Խոստում Եւ Իրականութիւն. Նախագահի Աթոռին Մնալը Դիւրին Չի Լինում

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

2007-ի խորհրդարանական, 2008-ի նախագահական եւ 2012-ի խորհրդարանական ընտրութիւններում Հայաստանում իշխող Հանրապետական կուսակցութիւնն (ՀՀԿ) ու նրա առաջնորդ Սերժ Սարգսեանը նախընտրական կարգախօսներ են ընտրել համապատասխանաբար` «Քեզ համար, Հայաստան», «Առաջ, Հայաստան» եւ «Հաւատանք, որ փոխուենք»: 2013-ի փետրուարին կայանալիք նախագահական ընտրութիւններում Սերժ Սարգսեանը մեզ խոստանում է «Առաջ` դէպի ապահով Հայաստան»: Վատ կարգախօսներ չեն, եթէ դրանց հաւատացող լինէր կամ եթէ դրանք աղերսներ ունենային իրական Հայաստանի հետ: Եթէ դուք կարդաք Սարգսեանի ու ՀՀԿ-ի նախընտրական ծրագրերը, ապա կը համոզուէք, որ դրանք եղել են խոստումներ միայն, իսկ իրականում կեանքն աւելի է դժուարացել, վերջին հինգ տարիներին Հայաստանում աղքատութեան ցուցանիշը

23-ից հասել է 35 տոկոսի, արտագաղթել է շուրջ 200 հազար մարդ (զարմանալիօրէն ընտրողների թիւն է աւելացել), տնտեսութիւնը ապրել է անկում, իսկ գները բարձրացել են, խորացել են տնտեսական ու քաղաքական մենաշնորհները: Այսպիսով, «Քեզ համար, Հայաստան»-ը, «Առաջ, Հայաստան»-ը, «Հաւատանք, որ փոխուենք»-ը եւ «Առաջ` դէպի ապահով Հայաստան»-ը լոկ խոստումներ են եւ կապ չունեն հայաստանեան իրականութեան հետ:

Երբ ոեւէ ՀՀԿ-ական պատգամաւորի կամ նախարարի հարցնում ես, թէ որո՞նք են վերջին հինգ-վեց տարիների ձեր ձեռքբերումները կամ` կարող է՞ք նշել գոնէ մէկ շօշափելի նուաճում, մէկի փոխարէն` ներկայացնում են տասը: Օրինակ` Հայաստանի արտաքին նախաձեռնողական քաղաքականութիւն, տնտեսական բարեփոխումներ, լրագրողների հանդէպ ֆիզիքական ուժի կիրառումից հրաժարում, քաղաքական դաշտում հանդուրժողականութեան արմատաւորում եւ այլն: Այսպիսով, կրկին գեղեցիկ խօսքերի շարան: Խնդրեմ, վերցրէք Սերժ Սարգսեանի` ՀՀԿ վերջին համագումարում կարդացած գրութիւնը եւ այն համեմատէք Հայաստանի ներկայ իրականութեան հետ: Գուցէ Սարգսեանի համար լաւ գրութիւնը են գրել, բայց ո՞ւմ է պէտք նման բառապաշարը, երբ դրան չի հաւատում  հայաստանցիների բացարձակ մեծամասնութիւնը: Այսպիսի գրութիւններ մենք լսում էինք Խորհրդային Միութեան տարիներին, երբ համայնավար առաջնորդները խօսում էին «սոցիալիստական յեղափոխութեան նորանոր նուաճումների մասին», իսկ երկիրը օրը օրին աղքատանում էր: ՀՀԿ-ի վերջին համագումարը ինձ ու շատ հայաստանցիների յիշեցրեց հէնց խորհրդային ժամանակները, երբ համայնավար կուսակցութիւնը հրաւիրում էր հերթական համագումարը:

Հայաստանցիների ճնշող մեծամասնութիւնը ներքուստ համոզուած է, որ Սերժ Սարգսեանի ու ՀՀԿ-ի դէմ, հայաստանեան ժարկոնով ասած` «խաղ չկայ»: Ճիշտ այնպէս, ինչպէս ժամանակին էին համոզուած, որ Լեւոն Տէր պետրոսեանի ու ՀՀՇ-ի կամ «Ռոպէրթ Քոչարեանի դէմ «խաղ չկայ»: Գուցէ այդպէս է, բայց նաեւ պէտք է յիշել, որ վերջին քսան տարիներին հայաստանցիները ցոյց են տուել մենատիրական հակումներով եւ օրինականութեան պակաս ունեցող նախագահների դէմ իրենց անձնազոհ պայքարի օրինակներ:

