Հանրապետական Կուսակցութեան Անցեալից. ՀՀԿ-ն Պաշտպանել Է Տէր Պետրոսեանին, Ապա` Քոչարեանին, Ապա` Սարգսեանին

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Հայաստանում իշխող Հանրապետական կուսակցութեան (ՀՀԿ) վերջին` 13-րդ համագումարում այդ կուսակցութեան առաջնորդ եւ երկրի նախագահ Սերժ Սարգսեանը իր մէկուկէս ժամանոց ելոյթի մի հատուածը նուիրեց Հանրապետականին` գովաբանելով ու փառաբանելով նրա անցած ուղին եւ դերակատարութիւնը Հայաստանի եւ հայ ժողովրդի կեանքում:

Անկասկած, ՀՀԿ-ն 1991-ից ի վեր կարեւոր դերակատարութիւն է ունեցել Հայաստանի ներքաղաքական կեանքում, սակայն, միւս կողմից, ոչ վաղ անցեալի շատ իրադարձութիւններ, մեղմ ասած, ճիշդ չեն ներկայացւում կամ ներկայացւում են իշխող ՀՀԿ-ի համար բարենպաստ լոյսի ներքոյ:

Ինչպէ՞ս մի քանի հոգուց կազմուած ՀՀԿ-ն քսան տարիների ընթացքում դարձաւ իշխող կուսակցութիւն: Այսօր Հայաստանում Հանրապետական կուսակցութեան անդամ դառնալը դարձել է համայնավար դառնալու նման մի բան, ինչպէս Խորհրդային Միութեան տարիներին: Եթէ իշխանութիւն ես ուզում կամ չես ուզում իշխանութիւնը կորցնել, ապա պէտք է դառնաս Հանրապետական: Այսօր ՀՀԿ-ի ղեկավարութեան եւ անդամների մի ստուար հատուած նախկին համայնավարներ են կամ ՀՀՇ-ականներ: Այսպիսով, նախկին համայնավարներն ու ՀՀՇ-ականները, որոնք կտրականապէս մերժել են ազգային գաղափարախօսութիւնը, այսօր, որքան էլ հեգնական է, դարձել են ազգային գաղափարախօսութեան կրողները:

1990-ին հիմնադրուած ՀՀԿ-ն որպէս իր գաղափարախօսութիւն հիմք է ընդունել Գարեգին Նժդեհի ուսմունքը` ցեղակրօնութիւնը կամ ցեղապաշտութիւնը: 1990-1997 թթ. ՀՀԿ-ի նախագահը Աշոտ Նաւասարդեանն էր, ով 1991 թ. մասնակցել է Հայաստանի նախագահական առաջին ընտրութիւններին եւ վեց թեկնածուների մրցապայքարում զբաղեցրել վերջին տեղը` ստանալով ընդհանուր քուէների 0.16 տոկոսը: Հանգուցեալ Նաւասարդեանի ստացած քուէները ցոյց են տալիս, թէ 1991-ին ՀՀԿ-ն ինչ կշիռ եւ հեղինակութիւն ունէր Հայաստանի ներքաղաքական կեանքում:

Նաւասարդեանի մասնակցութիւնը նախագահական ընտրութիւններին չէր նշանակում, թէ ՀՀԿ-ն ընդդիմութիւն է ՀՀՇ-ին ու Լեւոն Տէր Պետրոսեանին: Այդ օրերին հիմնական ընդդիմութիւնը ՀՅԴ-ն էր ու Պարոյր Հայրիկեանի Ազգային ինքնորոշում միաւորումը (ԱԻՄ): Հանրապետական կուսակցութիւնը ոչ միայն ընդդիմութիւն չէր, այլ Տէր Պետրոսեանի քաղաքականութեան պաշտպանը: Այսպէս, երբ 1994-ին Տէր Պետրոսեանը կասեցրեց ՀՅԴ-ի գործունէութիւնը եւ հալածանքներ սկսեց դաշնակցականների նկատմամբ, ՀՀԿ-ն չդատապարտեց Տէր Պետրոսեանի այդ քայլը: Իսկ երբ Միացեալ Նահանգների արտաքին գործերի նախարարութիւնը դատապարտեց Հայաստանի իշխանութիւնների գործողութիւնները ընդդիմադիր ՀՅԴ-ի նկատմամբ, ՀՀԿ-ն յայտարարութեամբ քննադատեց ամերիկացիների` Հայաստանի ներքին գործերին միջամտելու կեցուածքը: Այսպիսով, ՀՀԿ-ն անուղղակի կերպով արդարացրեց Տէր Պետրոսեանի` ՀՅԴ-ին հալածելու քաղաքականութիւնը: Աւելին, մի քանի ամիս անց` 1995-ի խորհրդարանական ընտրութիւններում, ՀՀԿ-ն ՀՀՇ-ի հետ նոյն ցուցակով` «Հանրապետութիւն» դաշինքով մասնակցեց ընտրութիւններին: Հէնց այդ կեղծուած ընտրութիւնների շնորհիւ էր, որ ՀՀԿ-ն որպէս կուսակցութիւն, իր մի քանի մանդատն ստացաւ խորհրդարանում:

1996-ի նախագահական ընտրութիւններում, երբ ընդդիմադիր ուժերը պաշտպանեցին ԱԺՄ առաջնորդ Վազգէն Մանուկեանի թեկնածութիւնը, ՀՀԿ-ն կրկին հաւատարիմ մնաց իշխանութիւնների կողքին կանգնելու մարտավարութեանը եւ կրկին պաշտպանեց Տէր Պետրոսեանին: Այս դէպքերը յիշեցնում ենք, որովհետեւ ՀՀԿ-ն այսօր ոչ միայն չի ուզում յիշել անցեալը, այլ այնպէս է քարկոծում 1991-1998 թուականների Հայաստանը, կարծես ինքը չէր ՀՀՇ-ին ու Տէր Պետրոսեանին պաշտպանողը: Այսօր հանրապետականները յայտարարում են, որ 1996-ին նախագահական ընտրութիւնները կեղծուել են: Դա, անշուշտ, մօտ է իրականութեանը, սակայն փաստ է, որ ժամանակին ՀՀԿ-ն Տէր Պետրոսեանի 1996-ի ընտրուելը (չընտրուելը) կասկածի տակ չի դրել:

1998-ի սկզբին, երբ պալատական յեղաշրջման արդիւնքում Տէր Պետրոսեանը հրաժարական տուեց, ՀՀԿ-ն եւ նրա նոր առաջնորդ, այժմ հանգուցեալ Անդրանիկ Մարգարեանը, պաշտպանեցին Վազգէն Սարգսեանին եւ Ռոպերթ Քոչարեանին, ովքեր գլխաւոր դեր կատարեցին Տէր Պետրոսեանի հրաժարականի հարցում: ՀՀԿ-ն 1998-ի նախագահական արտահերթ ընտրութիւններում կրկին պաշտպանեց իշխանութիւններին ի դէմս Ռոպերթ Քոչարեանի, ով միայն երկրորդ փուլով յաղթեց Կարէն Դեմիրճեանին: Ինչպէս 1996-ի, այնպէս էլ 1998-ի եւ հետագայ նախագահական միւս ընտրութիւնները Հայաստանի քաղաքացիների մի ստուար հատուած համարում է կեղծուած:

Ընդամէնը մէկ տարի անց` 1999-ի խորհրդարանական ընտրութիւններում ՀԿԿ-ն արդէն դաշինք կազմեց Կարէն Դեմիրճեանի հետ, որի դէմ եւ յօգուտ Քոչարեանի աշխատել էր 1998-ի նախագահական ընտրութիւններում: Երբ Հայաստանի երկու հզօր անհատականութիւններ` Վազգէն Սարգսեանն ու Կարեն Դեմիրճեանը ձեւաւորեցին «Միասնութիւն» դաշինքը եւ յաղթեցին խորհրդարանական ընտրութիւններում, ՀՀԿ-ն իշխանութեան պաշտպանից ու կցորդից վերաճեց իրական իշխանութեան, քանի որ Վազգէն Սարգսեանը դարձել էր ՀՀԿ առաջնորդը:

ՀՀԿ-ն 2003թ. նախագահական ընտրութիւններում պաշտպանեց անկուսակցական Քոչարեանին: Երկրի վարչապետը (2000-2007 թթ.) ՀՀԿ առաջնորդ Անդրանիկ Մարգարեանն էր: Չնայած այս իրողութեանը ՀՀԿ-ն Հայաստանում դեռ լիովին իշխանութեան տէրը չէր: Այսպէս,  խորհրդարանական ընտրութիւններում ՀՀԿ-ի նախընտրական ցուցակը կազմւում էր անկուսակցական Քոչարեանի մասնակցութեամբ եւ նաեւ` ցուցումով:

2008-ի նախագահական վիճելի ընտրութիւններից յետոյ, երբ Հայաստանի նախագահի պաշտօնը զբաղեցրեց Սերժ Սարգսեանը, ՀՀԿ-ն դարձաւ իշխանութիւն բառի բոլոր իմաստներով:

Այս պատմական հակիրճ «ճամբորդութիւնը» ամբողջական չի լինի, եթէ չյիշենք, թէ քաղաքական եւ գաղափարական ինչ անցեալ ունեն այսօրուայ ՀՀԿ-ի ղեկավարները:

ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսեանը, ինչպէս գրուած է նրա պաշտօնական կենսագրականում, ժամանակին եղել է համայնավար: Ապա դարձել է ՀՀՇ-ական եւ Տէր Պետրոսեանի ամենահաւատարիմ զինակիցներից մէկը մինչեւ 1998-ի իշխանափոխութիւնը: Այս մասին նրա պաշտօնական կենսագրութեան մէջ յիշատակում չկայ:

ՀՀԿ առաջնորդներից Տիգրան Սարգսեանը, ով մի քանի տարի առաջ դարձաւ ՀՀԿ անդամ, եւս հասցրել է մի քանի կուսակցութիւն փոխել, թէեւ նրա պաշտօնական կենսագրականում միայն ՀՀԿ-ի անունն է նշուած: համայնավար եղել է, թէ ոչ, դժուար է ասել, բայց հաստատ է, որ Սարգսեանը ՀՀՇ-ական էր, ով 1991-ին հեռացաւ եւ Վազգէն Մանուկեանի ու մի քանի այլ նախկին ՀՀՇ-ականների հետ հիմնադրեց ԱԺՄ-ն: Թէ երբ է Սարգսեանը հեռացել ԱԺՄ-ից, դա էլ յայտնի չէ:

Միասին վերյիշենք մեր ոչ վաղ անցեալի պատմութիւնը:

 

Յատուկ «Ազդակ»-ի համար

Share this Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES