ՀԱԿ. 1918-ԻՆ ՀԱՅԱԶՐԿՈՒԱԾ ԳԻՒՂԸ. ԼԵՌՆԱՅԻՆ ԱՅՍ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԱՅՍՕՐ ԱՊՐՈՒՄ Է 21 ՀԱՅ ԸՆՏԱՆԻՔ

1992 թուականի ազատագրումից յետոյ Հակը կրկին սկսեց բնակեցուել հայերով: Առաջին բնակիչները եղել են Մարտիկ Մկրտչեանը եւ Վարդգէս Բայաթեանը` իրենց ընտանիքներով: 1995 թուականից մինչեւ այսօր երկու ընտանիքներն էլ բնակւում են Հակում, իրենց որդիներին ամուսնացրել են, ունեն թոռներ: Անգեղակոթցի Վլադիմ Սահակեանը ընտանիքով Հակ է վերադարձել 1998-ին, իսկ 1999 թուականից գիւղապետն է:

«Նախկինում այս հողը եղել է հայկական, երբ ազատագրուել է, մարդիկ, որպէս հայկական հող, եկել եւ հաստատուել են այստեղ` ընդմիշտ բնակուելու նպատակով: Ապրում  ենք, ոչինչ` ո՛չ պակաս, ո՛չ աւել: Մենք ունենք ամենալաւ, երիտասարդ ընտանիքները, որոնք ուզում են գալ այստեղ բնակուել, որպէսզի գիւղը կրկին դարձնենք հայկական», ասում է գիւղապետ Սահակեանը:

13-րդ դարի հայ մատենագիր Ստեփանոս Օրբէլեանի վկայութեամբ, Հակը Սիւնիքի բարգաւաճ եւ խիտ բնակեցուած գիւղերից է եղել: Հակը անընդմէջ հայկական է եղել մինչեւ 1918 թուականը: Մինչեւ Ազրպէյճանի եւ Հայաստանի խորհրդայնացումը` երկու հանրապետութիւնների միջեւ ընկած Քարվաճառի (նախկինում Քելբաջար) եւ Քաշաթաղի (նախկինում Լաչին) շրջաններում ամբողջութեամբ հայաբնակ էին մնացել երեք գիւղեր` Ալղուլին, Եարարը եւ Հակը: Ալղուլի եւ Եարար գիւղերից իւրաքանչիւրում բնակւում էր շուրջ հազար հայ: Հակում հայերի թիւը անցնում էր 800-ից:

1918 թուականին Սիւնիքին պատկանող Հակը ոչ միայն հայազրկուեց, այլ մի քանի տարի անց փոխանցուեց Կարմիր Քրտստանին, որը տարածքային միաւոր էր Խորհրդային Ազրպէյճանի կազմում: Ինչպէս Կարմիր Քրտստանի գիւղերի մեծ մասում, այնպէս էլ` Հակում, հաստատուեցին քրտեր: Հակը վերանուանուեց Մինքենդ: Այսպէս շարունակուեց մինչեւ 1992-ի ամառը, երբ հայ ազատամարտիկները ազատագրեցին Բերձորը (Լաչին քաղաքը), ինչպէս նաեւ` Հակարի, Շալուայ, Աղաւնոյ գետերի երկայնքով տեղաբաշխուած հիմնականում քրտաբնակ միւս բնակավայրերը: 1992-ին Մինքենդում բնակչութեան թիւը հասնում էր շուրջ երկու հազարի:

Հակը գտնւում է գրեթէ 1800 մեթր բարձրութեան վրայ` Իշխանասարի արեւելեան կողմում: Ինչպէս Սիսիանի լեռնային միւս հատուածներում, այնպէս էլ Հակում, առատ ու խորը ձիւնով ձմեռը տեւում է գրեթէ կէս տարի: Փոխարէնը, ամառը շատ զով է եւ հիանալի` ալպիական մարգագետիններում ու լեռնագոգերում անասնապահութեան ու հացաբոյսերի աճեցման համար: Գիւղի երկու տասնեակ ընտանիքները միասին պահում են շուրջ 300 գլուխ խոշոր եղջերաւոր անասուններ, որից աւելի քան 100-ը` կթու կովեր: Գիւղն ունի մինչեւ 600 հեկտար վարելահող:

Անցեալ տարուանից Քաշաթաղի շրջանում սկսուել է մի ծրագիր, որի նպատակն է զարկ տալ գիւղատնտեսութեանն ու անասնապահութեանը: «Արցախ ռուց ինվեսթմենթ» կամ պարզապէս ԱՌԻ ներդրումային ընկերութիւնը Լեռնային Ղարաբաղի կառավարութեան Գիւղատնտեսութեան զարգացման հիմնադրամի հետ համագործակցաբար ցածր  տոկոսներով երկարաժամկէտ վարկեր է տրամադրում: Արդէն մօտ եօթանասուն ագարակապաններ օգտուել են վարկերից: 2011 թուականի մարտին, վարչապետ Արա Յարութիւնեանի Պէյրութ այցի ընթացքում, ԱՌԻ-ի ընկերութեան 16 բաժնետէրերին միացան լիբանանահայ եւս 70 գործարարներ: Ներդրուած մօտ երկու միլիոն տոլար գումարը ուղղուելու է Քաշաթաղի զարգացմանը. մօտ 600 ագարակապաններ հնարաւորութիւն կը ստանան օգտուել ցածր տոկոսներով երկարաժամկէտ վարկաւորումից:

Ինչպէս Հայաստանի եւ Արցախի միւս գիւղերում, Հակում եւս կայ գիւղական մեքենաների պակաս, եղածն էլ խորհրդային ժամանակներից մնացածն է: Գրեթէ ամէն գիւղ կամ հարեւան գիւղերի խումբ կարիք ունեն նոր քարշակի, շարքացանի, հնձող մեքենայի:

Վանիկ Մկրտչեանը, ինչպէս Հակի բնակչութեան մի հատուած, եկել է Սիսիանից: Նա ասում է, որ դժուարութիւնը հիմնականում խոտհնձի եղանակն է եւ արտադրանքի իրացումը: «Պանիր արտադրում ենք, կաթ արտադրում ենք, միս արտադրում ենք, բայց իրացման ժամանակ սպասում ենք, թէ ո՛վ է գալու եւ գնելու այդ արտադրանքը: Պետութեան կողմից երաշխաւորութիւն չկայ», ասում է Մկրտչեանը:

Ազատագրուած տարածքներում, այդ թւում եւ Հակում, դժուարութիւնների պակաս չկայ: Ամենալուրջ խնդիրը ենթակառուցուածքների բացակայութիւնն է կամ դրանց թերզարգացածութիւնը: Ճանապարհները շարունակում են մնալ ոչ բարւոք, որոշ հատուածներում` քարուքանդ ու անանցանելի: Ելեկտրականութիւն, կարելի է ասել, արդէն կայ ազատագրուած գրեթէ բոլոր գիւղերում: Առաջնահերթ է դպրոցների խնդիրը: Ճիշդ է, Մռաւից Արաքս ընկած շուրջ 70 համայնքներն էլ ունեն դպրոցներ, սակայն գիւղերի մի մասում, այդ թւում եւ Հակում, միայն տարրական դասարաններ կան: Երբ երեխաները մեծանում են, ընտանիքները միջնակարգ դպրոց չլինելու պատճառով ստիպուած են լինում հեռանալ իրենց նախկին բնակավայրերը կամ այլուր:

Հակի եւ հարեւան երկու գիւղերի երեխաները միջնակարգ դպրոց են յաճախում Եզնագոմեր համայնքի դպրոցում: Ամէն օր Հակից աւագ դասարանների աշակերտները գնում են 7 քմ հեռաւորութեամբ գտնուող Եզնագոմեր` միջնակարգ կրթութիւն ստանալու: Մի կողմից հնարաւոր չէ ազատագրուած տարածքների բոլոր գիւղերում միջնակարգ դպրոցներ ունենալ աշակերտութեան պակասի պատճառով, միւս կողմից` երբ չկայ դպրոց, ընտանիքները հեռանում են: Մի քանի տարի առաջ Հակում 18 աշակերտներով միջնակարգ դպրոց եղել է, սակայն միջնակարգը դարձել է տարրական, քանի որ երեխաների թիւը պակասել է եւ այսօր հասել 5-ի: 2001-2002 թուականներին Հակում ընտանիքների թիւը հասնում էր 35-ի, սակայն յաջորդող տարիներին բնակիչների մի մասը հեռացաւ:

«Որպէսզի Հակը դառնայ լիարժէք համայնք, մենք պէտք է ունենանք մօտ 50 ընտանիք: Այդ դէպքում գիւղը կ՛ունենայ նաեւ միջնակարգ դպրոց: Միւս ուսումնական տարի արդէն Հակի տարրական դպրոցում աշակերտների թիւը այսօրուայ հինգից կը հասնի ութի: Երբ նոր վերաբնակիչ է գալիս, նրա ընտանիքին վճարում են փոխադրավարձ, տրամադրում անասնավարկ», ասում է գիւղապետ Սահակեանը:

Սուրէն Խաչատրեանը անցեալ տարի է նշանակուել Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար: «Արցախի իշխանութիւնները փորձում է Քաշաթաղի շրջանում իրականացնել լուրջ ծրագրեր` զարգացնելու գիւղատնտեսութիւնը, որը կարեւոր է մեր երկրի պարէնային ծրագրերի ապահովման համար: Շրջանի հիւսիսային թեւում բնակչութիւնը հիմնականում զբաղւում է խոշոր եղջերաւոր անասուններ պահելով, իսկ հարաւային թեւում` գիւղատնտեսութեամբ` ցորեն, եգիպտացորեն: Փորձում ենք բնակչութեանը շահագրգռել` վարկեր տրամադրելով: «Արցախ կաթ» ընկերութիւնը  կաթի ընդունման կէտեր է դնում, անասնավարկեր ենք տրամադրում, որը խթան կը լինի տնտեսութեան զարգացման համար», ասում է շրջանի վարչակազմի ղեկավարը:

Վերաբնակիչների համար կան այլ արտօնութիւններ եւս: Տուն վերանորոգելու նպատակով Արցախի կառավարութիւնը անվճար տրամադրում է շինարարական նիւթեր, որպէսզի վերաբնակիչն իր ուժերով բարեկարգի տունը: Արտօնութիւններ կան նաեւ նոր ծնուող երեխաների, բազմազաւակ ընտանիքների համար: Բացի պետական օժանդակութիւնից`  Քաշաթաղի եւ Քարվաճառի շրջաններում ամէն ընտանիքում, որտեղ ծնւում է երրորդ երեխան, Լիբանանի «Արցախ» ֆոնտը տրամադրում է մէկ կթու կով:

Հակի բնակիչներից Քանաքարա Թադեւոսեանը, ով այստեղ բնակւում է արդէն 13 տարի, ասում է, որ պէտք է պայմաններ ստեղծել երիտասարդների համար: «Մենք թոշակառու մարդիկ ենք, մեր դարն անցել է: Ես կը ցանկանայի, որ երիտասարդ ընտանիքների համար ստեղծուեն տանելի կենցաղային պայմաններ, որպէսզի այս հողերում երեխաները աճեն, շատանան», ասում է նա:

2009 թուականի սեպտեմբերին Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսեանի, ԼՂՀ նախագահ Բակօ Սահակեանի եւ այլ պաշտօնեաների ու հիւրերի մասնակցութեամբ Հակում վերաօծուեց Սուրբ Մինաս եկեղեցին, որի վրայ փորագրուած է կառուցման կամ վերակառուցման թուականը` 1673:

Եկեղեցին վերանորոգուել է Նիւ Եորքում բնակուող Վերճինիա Տեւիսի ֆինանսական օժանդակութեան շնորհիւ: Վերջինս մի մասով հայ է եւ նուիրատուութիւնը կատարել է ի յիշատակ իր տատի` Վերժինէ Մուրատեանի, ով 1915 թ. Ցեղասպանութեան ժամանակ ամբողջ գերդաստանից փրկուած երկու անդամներից մէկն էր: Եկեղեցու շինարարական աշխատանքները կատարել են գիւղացիները` «Թիւֆենքեան» հիմնադրամի գլխաւորութեամբ:

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Յատուկ «Ազդակ»ի համար
Հակ, Արցախ

 

Share this Article
CATEGORIES