ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՆԱԽՕՐԷԻՆ. ՈՎ` Ո՛Վ Է, ԿԱՄ ՅԻՇԵՑՆԵԼ ՈՉ ՀԵՌՈՒ ԱՆՑԵԱԼԸ

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

2012 թուականի գարնանը Հայաստանում կայանալու են խորհրդարանական ընտրութիւններ, որոնք ունեն չափազանց կարեւոր նշանակութիւն` մի քանի իմաստներով: Առաջին, 2013-ի փետրուարին սպասւում են նախագահական ընտրութիւններ, այսինքն` նոր խորհրդարանի ձեւաւորումից ինը ամիս անց Հայաստանը պէտք է ունենայ նոր կամ երկրորդ ժամկէտով նախագահ: Երկրորդ, 2008թ. աղմկայարոյց նախագահական ընտրութիւններից յետոյ, որոնք ուղեկցուեցին կեղծիքներով, յետընտրական շուրջօրեայ հանրահաւաքներով, բռնութիւններով, ձերբակալութիւններով ու մարտի մէկի ողբերգական բախումներով, խորհրդարանական այս ընտրութիւնները համապետական առաջին ընտրութիւններն են: Երրորդ, Հայաստանի միջազգային կերպարի  համար շատ կարեւոր է, որ խորհրդարանական այս ընտրութիւնները չկեղծուեն: Խորհրդարանական ընտրութիւնների անարդար կազմակերպումն ու անցկացումը արմատապէս վնաս կը հասցնի Հայաստան-Եւրոպական Միութիւն յարաբերութիւններին, ինչպէս նաեւ կը թուլացնի Հայաստանի արտաքին քաղաքական դիրքերը, այդ թւում` Արցախի հարցում:

Եւ վերջապէս` ոչ պակաս կարեւոր մէկ հանգամանք եւս. Հայաստանի քաղաքացին` ընտրողը, վերջապէս պէտք է համոզուի, որ ընտրութիւնների արդիւնքները ներկայացնում են հասարակութեան տրամադրութիւնները: Իշխանութեան եւ հասարակութեան միջեւ, ինչպէս նաեւ հէնց հասարակութեան ներսում երբեմն թշնամանքի հասնող անվստահութիւնը յաղթահարելու համար չափազանց կարեւոր է, որ գալիք խորհրդարանական ընտրութիւնները ոչ միայն անցնեն ազատ եւ արդար, այլ հասարակութիւնը հաւատայ դրանց արդարութեանը` անկախ միջազգային կազմակերպութիւնների գնահատականների: Ցաւօք, միջազգային կազմակերպութիւնները, առաջին հերթին Եւրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ու ԵԱՀԿ-ի դիտորդները երբեմն առաջնորդւում են ոչ թէ ընտրութիւններին առարկայական գնահատական տալու մղումով, այլ` քաղաքական շահերով:

Այսօրուայ գործող խորհրդարանում 131 պատգամաւորից աւելի քան հարիւրը ներկայացնում են իշխանական կուսակցութիւնները` Հանրապետականը (ՀՀԿ), Բարգաւաճ Հայաստանը (ԲՀԿ) եւ Օրինաց երկիրը (ՕԵԿ), մինչդեռ Հայաստանի հասարակութեան գերակշռող մեծամասնութիւնը ունի ընդդիմադիր տրամադրութիւններ:

Նախքան մայիսեան խորհրդարանական ընտրութիւնները` «Ազդակ»-ի էջերում պարբերաբար կը ներկայացնենք այն կուսակցութիւններին, որոնք հնարաւորութիւն ունեն գալիք ընտրութիւններում յաղթահարել խորհրդարան մուտքի հինգ տոկոսանոց արգելքը: Այսօրուայ դրութեամբ, այդպիսի վեց կուսակցութիւն կայ, երեքը իշխանութիւնից` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը, որոնք այսօր ձեւաւորել են կառավարութիւնը, եւ երեքը ընդդիմութիւնից` Հայ ազգային քոնկրեսը (ՀԱՔ), ՀՅԴ-ն եւ Ժառանգութիւնը: Այս վերջին երեքից միայն ՀԱՔ-ն է, որ գործող խորհրդարանում չունի ներկայութիւն, մինչդեռ ՀՅԴ-ն ունի 16, իսկ Ժառանգութիւնը 7 պատգամաւոր:

Մեր հրապարակումներում ոչ թէ կը պատմենք այս վեց կուսակցութիւնների գաղափարախօսութեան, կուսակցական անդամների թուի եւ այլ մանրամասներ, որոնք հեշտութեամբ կարելի է գտնել նրանց պաշտօնական կայքերում, այլ` մանրամասներ, որոնց մասին քիչ է խօսւում, յիշեցնել դէպքեր, որոնց մասին այս կուսակցութիւններին ու նրանց առաջնորդներին ձեռնտու չէ յիշել: Այս վեց կուսակցութիւններին եւ 1990-ից ի վեր կայացած համապետական ընտրութիւններին կ՛անդրադառնանք հնարաւորինս անկողմնակալութեամբ, առանց ոեւէ մէկին գովաբանելու կամ վարկաբեկելու, առանց յոյզերի, բայց նաեւ` «դաժանութեամբ», քանի որ բոլոր այդ ընտրութիւններին ինքս որպէս լրագրող հետեւել եմ:

Հայաստանի վերանկախացումից ի վեր տեղի են ունեցել նախագահական հինգ ընտրութիւններ, անկախութեան մէկ հանրաքուէ 1991-ի սեպտեմբերին, սահմանադրութեան երկու հանրաքուէ` 1995-ին եւ 2005-ին, եւ խորհրդարանական չորս ընտրութիւններ: 1990 թուականին կայացած խորհրդարանական ընտրութիւնները չենք ներառել այս թուի մէջ, քանի որ 1990-ին Հայաստանը տէ Ժիւրէ դեռ մաս էր կազմում հոգեվարք ապրող Խորհրդային Միութեանը: Միւս կողմից, անշուշտ, այդ ընտրութիւնները եւս պէտք է տեղաւորել վերանկախացած Հայաստանի համապետական ընտրութիւնների պատմութեան օրագրի մէջ, քանի որ դրանք անմիջապէս նախորդել են Հայաստանի անկախութեան հռչակմանը, եւ որ աւելի կարեւոր է` եղել են առաջին բազմակուսակցական ընտրութիւնները 1919 թուականի Հայաստանի առաջին հանրապետութեան խորհրդարանական ընտրութիւններից յետոյ:

1990 թուականի խորհրդարանական ընտրութիւնները (այն ժամանակ կոչւում էր Գերագոյն խորհրդի ընտրութիւններ), որոնք հարիւր տոկոսով մեծամասնական ընտրակարգով էին անցնում, մասնակցում էին հիմնական երկու ուժերի` Համայնավար կուսակցութեան ու Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) պաշտպանած թեկնածուները: Ընտրութիւնների արդիւնքում Համայնավար կուսակցութիւնն ու ՀՀՇ-ն ստացան մօտաւորապէս հաւասար թուով տեղեր, սակայն Գերագոյն խորհրդի նախագահ ընտրուեց Լեւոն Տէր Պետրոսեանը: Տէր Պետրոսեանի մրցակիցը Վլադիմիր Մովսիսեանն էր: Միայն չորրորդ քուէարկութեամբ Տէր Պետրոսեանին յաջողուեց առաւելութեան հասնել Մովսիսեանի նկատմամբ եւ 1990թ. օգոստոսի 4-ին դառնալ խորհրդարանի նախագահ եւ երկրի փաստացի առաջնորդ: Մի քանի օր անց ՀՀՇ գաղափարախօսներից եւ առանցքային դէմքերից Վազգէն Մանուկեանը, ով հետագայում պէտք էր ստեղծէր իր կուսակցութիւնը` ԱԺՄ-ն (Ազգային ժողովրդավարների միութիւն), ստանձնեց վարչապետի պաշտօնը:

1990 թուականին ձեւաւորուած Գերագոյն խորհուրդը, որն աշխատեց հինգ տարի` մինչեւ 1995 թուականի ամառը, համարւում է ամենաորակեալը եւ «խելացին» Հայաստանի բոլոր խորհրդարանների մէջ: Կարճ ժամանակ անց, երբ Հայաստանում հաստատուեցին հայ աւանդական կուսակցութիւնները, Գերագոյն խորհրդում Համայնավար կուսակցութիւնից եւ ՀՀՇ-ից բացի` ձեւաւորուեցին կուսակցական մի քանի այլ խմբակցութիւններ, այդ թւում` ՀՅԴ-ն եւ ՀՌԱԿ-ը (ռամկավար-ազատական), ԱԺՄ-ն ու ՍԻՄ-ը (Սահմանադրական իրաւունք միութիւն): Կային նաեւ այլ խմբեր ու խմբակցութիւններ, որոնք ունէին փոքր թուով անդամներ: 1990-1995 թուականների խորհրդարանում հիմնական ընդդիմութիւնը ՀՅԴ-ն էր ու` ՍԻՄ-ը, իսկ հետագայում նաեւ` ԱԺՄ-ն:

Հայաստանի Գերագոյն խորհրդի առանձնայատկութիւններից մէկն էլ այն էր, որ նրանում ներկայացուած էին նաեւ 10 պատգամաւորներ Արցախից: Ճիշդ է, 1990 թուականին Արցախում Հայաստանի Գերագոյն խորհրդի ընտրութիւններ անց չէին կացուել, սակայն Հայաստանի տարբեր ընտրատարածքներից պատգամաւորներ ընտրուեցին 10 քաղաքական գործիչներ Արցախից, որոնց թւում էին նաեւ Ռոպերթ Քոչարեանն ու Սերժ Սարգսեանը` Հայաստանի երկրորդ եւ գործող նախագահները: Այն տարիներին երկուսն էլ, ինչպէս առաջին նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանը,  ներկայացնում էին իշխող ՀՀՇ կուսակցութիւնը:

Ինչպէս տեսնում էք, Հայաստանի ոչ վաղ անցեալի քաղաքական պատմութիւնը լի է հետաքրքիր մանրամասներով, որոնց մասին շատերը չեն ուզում յիշել: Ուրեմն, հետեւէք իմ այս շարքի միւս հրապարակումներին «Ազդակ»-ի էջերում:

Յատուկ «Ազդակ»-ի համար

 

Share this Article
CATEGORIES