Արժէ կրկին յիշել մեր ոչ վաղ անցեալի պատմութիւնը: Դա կարեւոր է յատկապէս այսօր, երբ տասնեակ հազարաւոր հայաստանցիներ պատրաստւում են արտագաղթել, հարիւր հազարաւորները համակերպուել են այն մտքի հետ, որ հինգ տարի Հայաստանը հետեւողականօրէն յետ շպրտող Սերժ Սարգսեանի` նախագահի պաշտօնում երկրորդ անգամ մնալը արդէն կատարուած իրողութիւն է:

Լայն հաշուով, այդ մարդիկ ճիշտ են մտածում` աչքի առաջ ունենալով 2008-ի մարտի 1-ը, 2004-ի ապրիլեան բռնութիւնները, 2003-ի կեղծքիները կամ էլ 1996-ի սեպտեմբերեան Երեւանը: Ճիշտ են մտածում, քանի որ այսօր Հայաստանի ընդդիմութիւնը պառակտուած է, ընդդիմադիր ձեւացող, սակայն Սերժ Սարգսեանի հետ ներքուստ բարեկամաբար տրամադրուած եւ այլընտրանքային յորջորջուող ուժերը իրենց առաջ չեն դրել նախագահափոխութեան խնդիր: Այդ ուժերի համար քաղաքականութիւնը արդէն դարձել է պիզնըսի ու առեւտուրի մի եղանակ: Աւելի՛ն. ընտրութիւնների մէջ ներգրաւուելով` այդ ուժերը Սարգսեանին տալիս են օրինականութեան որոշակի պաշար:

1996-ի սեպտեմբերին, թւում էր, անհնար է մէկ թեկնածուով դուրս գալ Տէր Պետրոսեանի դէմ: Բայց վերջին պահին դա հնարաւոր եղաւ: Ըստ պաշտօնական տուեալների, Վազգէն Մանուկեանը ստացաւ քուէների 42 տոկոսը: Հայաստանը հասկացող մարդիկ հասկանում են, որ եթէ ընդդիմութիւնը ստանում է 42 տոկոս, ուրեմն նա յաղթել է ընտրութիւններում, ընդ որում` առաջին փուլում: Սակայն նախագահի պաշտօնում մնաց Տէր Պետրոսեանը, քանի որ նման ցանկութիւն ունէին Վազգէն Սարգսեանը, Վանոյ Սիրադեղեանը, Սերժ Սարգսեանը` այն ժամանակուայ նրա հաւատարիմ խմբակիցները: Այդ օրերին տասնեակ հազարաւոր հայաստանցիներ դուրս եկան փողոց, սակայն նրանց դէմ դուրս բերուեցին հրասայլեր:

1998-ի նախագահական ընտրութիւնները հանդարտ անցան, քանի որ պաշտօնապէս պարտուած թեկնածուն` Կարէն Դէմիրճեանը, մարդկանց փողոց դուրս բերելու կոչեր չարեց: 2003-ին նրա որդին` Ստեփան Դէմիրճեանը, ընդվզեց հերթական նախագահական ընտրութիւններում տեղ գտած կեղծիքի դէմ, տասնեակ հազարաւոր մարդկանց դուրս բերեց փողոց, սակայն Ռոբերտ Քոչարեանին ու Սերժ Սարգսեանին, ինչպէս նաեւ ուժային կառոյցներին յաջողուեց չէզոքացնել ընդդիմութեանը` 2004-ի ապրիլին դիմելով բռնութիւնների:

2008-ին Սերժ Սարգսեանը եւ նրան սատարող ուժերը որոշեցին, որ ընտրութիւններում երկրորդ փուլ թոյլ տալը շռայլութիւն է: Կենտրոնական ընտրական յանձնաժողովը յայտարարեց, որ Սարգսեանը ստացել է 53 տոկոս: Փետրուարի 26-ին Երեւանի փողոցներ դուրս եկան հարիւր հազարաւոր հայաստանցիներ` ընդվզելու կեղծիքի դէմ: Յետոյ եղաւ մարտի 1-ը:

Ինչպէս տեսնում ենք, Հայաստանում նախագահական ընտրութիւնները պարբերաբար ուղեկցւում են կեղծքիներով ու բռնութիւններով, իսկ Սերժ Սարգսեանի` Բաղրամեան 26 տանող ճանապարհին եղան նաեւ մարդկային զոհեր:

Ոչ 1996-ին Տէր Պետրոսեանի համար, ո՛չ 2003-ին` Ռոբերտ Քոչարեանի համար եւ ո՛չ էլ 2008-ին Սերժ Սարգսեանի համար նախագահի աթոռին մնալը կամ հասնելը չի եղել դիւրին:

Յատուկ «Ազդակ»-ի համար

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )