աղքատները», ասել է Էւորան:

Իր կեանքի նպատակը երգչուհին դարձրել էր հնարաւորինս բարելաւել Քափէ Վերտէի կեանքը. «Ես ուրախ եմ փառաւորելով իմ հայրենիքը, որը շատ եմ սիրում: Մեր երկիրը շատ աղքատ է: Այստեղ անձրեւները քիչ են, ոչինչ չի աճում, եւ շատերը հեռանում են երկրից: Բայց Քափէ Վերտէի բնակիչները շատ հիւրասէր են եւ բարի», իր հայրենիքի մասին ասել է երգչուհին:

Իր բարեգործական գործունէութեան մասին Էւորան չէր սիրում բարձրաձայնել: Նրա համար գլխաւորն այն էր,  որ օգնութիւնը հասնի հասցէատիրոջը: «Ես օգնում եմ ե՛ւ ինձ դիմած   երեխայի, ե՛ւ մօր, ում երեխան հիւանդ է եւ դեղեր են անհրաժեշտ, ե՛ւ մարդու, ում տունն աւերուել է կայծակից… Շատերն են դիմում օգնութեան համար, բայց ես երբեք չեմ մտածում, որ նրանց օգնում եմ իբրեւ ունեւոր մարդ: Ես նրանց օգնում եմ իբրեւ մէկը, ով խիղճ ունի եւ չի կարող անտարբեր լինել, անկախ ունեցած գումարի չափից», ասել է բեմի բոկոտն իշխանուհին:

Երգչուհին իր երաժշտական արտադրիչի` Խոսէ տա Սիլվայի հետ նաեւ միութիւն է ստեղծել, որն այդպէս էլ կոչւում է` «Սեզարիա»:  Միութեան նպատակը Քափէ Վերտէի տաղանդաւոր երեխաներին օժանդակելն է, եւ յատկապէս` նրանց երաժշտական ձիրքը զարգացնելը:

Սեզարիա Էւորան երբեք ամուսնացած չի եղել, սակայն տարբեր տղամարդկանցից երկու երեխայ ունէր`  որդի եւ դուստր, ինչպէս նաեւ`  երկու թոռ: Նա միշտ խուսափել է լրագրողների`  իր անձնական կեանքի վերաբերեալ  հարցերին պատասխանելուց, բայց մի անգամ հարցազրոյցներից մէկում անկեղծացել է. «Ես դեռ չեմ հանդիպել իմ ամուսնուն, ես մինչեւ հիմա փնտռում եմ նրան: Երբեք ամուսնացած չեմ եղել, երբեք մէկ յարկի տակ տղամարդու հետ չեմ ապրել, տղամարդու մուտքն արգելուած է իմ տուն: Հակառակ սեռի հանդէպ ես պարտադիր պահանջներ ունեմ:  Միշտ ապրել եմ մօրս հետ, դա է իմ կեանքի օրէնքը` ապրել մօրս հետ»:

Տարուան մեծ մասը նա ապրում էր Քափէ Վերտէում.  «Ինձ դուր է գալիս այնտեղի կեանքը, դա իմ տունն է: Ես սիրում եմ ջերմութիւնն ու հանգիստ մթնոլորտը, սիրում եմ շրջապատուած լինել իմ ընկերներով: Այնտեղ առանձնայատուկ զուարճանքներ չկան եւ իմ միակ ուրախութիւնը երաժշտութիւնն է», ասել է Էւորան:

Միակ շքեղութիւնը, որ  Սեզարիան թոյլ էր տալիս իրեն, այն էր, որ նա  բոլոր ափրիկեան ծագումով կանանց պէս շատ էր սիրում   ոսկեղէն ու բացատրում էր,  որ դա ամենեւին էլ ագահութիւն չէ, այլ` կենսական պահանջ. «Ոսկի մանկուց եմ սիրում, ինչպէս` բոլոր ափրիկեան կանայք: Չէ՞ որ աղքատ երկրներում մարդիկ այսօրուայ կեանքով ապրելու իրաւունքից զրկուած են, դրա համար էլ միշտ նեղ օրուայ համար  մի բան են  պահում. ի՞նչ իմանաս, թէ յետոյ ի՛նչ կը լինի: Ոսկին ինձ յուշում է նեղ օրուայ մասին, եւ ոչ թէ` շքեղութեան»:

ՇԱՐԼ ԱԶՆԱՒՈՒՐԻ ՀՈՂԸ` ՀԱՅԱՍՏԱՆ

Օգոստոսին ծննդավայրում իր 70-ամեակը նշելուց յետոյ, այս տարուայ սեպտեմբերին ծրագրուած էր Սեզարիա Էւորայի համերգը` Հայաստանում: Հայաստանը Սեզարիայի համար Շարլ Ազնաւուրի հողն էր: Նա երազում էր երբեւիցէ զուգերգով հանդէս գալ Ազնաւուրի հետ (մի առիթով ասել է, որ երկու մարդ կայ, որոնց հետ կ՛ուզենար զուգերգ ունենալ` Շարլ Ազնաւուր եւ Խուլիօ Իկլեսիաս): Տարիներ առաջ  (2008 հոկտեմբեր) երգչուհին հանդէս է եկել Երեւանի անձնական մի ճաշարանում (Պիլաճօ)` շատ կարճ ելոյթով  եւ նրա իսկական երկրպագուները չեն իմացել այդ մէկ հատիկ ելոյթի մասին:  Այս տարուայ համերգի մասին յայտարարուած էր շաբաթներ առաջ, նոյնիսկ համերգի տոմսերն էին արդէն վաճառուած:   Սակայն Հայաստանին ու Սեզարիային այդպէս էլ  չյաջողուեց  երկուստեք հիանալ միմեանցով:  3 ամիս առաջ, հէնց Հայաստանում նախատեսուած համերգից առաջ, երգչուհին յայտարարեց. «Ես շատ եմ ցաւում, բայց այլեւս ի վիճակի չեմ երգելու: Իմ երկրպագուներին հաղորդէք անկեղծ ափսոսանքս ու ներողամտութիւնս»: Երգչուհին առողջական լուրջ խնդիրներ ունէր. մինչ այդ նա սրտի բաց վիրահատութիւն էր ունեցել, եւ բժիշկները խորհուրդ չէին տուել երգել, սակայն երգչուհին, հակառակ բժիշկների խորհրդին, շարունակում  էր իր ձայնով հիացնել հազարաւոր երաժշտասէրների. «Ես դեռ կարողանում եմ երգել եւ չեմ պատրաստւում լքել բեմը: Չնայած 70 տարեկանում արդէն հասկանում եմ, որ իմ բոլոր երազանքներն իրականացել են եւ այլեւս նոր երազանք չունեմ: Ես սպասում եմ, թէ ե՛րբ է Աստուած ինձ տանելու իր մօտ եւ ես բոլորին կ՛ասեմ` «ցտեսութիւն»: Դրանք բնական մտքեր են իմ տարիքում, բայց դրա հետ մէկտեղ ես կարողանում եմ ուրախանալ իւրաքանչիւր օր:  Ինձ համար ամենակարեւորը մտերիմներիս առողջութիւնն է ու ընտանեկան հանգստութիւնը»,  շարունակելով երգել հիւանդ սրտով` ասել է երգչուհին, սակայն հիւանդութիւնն անողոք էր եւ երգչուհին շատ երկար չդիմացաւ իր այս խօսքերից յետոյ: Նրա առողջութիւնն անսպասելի վատթարացաւ եւ նրա անփոփոխ արտադրիչ ու հաւատարիմ ընկեր Խոսէ տա Սիլվան արցունքն աչքերին եւ շատ դժուարութեամբ յայտարարեց Սեզարիա Էւորայի բեմական զարմանահրաշ գործունէութեան աւարտի մասին:    Ֆրանսական «Լը Մոնտ» թերթին ասուած Էւորայի խօսքերը վայրկենապէս տարածուեցին աշխարհով մէկ` ափսոսանք պատճառելով շատ մարդկանց. «Ես հեռանում եմ բեմից, բայց կեանքը շարունակւում է: Ես եկել եմ ձեզ մօտ, ես եղել եմ ձերը, աշխատել եմ առանց ինքս ինձ խնայելու եւ հասել այնպիսի յաջողութեան, որի մասին շատերը կ՛երազէին: Բայց տարիներն անցնում են, եւ ժամանակի անիւը երբեք յետ չի պտտւում», ֆրանսացի լրագրողին իր բեմական կեանքն աւարտելու առթիւ ասել է արդէն մահուանը շատ մօտիկ  գտնուող երգչուհին:

Սրտային հիւանդութիւնը նա վաստակել էր իր շատ սիրած թունդ սիկարեթի եւ խմիչքի հանդէպ թուլութեան արդիւնքում: Նոյնիսկ համերգների ժամանակ էր ծխում եւ խմում, իսկ վերջին շրջանում քոնեաքի փոխարէն` պարզապէս ջուր էր խմում, իսկ սիկարեթից այդպէս էլ չկարողացաւ հրաժարուել. «Երբ շատ երիտասարդ էի, մի ազդեցիկ մարդ ինձ խոստացաւ թանկարժէք «Մերսետես» ինքնաշարժ նուիրել, եթէ ես թողնէի ծխելը, սակայն ես դա չկարողացայ անել: Ինձ բոլորը հիւրասիրում էին, եւ ես ներքաշուեցի: Ոգելից խմիչքն ինձ փրկում էր սեւ մտքերից», ասել է նա:

Անտեղի  համեմատութիւններ սիրող լրագրողները նրան կնքել են «Սեւ Էտիթ Փիաֆ», «Ափրիկեան Պիլի Հոլիտէյ» անուններով: Մինչդեռ երգչուհու տաղանդն այնքան բացառիկ է եւ անկրկնելի, որ այդ բոլոր համեմատութիւնները նոյնիսկ` տաղանդաւոր  Փիաֆի հետ, տեղին չեն:  Էւորան կը մնայ միակն ու անկրկնելին` իր ժանրի, իր երգի եւ իր անցած ուղու շրջանակներում` տոնեա Էւորա, սեւամորթ ու գէր մի տատիկ, որ գոգնոցը կապած` աշխատում էր իր տանն ու երգում` վերացած այս աշխարհից, համաշխարհային փառքով հանդերձ, զերծ մնալով  աստղային կեանքի նոյնիսկ ամենափոքրիկ նշոյլից:

Այսօր, երբ մեր շուրջը շատ լոյսեր եւ փայլեր կան, մենք, սգալով նրա կորուստը, առաւել եւս զգում ենք, թէ այս լոյսերից եւ փայլերից ինչքան հեռու էր Սեզարիա Էւորան` Քափէ Վերտէի կղզու այդ անմշակ սեւ մարգարիտը` իր բնածին տաղանդով եւ նմանը չունեցող սրտով:  Նրա երգերը կարող են դիպչել միայն այն մարդկանց սրտերին, ովքեր իսկապէս հեռու են աշխարհի պարտադրած օրէնքներից ու միշտ փնտռում են իրենց արմատները` երբեք չհեռանալով դրանցից եւ լուսաւոր կարօտ  ապրելով հայրենիքի ու անցեալի հանդէպ:

Պատրաստեց՝ ԱՆՈՒՇ ԹՐՈՒԱՆՑ

Share this Article
CATEGORIES