ՍՈՒՐԻՈՅ ՏԱԳՆԱՊԸ. Երեք Հիմնական Պատճառ, Որ Պիտի Մտահոգեն Հայաստանին Ու Սփիւռքին

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Սուրիոյ իրադարձութիւնները, որոնք միջազգային լրատուամիջոցներում լուսաբանւում են խիստ միակողմանի (ի վնաս գործող իշխանութիւնների ու նախագահ Պաշշար Ասատի), Հայաստանին ու սփիւռքին պէտք է մտահոգեն երեք հիմնական պատճառներով:

Առաջինը մարդկային կորուստներն են: Սուրիայում սպաննւում են ու վիրաւորւում մարդիկ, որոնց թւում` հայեր: Ի տարբերութիւն Թունուզի, Եգիպտոսի, Եմենի ու Լիպիայի, որտեղ «Արաբական գարունը» տապալել է այդ երկրների նախկին առաջնորդներին, Սուրիայում ներքաղաքական պատերազմը երկարաձգուելու ակնյայտ միտումներ ունի: Միջազգային հանրութիւնը, փոխանակ ճնշումներ բանեցնի նախագահ Ասատի վրայ, որպէսզի վերջինս երկրի ներսում կատարի լուրջ քաղաքական բարեփոխումներ (այս պահին նախագահ Ասատը պատրաստ է գնալ լրջագոյն  զիջումների), պահանջում է Սուրիոյ առաջնորդի հրաժարականը: Բնականաբար նախագահ Ասատը հրաժարական չի տալիս: Դժուար է կանխատեսել, թէ ինչպիսի հանգուցալուծում կ՛ունենան սուրիական իրադարձութիւնները: Հաւանական է, որ արիւնահեղութիւնը կը շարունակուի, ինչպէս շարունակւում է արդէն մէկ տարի: Թուրքիոյ տարածքում հաստատուած սուրիական ընդդիմութիւնը քաջալերում է, որպէսզի զինեալ ապստամբները պայքար մղեն նախագահ Ասատի կառավարական ուժերի դէմ: Բախումների ընթացքում արիւն է թափւում, սպաննւում են նաեւ հազարաւոր խաղաղ բնակիչներ: Տուժածների մէջ կան նաեւ հայեր: Սուրիահայութիւնը, որ հիմնականում կենտրոնացուած է Հալէպի, Գամշլիի, Լաթաքիոյ, Քեսապի ու Դամասկոսի շրջաններում, փորձում է պահպանել չէզոքութիւն: Նման կեցուածքը, անկասկած, արդարացուած է, աւելի՛ն, դա է չարեաց փոքրագոյնը: Սակայն չէզոքութիւն պահպանելը դեռ բաւարար պայման չէ, որպէսզի սուրիահայութիւնը խուսափի զոհերից ու վիրաւորներից: Շուրջ 80 հազարի հասնող սուրիահայութեան ներկայ կացութիւնն ու ապագան պէտք է մտահոգեն ինչպէս Հայաստանի Հանրապետութեանը, այնպէս էլ` սփիւռքին: Բարեբախտաբար հայաշատ շրջանները չեն դարձել կառավարութիւն-ընդդիմութիւն զինուած պայքարի հիմնական վայրերը, թէեւ իրավիճակը մայրաքաղաք Դամասկոսում ու մեծութեամբ երկրորդ քաղաք Հալէպում, յատկապէս վերջին շաբաթներին, հեռու է խաղաղ ու հանգիստ անուանելուց:

Երկրորդ. Սուրիայում ներքաղաքական պատերազմի ու արիւնահեղութեան շարունակականութիւնը սուրիահայութեանը կը ստիպեն աւելի ապահով վայրեր գտնել: Մարդկայնօրէն հասկանալի է, որ սուրիահայութիւնը պէտք է մտահոգուի իր ֆիզիքական անվտանգութեան խնդիրներով: Ի տարբերութիւն սփիւռքի այլ հայաշատ վայրերի, Սուրիան ու Լիբանանը ունեն առանցքային դերակատարութիւն` ողջ հայկական աշխարհի համար: Հալէպը եւ Պէյրութը տասնամեակներ եղել են եւ շարունակում են մնալ շտեմարան` հայ աշխարհին տալով բազմաթիւ հոգեւորականներ, մտաւորականներ, ուսուցիչներ ու ազգապահպանութեան համար կարեւոր այլ դերակատարներ: Աւստրալիոյ, Ամերիկայի ու Եւրոպայի հայկականութեան ոգին պահպանողը տասնամեակներ եղել են հիմնականում Հալէպը եւ Պէյրութը թողած հայորդիները: Նրանք թողել են Հալէպն ու Պէյրութը, բայց իրենց հետ հայ աշխարհին են տարել հայկական ոգին: Հայկական սփիւռքի յարատեւութիւնն ու հայկական ոգու պահպանումը ուղղակիօրէն կապուած են Հալէպից ու Պէյրութից:

Երրորդը Հայաստանի Հանրապետութեան շահն է: Ակնյայտ է, որ Արեւմուտքի համար արաբական աշխարհի ժողովրդավարացումը պատրուակ է: Եթէ արեւմտեան աշխարհին մտահոգում է մարդու իրաւունքների եւ միւս հիմնարար ազատութիւնների յարգումը, ապա առաջինը պէտք է տապալուէին Սէուտական Արաբիայի, Քաթարի ու Պահրէյնի բռնապետական վարչակարգերը: Հակառակը, հէնց նրանք են վայելում Արեւմուտքի աջակցութիւնը` ընդդէմ շիաների: Գրեթէ կասկած չկայ, որ Արեւմուտքը փորձում է արաբական աշխարհում  եւ մուսուլմանական արեւելքում սահմանափակել շիիների իշխանութիւնը: Սուրիայում «յաջողութեան» հասնելու դէպքում, հերթը հաւանաբար կը հասնի «Հըզպալլա»-ին Լիբանանում եւ Իրանին: «Հըզպալլա»-ն այսօր լուրջ ուժ է Լիբանանում: Նրա դէմ պատերազմը նշանակում է հերթական անհանգստութիւնը պատճառել լիբանանահայութեանը: Լիբանանում նոր պատերազմի դէպքում այդ երկրում մնացած հայերի մի մասը եւս կ՛արտագաղթէ: Իսկ ամենամտահոգիչը Իրանի դէպքն է: Իսլամական Հանրապետութեան դէմ պատերազմը կամ ռազմական հարուածները Հայաստանին կը կանգնեցնեն անելանելի ընտրութեան առաջ: Այնպէս որ, Պաշշար Ասատի յաջողութիւնը, ասել է, թէ` սուրիական ճգնաժամի խաղաղ հանգուցալուծումը, անուղղակիօրէն բխում են նաեւ Հայաստանի եւ հայ աշխարհի շահերից:

 

Յատուկ «Ազդակ»ի համար

Share this Article
CATEGORIES