Սումկայիթ. Անպատիժ Ցեղասպանութիւն
1988 թուականի փետրուարի 26-29-ին ազրպէյճանական իշխանութիւնների փաստացի աջակցութեամբ եւ Խորհրդային Միութեան ղեկավարութեան թողտուութեամբ Ազրպէյճանական Խորհրդային Հանրապետութեան Սումկայիթ քաղաքում տեղի են ունեցել հայերի զանգուածային ջարդեր, որոնք իրենց վայրենի ու դաժան կատարմամբ ցնցել են համաշխարհային հանրութեանը:
Սումկայիթեան նախճիրը դարձաւ Հայաստանի հետ վերամիաւորման պահանջով Արցախի հայութեան օրինական կամարտայայտման պատասխանը եւ ամբողջ խորհրդային շրջանում ազրպէյճանական իշխանութիւնների վարած հայատեաց քաղաքականութեան մարմնացումը: Միջազգայնական Սումկայիթում հայերի զանգուածային ջարդերի նպատակն էր` խափանել հիմնախնդրի հնարաւոր լուծումները, Լեռնային Ղարաբաղի հայերին վախեցնել նոր արիւնահեղութիւններով եւ ստիպել նրանց հրաժարուել ազգային-ազատագրական շարժումից: Տասնեակ մարդիկ են սպաննուել սատիստական դաժանութեամբ, որոնց մի զգալի մասը ողջակիզուել են ծեծի, խոշտանգումների ու բռնութիւնների ենթարկուելուց յետոյ: Հարիւրաւոր մարդիկ դարձել են հաշմանդամներ եւ այդպիսին կը մնան ողջ կեանքում, հազարաւորները դարձան փախստականներ…
«Ստալինեան գազանութիւններից յետոյ,- այն օրերին գրել են մոսկուացի մի խումբ գիտնականներ` հայաստանցի բարեկամներին ուղղուած իրենց «Բաց նամակում»,- մեր երկրում չի եղել մի այնպիսի բան, որն այսչափ յետ շպրտէր մեզ` քաղաքակրթութիւնից դէպի վայրենութիւն»:
Սումկայիթում հայերի կոտորածը կազմակերպուած է եղել ամենայն մանրամասնութեամբ, այդ թւում` գաղափարախօսական եւ հոգեբանական տեսակէտներից: Փետրուարի 26-ին կենտրոնական հրապարակում սկսուած` խառնամբոխի հակահայկական հանրահաւաքներում քաղաքի ղեկավարները բացէիբաց կոչում էին բռնութիւնների` ընդդէմ բանակի:
Փետրուարի 27-ին հանրահաւաքները վերածուեցին բռնարարքների: Եթէ կուսակցութեան Սումկայիթի քաղաքային կոմիտէի շէնքի դիմաց անցկացուած առաջին «հանրահաւաքին» ներկայ էին մինչեւ 50 հոգի, ապա յաջորդ օրը մասնակիցների թիւը հասաւ մի քանի հազարի: Իր ելոյթում կուսակցութեան քաղաքային կոմիտէի երկրորդ քարտուղար Մելեք Պայրամովան պահանջեց, որպէսզի հայերը հեռանան Ազրպէյճանից, իսկ ազրպէյճանցի բանաստեղծ Խըտըր Ալովլուն իր ճառն աւարտեց հետեւեալ կոչով. «Մա՛հ հայերին»:
Ամպիոնում քաղաքի ղեկավարութեան կողքին կանգնած էին նաեւ իրաւապահ մարմինների ներկայացուցիչներ եւ պատահական չէ, որ ջարդերի օրերին արձանագրուեցին ներքին գործերի աշխատակիցների անգործութեան եւ անհոգի պահուածքի աննախադէպ փաստեր:
Մէջբերենք մի հատուած 18/60233 քրէական գործից ըստ Ահմետ Իմանի օղլի Ահմետովի, Իլհամ Ազատ օղլի Իսմայլովի, Եաւար Կիյաս օղլի Ճաֆարովի դէմ յարուցուած մեղադրանքի. «Փաստաբան Շափոշնիքովայի հարցին, «Ինչո՞ւ չէք զանգահարել ձեր հօրը, որն այդ ժամանակ ծառայութեան մէջ էր, եւ չէք պատմել թէ ինչ է կատարւում ձեր թաղամասում», վկայ Տ. Զարպալիեւը (վկայի հայրը աշխատում էր Սումկայիթի ոստիկանութիւնում) պատասխանել է. «Իսկ ես ինչո՞ւ պիտի զանգէի: Ոստիկանութիւնը այդ մասին գիտեր, բոլորը գիտէին այդ մասին: Չէ որ դա ջարդերի առաջին օրը չէր»:
Հանրահաւաքներին բացայայտ կերպով ձեւաւորւում էր զանգուածային հոգեկան գրգռուածութեան եւ ջղագրգռութեան մթնոլորտ: Ամպիոններից մահմետականներին կոչում էին պարտքի` համախմբուել անհաւատների դէմ պատերազմում: Ֆաշական կոչերից բորբոքուած, բեռնատարներից անվճար բաժանուող ալքոհոլային խմիչքներից տաքացած, թմրանիւթերից մոլեգնած ջարդարարները, համոզուած լինելով իրենց անպատժելիութեան մէջ, մի նոր թափով սկսեցին հայերի բնակարանների զանգուածային ջարդերը, նրանց զանգուածային ծեծը, սպանութիւնները, որոնք շարունակուեցին մինչ ուշ գիշեր: Ամբոխին առաջնորդում էր ոչ այլ ոք, քան Համայնավար կուսակցութեան Սումկայիթի քաղաքային կոմիտէի առաջին քարտուղար Ճահանկիր Մուսլիմզատէն` Ազրպէյճանի պետական դրօշը ձեռքին: Աւազակախմբերին ղեկավարում էին նաեւ Սումկայիթում յայտնի մարդիկ` թիւ 25 միջնակարգ դպրոցի տնօրէնը, Արապլինսքու անուան թատրոնի մի դերասանուհի եւ ուրիշներ:
«Խորհրդային Միութիւնը խաղաղ ժամանակներում երբեւէ չի վերապրել այն, ինչ տեղի ունեցաւ այնուհետեւ: Տասից մինչեւ յիսուն եւ աւելի հոգանոց աւազակախմբերը սփռուեցին քաղաքով մէկ. ջարդում էին ապակիները, հրկիզում ինքնաշարժները, բայց ամէնից գլխաւորը` փնտռում էին հայերի»,-գրել է «Ռոտինա» հանդէսը (թիւ 4, 1994թ., էջ 82-90):
Փետրուարի 28-ին մետաղեայ ձողերով, կացիններով, մուրճերով, ձեռքի տակ եղած այլ միջոցներով զինուած ջարդարարների թիւը զգալիօրէն աւելացաւ: Ամբոխը յստակ գիտէր ինչ պիտի անել: Խմբերի բաժանուած ջարդարարները ներխուժում էին հայերի բնակարանները, սպաննում մարդկանց ոչ միայն իրենց տներում, այլեւ ամէնից յաճախ դուրս էին բերում նրանց փողոցներն ու բակերը` հրապարակաւ ծաղրուծանակի ենթարկելու համար: Տանջանքներից յետոյ զոհերի վրայ պենզին էին լցնում եւ ողջակիզում:
Հասան Մամետովի ցուցմունքներից (դատական նիստի արձանագրութիւն, քաղաք` Մոսկուա, Խորհրդային Միութեան գերագոյն դատարան, 18 հոկտեմբերի-18 նոյեմբերի 1988 թուական).
«Ես տեսայ, որ շքամուտքից դուրս բերեցին միջին տարիքի մի տղամարդու եւ սկսեցին ծեծել, խփում էին հիմնականում թիկունքից… Նա ընկած էր ինձանից երեք մեթր հեռաւորութեան վրայ: Կողքին խարոյկ էր վառւում: Մահեռամով Նիզամի եւ Ֆաթալիեւ Ֆիզուլի. – Նիզամին բռնեց ոտքերից, Ֆաթալին` ձեռքերից, տղամարդուն բարձրացրին գետնից ու նետեցին խարոյկի մէջ: Այնպէս, որ մարմինը յայտնուեց կրակի մէջ, իսկ ոտքերը` բոցերից դուրս: Ես դա յստակ նկատեցի, քանի որ շուրջը լուսաւոր էր: Խարոյկի մէջ նետուած տղամարդը դեռեւս կեանքի նշաններ էր ցոյց տալիս: Այդ բանը գլխի ընկայ նրանից, որ նա փորձում էր դէպի ետ սահել խարոյկից: Բայց սեւ գոյնի պիջակով եւ ճինզէ անդրավարտիքով մի տղայ խարոյկի մէջ նետուածին մետաղեայ ձողով հրելով` պահում, չէր թողնում նրան դուրս գալ կրակից…»:
Միայն փետրուարի 29-ին էր, որ Սումկայիթ մտցուեցին բանակային զօրքեր, սակայն նրանք ոչ թէ այդ պահից, այլ աւելի ուշ սկսեցին վերահսկել քաղաքը: Հայերի սպանութիւններն ու ջարդերը շարունակւում էին: Միայն երեկոյեան դէմ բանակային ստորաբաժանումները ձեռնամուխ եղան վճռական գործողութիւնների:
Կենտրոնական իշխանութիւնները շահագրգռուած չէին պարզել սումկայիթեան արիւնահեղութեան զոհերի ճշգրիտ թիւը: Պաշտօնապէս յայտարարուեց, որ զոհուել են 36 հայ եւ 6 ազրպէյճանցի: Մինչդեռ բրիտանացի հետազօտող Թոմ տէ Վաալը իր «Սեւ այգի: Խաղաղութեան եւ պատերազմի արանքում», գրքում գրել է. «… Եթէ ուշադրութիւն դարձնէք մահուան մասին տրուած բժշկական վկայականների գրանցման համարներին, ապա կը տեսնէք, որ այդ օրերին դիահերձարաններում գրանցուած է եղել առնուազն 115 դիակ… իսկ բնական մահերի նման քանակութիւնը բացառւում է թէկուզ այն պատճառով, որ նախորդ երկու ամիսներին գրանցուել է ոչ աւելի, քան 72 մահ»: («Փետրուար, 1988 թուական Ազրպէյճան», գլուխ 2):
Սումկայիթի հայ բնակչութեան ցեղասպանութիւնը կանխաւ ծրագրուած էր, այլ ոչ թէ մի խումբ խուլիկանների տարերային արարք, ինչպէս փորձում էին այն ներկայացնել խորհրդային իշխանութիւններն ու դատական մարմինները: Ասուածի վկայութիւնն են հետեւեալ անհերքելի փաստերը. ջարդերի համար նախատեսուած սառը զէնքերը պատրաստուել են քաղաքի արդիւնաբերական ձեռնարկութիւններում, քաղաքում ապրող հայերի ֆիզիքական բնաջնջման նպատակով կազմուել են նրանց ցուցակները, իշխանութեան մարմինները ցուցաբերել են անգործութիւն, հանրահաւաքներում ելոյթ են ունեցել ամբոխին զոմպիացնող յատուկ պատրաստուած սադրիչներ, տեղական ոստիկանութիւնը աջակցել է ջարդարարներին, անջատուել են հայերին պատկանող բնակարանների հեռախօսները, եւ այն թաղամասերի ելեկտրականութիւնը, որտեղ ընթանում էին ջարդերը, յստակ համակարգուել են աւազակախմբերի գործողութիւնները, ջարդարարներին բաժանուել են երկաթեայ իրեր, կտրուած խողովակներ, գետաքարեր, պենզինով լցուած շշեր եւ ալքոհոլային խմիչքներ, զինեալ խմբերի կողմից փակուել են քաղաքի մատոյցները, տուժածներին օգնութիւն չի ցուցաբերուել քաղաքի բուժաշխատողների կողմից, վերացուել են յանցագործութիւնների հետքերը (ջարդուած խանութների, բնակարանների եւ այլ կառոյցների հապճեպ նորոգում) եւ արդարադատութիւնից թաքցուել են ցեղասպանութեան կազմակերպիչներն ու մեծ թուով կատարողներ:
Քաղուածք 18/60233 քրէական գործից` ըստ մեղադրանքի Ահմետ Իմանի օղլի Ահմետովի, Իլհամ Ազատ օղլի Իսմայլովի, Եաւար Կիյաս օղլի Ճաֆարովի. Վկայ Մ. Իլիասով, ռուս. «Իմ բնակարանից տեսել եմ, թէ ինչպէս մեր թաղամասին մօտեցաւ Կազ-34 մակնիշի մի սեւ գոյնի մեքենայ: Ամբոխի միջից մեքենային մօտեցան երկու հոգի… Առանց մեքենայից դուրս գալու, այնտեղ նստած մարդիկ ինչ-որ բան ասացին մօտեցածներին, եւ նրանք իսկոյն վերադարձան ամբոխի մօտ: Դրանից յետոյ ջարդերը վերսկսուեցին մի նոր կատաղութեամբ… Ինձ թւում է, նրանք նախապէս գիտէին հայերի հասցէները: Այդպէս եմ կարծում այն պատճառով, որ ջարդարարները անսխալ մտնում էին այն շքամուտքերը, որտեղ հայեր էին բնակւում… Այդ ամէնը կատարուել է ոչ թէ խուլիկանական դրդապատճառներով, այլ դա եղել է յստակօրէն ժողովրդի` հայերի դէմ ուղղուած գործողութիւն: Ոչ թէ ռուսների կամ այլ ժողովուրդների դէմ, այլ հայերի դէմ, փնտռում էին հէնց հայերին»:
Վկայ Ս. Կուլիեւը դատական նիստի ժամանակ պարզաբանել է. «Այդ մարդկանց մի օրում չէ, որ հաւաքել են, քանի որ անհնար է մէկ օրում հաւաքել հազարաւոր մարդկանց»:
Վկայ Մ. Մամետով. «Բարձրախօսով մարդը (Ահմետ Ահմետով) ասում էր, որ ջարդել պէտք չէ, քանի որ այդ բնակարանները մնալու են իրենց, այլ պէտք է ուղղակի սպաննել հայերին»:
Վկայ Թ. Թահմազով, տնային կառավարիչ. «Կար Ազրպէյճանի Համայնավար կուսակցութեան Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ Կանիֆայեւի կարգադրութիւնը` այրել եւ հողածածկ անել բոլոր ջարդուած իրերը: Այդպէս էլ արել ենք, ըստ որում շատ արագ կերպով; Յաջորդ առաւօտեան քաղաքային գործադիր կոմիտէին 412 «ա» թաղամաս են ուղարկւում նորոգման-շինարարական զօրամասեր, որոնք էլ հաւաքել են դիակները եւ ամբողջ աւերուածը »:
«Կոմունիստ Սումկայիթա» թերթը (թիւ 57 13.05.88 թուական) գրել է. «Բարդ իրավիճակի օրերին գործարանի (խողովակագլանման) արտադրամասում եղել են կացինների, դանակների եւ այլ առարկաների պատրաստման դէպքեր, որոնք կարող էին օգտագործուել խուլիկանամէտ տարրերի կողմից»:
Միանգամայն ակնյայտ է, որ հետաքննութեան կողմից չպարզուած անձանց կողմից ստեղծուել են բոլոր պայմանները, որպէսզի իրականացուեն հայկական զանգուածային ջարդերը:
1988 թուականի փետրուարի 29-ին Քրեմլինում կայացաւ Խորհրդային Միութեան Համայնավար կուսակցութեան Կենտրոնական կոմիտէի քաղաքական գրասենեակի նիստը, որտեղ առաջին անգամ պաշտօնապէս , սակայն «յոյժ գաղտնի» նշուեց, որ Սումկայիթում զանգուածային ջարդերն ու կոտորածը իրականացուել են ըստ ազգային յատկանիշի, այսինքն բացառապէս հայազգի անձանց դէմ: Սակայն Խորհրդային Միութեան պաշտօնական մարմինները շտապեցին արգելք դնել «Սումկայիթ» թեմայի վրայ, հայերի զանգուածային ջարդերն արհեստականօրէն մասնատելով առանձին յանցագործութիւնների: Յանցագործութիւնները, որոնք ըստ ցեղասպանութեան մասին միջազգային համաձայնագրի, պէտք է որակուէին որպէս մարդկութեան դէմ ուղղուած յանցագործութիւն, որակուեցին իբրեւ «խուլիկանական դրդապատճառներով» կատարուած յանցագործութիւններ: Այլ կերպ ասած, քողարկուեց տեղի ունեցած ցեղասպանութիւնը, իսկ նրա կազմակերպիչները պարտակուեցին պաշտօնական մակարդակով:
Մասնաւորապէս, անպատիժ մնացին քաղաքային եւ իրաւապահ մարմինների գործիչները, չնայած մեծ թուով ականատեսներ մատնացոյց էին անում քաղաքում յայտնի անձանց` որպէս «հանրահաւաքների» անմիջական մասնակիցների: Աւելի՛ն, Սումկայիթի դատախազ Իսմեթ Կայիպովը, որը «իրականացնում էր» քաղաքի կարգուկանոնի վերահսկողութիւնը, հայերի ջարդերից մէկ տարի էլ չանցած` նշանակուեց… Ազրպէյճանի գլխաւոր դատախազ: Իր պաշտօնից ազատուեց միայն Սումկայիթի համայնավար ղեկավար Մուսլիմզատէն, չնայած նա նոյնպէս չենթարկուեց քրէական պատասխանատուութեան: Ըստ երեւոյթին պատճառն այն էր, որ քաջատեղեակ Մուսլիմզատէն Ազրպէյճանի Համայնավար կուսակցութեան Կենտրոնական կոմիտէի մօտակայ ժողովում ուղղակիօրէն մեղադրեց հանրապետութեան ղեկավարութեանը ջարդերի կազմակերպման մէջ. «Ազր. Խորհրդային Հանրապետութեան Համայնավար կուսակցութեան Կենտրոնական կոմիտէի 1988թ. մայիսի 21-ի ժողովում Սումկայիթի Համայնավար կուսակցութեան կեդրոնական կոմիտէի նախկին առաջին քարտուղարը Սումկայիթում կատարուած ողբերգական դէպքերի համար մեղադրեց նաեւ հանրապետութեան ղեկավարութեանը: Այդ մասին նա նախօրեակին հանգամանօրէն պատմել է Ազրպէյճանի Համայնավար կուսակցութեան Կենտրոնական կոմիտէի պիւրոյում, որտեղ քննարկւում էր նրա անձնական պատասխանատուութեան հարցը եւ որին կարելի է ծանօթանալ սղագրական հաշուետուութիւններում»: «Էպոխա» թիւ 4, սեպտեմբերի 13, 1990 թուական:
Ցաւօք, առ այսօր փետրուարի 27-29-ին Սումկայիթում ամենաբարձր մակարդակով կազմակերպուած ջարդերը չեն արժանացել համարժէք քաղաքական եւ իրաւաբանական գնահատականի, իսկ Մոսկուայում կայացած դատավարութիւնը չդարձաւ Նիւրնպերկեան, քանի որ չեն բացայայտուել յանցագործութիւնների արմատները:
Սումկայիթի ցեղասպանութիւնը լռութեան մատնելու քաղաքականութիւնը, նրան ծնունդ տուած պատճառների քողարկումը եւ նրա իսկական կազմակերպիչներին անպատիժ թողնելը հնարաւոր են դարձրել, որպէսզի Ազրպէյճանական Խորհրդային Հանրապետութեան իշխանութիւնները հանրապետութեան ողջ տարածքով մէկ իրականացնեն ազգային զտումներ, որոնք էլ իրենց գագաթնակէտին են հասել 1990 թուականի յունուարին հանրապետութեան մայրաքաղաք Պաքւում կազմակերպուած արիւնալի խրախճանքի օրերին, որից յետոյ էլ` վերածուել Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան դէմ ուղղուած լայնածաւալ ռազմական յարձակողականի:
Մինչդեռ Սումկայիթի մասին ճշմարտութիւնը հարկաւոր է իմանալ այնպէս, ինչպէս Նիւրնպերկեան դատավարութեան նիւթերն են անհրաժեշտ մարդուն, որպէսզի հնարաւոր լինի խուսափել մի նոր «դարչնագոյն ժանտախտից»:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԵԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